RSS

Արևմտյան Բուդդան

28 Նյմ

Կոնստանտին Շերեմետև

Այս գիրքն սկզբում կարդացի համակարգչի էկրանին։ Հասկացա, որ կարևոր բան է գրված, բայց իմաստը չեմ կարողանում բռնել։
Գնեցի թղթե գիրքը ու նորից ավելի ուշադիր կարդացի։ Էլի հասկացա, որ շատ կաևոր բաների մասին է, բայց այդքան հեշտ չես հասկանա։
Գտա այդ գրքի աուդիոտարբերակը և սկսեցի անընդհատ լսել մեքենայի մեջ։ Երբ ձայներիզը վերջանում էր, նորից էի միացնում ու նորից լսում։ Աստիճանաբար դրա խոր իմաստն ինձ համար բացահայտվեց։
Հասկացա, որ կարդում եմ պայծառացում ապրած մարդու գիրքը, և դա, երևում է, առաջին մարդն է, որ կարողացել է պայծառացման հասնել արևմտյան մշակույթում։

Արևելք և Արևմուտք

Արևելքն Արևելք է,
Արևմուտքը՝ Արևմուտք,
և դրանք երբեք չեն հանդիպի։
Ռեդյարդ Քիփլինգ

Միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ արևմտյան քաղաքակրթության մեջ արևելյան՝ «պայծառացում» հասկացության համապատասխանը չկա։
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ «Պայծառացումը լրիվ գիտակցական վիճակ է, որի ժամանակ էգոյի տարրալուծում է լինում, և վերանում է ինքն իրեն որպես կատարող զգալը, այսինքն վերանում է կամքի դրսևորման պատրանքը»։
Ինտելեկտիկայի տեսակետից պայծառացումը գիտակցության մի այնպիսի վիճակ է, երբ մարդն իրեն դիտում է որպես գոյության մի մաս։ Այդ դեպքում բոլոր խնդիրները վերանում են, քանի որ՝ գոյությունն ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ։
Ճիշտ է, անձամբ ինձ համար դա մաքուր տեսական հասկացություն է, քանի որ, թեպետ գիտեմ, որ այդպիսի բան հնարավոր է, ինքս պայծառացած չեմ։
Ավելին, արևտյան տեքստերի ընթերցումն, այնուամենայնիվ, այնքան էլ սովորական չէ արևմուտքի մարդու համար։ Շատ տեքստերի հասկանալը մեծ չափով կախված է թարգմանչի ընդհանուր տեղեկացվածությունից. չէ՞ որ արևելյան իմաստուններն իրենց մտքերը պատկերավոր են արտահայտել։ Համապատասխան ձև ընտրելն ամենևին էլ հեշտ չէ, այն էլ այնպիսի ոչ պարզ թեմայով, ինչպիսին պայծառացումն է։
Անգամ Բուդդան սկզբում որոշում է. «Ճշմարտությունը, իրականությունը, որ ես բացահայտել եմ, այնքան վերացական է, այնքան դժվար տեսանելի, այնքան վերամբարձ է, որ շարքային մարդիկ, ում աչքերը ծածկված են անիրազեկության ու կրքի փոշով, պատրաստ չեն տեսնելու և գնահատելու դա։ Այնպես որ, ավելի լավ է լռել ու կոպերը սեղմած՝ նստել բոդխի ծառի տակ (ծառ, որի տակ Բուդդան պայծառացում է ստացել-Հ.Ղ.), քան թե գնալ ու քարոզել աշխարհին»։
Արևմտյան մշակույթում, ընդհակառակը, ընդունված է ուղիղ և միանշանակ արտահայտվել։ Ըստ որում, արևմտյան քաղաքակրթությունն ամբողջապես կառուցված է էգոյի պաշտամունքի վրա։
Միշտ հետաքրքրել է՝ ինչ կլինի, եթե պայծառացած մի մարդ հայտնվի Արևմուտքում։ Եվ ահա՝ հայտնվել է…

Այգու նստարանը

Հանուն նրանց, ում աչքերում փոշին քիչ է,
Հանուն նրանց, որ ջրաշուշանի պես
Կիսով չափ ելել են ջրից,
Ես կքարոզեմ դրախման։
Բուդդա

Արևմտյան Բուդդայի անունը Էքխարդ Տոլլե է, իսկ նրա գլխավոր գիրքը, որ ինձ ապշեցրեց, կոչվում է ««Հիմա» պահի ուժը»։

Այս գիրքը թարգմանված է 33 լեզուներով և Նյու-Յորք Թայմզի տվյալներով արդեն ինը տարի է՝ գլխավորում է ամենավաճառվող գրքերի ցուցակը։
Իր պայծառացումը Տոլլեն այսպես է նկարագրում. «Ընդհուպ մինչև իմ երեսնամյակը ապրում էի անհանգստության ու տագնապի՝ ինձ գրեթե չլքող զգացումի վիճակում, որ ընդմիջվում էր ինքնասպանական ընկճվածությամբ։ Հիմա դա ընկալում եմ որպես անցած կամ նույնիսկ բոլորովին էլ ոչ իմ մասին մի բան։
Մի անգամ՝ վաղ առավոտյան, իմ քսանիննամյակից շատ չանցած, արթնացա սարսափելի, բացարձակ վախի զգացումով։ Առաջ էլ այդպիսի բան պատահել էր. եղել էր, որ արթնանայի նման զգացումով, բայց այս անգամ ուժեղ էր ինչպես երբեք։ Գիշերային լռությունը, կահույքի ոչ հստակ ուրվագծերը մութ սենյակում, անցնող գնացքի՝ հեռվից լսվող աղմուկը՝ ամենը ինչ-որ օտար էր, թշնամական ու այնքան իմաստազուրկ, որ իմ մեջ խոր հակակրանք էր առաջացնում աշխարհի նկատմամբ։ Եվ ամենագարշելին իմ գոյության փաստն էր։ Այդպիսի տառապանքի բեռով ապրելու իմաստը ո՞րն էր։ Ինչի՞ համար էր պետք տանել այդ մշտական պայքարը։
Ես զգում էի, որ կյանքից ազատվելու խորը, կրքոտ ցանկությունը, ձգտումը չգոյության հիմա ավելի ուժեղ է դառնում, քան ապրելու բնազդային ցանկությունը։
«Ես էլ ուժ չունեմ ինքս ինձ հետ ապրելու»։
Այս միտքը համառորեն կրկնվում էր գիտակցությանս մեջ։ Հանկարծ միանգամայն անսպասելիորեն գլխի ընկա՝ որքան անսովոր ու ինքնատիպ է այդ միտքը։ «Մենա՞կ եմ, թե երկուսով ենք։ Եթե ուժ չունեմ ինքս ինձ հետ ապրելու, ուրեմն պիտի որ երկուսը լինենք՝ «ես»-ն ու նույն «ինքս»-ը, ում հետ էլ չեմ կարող ապրել։ Իսկ եթե մեզնից միայն մե՞կն է իրական»,- մտածեցի։
Այս ապշեցնող մտքից հետո գիտակցության խոր վերափոխման գործընթաց սկսվեց, ինչը բերեց միանգամայն ուրիշ աշխարհընկալման։
Ընկա մի այնպիսի աննկարագրելի երանության ու մաքրության վիճակի մեջ, որ նույնիսկ սկզբնական զգացողությունս, որ նոր նկարագրում էի, խամրեց դրա առաջ։ Երբ ֆիզիկական հարթության վրա որոշ ժամանակ մնացել էի դատարկ, ժամանակ ունեցա։
Կապեր, աշխատանք, տուն, սոցիալականությամբ պայմանավորված ոչ մի ինքնություն չունեի։ Համարյա երկու տարի ես անցկացրել եմ այգու նստարաններին՝ ապրելով կուրացուցիչ պայծառ ու խոր հրճվանքի վիճակ»։
Ավելի ուշ Տոլլեն գրքեր կգրի, որ կդառնան բեսթսելլերներ, և նա կդառնա աշխարհահռչակ։ Նրան Օփրա Ուինֆրին կհրավիրի Ամերիկայում իր ամենահայտնի թոք-շոուին։ Բայց ամենագլխավորը անփոփոխ կմնա. «Միայն թե ամենահրաշալի զգացողությունները գալիս ու գնում էին։ Բայց, հնարավոր է, ամենահիմնականը բոլոր զգացողություններից խաղաղվածության զգացումն էր, որ այդուհետ էլ երբեք ինձ չի լքել։ Երբեմն շատ ուժեղ է լինում, գրեթե շոշափելի, ինչ-որ մի բան, որ կարող ես զգալ։ Կարծես ժամանակ առ ժամանակ հետին պլանում ինչ-որ տեղ հնչում է մի հեռավոր մեղեդի»։
Տոլլեի գրքերը կարդալը մի կողմից դժվար է, որովհետև կյանքին միանգամայն այլ կերպ է նայում, քան ընդունված է մեր մշակույթում։ Մյուս կողմից նրան կարդալն անհամեմատ ավելի հեշտ է, քան արևելյան գրքերը, որովհետև գրում է մեր կյանքի մասին։ Նա գրում է՝ ինչպես երջանիկ լինել ամենասովորական կենցաղային իրադրություններում՝

  • երբ խցանման մեջ ես
  • երբ ինչ-ինչ բյուրոկրատական փաստաթղթեր պիտի ձևակերպես
  • երբ քեզ վրա բղավում են
  • երբ ուշանում է նա, ում սպասում ես…

Նա գրում է սիրո և հարաբերությունների նկատմամբ իր ուրիշ հայացքի մասին, փոխադարձ չհասկացվածության ու թշնամանքի մասին, վաղեմի հակամարտությունների և շատ ուրիշ բաների մասին։
Ու պայծառացման ամբողջ էությունն ասված է Տոլլեի շատ պարզ ու անսահմանորեն իմաստուն այս բառերով. «Դու ներկա պահի մեջ չես, դու հենց ներկա պահն ես։ Դա քո ինքնության հիմքն է՝ միակ բանը, որ երբեք չի փոխվում։ Կյանքը միշտ տեղի է ունենում ներկա պահին։ Ներկա պահը գիտակցությունն է։ Իսկ գիտակցությունն այն է, ինչ դու ես։ Դա նույնականացում է»։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

2 responses to “Արևմտյան Բուդդան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: