RSS

Ճակատագիրը

13 Ապր

Գլուխը սաստիկ ցավում էր։ Արդեն ինչքան ժամանակ է՝ աշխատում էր։ Աշխատում էր հիմնականում գլխով։ Բերանն օգնում էր մի փոքրիկ ճեղք միայն բացել. մնացածը՝ առաջ գնալը, գլխի գործն է։
Ամենադժվարը կեղևը հաղթահարելն էր։ Կեղևը կոշտ էր։ Բայց ինքն աշխատեց անդուլ, աշխատեց ինքնամոռաց և ահա…

Ամեն գլուխ չէ, որ սրան կդիմանար (իրեն կարող զգաց, հպարտացավ)։ Քաղց չէր զգում, գլուխն անտանելի ցավում էր։ Կոպերը ծանրացել էին, աչքերն ակամա փակվում էին։ Բայց պետք էր տեղավորվել։

Մի անգամ էլ լարվեց, կծկվեց, ապա մեջքը ուղղեց՝ գալար-գալար ձգվեց ու ամբողջովին տեղավորվեց։ Քնեց։
Արթնացավ։ Շուրջն անսահման սպիտակ էր։ Շուրն անսահման սպիտակը բուրում էր։ Անասելի զգլխիչ բուրմունք էր։ Մի պահ թվաց՝ դրախտում է. դրախտում ուրիշ ի՞նչ կա, որ էստեղ չկա։

Որդն ուրախ մի պտույտ արեց իր մամնի առանցքի շուրջը, հընթացս մի պուտ պտղամիս բերանեց, զգաց, որ խնձորը բույրին հավասար քնքուշ համ ունի։ Միանգամից հագեցրեց քաղցն էլ, ծարավն էլ, մի երկու գալար էլ առաջ սողաց ու նորից քնեց՝ այս անգամ երջանկությանը չհավատալուց, հանկարծ դա կորցնելու վախից։ Քնեց, որ երազը լիակատար լինի։

Երբ արթնացավ, արդեն հարմարվել էր նոր միջավայրին։ Լավ է՝ ամեն ինչ ունի, շուրջը մաքուր սպիտակ է, թարմություն է, համ։ Ինքը հարուստ է, այլևս ոչ մի տառապանք։ Այս ապրուստն իրեն հերիք է մինչև…
Բայց արժանի չէր լինի ինքն իրեն, եթե կյանքն անցկացներ աննպատակ՝ գտածով բավարարված։ Ու նպտակ դրեց. այս խնձորն իրենն է, իրենը պիտի դառնա։ Ինքը նվաճելու է խնձորը։ Ամեն գնով նվաճելու է։

Արագ նախաճաշեց, ստուգեց իր աշխատունակությունը՝ գլխից պոչ, հավանեց իրեն (որ փողկապ ունենար, հաստատ կկապեր) ու գործի անցավ։ Նախ՝ ծրագիր. գրավելու համար մի բան, պիտի գրավել դրա սիրտը։ Ու որդը գործունյա մարդու վճռականությամբ ուղղություն վերցրեց դեպի խնձորի միջուկը։

Հա, հիմա իրենով կանի ողջ խնձորագունդը։ Ուրիշ ոչ մի որդ սրան չի մոտենա։ Թող փորձի. Կոկորդը կկրծի։ Այս անսահման բարիքը իրենն է լինելու։ Ու ինքը երբեք կարիքի համը չի առնելու այլևս, հանգիստ ապրելու է, ու դեռ իր սերունդներն էլ…

Բայց սերունդ ունենալու համար, ախր…
Լավ, որդը մտքում համաձայնեց կիսել ավարը սիրելի մեկի հետ։ Միայն՝ նա հայտնվեր։ Որքա՞ն է հավանական, որ նույն խնձորը երկու որդ գրոհի։ Եվ որքա՞ն է հավանական, որ մյուսը… Որդն սկսեց աղոթել իր աստծուն, որ եթե նույնիսկ չնչին տոկոսով է հավանական իր երազանքը, կատարվի։ Եվ աղոթքի հետ միասին որդը, իր բնավորությանը հավատարիմ, սկսեց երազել այն մյուսի մասին, ով իր նման նպատակասլաց պիտի լինի, նույնքան աշխատունակ և անպայման գրավիչ։
Հետո որդիկները կծնվեն։ Կծնվեն այս լի աշխարհում, և իր ապրած կյանքն ու քաշած չարչարանքն անիմաստ չեն լինի։ Զավակները կապրեն լիարժեք, երբեք ոչնչի կարիք չեն ունենա… Միայն թե, տե՛ր Աստված…

Ու հանկարծ, Աստվա՜ծ  իմ, (հավատը չէր գալիս), խնձորը ցնցվեց։ Երկրաշարժ չէ, քամին չէ… Սիրտը թրթռաց. Մի՞թե Տերը լսեց իրեն… Աչքերը վախենում էր բացել, թեպետ հաստատ գիտեր՝ չի հիասթափվի։ Որդը մի անգամ ևս, այս անգամ ավելի արագ, կծկվեց ու բացվեց՝ րոպե առաջ տեսնելու համար նրան, ում նախախնամությունն է ուղարկել։ Խորը շունչ քաշեց՝ մի որդաչափ ևս առաջ սողալու պատրաստականությամբ ….

Սկզբում հարվածի ալիքն զգաց։ Հետո սառն ու սուր մի բան իջավ մեջքին։
Շուրջն ամեն ինչ թանձրացավ։ Թանձր սպիտակն այլևս խեղդելու չափ խիտ էր, թանձր բույրը՝ խեղդելու չափ թունդ, մի թանձր, չարագուշակ սառնություն հետքն անգամ չէր թողել քիչ առաջվա երջանկության։ Չիմացավ անգամ՝ ինչ էր դա։
Որդն այլևս իրեն չէր զգում։

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: