RSS

Սերտում

04 Փտր

Կոնստանտին Շերեմետև
Интелектика

Սեփական ինտելեկտը ծաղրելու ամենաայլանդակ միջոցը սերտումն է։ Հատկապես սարսափելի է, որ սերտումն առ այսօր կրթության ոլորտում պետական քաղաքականություն է։ Աշակերտին ու ուսանողին առ այսօր ստիպում են հիշողության քննություն տալ։
Ինչո՞ւ է դա վնասակար ինտելեկտի համար։

Սերտելու անհրաժեշտության ծագումը

Մարտում միշտ հաղթում է ինքնաբուխությունը։
Սերտածը միշտ պարտվում է։
Բրյուս Լի

Սերտումը տեղեկության մեխանիկական մտապահումն է բազմակի կրկնության ճանապարհով։ Սերտելու անհրաժեշտությունն ի հայտ է եկել դեռ միջին դարերում, երբ վանքերում գրավոր տեղեկության պակաս կար։ Տեքստերը սուրբ էին համարվում, դրա համար էլ անգիր էին արվում։ Գիտության զարգացման հետ պարզ դարձավ, որ մարդու մտածողության տեսանկյունից անգիր անելն անիմաստ է։ Ինչքան շատ է մարդ անգիր անում, այնքան վատ է տրամաբանում։ Այդ ժամանակ Ռենե Դեկարդը գրեց իր հանրահայտ բառերը. «Որպեսզի կատարելագործես միտքդ, պիտի ավելի շատ մտածես, քան սերտես»։ Այն ժամանակ դեռ չգիտեին, որ սերտելու մեխանիզմին մասնակցում է ուղեղիկը, որ պատասխանատու է շարժողական կարծրատիպերի համար։ Այսինքն՝ երբ ինչ-որ բան սերտում եք, միակ բանը, որ կարող եք դրանով անել, վերարտադրելն է։ Ձեզ համար իմաստը գոյություն չունի։ Իմաստը հայտնվում է այն ժամանակ, երբ հասկանում եք՝ ինչ եք ուսումնասիրում։ Այսինքն՝ տեղեկությունն ընդունում եք գլխուղեղի կեղևով։

20-րդ դարի սկզբին շատ մեծ քանակի որակավորված մասնագետների՝ բժիշկների, ինժեներների, շինարարների պատրաստման խնդիր դրվեց։ Եվ ի հայտ եկավ ճիշտ նույն խնդիրը, ինչ սուրբ հայրերն ունեին։ Մասնագետը սովորում էր մեծ քաղաքի ինստիտուտում, հետո վերադառնում էր իր փոքրիկ ավանը կամ գյուղը, ուր շատ դժվար էր մասնագիտական գրականություն ճարելը։ Դրա համար էլ նորից վերադարձվեց սերտումը։ Եվ քննությանը արգելեցին գրականությունից օգտվել։ Սովորել պետք էր անգիր։

Այդ ժամանակները վաղուց անցած են։ Հիմա ցանկացած գործնական գիրք գործնականում հնարավոր է գնել ցանկացած տեղից, դե, իսկ ինտերնետի օգնությամբ ընդհանրապես հնարավոր է գտնել ցանկացած բան։ Բայց ամեն ինչ անգիր անելու հիմար պահանջը մնացել է։ Ինչի՞ է դա բերելու։

Սերտելու վնասները

Ամենից խորը մենք գիտենք այն,
ինչ չենք սերտել։
Վովենարգ

Երբ բուհում դոցենտ էի աշխատում, միշտ քննությանը թույլատրում էի օգտվել ինչից ուզում են։ Երբ առաջին անգամ դա հայտարարեցի, շատ ուրախացան, որովհետև կարծում էին՝ քննությունն անկասկած կհանձնեն։
Բայց նրանց հիասթափություն էր սպասում, որովհետև քննությանը այնպիսի հանձնարարություն էի տալիս, որոնց պահանջը ինչ-որ բան ԱՆԵԼՆ էր։
Դասընթացից ելնելով՝ դա կարող էր լինել ծրագիր գրելը, տվյալների բազայի համար հարցում պատրաստելը, վեբ-էջի ձեռագիր մշակերը և այլն։
Այ, այստեղ նրանց տհաճ անակնկալ էր սպասում։
Նրանք, որ բոլորովին չէին պատրաստվել քննությանը և ՉԷԻՆ ՀԱՍԿԱՑԵԼ դասընթացը, ուղղակի չկարողացան առարկան հասկանալ քննության ընթացքում։ Այն հաստ գրքերում, որ նրանք իրենց հետ քարշ էին տվել, հատկապես այն խնդրի լուծումը, որը տոմսի մեջ է, չկա։ Առանձնահատուկ ծույլերը դասագիրք չէին բերում, այլ ուրիշների կոնսպեկտներն էին վերցնում։ Բայց այդտեղ էլ պատասխանը չկար։ Միայն նրանք, ովքեր սովորել են կիսամյակի ընթացքում, իսկապես քննությունը հանձնեցին արագ ու շատ հեշտ, քանի որ նրանք ԿԱՐՈՂԱՆՈՒՄ էին իրենց գիտելիքները օգտագործել կյանքում։
Հենց դրա համար էլ ինտելեկտը գոյություն ունի։

Սերտողության ահռելի վնասն այն է, որ իմացության պատրանք է ստեղծում։ Դրա համար էլ իբր գերազանցիկները ոչինչ չգիտեն։ Նրանք դատարկ տեղը ջանք ու ժամանակ են ծախսել, բայց գիտելիք չեն ստացել. միայն աղբ են լցրել իրենց ուղեղը։ Չէ՞ որ բացի նրանից, որ սերտողությունը հասկացողություն չի տալիս, նաև խանգարում է նոր տեղեկության ընկալմանը։ Չէ՞ որ կյանքն առաջ է գնում, և գիտելիքներն անընդհատ հնանում են։ Մասնագետի՝ բուհն ավարտելու պահին նրա ստացած գիտելիքի շուրջ կեսն արդեն հնացած է լինում։ Երբ դասավանդում էի «Էլեկտրոնային կոմերցիա» դասընթացը, ամեն տարի 90%-ով թարմացնում էի։ Այդ դասընթացի մեխանիկական մտապահումն անհեթեթ կլիներ։

Ախր շուրջը նայեք։ Քաղաքակրթության զարգացումը սրընթաց է։ Մի սերնդի կյանքի ընթացքում հայտնվեցին անհատական համակարգիչները, համացանցը, mp-3 նվագարկիչը, բջջային հեռախոսը, ֆրիլանսը, սոցիալական ցանցերը, գենաինժեներիան,  online խաղերը, տիեզերական տուրիզմը ու շա՜տ, շա՜տ ուրիշ բաներ։ Այս նորույթներից յուրաքանչյուրը կարող է արմատապես փոխել մեր կենսակերպը։

Ի՞նչ իմաստ ունի սերտումն այն գիտելիքների, որ ստացվել են դեռ 30 տարի առաջ։
Ուրեմն՝ եթե ուզում եք ունենալ հրաշալի աշխատող ինտելեկտ, հիշեք կանոնը՝

Ոչինչ հատուկ անգիր մի՛ արեք։ Այն, ինչ կարողանում եք անել, կհիշվի առանց որևէ ջանքի։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: