RSS
Պատկեր

Երջանկություն՝ մեկ տարուց

13 Հնվ

Երջանկություն՝ մեկ տարուց

Կոնստանտին Շերեմետև
«Интелектика»

«Նավիգատոր» վարպետության խմբի առաջադրանքների մեջ կա այսպիսին. «Գրեք՝ երբ է սկսվելու ձեր բացարձակ երջանիկ կյանքը»։ Ընդհատեք ընթերցումն ու աշխատեք ինքներդ պատասխանել այդ հարցին։
Հետաքրքիր է, որ մասնակիցների մեծ մասը մոլորվում է այս պարզ հարցից։ Բայց շատերն էլ (մանավանդ խորամանկները) գրում են. «Իմ երջանկությունը կգա մոտ մեկ տարուց»։ Այսպիսի ժամկետի ընտրությունը միանգամայն հետաքրքիր է։ Գրել՝ տասը կամ քսան տարուց, շատ տխուր կլինի, գրել՝ երկու շաբաթից երջանիկ կլինեմ, ակնհայտորեն ինքնախաբեություն է։ Իսկ «մի տարուց»-ը այն է, ինչ պետք է։ Համ էլ՝ պատկերացրեք, ձեզ զանգեն ու ասեն.
-Շնորհավորում ենք, դուք երջանկություն եք շահել։ Ստացեք։
Տագնապը ձեզ կպատի.
-Ո՞նց։ Ախր ես պատրաստված չեմ։ Էդպես միանգամից՝ երջանկություն։ Ախր էնքան խնդիրներ ունեմ։ Ի՞նչ եմ անելու դրանք։
Դրա համար երջանկությունը, ավելի լավ է, հետաձգենք։ Մեկ էլ տեսար՝ անցավ-պրծանք։
Դեպի երջանկություն տանող ճանապարհի մասին արդեն գրել եմ, իսկ հիմա ուզում եմ գրել, թե ինչու մարդիկ չեն ուզում գնալ այդ ճանապարհով։
Անելանելիության օգուտը
Ես նրա տեղը լինեի՝ կկախվեի։
Այս մեկի տեղն էլ լինեի՝ կկախվեի։
Միայն մի մարդու տեղը կուզեի լինել,
Էն էլ երեկ կախվեց։
Միխայիլ Ժվանեցկի

Ձեր դժբախտ լինելու մեջ հետաքրքիր առավելություն կա։ Դժբախտ մարդը հանգիստ խղճով կարող է ոչ մի բանի համար պատասխան չտալ, ոչինչ չանել, միայն ԲՈՂՈՔԵԼ։
• Ես էդքան խելացի ու աչքի ընկնողն եմ, բայց դժբախտ եմ։
• Ես լարված աշխատում եմ ու ընդհանուր գործում ներդրում եմ անում, բայց ուրախություն չունեմ։
• Ես էդքան երազում, էդքան ուզում ու տենչում եմ իմ երջանկությունը, բայց չկա նա՝ իմ սիրելին։
Եվ ուզում ես քեզ կոտորել, հեկեկալ բարձի վրա, ողբ հղել առ երկինք՝ ինչո՞ւ, ինչի՞ համար, Աստված իմ, ո՞ր մեղքիս համար։
Եվ էնքան հաճելի է քո դժբախտությունները ծանոթների, պարզապես կուպեում ուղեկցիդ հետ քննարկելը, որ տարօրինակ կլինի հենց էդպես վերցնես ու դրանից հրաժարվես։ Բա որ երջանիկ լինեմ՝ ինչի՞ց եմ խոսելու։
Միանգամից երջանիկ եղիր
Երջանկության համար ինձ շատ քիչ բան է պետք.
Աշխարհի վրա իշխանություն և մի քիչ ուտելու բան…

Կան մասնակիցներ, որ այս վարժության թակարդը կռահում են։ Նրանք գրում են մոտավորապես այսպես.
• Առաջադրանքն ապշեցրեց։
• Ինձ շփոթեցրեց։
• Մի քանի անգամ փոխեցի երջանիկ կյանքի ժամկետը։
• Միշտ կարծել եմ, որ երջանկությունն ինչ-որ տեղ մոտերքում է, մի քիչ էլ, ու կսկսվի իսկական կյանքը։ Բայց էս վիճակում ինչ-որ երկար եմ մնացել, ու չի վերջանում։
Եվ, վերջապես, օրինաչափ պատասխանը.
• Երեկոյան նայեցի թերթիկին, որ երջանիկ կյանքի հաշվարկի սկիզբը դնեմ՝ ներքուստ հասկանալով, որ դա պիտի համընկնի իմ գտնվելու տեղի հետ։
• Երջանիկ կյանքի սկզբնակետը համընկավ այն պահի հետ, երբ վերցրի թերթիկը…
• Իսկ երեկոյան ես երջանկության սկզբնակետը դրեցի այն կետում, որտեղ այդ պահին էի։ Դա երանություն էր։
Ամեն ինչ ճիշտ է։ Ի՞նչ ապագա երջանկության մասին ենք խոսում։ Որտեղի՞ց պիտի հանկարծ ծագի։ Ինչպես մտածում էիք ձեր խնդիրների մասին, այդպես էլ շարունակելու եք մտածել։
Երջանկությունը ծագում է միայն այն պահին, երբ զգում եք կյանքի հոսքը, որի մեջ ապրում եք։
Վաղվա երջանկություն չի լինում։ Դուք կամ երջանիկ եք այսօր, կամ երբեք չեք լինի երջանիկ։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: