RSS

Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

01 Հլս

Գեորգի Գյուրջիև

Նախաբան. Թե ինչու էր Բեհզեբուղը գտնվում մեր Արեգակնային համակարգում

Աշխարհի արարման 223 թիվն էր՝ օբյեկտիվ ժամանակագրությամբ կամ, ինչպես այստեղ՝ Երկրի վրա կասեին, 1912 թիվը Քրիստոսի ծնունդից հետո։ Տիեզերքով թռչում էր տրանստարածական հաղորդակցության Կառնակ նավը։ Նա Ասուպառացատի տարածությունից էր գալիս, այսինքն՝ Ծիր Կաթինի տարածության Կարատազ մոլորակից դեպի Պանդեցնոխ արեգակնային համակարգը, մի արև, որ կոչվում է նաև «Բևեռային աստղ»։ Վերոհիշյալ տրանստարածական նավի վրա էր Բեհզեբուղը՝ իր մերձավորներով ու հարազատներով։ Նա ուղևորվում էր դեպի Ռևոզվրադենտր մոլորակը՝ հատուկ կոնֆերանսին, որին մասնակցելու համաձայնությունը տվել էր իր վաղեմի բարեկամների խնդրանքով։
Միայն այդ հին ընկերության հիշատակը ստիպեց նրան ընդուելու հրավերը, որովհետև ինքն արդեն երիտասարդ չէր, իսկ այդքան երկարատև ճանապարհորդությունն ու դրա հետ անխուսափելիորեն կապված տհաճություններն ամենևին էլ հեշտ բան չէին իր տարիքի ցանկացած մեկի համար։
Այդ ուղևորությունից ոչ շատ առաջ էր Բեհզեբուղը վերադարձել տուն՝ Կարատազ մոլորակի վրա, ուր նա սկզբնավորվել էր և որից հեռու, հանգամանքների բերումով, իր անձնական բնույթից անկախ անցկացրել է գոյության երկար տարիներ, իր բնույթին չհամապատասխանող պայմաններում։
Այս բազմամյա գոյությունը, որ նրան հարմար չէր իր բնույթին անսովոր ընկալումների և իր էությանն անհարիր ապրումներով, չէր կարող նրա ընդհանուր ներկայության վրա նկատելի հետք չթողնել։ Բացի դրանից, ժամանակն ինքն արդեն անխուսափելիորեն ծերացնում էր նրան, և գոյության վերոհիշյալ անսովոր պայմանները Բեհզեբուղին, այն նույն Բեհզեբուղին, որ այնքան արտասովոր առողջ, ջերմ ու չքնաղ երիտասարդություն ուներ, նույնքան արտասովոր ծերության բերեցին։
Շատ վաղուց, երբ Բեհզեբուղը դեռ ապրում էր Կարատազ մոլորակի վրա, նրան իր արտակարգ հնարամիտ խելքի շնորհիվ ընդունեցին Աբսոլյուտ Արևի վրա, ուր մեր ԳԵՐԱԳՈՒՅՆ ՏԻՐԱԿԱԼ ԱՆՍԱՀՄԱՆՈՒ ԹՅՈՒՆՆ ԻՐ Ժամանման հիմնական տեղն ունի, և այնտեղ իր նման ուրիշների հետ դարձավ ՆՈՐԻՆ ԱՆՍԱՀՄԱՈՒԹՅԱՆ մերձավորներից։ Հենց այդ ժամանակ երիտասարդության բերումով դեռ չձևավորված բանականության և խակ, այդ պատճառով էլ եռ եկող մտածողության հետևանքով, որ հիմնված է սահմանափակ հասկացողության վրա (ինչը բնական է այն արարածների համար, որ դեռ չեն դարձել որոշակիորեն պատասխանատու), Բեհզեբուղը մի անգամ Աշխարհը կառավարելու մեջ մի բան տեսավ, որ իրեն անտրամաբանական թվաց, և սատարում գտնելով իր ընկերների՝ իր նման դեռ չձևավորված արարածների շրջանում՝ միջամտեց ոչ իր գործերին։
Բեհզեբուղի բռնկունությամբ ու բնույթի ուժով նրա ու իր ընկերների այն ժամանակվա միջամտությունը գրավեց բոլոր գլուխները և դրանով իսկ Մեգալոկոսմոսի կենտրոնական պետությունը հասցրեց հեղափոխության եզրին։
Այդ իմանալով՝ ՆՈՐԻՆ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ, հակառակ իր Ամենասիրության և Ամենաներողության, ստիպված էր վտարել Բեհզեբուղին ու նրա ընկերներին Տիեզերքի հեռավոր շրջաններից մեկը՝ Օրս արեգակնային համակարգ, որի բնակիչները դրան ուղղակի «Արեգակնային համակարգություն» են կոչում, և որպես նրանց գոյության վայր նշանակել այդ արեգակնային համակարգության մոլորակներից մեկը՝ Մարսը, նաև մյուս մոլորակների վրա ապրելու իրավունքով, բայց միայն այդ նույն արեգակնային համակարգությունում։

Այդ վտարյալների մեջ, Բեհզեբուղի նշված ընկերներից բացի, կային նրան պարզապես համակրող, նաև ինչպես Բեհզեբուղի, այնպես էլ նրա ընկերների մերձավորներն ու ենթակաները։
Բոլորն իրենց ընդոծիններով ժամանեցին այդ հեռավոր վայրը, և այնտեղ՝ Մարս մոլորակի վրա, շուտով ձևավորվեց մեր Մեծ Տիեզերքի կենտրոնական հատվածի տարբեր մոլորակներից եկած եռուղեղ արարածների մի ամբողջ գաղութ։
Նշված մոլորակի համար արտասովոր այս ամբողջ բնակչությունը քիչ-քիչ հարմարվում էր իր նոր բնակավայրին, և նրանցից շատերը նույնիսկ որևէ զբաղմունք գտան, որ կարճեն իրենց աքսորի տարիները։ Նրանք զբաղմունք գտան կամ հենց այդ՝ Մարս մոլորակի վրա, կամ հարևան մոլորակի, հատկապես այն մոլորակների, որոնք համարյա լրիվ լքված էին կենտրոնից հեռացված լինելու և դրանց բոլոր կազմավորումների աղքատության պատճառով։
Կախված նրանից, թե ոնց էին անցնում տարիները, կամ իրենց նախաձեռնությամբ, կամ արձագանքելով ընդհանրական բնույթի կարիքներին, աստիճանաբար Մարսից տեղափոխվեցին ուրիշ մոլորակներ, բայց ինքը՝ Բեհզեբուղը, իր մերձավորների հետ մնաց Մարսի վրա, որտեղ քիչ թե շատ տանելի կազմակերպում էր իր գոյությունը։
Նրա գլխավոր զբաղմունքը Մարսի վրա աստղադիտարանի տեղադրումն էր, որով նայելու էր ինչպես Տիեզերքի հեռավոր կետերը, այնպես էլ հարևան մոլորակների արարածների կյանքի պայմանները։ Եվ նրա այդ աստղադիտարանը, ինչպես այստեղ տեղին է նշել, ի վերջո լավ ճանաչվեց և նույնիսկ հանրահայտ դարձավ ամբողջ Տիեզերքում։

Չնայած Օրս արեգակնային համակարգությունը կենտրոնից իր հեռավորության և շատ ուրիշ պատճառներով լքված էր, այնուամենայնիվ, մեր Գերագույն Տիրակալը ժամանակ առ ժամանակ ուղարկում էր իր Առաքյալներին այդ համակարգության մոլորակները, որ շատ թե քիչ կարգավորեն դրանց վրա առաջացած եռուղեղ արարածների կենցաղային գոյությունը, կոորդինացնելու համար նրանց գոյությունը ընդհանուր Համաշխարպային Ներդաշնակության հետ։
Սրա համար այս արեգակնային համակարգության մոլորակներից մեկի, մասնավորապես՝  Երկիր մոլորակի վրա, մի անգամ Նորին Անսահմանության կողմից ուղարկվեց մի առաքյալ՝ ոմն Աշիատա Շիեմաշ։ Եվ քանի որ Բեհզեբուղն այն ժամանակ իր առաքելության հետ կապված ինչ-որ բան կատարեց, վերոհիշյալ առաքյալը, վերադառնալով Օբսոլյուտ Արևի վրա, ջերմորեն խնդրեց Նորին Անսահմանությանը ներել այդ երբեմնի երիտասարդ, բռնկուն, բայց հիմա ծերացած Բեհզեբուղին։
Աշիատա Շիեմաշի այս խնդրանքն ի նկատի առնելով, ինչպես նաև իր՝ Բեհզեբուղի համեստ և ճանաչողության նկատմամբ ձգտումով գոյությունը՝ մեր Արարիչ Ստեղծողը ներեց նրան և թույլ տվեց վերադառնալ իր ծագման տեղը։
Ահա՝ ինչու Բեհզեբուղը երկար բացակայությունից հետո նորից հայտնվեց Տիեզերքի կենտրոնում։
Նրա ազդեցությունն ու հեղինակությունը ոչ միայն չեն պակասել վտարանդիության ժամանակ, այլև, ընդհակառակը, շատ մեծացել են, քանի որ բոլոր նրան շրջապատողները լավ էին հասկանում, որ վերոհիշյալ արտասովոր պայմաններում երկարատև գոյության շնորհիվ նրա գիտելիքներն ու փորձը, անխուսափելիորեն, պիտի որ ընդարձակված ու խորացած լինեին։ Եվ ահա, երբ արեգակնային համակարգության մոլորակներից մեկի՝ Պանդեցնոխի վրա տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ, Բեհզեբուղի հին ընկերները որոշեցին անհանգստացնել նրան և հրավիրել այդ իրադարձություններին նվիրված կոնֆերանսին։ Հենց դրա արդյունքում Բեհզեբուղը հիմա Կառնակ նավով երկար ճանապարհորդություն էր կատարում Կարատազ մոլորակից դեպի Ռևոզվրադենդր։ Այս մեծ Կառնակ տիեզերանավի ուղևորները Բեհզեբուղի ազգականներն ու մերձավորներն էին, նաև հենց նավի վրա ծառայող արարածները։
Այն ժամանակներում, որին վերաբերում է մեր այս պատմությունը, բոլոր ուղևորները զբաղված էին լինում կամ իրենց պարտականություններով, կամ պարզապես այն բանի իրագործմամբ, որ կոչվում է «կենցաղային ակտիվ մտածողություն»։
Բոլոր ուղևորների մեջ ինքնաթիռում աչքի էր ընկնում մի շատ սիրունատես տղա։ Նա միշտ Բեհզեբուղի շուրջն էր։ Դա Հուսեյն էր՝ Բեհզեբուղի սիրելի որդու՝ Տուլուֆի որդին։ Տարագրությունից իր տունդարձից հետո Բեհզեբուղը առաջին անգամ տեսավ իր այդ թոռանը՝ Հուսեյնին և, գնահատելով նրա բարի սիրտը, նաև, այսպես կոչված, ազգակցական հակումների շնորհիվ միանգամից սիրեց նրան։ Եվ քանի որ այդ ժամանակը պատահաբար համընկավ այն ժամանակին, երբ փոքրիկ Հուսեյնի բանականությունը կարիք ուներ զարգացման, Բեհզեբուղը, շատ ազատ ժամանակ ունենալով, ինքն զբաղվեց իր թոռան դաստիարակությամբ և այդուհետ ուր գնար Հուսեյնին հետը տանում էր։ Ահա՝ ինչու էր Հուսեյնը նույնպես ուղեկցում Բեհզեբուղին այդ երկար ճանապարհորդությանը և նրան շրջապատողների մեջ էր։

Եվ Հուսեյնն էլ իր կողմից այնքան էր սիրում իր պապին, որ առանց նրա քայլ անգամ չէր ուզում անել. ագահորեն կլանում էր ամենը, ինչ պապն իրեն ասում ու սովորեցնում էր։ Այս պատմության ընթացքում Բեհզեբուղը Հուսեյնի ու իրեն ամենուր և միշտ ուղեկցող հին հավատարիմ ծառայի՝ Ախունի հետ նստած էր ամենաբարձր «կասնիկին», այսինքն՝ «Կառնակ» նավի վերին տախտակամածին՝ «կալնոկրանոնիսի» տակ, որ մի քիչ հիշեցնում է այն, ինչ մենք կկոչեինք «ապակե զանգ»։ Եվ նրանք զրուցում էին՝ դիտելով անծայրածիր տարածությունը։ Բեհեզեբուղը պատմում էր արեգակնային համակարգության մասին, ուր ինքը երկար տարիներ էր անցկացրել։ Այդ ընթացքում էլ Բեհզեբուղը նկարագրում էր Վեներա կոչվող մոլորակի բնույթի առանձնահատկությունները։
Զրույցի ժամանակ Բեհզեբուղին զեկուցեցին, որ նրա հետ ուզում է խոսել իրենց նավապետը։ Այդ խնդրանքին Բեհզեբուղը համաձայնություն տվեց։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

2 responses to “Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: