RSS

Պոլ Կամերեր

03 Հլս

Բերնար Վերբեր

«Բացարձակ և հարաբերական գիտելիքի հանրագիտարան» գրքից

Գրող Արթուր Կեստլերը մի անգամ ուզեց գիրք գրել՝ նվիրված գիտական խարդախությանը։ Նա հարցուփորձ արեց հետազոտողների շրջանում, և սրանք հավատացրին գրողին, որ գիտական խաբեության ամենաանամոթ օրինակը դոկտոր Պոլ Կամերերի արածն է։ Կամերերը ավստրիացի կենսաբան էր, որ իր բացահայտումներն արել է 1922-1229 թվերին։ Հրաշալի հռետոր, հմայիչ և անմնացորդ իր գործին նվիրված գիտնականը պնդում էր, որ «…ցանկացած կենդանի արարած ընդունակ է հարմարվելու շրջապատում կատարված փոփոխություններին և ձեռք բերած հատկանիշները փոխանցելու սերնդին»։ Այս տեսությունը ուղղակի հակասում էր դարվինականին։ Որպեսզի ապացուցեր իր եզրակացությունների հիմնավորվածությունը, դոկտոր Կամերերը մի շատ հանդիսավոր գիտափորձ արեց։

Նա վերցրեց ցամաքում բազմացող լեռնային դոդոշի ձկնկիթը և տեղադրեց ջրի մեջ։ Այդ ձկնկիթից դուրս եկած ձագերը հարմարվեցին նոր պայմաններին և ձեռք բերեցին լճային դոդոշների առանձնահատկություններ։ Նրանց մեծ մատի վրա հայտնվեցին սև կոպուլյատորային գնդիկներ, որ հնարավորություն են տալիս ջրային որձ դոդոշներին ջրում զուգավորվելու համար կպչելու էգերի սղլիկ մաշկին։ Ջրային միջավայրին հարմարվածությունն անցավ սերնդին, որ արդեն ծնվեց մեծ մատին մուգ գույնի գնդիկով։ Այդպիսով՝ ապացուցված էր, որ կենդանի արարածները կարող են փոխել իրենց գենետիկական ծրագիրը, որ հարմարվեն ջրային միջավայրին։

Կամերերը բոլորին հայտնի հաջողությամբ աշխարհում ամեն տեղ ապացուցում էր իր տեսության իրավացիությունը։
Մի անգամ գիտնականներն ու համալսարանների ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին «օբյեկտիվորեն» ուսումնասիրելու նրա գիտափորձը։ Ամֆիթատրոնում հավաքվել էր մարդկանց բազմությունը, ուր շատ լրագրողներ կային։ Դոկտոր Կամերերը հույս ուներ, որ այս անգամ կապացուցի բոլորին, որ ինքը խաբեբա չէ։

Գիտափորձի նախօրյակին լաբորատորիայում հրդեհ բռնկվեց, և բոլոր դոդոշները, բացի մեկից, զոհվեցին։ Դրա համար էլ Կամերերն ստիպված էր հանրությանը ներկայացնել մուգ գնդիկ ունեցող մեն միակ դոդոշը։ Գիտնականները զններցին երկկենցաղին խոշորացույցով և ծիծաղից թուլացան։ Հստակ երևում էր, որ դոդոշի մեծ մատի վրայի սև գնդիկը արհեստական էր՝ մաշկի տակ չինական թանաք սրսկելով արված։

Խարդախությունը բացահայտված էր։ Դահլիճը հռհռում էր։

Մի րոպեում Կամերերը կորցրեց և՛ վստահությունը, և՛ հույսը, որ իր գործերը կընդունվեն։ Նա լքեց լսարանը համընդհանուր սուլոցների տակ։ Բոլորից մերժված՝ նա գիտական աշխարհից աքսորյալ էր։ Դարվինիստները հաղթեցին։ Հուսահատության մեջ նա գնաց անտառ ու կրակեց իր բերանին՝ թողնելով մի կարճ նամակ, ուր մի անգամ ևս հաստատում էր իր գյուտի իրական լինելը և հայտարարում «բնության գրկում, ոչ թե մարդկանց մեջ մեռնելու» ցանկության մասին։ Ինքնասպանությունն ամբողջացրեց նրա վարկաբեկումը։

Այդ ընթացքում Արթուր Կեստլերը «Դոդոշի գրկախառնումը» գրքի համար նյութեր փնտրտելիս հանդիպում է Կամերերի նախկին օգնականին։ Եվ սա խոստովանում է գրողին, որ հենց ինքն է եղել աղետի մեղավորը։ Մի խումբ դարվինիստ-գիտնականների կողմից հրահրվելով՝ օգնականը հրդեհել է լաբորատորիան և վերջին մուտանտ դոդոշին փոխարինել ուրիշով՝ սովորականով, որի մեծ մատի մեջ չինական թանաք է սրսկել։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: