RSS

Ապակու վրայի նախշերը

07 Հլս

Կոնստանտին Շերեմետև
Узоры на стекле

Երբ դրսում սառնամանիք է, իսկ ներսը լավ տաքացվում է, պատուհաններին սիրուն նախշեր են ձևավորվում։ Խոնավության ավելցուկը բյուրեղանում է և անկրկնելի նկարներ գծագրում։ Թվում է՝ ապակու վրա եղևնու փարթամ ճյուղեր են բացվել ու արտացոլվում են սառը փալյով։

Շատ սիրուն է։ Բայց այդ նախշերի տակից չի երևում՝ ինչ կա դրսում։

«Պարզ գիտակցություն» թողարկումից հետո մի այսպիսի նամակ ստացա.

«Կարդացի 163-րդ թողարկումը։ Շնորհակալ եմ, ինձ շատ դուր եկավ։ Բայց դուք գրում եք՝ «Ձեր գիտակցությունը պարզ դարձրեք ձեր ձեռքում։ Նախ՝ մաքրեք ձեր գիտակցությունից կյանքի մասին բոլոր այն պատկերացումները, թե ինչպիսին պիտի նա լինի»։ Այո, ես դա առաջ էլ հասկանում էի։ Բայց ինչպե՞ս մաքրել։ Այս հարցն է, որ քեզ բռնացնում է, և սկսում ես մտածել ու տանջվել այդ խնդրի շուրջ ու ավելի շատ ես խճճվում… Կարո՞ղ եք օգնել այդ «ինչպե՞ս»-ը գտնելում»։
Որպեսզի կյանքը տեսնեք այնպես, ինչպես կա, պիտի նախ և առաջ ուշադրություն դարձնեք այն բառերին, որ արտասանում եք։

Խոսքի ուժը

Մետաղը ճանաչվում է ըստ իր զնգոցի, իսկ մարդը՝ ըստ իր խոսքերի։
ԳրասիանիՄորալես

Ձեր շուրջը միաժամանակ անհամար իրադարձություններ են կատարվում։ Հենց դրա համար է ձեր ողջ մարմինը պատված նյարդային թելերով։ Բացի այդ, զգայությունների կատարյալ օրգաններ ունեք։ Ամեն ինչ բնությունից այնպես է արված, որ լողաք զգացումների հորձանուտում, վայելեք կյանքը և խուսափեք վտանգներից, եթե դրանք ծագեն։ Այս ողջ զգացումը անհնար է բառերով արտահայտել։

Բառերը սոսկալիորեն սեղմում են ձեր զգացմունքներն այնքան, որ դարձնում են հնչյունների մի փոքր խումբ։ Այդ սեղմելու նպատակը հաղորդակցումն ապահովելն է։ Մենակ՝ մարդիկ կարողանան գոնե ինչ-որ կերպ հաղորդակցվել։

Հենց էստեղ էլ թակարդն է, ուր հեշտ է ընկնել։ Եթե բառերը ճիշտ չօգտագործենք, զգացմունքներով ու զգայություններով կյանքի փոխարեն կընկնեք մտային կառույցների մեջ, կխճճվեք դրանցում։ Անջատվում եք կյանքի հյութեղությունից ու գեղեցկությունից և ձեզ թաղում բառերի չոր ավազի մեջ։

Օրինակ՝  ձեր կյանքի մի որոշակի պահին իմանում եք, որ գոյություն ունեն աստղացույցներ։ Ձեզ հրաշալի մեթոդի մասին են տեղեկացնում. ծննդյան թիվն իմացիր, նայիր աղյուսակը, այնտեղ բառ կգտնես։ Այդ բառով մարդու մասին ամեն ինչ կիմանաս։

Դուք ուրախանում եք, որ ամեն ինչ այդքան հեշտ է։ Ձեզ մի մարդ է հանդիպում։ Տեղնուտեղը պարզում եք, որ, իբր, «խոյ» է։ Ու՝ վերջ։ Մի տիեզերքի չափ կենդանի մարդը կորավ։ Փոխարենը մի բառ հայտնվեց։ Այլևս չեք շփվում նրա հետ, որովհետև՝ դե, խոյից ի՞նչ լավ բան կարող ես սպասել։

Այսպես, ձեր գիտակցության ապակու վրա հայտնվում է առաջին նախշը, որ ծածկում է կյանքը։ Հետո՝ շատ ուրիշները։ Ու հիմա մարդկանց մեծ մասը ապրում է ինչ-որ երևակայական աշխարհում՝ իրական աշխարհի նկատմամբ  միանգամայն հեռացված  վերաբերմունքով։ Որպես օրինակ կարելի է բերել «Սպորտսմենը պաշտպանում է հայրենիքի պատիվը» արտահայտությունը։ Եթե իրականությանը նայենք, մի քանի ուժեղ տղամարդ իրար հետ մրցում են։ Շատ լավ է, երեխաները պատահական չէ, որ էդպես են անում։ Շարժումը կյանք է։ Բայց էստեղ «հայրենիքի պատիվը» ի՞նչ կապ ունի։ Երկրի պատիվը որոշվում է նրանով, թե որքանով են այդտեղ մարդիկ երջանիկ, ոչ թե նրանով, որ իր վազորդը կարողացել է հետևը ցույց տալ մյուս վազորդներին։

Բառային նախշերը մեզ փշալարերի պես շրջապատում են։ Դրանցից դուրս պրծնելն այնքան էլ հեշտ չէ։

Գրաքննադատ ու խմբագիր Նորա Գալը «Կենդանի ու մեռած խոսք» գրքում պետական խոսքաշինության մի շարք օրինակներ է բերում, որոնցում առկա կյանքը փոխարինվում է բառերի խաղով. երիտասարդ հայրը խստորեն նախատում է չորսամյա դստերը , որ նա առանց հարցնելու դուրս է եկել, և քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ։

-Խնդրում եմ,- ասում է նա փոքրիկին միանգամայն լուրջ,- կարող ես զբոսնել, բայց ինձ կամ մայրիկին տեղյակ պահիր։
«…ակտիվ մասնակցություն են ունենում աշխատանքի արտադրողականության բարձրացման համար պայքարում…»
«…մեծ մատի ու ցուցամատի մեջ սեղմված մազը կախվել էր՝ առանց փոքր ինչ հնարավորության նրա տատանումներն զգալու»։
Սարսափելին այն չէ, որ այսպես գրվում է։ Սարսափելին այն է, որ այսպես մտածվում է։ Դուք ծածկվում եք կյանքից մեռած արտահայտություններով։ Բայց ապրում եք իրականության մեջ։ Դրա համար էլ իրականությունն անընդհատ խփում է ձեր ճակատին։

Ինչպե՞ս մաքրենք ապակին

Եթե ուզում եք հասկանալ, թե
որքանով է կարևոր որևէ մեկի տեղեկությունը,
մտածեք՝ որքանով է դա պարզ։
Բոլոր մտքերը, որ հսկայական հետևանք են ունենում,
միշտ պարզ են լինում։
Լև Նիկոլաևիչ Տոլստոյ

Ամենից շատ գիտակցությունը մշուշում են մշակված, աբստրակտ ու պաթոսային բառերը՝ «ճգնաժամ, ապոկալիպսիս, դեգրադացիա…»
Կյանքի մասին սխալ պատկերացումները ջնջելու համար հարկավոր է ձեզ շրջապատող բաները նկարագրել ոչ թե աբստրակտ հասկացությունների միջոցով, այլ պարզ բառերի՝ «ասաց, արեց, վազեց, զանգեց»։

Օրինակ՝ «Նա ինձ վիրավորեց» արտահայտության փոխարեն ասեք «ինչ-որ բառեր ասաց»։ Այս դեպքում կյանքն ավելի պարզ ու հաճելի է դառնում։
Ընդհանրապես կյանքի ամեն մի իրադրությունում որքան քիչ անհասկանալի ու պաթոսային բառեր օգտագործեք, այնքան հեշտ կհասնեք խնդրի էությանը։ Ենթադրենք՝ ուզում էիք աշխատանքի ընդունվել, բայց ձեզ չեն ընդունել։ Եթե սկսեք իրադրությունը նկարագրել «Աղետ է։ Ես հիմա ինչպե՞ս եմ ապրելու։ Ես անօգտակար, անպետք մարդ եմ։ Ինձ էլ ոչ ոք չի ընդունի աշխատանքի, ու ես սովից կմեռնեմ» արտահայտություններով, ընդամենը ձեր տրամադրությունը կփչացնեք ու բաց կթողնեք կյանքի հրաշալիքը։ Իսկ եթե նկարագրեք «Եկա, խոսեցի աշխատանքի համար։ Ես իրենց հարմար չեմ, ուրիշ մասնագետ են ուզում։ Հիմա ուրիշ հայտարարություններ կնայեմ» արհահայտություններով, իրավիճակը կդառնա պարզ ու թափանցիկ։

Պաթոսային բառերը պատուհանի վրայի նախշերն են։ Դրանք կարող են շատ սիրուն լինել, բայց ծածկում են կյանքը։

Բառը չի կարող կենսազգացողությունը հաղորդել։
Բառն ընդամենը ցուցիչ է։
Մի՛ խորացեք բառերի մեջ, խորացեք ձեր զգայությունների ու զգացմունքների մեջ։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: