RSS

Սնունդ (մաս 2-րդ)

02 Սպտ

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո

Նախորդ հատվածը

Զատիկ։ Բոլոր դայակները տոնական են հագնված։ Տոնական տրամադրությունն ամեն ինչում է։ Դայակների առանձնահատուկ սիրալիրությունը մեր նկատմամբ զգոն է պահում դաստիարակներին։ Ես բան չեմ հասկանում։ Չէ՞ որ տոների ժամանակ շքերթներ ու ցույցեր են լինում։ Շքերթ չի լինում միայն Նոր տարուն։ Բայց Նոր տարուն եղևնի ու նվերներ են լինում։
Նախաճաշից հետո դայակը մեզ մեկական ներկած ձու է տալիս։ Ձվի ներսը նույն սպիտակն է, ինչ որ սովորականինը։ Ես զատկի ձու եմ ուտում։ Շատ համեղ է։ Շատ ավելի համեղ է այն ձվերից, որ մեզ տալիս են մանկատանը։ Մանկատան տվածները շատ եփած են, կոշտ, իսկ սրանք փափուկ են և շատ-շատ համեղ։
Որան էլ տարօրինակ է, որտեղ եղել եմ՝ մանկատանը, հիվանդանոցում, թե ծերանոցում, որևէ բարի հոգի ինձ Զատկին կարմիր ձու է տվել, և դա ուղղակի հրաշալի է։
Ռուսաստանում հանգուցյալների հոգեհաց տալու սովորույթ կա։ Հարազատները մահվան քառասուներորդ օրը պիտի ուտելիք տան ուրիշներին, ընդ որում հյուրասիրեն ոչ թե՝ ում պատահի, այլ ամենադժբախտներին։ Որքան դժբախտ լինի հյուրասիրվողը, այնքան գոհացրած կլինես մահացածին, այնքան մեծ կլինի քո վաստակն Աստու առաջ։ Բայց աշխարհի ամենաերջանիկ երկրում որտեղի՞ց ճարեին դժբախտների։ Դե, խեղճերն էլ պայուսակներով, զամբյուղներով ու փաթեթներով գալիս էին մանկատան դարպասների մոտ։ Կոնֆետ էին բերում, թխվածք, հացեղեն, բերում էին կարկանդակներ ու բլիթներ։ Անխոնջ դաստիարակները քշում էին նրանց, բայց շատ հաճախ՝ ապարդյուն։
Իսկ մեր դայակները, իրենց ծառայողական դրությունից օգտվելով, չնայած խիստ արգելքին, մանկատան դարպասներից անցկացնում էին «հոգեհացը»։
Ամենաշատը մեզ՝ չքայլողներիս հետ աշխատող դայակների բախտն էր բերում։ Մեզ առանձին էին կերակրում. դաստիարակները հեռու էին լինում։ Մի դայակ նույնիսկ հաջողեցրել էր մի կաթսա մրգային կիսել անցկացնել։ Համ էլ մենք ամենադժբախտներն էինք։ Կոնֆետները, որով մեզ կերակրում էին, անհամեմատ ավելի բարձր էին գնահատվում։ Մենք էլ մեր կողմից գիտեինք, որ «հոգեհացի» համար շնորհակալություն չեն ասում, երբ քեզ հյուրասիրում են, չի կարելի ժպտալ։
Ես պառկած էի այգում։ Մենք այգի էինք անվանում մի քանի խնձորենին, որ աճել էին մանկատան շենքի մոտ։ Ես ստիպված էի երկար սողալ դեպի այգին, հոգնել էի ու պառկել մեջքի վրա՝ հանգստանալու։ Բոլոր քայլողները հեռու էին, ակումբում կինո էին նայում, թե նրանց ինչ-որ տեղ էին տարել՝ չեմ հիշում։ Ես պառկած սպասում էի, թե երբ մի խնձոր կընկնի ինձ մոտիկ։ Բայց իմ բախտը շատ ավելի բերեց։
Մի նիհար պառավ ցանկապատից ներս թռավ։ Ցանկապատը երկմետրանոց էր, բայց տատիկին դա չէր խանգարել։ Նա արագ ցած թռավ, շուրջը նայեց ու մոտեցավ ինձ։ Գործից հասկացողի աչքով ձեռքերս ու ոտքերս ուսումնասիրելուց հետո կասկածամտոցեն հարցրեց. «Չլինի՞՝ որբ ես»։ Ես գլխով արի։ Նման բարեբախտություն նա չէր սպասում. ոլորված ձեռքեր ու ոտքեր, հետն էլ՝ որբ։ Նա ցած դրեց իր զամբյուղը, հետ տարավ սրբիչը, որ ծածկում էր պարունակությունը, հանեց բլիթները, տվեց ինձ ու կարգադրեց՝ կե՛ր։ Ես սկսեցի արագ ուտել բլիթները։ Շտապեցնում էր ու անընդհատ կրկնում. «Աղոթիր մորաքույր Վառվառայի համար, մորաքույր Վառվառայի»։ Բայց ամեն լավ բան շուտ է վերջանում։ Անկյունից արդեն երևում էր դաստիարակը։
-Ի՞նչ օտար մարդ է տարածքում։ Ո՞վ է Ձեզ ներս թողել։ Ի՞նչ եք այստեղ անում։
Հետո՝ ինձ.
-Ի՞նչ ես անում։
Ի՞նչ էի անում։ Երրորդ բլիթն էի ծամում։ Արագ էի ծամում, որովհետև ձեռքիս կես բլիթ էլ կար, և ուզում էի հասցնել բոլորն ուտել։
Եռանդուն տատիկն արդեն առել էր իր զամբյուղն ու թռել ցանկապատի վրայից։ Ես արագ կերա-վերջացրի բլիթը։ Դաստիարակը կանգնեց, ինչ-որ բանի ժպտաց ու գնաց։ Դրանք իմ կյանքում առաջին բլիթներն էին։
Հերթական անգամ ինձ մի մանկատնից մյուսն են տեղափոխում։ Տոնն արդեն կայարանում է սկսվում. Ինձ պաղպաղակ ու լիմոնադ են տալիս։ Պաղպաղակը մեծ է ու ծածկված շոկոլադով։ Հենց գնացքը շարժվում է, դայակն ու բուժքույրը գնում են, ինչպես իրենք են արտահայտվում, «ման գալու»։ «Հա՝ ի՞նչ. գնանք՝ ման գանք»։ Վերադառնում են երկու վրացու հետ։ Մեկը ծեր է, սպիտակ մազերով, մյուսը՝ քիչ ավելի երիտասարդ։ Բոլորը օղի են խմում, ուրախ են։ Ինձ համար մի մեծ կտոր երշիկ են կտրում, ձու են տալիս, լիմոնադ… Ծեր վրացին հա երշիկ է կտրում, բրդուճ անում ու անընդհատ ինձ ասում. «Դու կե՛ր, կե՛ր։ Էրեխեքը պիտի լավ ուտեն»։ Ուտելիք շատ կա, ու ոչ ոք չի հաշվում։ Մթնում է։ Կարելի է՝ ինչքան ուզես, պատուհանից նայես ու երշիկ ուտես։ Ուզում ես՝ գնա՜ս, գնա՜ս ու պատուհանից դուրս նայես։ Ես մտածում եմ, որ եթե աշխարհի բոլոր մեծերին երշիկ ու օղի տան, նրանք բարի կլինեն և բոլոր երեխաները՝ երջանիկ։
Ես իմ վերջին ու աշխարհի ամենալավ մանկատանն եմ։ Դիմացս նախաճաշն է` մի քիչ կարտոֆիլի խյուս, կես պոմիդոր, հաց ու կարագ ու թեյ։ Հաստատ գիտեմ՝ տոն չէ, բայց ինչո՞ւ են կարտոֆիլ տալիս։ Թեյն եմ համտեսում՝ քաղցր է։ Թարմ պոմիդորն ընդհանրապես դելիկատես է։ Ես բոլորն ուտում եմ, ու հասկանում, որ բախտս ֆանտաստիկ բերել է. ես դրախտ եմ ընկել։

Շարունակությունը

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 
1 մեկնաբանություն

Posted by off 2 Սեպտեմբերի, 2011 in Թարգմանություններ

 

Պիտակներ՝ , ,

One response to “Սնունդ (մաս 2-րդ)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: