RSS

Սնունդը (մաս 3-րդ)

05 Սպտ

Նախորդ հատվածը

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո

Ես ու Կատյան ապրում ենք մի կիսանկուղային տարածքում, որովհետև նրա ծնողները չեն ուզում ընդունել մեր ամուսնությունը։ Սա իմ ուսուցչի՝ աշխարհի անսահման բարի կանանցից մեկի բնակարանն է։ Մեզ տեղավորել է իր տանը, ինքը գնացել ապրելու ամառանոցում։ Համալսարանից վերադարձի ճանապարհին Կատյան պելմեններ է գնել։ Նա ամբողջ փաթեթը միանգամից եփում է։ Ես գիտեմ՝ ինչ է պելմենը։ Մեզ մանկատանը ամեն մեկիս չորս հատ էին տալիս։
-Ամեն մեկս քանի՞սն ենք ուտելու,- հարցնում եմ։
Նա զարմացած ինձ է նայում։
-Դուք, ի՞նչ է, հաշվո՞ւմ էիք։
Նա լցնում է իմ ափսեն։ Կատյան մի լիքը աման պելմեն է ուտում, իսկ ես վեց հատից ավել չեմ զոռում։ Ես հասկանում եմ, որ էս տարօրինակ, ոչ պետական աշխարհում պելմենները չեն հաշվում։
-Ջուրը չթափես,- գործնականորեն խորհուրդ եմ տալիս Կատյանին,- ապուր կեփենք։
Մի քանի օրից Կատյան ծնողների տանը պելմեն է ուտում։ Մայրը վերցնում է կաթսան, ուզում է դուրս գալ խոհանոցից.
-Մա՛, ջուրը մի՛ թափիր, ապուր կեփենք,-մեխանիկորեն ասում է Կատյան։
Հաջորդ օրը, երբ Կատյան գնում է համալսարան՝ դասի, մայրը զգույշ մոտենում է մեր կացարանին ու դռան տակ հում հավ է դնում։ Սառույցը շարժված է։

Երբ Կատյան գնում է աշխատանքի, ես երես առ երես եմ մնում կանանցից ամենահմայիչի հետ։ Ես ու Կատյան ապրում ենք նրա տատիկի հետ։

Նա մտնում է սենյակս, նստում դիմացս։
-Հը, ե՞րբ ես սատկելու։
-Ի՞նչ կա,-պատասխանում եմ,- երբ պետք լինի, էդ ժամանակ էլ կսատկեմ։ Դուք էլ ջահել չեք։ Թե՞ որոշել եք հավերժ ապրել։
-Ախր ո՞ւմ ես պետք՝ անոտ, անձեռ։ Մի մեխ չես կարող խփել։
-Քիմիական մատիտ ունե՞ք։
-Ունեմ։
-Անցեք բնակարանով ու, որտեղ ուզում եք՝ մեխ լինի, նշեք։ Հավատացե՛ք, մեխերը խփած կլինեն։
Էսպես՝ հոգեհարազատ զրույցներով մենք ժամանակն ենք կարճում։ Տատիկը պատմում է ինձ իր երիտասարդության, իր ազգականների մասին։ Նրա պատմություններից դուրս է գալիս, որ իր ամբողջ ցեղը ստոր ու անարգ է։
Հետո նա գնում է խոհանոց, ամաններն է չխկչխկացնում։ Գալիս է.
-Ռուբեն, բորշ եմ էփել. կուտե՞ս, թե վախենում ես՝ թունավորեմ։
-Լցրու բորշը։ Չեմ վախենում թունավորելուց։ Է՞դ տեսակ բաներ եմ կերել։
Բերում է բորշը։ Շատ համեղ է։ Ափսեի հատակին բադի մսի մի մեծ կտոր կա։

*
Երբ Ալլան հղի էր, մենք շատ վատ էինք ապրում։ Ալլան հալեցրած ճարպով հաց էր ուտում։ Ես ճարպ ուտել չէի կարող, հացն ուտում էի արևածաղկի ձեթով (մանկատանը վրան ձեթ լցրած ու աղ ցանած հացը համարվում էր լավ բան)։ Այդ տարի կյանքումս առաջին անգամ ստամոքսս ցավեց։ Մենք էլ ոլոռի ապուր էինք եփում։ Ալլան ապուր չէր ուտում. ես մենակ կերա։ Ինձ համար հարյուր անգամ ավելի հեշտ էր, քան նրա. ես կարող էի ապուր ուտել և հղի չէի։ Որ Մայան ծնվեց, Ալլան որոշեց նրան կրծքով կերակրել։ Բնական սնուցումը շատ օգտակար է։ Բայց Մայան վատ էր ուտում։ Ալլայի կաթը կանաչավուն էր։ Մայայի կեղտն էլ էր կանաչ։ Այդ ամբողջ ընթացքում Ալլան կարտոֆիլով էր սնվում։ Ալլան առողջ մարդ է. նրան մի քանի անգամ ավելի շատ սնունդ է պետք, քան ինձ։ Այն, ինչ նա ուտում է միանգամից, ես ուտում եմ մի օրում։ Մենք որոշեցինք, որ Մայային արհեստական սննդի փոխելն ավելի էժան կլինի, քան Ալլային նորմալ սնունդ ապահովելը։

*
Մի օր ընկերս եկավ։

-Ո՞նց ես ապրում։
-Նորմալ։
-Ի՞նչ ես ուտում։
-Ոլոռի ապուր։
-Կարտոֆիլո՞վ։
-Իհարկե։
-Մենք արդեն երկրորդ շաբաթն է՝ ոլոռով ապուրն առանց կարտոֆիլի ենք ուտում։
Ես ընդամենը երեք օր է՝ ոլոռի ապուր եմ ուտում։ Ես մի պարկ կարտոֆիլ ունեմ։

*
Մայան մեկուկես տարեկան է։ Նա հրաժարվում է շիլա ուտելուց։ Ես վերցնում եմ, հանգիստ շարունակում ուտել։ Մայան նախ երշիկ է ուզում, հետո՝ քաղցրեղեն։ Ոչ մեկը կա, ոչ մյուսը, բայց դա չէ խնդիրը։ Սոված լինես՝ ամեն ինչ էլ կուտես։ Չես ուտում՝ էդպես էլ մնա (մանկատան օրենքն է)։ Մայան քայլում է բնակարանով, մտածում է։ Հետո հանգիստ մոտենում է Ալլային ու ասում. «Մամ, կարտոֆիլ եփիր»։ Մենք աղ ու ձեթով կարտոֆիլ ենք ուտում, ու ես հիշում եմ՝ ինչպես էինք մանկատանը քնի ժամին ինքնաշեն եռակի օգնությամբ կարտոֆիլ եփում։ Այն, ինչին ես հասա տասնհինգ տարեկանում (կարտոֆիլ եփել կարող էին միայն ավագ դասարանցիները), Մայան ուներ արդեն ի ծնե։

*
Ալլան Մայային մանկապարտեզից տուն է բերում։ Ծիծաղում է։ Հանդիպել է խոհարարին։ Սա հպարությամբ  պատմում է, որ ճաշին մանկապարտեզում էսօր հավ են տվել։ «Յուղոտ, մեծ. բոլորիս մի-մի կտոր հասավ»։ Մանկապարտեզում հարյուրից ավելի երեխա կա։ Հավը մեկն է եղել. Ավելի ճիշտ՝ մեկ ու կես։ Ես էլ եմ ծիծաղում։
Ուրախ եմ, որ Մայան մանկապարտեզ է գնում։ Շատ ընկերներ ունի այնտեղ, բոլորը միասին պլաստիլինով ծեփում են, ներկերով նկարում։ Ընդ որում, մանկապարտեզից գալով՝ Մայան ամեն ինչ ուտում է. ամենը, որ իրեն տալիս են, բաներ չի մոգոնում։

*
Մանկապարտեզից տուն գալու ճանապարհին Մայան Ալլային խնդրում է չորահաց գնել։ Սովորական, վանիլային չորահաց։

-Ի՞նչ ես ասում։ Մենք հիմա փող ունենք։ Ուզո՞ւմ ես՝ թխվածք գնեմ կամ ուրիշ բան։
-Չէ. չորահաց։
Ալլան չորահաց է գնում։ Մայան նստում է սեղանի շուրջն ու ամբողջ երեկո չորահաց կրծում։ Պարզվում է՝ ետճաշիկին նրանց մեկական չորահաց են տվել, իսկ Մայան ավելին է ուզել։ Մեզ մանկատանը երկուական չորահաց էին տալիս։
Երբ ապրում էի ծերանոցում, մի բան ինձ ապշեցրեց։ Ճաշարանում ճաշից հետո ոսկոր էին բաժանում։ Սովորական տավարի ոսկորներ՝ ապուրի միջից։ Դրանք հասնում էին միայն պատերազմի վետերաններին։ Ոսկորների վրայից մանրամասն հանած էր միսը, բայց բավարար ճարպկություն ունենալու դեպքում դեռ ինչ-որ բան հնարավոր էր ճարել։ Վետերանները խռնվում էին մատուցման պատուհանի մոտ, հայհոյում էին, թվարկում էին իրենց վաստակներն ու կոչումները։
Վերջերս ինտերնատի իմ ընկերներից մեկին հարցրի՝ ո՞նց է, էլի ոսկո՞ր են էնտեղ բաժանում։
-Չէ, ի՞նչ ես ասում։ Վաղուց ոսկորով ոչինչ չեն եփում։ Ոսկոր չկա։

Շարունակություն

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Սնունդը (մաս 3-րդ)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: