RSS

Սպիտակը՝ սևին. Դայակները

23 Սպտ

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո

Նախորդ հատվածը

Քիչ էին։ Իսկական դայակները, հենց դայակները՝ հոգատար, քնքուշ։ Չեմ հիշում անունները, ավելի ճիշտ՝ չեմ հիշում բոլոր բարի դայակների բոլոր անունները։ Մեր մեջ մենք նրանց բաժանում էինք «չարերի» ու «բարիների»։ Այնտեղ՝ մանկական աշխարհում չարի ու բարու սահմանը թվում էր պարզ ու հստակ։ Արդեն ինչքան ժամանակ է՝ չեմ կարողանում ազատվել բոլոր մարդկանց յուրայինների ու օտարների, խելոքների ու հիմարների, բարիների ու չարերի բաժանելու մանկատնային վատ սովորությունից։ Ի՞նչ արած. ես այնտեղ եմ մեծացել։ Այնտեղ, ուր կյանքի ու մահու սահմանը նեղ է, ուր սրիկայությունն ու զզվելիությունը սովորական են։ Սովորական էին նաև անկեղծությունն ու բարությունը։ Ամեն ինչ՝ խառը։ Երևի ամեն անգամ լավի ու վատի մեջ ընտրություն անելու անհրաժեշտությունն էլ ծնել է իմ մեջ այդ դասակարգայնությունը։ Լավ դայակները հավատացյալ էին։ Վերջ։ Այ, էլի գրեցի ու բաժանեցի մարդկանց դասակարգերի։ Դրանից չեմ ազատվելու։
Արգելված էր հավատալ։ Մեզ ասում էին, որ Աստված չկա։ Աթեիզմը նորմա էր։ Հիմա դա ճշմարտանման չի թվում, բայց էդպես էր։ Չգիտեմ՝ դասատուների մեջ կայի՞ն հավատացյալներ։ Հնարավոր է՝ կային։ Դասատուներին արգելված էր մեզ հետ այդ մասին խոսել։ Կնունքի խաչի կամ զատկի ձվի համար դասատուին կարող էին վռնդել աշխատանքից, դայակին՝ ոչ։ Դայակների աշխատավարձը քիչ էր, աշխատնքը՝ շատ։ Հատակ լվալու ու երեխաների վարտիքը փոխելու ցանկություն քչերն ունեին։ Դայակների հավատի վրա ուղղակի աչք էին փակում։ Նրանք էլ հավատում էին, հավատում էին անկախ ամեն ինչից։ Գիշերային հերթապահության ժամանակ նրանք երկար աղոթում էին՝ իրենց հետ բերած մոմը վառելով։ Նրանք մեզ խաչակնքում էին քնելուց առաջ։ զատկին մեզ ներկած ձու ու բլիթ էին բերում։ Մանկատուն սնունդ բերելն արգելվում էր։ Բայց անգրագետ կանանց հետ ինչպե՞ս վարվեր խիստ ղեկավարությունը։
Լավ դայակներ քիչ կային։ Ես բոլորին էլ հիշում եմ։ Հիմա կփորձեմ պատմել նրանցից մեկի մասին։ Սա իրական պատմություն է, որ լսել եմ դայակներից մեկից։ Կաշխատեմ վերապատմել այն, ինչ հնարավորինս ճշգրիտ պահպանել է մանկական հիշողությունը։
«Ես վաղուց եմ աշխատում էստեղ։ Որ էկա, տեսնեմ՝ էրեխեք են՝ մեկը ոտ չունի, մեկը ձեռ չունի։ Սաղ՝ կեղտոտ։ Դու լողացնում ես, ինքն էլի գետնին սողում ա ու էլի կեղտոտ ա։ Կան, որ պիտի գդալով կերակրես, կան՝ ժամը մեկ տակը մաքրես։ Շատ էի հոգնում։ Առաջին գիշերային հերթապահության ժամանակ ոչ մի րոպե չեմ պառկել։ Համ էլ՝ նոր էրեխա էին բերել, սաղ գիշեր մորն էր կանչում։ Նստեցի կողքին, ձեռը բռնեցի, մինչև առավոտ էդպես մնացի։
Բոլորն էին լաց լինում։ Առավոտը գնացի եկեղեցի՝ քահանայից օրհնություն ստանալու, որ գամ ազատվեմ։ Ասում եմ՝ չեմ կարում դրան նայեմ։ Բոլորն էլ մեղք են։ Սիրտս ճաքում ա։ Բայց քահանան չօրհնեց։ Ասում ա՝ հիմա դա քո խաչն ա՝ մինչև կյանքիդ վերջը։ Ո՝նց էի խնդրում, ո՛նց էի խնդրում… Հետո աշխատեցի, հաշտվեցի։ Բայց մեկ է՝ դժվար է։ Ես իմ խնամած բոլոր էրեխեքի անունները թղթին գրում եմ։ Մի տետր ունեմ, դրա մեջ էլ գրում եմ։ Զատկին ամեն մեկի համար մի մոմ եմ վառում։ Արդեն շատ մոմ ա լինում։ Թանկ ա, բայց, մեկ ա, վառում եմ ու ամեն մեկի համար «Հայր, մեր» կարդում։ Որովհետև Աստված ասել ա՝ աղոթեք բոլոր անմեղ էրեխեքի համար։
Բայց դու տարօրինակ անուն ունես՝ Ռուբեն։ Հա՞յ ես։ Հայերը քրիստոնյա են, հաստատ գիտեմ։ Ասում ես՝ հայ չե՞ս։ Ես էլ ասում եմ՝ որ ծնողները չեն գալիս, ուրեմն անհավատի մեկն են։ Կնքված հոգին իր էրեխուն չի թողնի։ Քած են իսկական, մեղա Տեր, ինչ եկավ բերանս։ Քեզ առանց ազգանունի եմ գրելու։ Մի տեսակ ուրիշ ազգանուն ունես. չեմ կարա՝ գրեմ։ Բոլորին ազգանունով եմ գրել, քեզ՝ առանց ազգանունի։ Աղոթքի ժամանակ մենակ անունն են գրում, բայց, մեկ ա, լավ չի՝ առանց ազգանունի»։
Ի՞նչ ավելացնեմ այս պատմությանը։ Ես մեծացել եմ, դեզի չափ տարբեր գրքեր եմ կարդացել ու ինձ շատ խելոք եմ համրում։ Շնորհակալություն ինձ կարդալ սովորեցրած ուսուցիչներին։ Շնորհակալություն սովետական պետությանը, որ մեծացրեց ինձ։ Շնորհակալություն խելոք ամերիկացիներին, որ համակարգիչ են ստեղծել, նրա համար, որ ձախ ձեռքի ցուցամատով հնարավորություն ունեմ հավաքելու այս տեքստը։ Շնորհակալություն բոլոր բարի դայակներին, որ ինձ բարություն են սովորեցրել, այն հոգու ջերմության համար, որ ես տարել եմ բոլոր փորձությունների միջով։ Շնորհակալություն նրա համար, որ բառերով չի արտահայտվում, համակարգչով չի հաշվվում ու չի չափվում։ Շնորհակալություն սիրո ու քրիստոնեական բարեհոգության համար, նրա համար, որ ես կաթոլիկ եմ, իմ երեխաների համար։ Ամեն ինչի համար։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Շարունակությունը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: