RSS

Ծովը

04 Փտր

Տղան, որ սրտնեղությունից չէր դիմանում սենյակի պատերին, դուռը բացեց ու… տեսավ ծովը։
Թարմ ու խոնավ օդը տարածվեց մարմնով։ Տղան քարացավ։
Չէ, ծով տեսել էր, գիտեր՝ ինչ բան է, նույնիսկ լողացել էր ափամերձ տարածքում։ Հետո կարդացել, ուսումնասիրել էր ընդհանրապես ծովերի առաջացման, ձևավորման պատմությունը։ Մանրամասն ու լարված հետևել էր դրանց վտանգները բացահայտող տեղեկություններին, հիացել էր նավազների խիզախությամբ, որոշել էր մի օր գլուխն առնել ու իրեն ծովերով տալ…
Բայց հենց հիմա՜, այն էլ այսքան մո՜տ՝ ուղղակի ոտքերի տակ….
Ծովը հրապուրում-կանչում էր։ Ծովը փայլում ու ծփում էր… Հա՜րթ ու խաղաղ էր ծովը։ Բարի էր ծովը։ Ու տղան որոշեց, որ իրենն է ծովը։ Մատչելի է, կանցնի։ Ծովը ծնկներից է։ Ինքն ուժեղ է, երիտասարդ, գրավիչ։ Ինքը հպարտ է, վճռական։ Ի՞նչ ծով կդիմադրի իրեն։ Ու տղան ինքնավստահության հաճույքից ժպտաց…

***

Կյանքն իր բազմազանությամբ համտեսած տարեց մարդն ուզեց հենց նոր վառած ծխախոտի գլանակը թաքցնել ինքն իրենից ու պատուհանը բացեց՝ ծուխը դուրս թողնելու, երբ տեսավ…. ծովը։
Մատի ծայրով համը փորձեց. չի սխալվում. ծով է։
Հիշեց իր անցած բոլոր ծովերը։ Դրանք սովորաբար խորն են, երբեմն՝ վտանգավոր։ Ծովեր կան՝ հազար գլուխ են կերել։ Ծովեր կան՝ հազար գանձ ունեն խորքերում… Իր ծովային արկածները հիշեց, քմծիծաղեց ամեն անգամ վտանգը հաղթահարելուց հետո այլևս ծով չմտնելու իր երդման վրա ու հպարտացավ ինքն իրենով, որովհետև վախի ստրուկը չէր դարձել երբեք։
Բայց մարդը թախիծով հիշեց, որ վաղուց ծովում չի թրջվել (ինչպե՞ս է եղել)։ Որոշեց, որ սա բախտի նվերն է։ Հասուն մարդու շրջահայացությամբ մտքում հաշվեց հնարավոր խութերն ու վտանգները, հոտոտեց-փորձեց քամու ուժգնությունն ու ուղղությունը, գնահատեց իր ուժերը, նայեց խաղաղ ծփացող ծովին ու որոշեց՝ իրենն է։ Կհաղթահարի։ Էսպիսի՞ ծովեր է անցել։
Հնարավոր նոր արկածի՝ գլուխը պտտեցնող ջերմությունը բաց թողեց մարմնով մեկ ու հաճույքից ժպտաց…

***

Իսկ ծովը…. Ծովին ի՞նչ…
Ծովն ուրախ էր, որ ինքը ծով է ու կարող է ծփալ՝ ինչքան ուզի և ինչպես ուզի։ Ուրախ էր, որ ծով է, ու  մեծ ու մանուկ իրենով են հետաքրքրված։ Ծովը հպարտ էր, որ խորն է, վտանգավոր, խաղաղ ու հարթ։ Չհաշվեց անգամ, թե երբևէ գոնե մեկի գլուխը կերե՞լ է, կամ՝ ի՞նչ գանձեր ունի իր խորքերում…
Ծովը երջանիկ էր, որ ինքը ԾՈՎ է, կամ, գոնե, այդպիսին է թվում…

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 4 Փետրվարի, 2012 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: