RSS

Սպիտակը՝ սևին. Ամերիկա. Դեբիլը

04 Դկտ

Ռուբեն Դավիդ Գոնսալես Գալյեգո
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց օրվա առթիվ (Հ.Ղ.)

Նախորդ հատվածը

Ամերիկա
Այս երկիրը հարկավոր էր ատել։ Ընդունված էր։ Ատել պետք էր բոլոր կապիտալիստական երկրները, բայց Ամերիկան՝ հատկապես։ Ամերիկայում թշնամիներն էին ապրում՝ բանվոր դասակարգի արյունը ծծող բուրժուաները։ Ամերիկյան իմպերիալիզմը մեզ համար ատոմային ռումբ է պատրաստել։ Ամերիկայում բանվորները մշտապես քաղցում ու մեռնում են, ԱՄՆ-ում Սովետական Միության դեսպանատան դիմաց անվերջ հոսքով հեղվում է քաղաքացիությունը փոխել ցանկացողների հերթը։ Մեզ էսպես էին սովորեցնում։ Մենք հավատում էինք։
Ես Ամերիկան սիրեցի ինը տարեկանից։ Հատկապես ինը տարեկանում ինձ պատմեցին, որ Ամերիկայում հաշմանդամներ չկան։ Նրանց սպանում են։ Բոլորին։ Եթե ընտանիքում հաշմանդամ է ծնվում, բժիշկը երեխային մահացու ներարկում է անում։
-Հիմա հասկանո՞ւմ եք, երեխաներ, ինչպես է ձեր բախտը բերել, որ ծնվել եք մեր երկրում։ Սովետական միությունում հաշմանդամ երեխաներին չեն սպանում։ Ձեզ կրթում են, բուժում և անվճար կերկրում։ Դուք պիտի լավ սովորեք, պետքական մասնագիտություն ստանաք։
Ես չեմ ուզում, որ ինձ անվճար կերակրեն, երբեք պետքական մասնագիտություն չեմ ստանա։ Ես ներակրում եմ ուզում։ Ես ուզում եմ Ամերիկա գնալ։
Դեբիլը
Ես դեբիլ եմ։ Սա վիրավորական մականուն չէ, պարզապես փաստի արձանագրում է։ Իմ ինտելեկտի մակարդակը բավարար բարձր չէ ինքնուրույն գոյատևման համար, տարրական կենդանի մնալը։ Փոքրուց գիտեմ, որ դեբիլությունը լինում է փոխհատուցված և ոչ փոխհատուցված։
Փոխհատուցված դեբիլությունը մտավոր անբավարարությունն է, որի պայմաններում մարդն ունակ է ապրելու հանրության մեջ առանց կողմնակի օգնության։ Որպես փոխհատուցված դեբիլության դասական օրինակ բերում են մտածողության խնդիրներ ունեցող մարդկանց, ում մանկավարժների ու բժիշկների ջանքերով հաջողվել է սովորեցնել ներկարարի կամ բակ մաքրողի մասնագիտությունը։ Մանկավարժներն ինձ սովորեցնում էին լուծել բարդ հավասարումներ, բժիշկները լցոնում էին դեղորայքով, հոգատարությամբ գիպսե կոշտ կապոցներ էին դնում։ Նրանց ջանքերն իզուր անցան։ Ներկարարի վրձինը ես մինչև հիմա ի վիճակի չեմ բարձրացնելու։
Մանկական առաջին հիշողություններից մեկը՝ մեծերի խոսակցությանն ականջ դները։
-Ասում ես՝ խելոք է։ Բայց ախր չի կարողանում քայլել։
Այդ օրվանից ոչինչ չի փոխվել։ Իմ ամբողջ կյանքում հաշմանդամությանս մասին խոսել են որպես մեխանիկական գործողություն կատարելու՝ քայլելու, ուտելու, խմելու, զուգարանից օգտվելու հնարավորություն կամ անհնարինություն։ Բայց ամենագլխավորը միշտ մնացել է որպես ամենագլխավոր. ես չեմ կարող քայլել։ Մնացածը մեծերին գրեթե չի հետաքրքրել։ Չես կարող քայլել՝ դեբիլ ես։
Հերթական մանկատունը, հերթական տեղափոխումը։ Այդ մանկատուն ինձ բերեցին կլինիկայից, ուր երկու տարի ապարդյուն փորձում էին ոտքի կանգնեցնել։ Պարզ բուժում էր։ Ծնկից ծալված իմ ոտքերը գիպսի մեջ դրեցին, հետո պարբերաբար կտրում էին գիպսը տարբեր տեղերից, սեղմում էին անոթներն ու ոտքերն անշարժացնում նոր դիրքում։ Մեկուկես տարուց ոտքերս ուղիղ դարձան։ Փորձեցին ինձ անթացուպերով կանգնեցնել, հասկացան, որ անօգուտ է, դուրս գրեցին։ Բուժման ընթացքում ոտքերս անընդհատ ցավում էին, ես էլ դանդաղ էի մտածում։
Օրենքով Սովետական Միության ամեն դպրոցական կրթության իրավունք ուներ։ Ովքեր կարող էին, հաճախում էին կլինիկային կից դպրոցական դասընթացներին։ Մյուսներիս մոտ ուսուցիչն էր պալատ գալիս։ Մի երկու անգամ էլ ինձ մոտ ուսուցչուհի եկավ, բայց համոզվելով իմ անկոտրում բթամտության մեջ՝ ինձ հանգիստ թողեց։ Ուսուցիչները կարեկցում էին «խեղճ էրեխուն» ու ինձ բոլոր առարկաներից «միջակ» էին դնում։ Այդպես՝ դասարանից դասարան էի փոխադրվում։
Կլինիկա ինձ տարան երկրորդ դասարանից, դուրս գրեցին, երբ չորրորդ էի։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ օրենքով է։ Բերեցին դասարան, դրին հատակին։
Մաթեմատիկայի դասն էր։ Բախտս բերեց։ Հենց այդ օրը դասարանին ստուգողական աշխատանք էին տալիս։ Մաթեմատիկայից ստուգողական աշխատանքը պատասխանատու բան է. այդպիսի լուրջ միջոցառմանը մանկավարժական խորհուրդը առանձնացրել է իրար հաջորդող երկու դասաժամ՝ քառասունհինգական րոպեով։ Ուսուցչուհին ինձ մի երկու հարց տվեց, պարզեց, որ տղային պետք է երկրորդ դասարան տեղափոխել, ու հանգստացավ։ Կանչեց դայակին, հանձնարարեց ինձ տանել ննջարանների բաժանմունքը։
Դայակը եկավ, նայեց ինձ։
-Հենց նոր բերեցի, հիմա էլ տանե՞մ։ Հո ձի չե՞մ։ Ես էլ իրավունքներ ունեմ։ Այ քեզ գրագետներ։ Իրենք գլուխ չեն հանում, ե՞ս պիտի մեջտեղից ճղվեմ։ Որ պատերազմը չլիներ, գուցե ես էլ դասատու դառնայի։
Դայակը գնալով ավելի ու ավելի բարձր էր խոսում։ Ուսուցչուհին ուշադիր լսեց նրան և ի վերջո, հաշտվեց։ Նա շատ բարեկիրթ խնդրեց, որ դայակը դուրս գա, նրանից ներողություն խնդրեց պատճառած անհանգստության համար։ Դայակը գնաց։ Կարելի էր արդեն ստուգողականն սկսել։ Ուսուցչուհին գրատախտակին արագ գրեց առաջադրանքը։ Գրեց վերջացրեց, նստեց սեղանի մոտ։ Ես նայում էի գրատախտակին ու բան չէի հասկանում։ Թվերի հետ միասին առաջադրանքներում տառեր էլ կային։ Թե ինչ են պլյուսն ու մինուսը, լավ գիտեի. կլինիկայից առաջ բոլորից լավ էի սովորում։ Բայց բազմապատկման նշաններն ասես սովորական սխալմունք լինեին։
-Oրինակների մեջ սխալ կա,- սկսեցի ես առանց նախազգուշացման։- Ինչո՞ւ եք տառերը թվերի հետ գրել։ Հո տառերը չե՞նք գումարելու։
-Սխալ չէ։ Այդ տառերն իրականում թվեր են նշանակոմ։ Մենք պիտի գտնենք, թե հատկապես որ թվերն են տառերի փոխարեն։ Սա կոչվում է հավասարության լուծում։
-Ուրեմն՝ եթե մեկին գումարած խաչ հավասար է երեքի, խաչը հավասար է երկուսի՞։ Ոնց որ ամսագրի գլուխկոտրուկ լինի։
-Ոչ թե «խաչ», այլ «իկս»։ Բայց ընդհանուր առմամբ ճիշտ ես։
-Բա ինչո՞ւ է երկրորդ օրինակում «իկսը» գրված երկու թվերի արանքում։
-Դա «իկս» չի, այլ բազմապատկման նշանը։ Գրվում է կամ որպես կետ, կամ ռուսերեն х-ի նման։ Ես գրատախտակին խաչի նմանն եմ գրել, որ հետևի նստարանին նստողներին ավելի լավ երևա։
Ես չգիտեի՝ ինչ է բազմապատկումը։ Հիվանդանոցի բժիշկներին չգիտես ինչու աշխարհում ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչ կանի երկու անգամ երկուսը, երեք անգամ երեքը։ Եթե սխալ էի պատասխանում, նրանք բարձրաձայն ծիծաղում էին, ասում էին ճիշտ պատասխանը, երբեմն ինձ կոնֆետ կամ թխվածք էին տալիս։ Եթե ինձ բացատրեին, որ բազմապատկելը հետևողական գումարումն է, ավելի հեշտ չէր լինելու։ Ոտքերս խիստ էին ցավում, բժիշկներին էլ չէի սիրում։
Ուսուցչուհին բացատրում է ինձ բազմապատկումը։
-Ինչո՞ւ եմ սա քեզ բացատրում,- շարունակում է ուսուցչուհին։- Դու նույնիսկ բազմապատկման աղյուսակը չգիտես։
-Գիտեմ, բայց մինչև հինգինը։ Մեկ էլ հիշում եմ, որ վեց անգամ վեցը երեսունվեց է։
-Իսկ յոթ անգամ ո՞ւթը։
-Հիմա։
Սկսում եմ բարձրաձայն գումարել թվերը։ Ճիշտ պատասխան եմ տալիս։
-Ապրես, -գովում է ուսուցչուհին։
-Պարզ բան է,-ասում եմ, որ բացատրում եք, պարզ է դառնում։ Էլի պատմեք։
-Չես հասկանա։
-Կհասկանամ։ Դուք չէ՞իք ասում՝ ապրեմ։
Ուսուցիչն աշխույժ մոտենում է գրատախտակին և սկսում դասը։ Նա գրում ու գրում է։ Ժամանակ առ ժամանակ կանգ է առնում ու հարցնում՝ հասկացա՞ր։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Նա ինձ մաթեմատիկա է պատմում, ես ընդհատում եմ նրա ճառը հարցերով։ Խնդրում եմ ավելին ասել։ Մենք իրար ժպտում ենք։ Ամեն ինչ այնքան պարզ է։
-Վերջ։ Այսքանն էր։ Ես քեզ պատմեցի այն ամենը, ինչ դու՝ որպես չորրորդ դասարանցի, պիտի իմանայիր։
-Կարո՞ղ եմ ստուգողականը գրել։
-Վստահ չեմ, թե կհաջողես, բայց փորձիր։
Ես փորձում եմ։
Երկու ժամը շատ արագ է թռչում։ Դասարանը հանձնում է ստուգողական աշխատանքները։ Ուսուցչուհին կռանում, վերցնում է ինձնից թերթիկը, արագ հայացք է գցում։ Նա սառն ու օտարոտի հայաց ունի. ոչ այնպիսին, որ քիչ առաջ գրատախտակի մոտ ուներ։ Ես ամեն ինչ հասկանում եմ։
Դեբիլ լինելն այնքան էլ դժվար չէ։ Բոլորը քո կողքով են նայում. քեզ չեն նկատում։ Դու մարդ չես, ոչինչ ես։ Բայց երբեմն բնական բարության կամ մասնագիտության բերումով զրուցակիցդ պարզում է, որ ներքուստ դու այնպիսին ես, ինչպես բոլորը։ Մի ակնթարթում անտարբերությունը վերածվում է հիացմունքի, հիացմունքը՝ խուլ հիասթափության իրականությունից։ Ես չեմ նայում ուսուցչուհուն։ Նրանք բոլորն էլ նույնն են։ Վստահ եմ, որ մտածում է նույն բանի մասին, ինչ նրա փոխարեն ով էլ լիներ` ոտքերիս մասին։ Ոտքերն են գլխավորը, իսկ մաթեմատիկան՝ էնպես, ստից բան է, զբաղմունք։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Սպիտակը՝ սևին. Ամերիկա. Դեբիլը

  1. lusine hayrapetyan

    5 Դեկտեմբերի, 2011 at 6:23 ա.

    Հաս ջան, շատ հուզեցիր: Հրաշք թարգմանություն էր, նաև` բարության ու մարդասիրության քարոզ: Շնորհակալ եմ:

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: