RSS

Իմ անցած և Պետրոս Բեդիրյանի սկսվող ծննդյան օրվա առթիվ

06 Ապր


Առաջին անգամ, որ ասացին՝ Բեդիրյանը ինձ է փնտրում, հպարտությունից մեռա։ Պատկերացնելո՞ւ բան է. Բեդիրյանն ուշադրություն է դարձրել իմ աշխատանքի վրա։
«Հատուկ կուրս» կոչվող դասընթացի արդյունքը պիտի ուսումնասիրություն լիներ առաջարկված թեմաներից մեկով։ Ընտրեցի ինձ հետաքրքիր մի թեմա ու պարտաճանաչ գրեցի՝ ուղիղ թերթ ու կես։
-Օրիո՛րդ,- ասաց դասախոսս (բոլորիս «օրիորդ» էր ասում),- Ձեր մտածողության մեջ հետաքրքիր բան եմ տեսնում։ Կուզեի Ձեր աշխատանքը ներկայացնել Ուսանողական գիտական ակումբին, բայց շատ քիչ է։ Մի քիչ ավելացրեք։
Բեդիրյանի խոսքն ինձ համար օրենք էր. նորից փորփրեցի գրականությունը, տրված միջակայքում փնտրեցի օրինակներ, նույնիսկ նոր բաներ հայտնաբերեցի ու … կրկնապատկեցի գրածիս ծավալը. երեք թերթ։
-Օրիո՛րդ, պարզ է՝ ինչ եք ուզում ասել, բայց Գիտական ակումբի համար սա լուրջ ծավալ չէ։ -Աշխատանքս ստուգելուց հետո ինձ դիմեց ընկեր Բեդիրյանը, ու մի քիչ էլ հեգնեց.
— Հա, ուշադրություն դարձրու ուղղումներիս վրա. աշխատիր քնարականությունը շարադրանքիդ մեջ բացառել։ Մի քիչ էլ վերամշակիր. հետաքրքիր աշխատանք է ստացվում։

Աշակերտական կես տետր դարձած ուսումնասիրությունս ավելի լավ ճակատագրի չարժանացավ։
Եվ այսպես՝ այնքան մշակեցի ու վերամշակեցի (ո՞ւր էիր, համակարգիչ), մինչև անգիր արեցի տեքստս էլ, աղբյուրներս էլ, օրինակներս էլ…
ՈւԳԱ-ի նիստի օրը նշանակված էր։
-Ճեմարանում այդ օրը դասի եմ, բայց կգամ։ Մենակ՝ իմ անունից խնդրիր, թող քո զեկուցումը վերջինը դնեն. երեք զեկուցում է լինելու,- հանձնարարեց ընկեր Բեդիրյանը, հետո մի պահ մտածեց ու հաստատեց.- դու խնդրի՛ր։
Ես խնդրեցի։ Ռեակցիան անսպասելի էր։ Չէ, գիտեի, որ Բեդիրյանն իստիտուտում «այլախոհ» է։ Բայց որ առիթը բաց չեն թողնի ագրեսիա դրսևորելու և այն էլ՝ ուսանողների ներկայությամբ, մտքովս չէր անցնում։
Ես առաջինը զեկուցեցի։ Հիշում եք, չէ՞, որ զեկույցս անգիր գիտեի։ Թղթերից ազատված հայացքս մեխում էի դասախոսներիս ուղիղ աչքերի մեջ ու ժամանակ առ ժամանակ ճարտասանական հարց տալիս. «Դուք առարկո՞ւմ եք», «Դուք այդ մասին ա՞յլ կարծիք ունեք»…
Հասա նրան, որ ունկնդիրներս գերադասեցին ինձ «ընկերաբար» վերաբերվել։
Բեդիրյանը եկավ։ Շտապել էր. հևում էր։ Հասավ, երբ արդեն երրորդ զեկուցողն էր կարդում։ Բայց հենց ներս մտավ, «ընկերները», ամեն պատշաճություն մոռացած, ընդհատեցին զեկուցողին ու շտապեցին տեղեկացնել, որ ընկեր Բեդիրյանի ուսանո՜ղը… Այսպես ու այսպե՜ս….
Ավելորդ է ասել, որ ընկեր Բեդիրյանն ինձ ու իրեն արժանի պատասխան տվեց։
Քայլում էինք զբոսայգով, գնում էինք չգիտեմ ուր, գնում էինք՝ օրվա մանրամասները քննարկելով, որակելով ու  բարձրաձայն ծիծաղելով։ Ձայններս ողջ Երևանն էր բռնել։ Հաղթանակը լիակատար էր։ Ես երջանիկ էի, ընկերուհիներս, որ ունկնդիրներիս մեջ էին, ինձ թև էին տալիս, ես օրվա հերոսն էի, ե՜ս…ե՜ս… ե՜ս…

Իսկ դիմացի մայթով քայլում էր ընկեր Բեդիրյանը։ Մենակ էր քայլում (սովորաբար մենք նրա թիկնազորն էինք)։ Քայլում էր վաստակած մարդու խաղաղությամբ, անշտապ, հանգիստ։ Քայլում էր դասավանդողական պարտականություններն օրվա համար ավարտած ու գիտնականի միտքը լեզվաբանության անդաստանները բաց թողած…
Շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, սիրելի՛ ուսուցիչ։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: