RSS

Մահվան տեսի՞լ

08 Ապր

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան… (Չարենց)

Գարնան այս ծաղկունքի, օդում տարածված այս երջանկության պարագայում չէի մտածի նման մռայլ թեմայի շուրջ, եթե չկարդայի այս գրառումը։

Ուրեմն՝ ստեղծագործ մարդիկ հակված են ինքնասպանության, որովհետև…
Այո՛, դժվար է ստեղծագործող լինել, բայց նաև ապրել անարդար ու խիստ նյութական աշխարհում։ Այո՛, նրանք բաց նյարդեր ունեն։ Դրա համար պիտի բթացնեն զգայունությունը։ Այստեղից՝ թմրանյութեր, ալկոհոլ, և այլն։ Ներողամիտ լինենք։
Երբեմն մտավորականը, մանավանդ ստեղծագործ մտավորականն իրեն պատասխանատու է զգում աշխարհում կատարվող ամեն ինչի համար։ Իրենք հեշտությամբ են հավատում քաղաքական ասպարեզ մտնողների խոստումներին, ովքեր հեղինակությունն օգտագործում են ամբոխավարական նպատակներով։ Այս դեպքում էլ, այո, «վնասակար» սովորությունները բթացնում են վիրավորանքը։ Բայց լինում են արվեստագետներ, ովքեր չեն հասցնում դրանց օգնությանը դիմել։ Հիշեցի շարժման ու դրանց հաջորդող անկման տարիները, երբ զարմանալի համախմբվածությամբ հայ արվեստագետների մի լուրջ խումբ, մեկը մյուսի հետևից լքեց այս աշխարհը (պարզապես չդիմացան)։
Բայց մի՞թե սուիցիդի հակվածութունը միայն ստեղծագործողներին է հատուկ։ Ինձ հայտնի ինքնասպանության դեպքերի մեծ մասում (հոգեբանները հաստատում են, որ կարող է այդպես լինել) ես էգոիզմի արտահայտություն եմ տեսնում։ Մեռնողի նպատակը իր հարազատներին ու մտերիմներին մեղքի զգացումի մեջ թաղելն է՝ չխնայեցիք ինձ, դրա համար էլ մեռա։
Թեպետ պատահում է՝ մարդ, իրոք, մեռնելուց շատ վախենում է… մահից։ Պարզելով անբուժելի հիվանդ լինելը, օրինակ, գերադասում է հեշտ մեռնել։ Լինում են դեպքեր, երբ հիվանդությունը լիարժեք կյանքի հնարավորությունը բացառում է, և մարդն ընտրում է էֆթանազիան, որ ինքնասպանության տեսակ է (հիշո՞ւմ եք «Ծովը սրտում» ֆիլմը. չեմ ասում՝ Հեմինգուեյին, որովհետև սա նաև գրող էր)։
Սովորական մարդուն աստված գիտի՝ էլ ինչը կարող է դրդել ինքնասպանության։ Հերման Հեսսեն, օրինակ, մի գործ ունի՝ «Քլայնը և Վագները», որի՝ պարտականախեղդ առօրյայից հոգնած հերոսը կոտորում է իր սիրելիներին՝ ընտանիքը, միայն մեկ օր ազատ ապրելու համար։ Հետո ինքնասպան է լինում։
Ֆրեյդն ասում է՝ մարդու կյանքը հենց ինքնակործանման ծրագիր է։ Այդպես է, եթե նկատենք, որ մարդ ֆիզիկական սուիցիդից զատ իրեն կործանում է նաև այլ ձևերով։ Օրինակ՝ կուսակրոնությունը առողջ տղամարդկանց համար (եթե, իհարկե, իսկապես կուսակրոն են) ինքնասպանության մի ձև է՝ սերունդ չտալու, նրանում չշարունակվելու միջոցով։ Այսպես՝ մի շարք աղանդներ, անզավակության դրդելով, ինքնացեղասպանություն են կազմակերպում։
Ինքնակործանում չէ՞ նաև վարքն այն երիտասարդի, օրինակ, ով, չգիտես որ անկյունում պահած անավարտ դիսերտացիան մոռացած, իր հազար տարվա ախմախ մտքերն է գրառում։
Հա, անձամբ ինձ Վոննեգութի այս հոդվածը, մանավանդ դրա ավարտը ստիպում է շտկելու կյանքի ու մարդու՝ դրանում ունեցած դերի մասին հայացքներս, երբ չարացած եմ լինում աշխարհի ու իմ դեմ։

Երկար ապրեք և արարեք, մարդի՛կ, ինչ էլ որ լինի կյանքի իմաստը։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: