RSS

Սպիտակը՝ սևին. Երազանքներս

29 Հլս

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո 

Սկիզբը

Երբ ես շատ փոքր էի, երազում էի մայրիկի մասին։ Երազեցի, մինչև վեց տարեկանս։ Հետո հասկացա, ավելի ճիշտ՝ ինձ բացատրեցին, որ իմ մայրիկը սևաքամակ քած է, որ ինձ թողել-գնացել է։ Ինձ հաճելի չէ նման բան գրելը, բայց բացատրեցին հենց այս տերմիններով։
Նրանք, որ բացատրում էին, մեծ էին ու ուժեղ էին. Նրանք ամեն ինչում ճիշտ էին։Համապատասխանաբար՝ ճիշտ էին նաև նման մանրուքում։ Իհարկե, կային նաև ուրիշ մեծեր։
Դրանք դասատուներն էին։ Դասատուներն ինձ պատմում էին հեռավոր երկրների, մեծ գրողների մասին, նրա մասին, որ կյանքը հրաշալի է, և ամեն մարդ տեղ ունի երկրի վրա, եթե, միայն, լավ սովորի ու մեծերին լսի։ Նրանք միշտ խաբում էին։ Ամեն ինչում էին խաբում։ Նրանք պատմում էին աստղերի ու մայրցամաքների մասին, բայց թույլ չէին տալիս մանկատան դարպասից դուրս գալ։ Խոսում էին բոլոր մարդկանց հավասարության մասին, բայց կրկես ու կինո տանում էին միայն քայլողներին։
Մենակ դայակները չէին խաբում։ Զարմանալի բառ է՝ «դայակ»։ Քնքուշ բառ է. Միանգամից Պուշկինին ես հիշում՝ «Խմենք, դայակս…»։ Սովորական գյուղացի կնանիք էին։ Նրանք երբեք չէին խաբում։ Պատահում էր, նույնիսկ կոնֆետ էին տալիս։ Երբեմն չար էին լինում, երբեմն՝ բարի, բայց միշտ ուղղամիտ ու անկեղծ էին։ Հաճախ նրանց բառերից հնարավոր էր լինում հասկանալ բանի էությունն այնտեղ, ուր դասատուից խելամիտ պատասխան պոկելն անհնար էր։ Որ կոնֆետ էին տալիս, ասում էին. «Խեղճ էրեխա. շուտ մեռներ՝ ոչ իրան չարչարեր, որ մեզ»։ Կամ՝ մեռածին դուրս հանելիս՝ «Դե, փառք Աստծո։ Խեղճը ահագին տանջվեց»։ Երբ ես, մրսած, այդպիսի դայակի հետ երես առ երես մենակ էի մնում ննջարանային մասնաշենքում և դպրոց չէի գնալու, նա՝ այդ բարի կինը, ինձ մի քաղցրեղեն կամ կոմպոտի միրգ էր բերում ու պատմում էր ռազմաճակատում զոհված իր երեխաների, իր հարբեցող ամուսնու ու էլի ամեն տեսակ հետաքրքիր բաներից։ Ես լսում ու ամեն ինչին հավատում էի, ինչպես ճշմարտությանը հավատում են երեխաները, գուցե և միայն երեխաները։ Մեծերը հաճախ արդեն ոչ մի բանի չեն կարողանում հավատալ։
Ուրեմն՝ «սևաքամակ քածի» մասին դայակներն ինձ պատմեցին պարզ ու բնական, ինչպես անձրևի կամ ձյան մասին։
Վեց տարեկանից ես դադարեցի մայրիկի մասին երազելուց։ Ես երազում էի «քայլող» դառնալ։ Համարյա բոլորը քայլող էին։ Նույնիսկ նրանք, որ հենակներով հազիվ տեղաշարժվում էին։ Քայլողներին անհամեմատ ավելի լավ էին վերաբերվում, քան մեզ։ Նրանք մարդ էին։ Մանկատնից դուրս գալուց հետո նրանցից հասարակությանը պիտանի մարդիկ՝ հաշվապահներ, կոշկակարներ, դերձակներ կարող էին դուրս գալ ։ Շատերը լավ կրթություն էին ստանում, մարդամեջ էին դուրս գալիս։ Մանկատնից դուրս գալուց հետո թանկարժեք մեքենաներով էին գալիս։ Էդ ժամանակ մեզ հավաքում էին մեծ դահլիճում, պատմում էին, թե մեր մանկատան նախկին սանը ինչ պաշտոնի է։ Պատմություններից դուրս էր գալիս, որ էդ չաղ քեռիներն ու մորաքույրները միշտ լսել են մեծերին, լավ են սովորել և ամեն ինչի հասել են իրենց խելքով ու համառությամբ։ Բայց նրանք քայլող էին։ Ո՞ր գրողի տարածի համար ես պիտի լսեի դրանց գլուխգովանությունը, եթե առանց նրանց էլ գիտեի, թե ինչ է պետք անես, հենց քայլող դառնաս։ Թե ինչպես քայլող դառնալ, ոչ ոք չէր ասում։
Ութ տարեկանում ես հասկացա մի շատ պարզ միտք. ես մենակ եմ և ոչ մեկին պետք չեմ։ Մեծ ու փոքր միայն իրենց մասին են մտածում։ Իհարկե, ես գիտեի, որ ինչ-որ տեղ՝ մի ուրիշ մոլորակի վրա գոյություն ունեն մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ։ Բայց դա այնքան հեռու ու անհամոզիչ էր, որ ես էդ բոլոր զառանցանքները վերագրում էի աստղերի ու մայրցամաքների ոլորտին։
Ինը տարեկանում ես հասկացա, որ երբեք քայլել չեմ կարողանա։ Դա շատ ցավալի էր։ Փակվեցին հեռավոր երկրները, աստղերն ու մյուս ուրախությունները։ Մնաց մահը՝ երկար ու անօգուտ։
Տասը տարեկանում կարդացի կամիկաձեների մասին։ Էդ խիզախ տղերքը մահ էին տանում թշնամուն։ Մի անվայրէջք թռիչքով նրանք վճարում էին հայրենիքին բոլոր պարտքերը կերած բրնձի, կեղտոտած խանձարուրի, դպրոցական տետրերի, աղջիկների ժպիտի, արևի ու աստղերի, ամեն օր մայրիկ տեսնելու իրավունքի համար։ Դա այն էր, ինչ ինձ պետք էր։ Հասկանում էի, որ ոչ ոք ինձ ինքնաթիռ չի նստեցնի։ Երազում էի տորպեդոյի մասին։ Պայթուցիկով լցոնված հեռակառավարվող տորպեդո։ Ես երազում էի կամաց-կամաց սողալ դեպի թշնամու ավիակիրը և սեղմել կարմիր կոճակը։
Դրանից շատ տարիներ են անցել։ Ես հիմա մեծ քեռի եմ և ամեն ինչ հասկանում եմ։ Գուցե դա լավ է, գուցե՝ ոչ այնքան։ Ամեն ինչ հասկացող մարդիկ հաճախ ձանձրալի ու պարզունակ են լինում։ Ես իրավունք չունեմ մահ երազելու. չէ՞ որ իմ ընտանիքի ճակատագրում շատ բան ինձնից է կախված։ Ինձ սիրում են իմ կինն ու երեխաները։ Ես էլ նրանց եմ շատ ու շատ սիրում։ Բայց երբեմն, երբ քունս չի տանում, այնուամենայնիվ, երազում եմ կարմիր կոճակով տորպեդոյի մասին։ Մանկական այդ միամիտ երազանքը այդպես էլ չլքեց ինձ և, հնարավոր է, երբեք էլ չի լքի։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Շարունակությունը

 

Պիտակներ՝ , , , , ,

3 responses to “Սպիտակը՝ սևին. Երազանքներս

  1. nunushmskh

    29 Հուլիսի, 2011 at 3:46 ե.

    Հաս ջան, ինչպես միշտ, ճիշտ ու խելոք:

     
  2. Հասմիկ

    30 Հուլիսի, 2011 at 10:34 ա.

    Նո՜ւն ջան….

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: