RSS

Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

18 Օգս

Գեորգի Գյուրջիև
Կառնակ նավի վայրէջքը հետաձգելու պատճառը

Մի քիչ սպասելով՝ նավապետը մտավ, կատարեց Բեհզեբուղի առաջ նրա կարգավիճակին համապատասխան բոլոր արարողությունները, և ասաց.

-Ձերդ Գերազանցություն, թույլ տվեք հարցնելու ձեր անվիճելի կարծիքը մեր ճանապարհին հադիպելիք մի անխուսափելիության վերաբերյալ, որը պիտի խանգարի մեր վայրէջքին կարճ ճանապարհով։ Բանն այն է, որ հետևելով նախանշված ճանապարհին, մեր նավը երկու կիլպրենոյից (կիլպրենո բառը Բեհզեբուղի բառապաշարում նշանակում է ժամանակի որոշակի միավոր, որը մոտավորապես համապատասխանում է այն տևողությանը, որ մենք կոչում ենք ժամ) անցնելու է «Վուանիկ» արեգակնային համակարգությունով։

Հենց այդ նույն տեղով, որով պիտի անցնի մեր նավը, մոտավորապես մեկ կիլպրենո տարածության վրա պիտի անցնի այդ համակարգությանը պատկանող մի մեծ գիսաստղ՝ «Սակուր» անունով։

Եվ ահա, եթե մենք պահպանենք այդ ենթադրյալ ուղղությունը, անխուսափելիորեն պիտի հատենք այն տարածությունը, որով անցնելու է այդ գիսաստղը։

Բացի դրանից, ձեզ, Ձերդ Գերազանցություն, հայտնի է, որ այդ խելագար գիսաստղը իր ճանապարհին շատ ցիլնոտրագո է շաղ տալիս («ցիլնոտրագո» բառը հատուկ գազի անվանումն է, նման նրան, որը մենք անվանում ենք կապտաթթու), որը եթե ընկնի արարածի մոլորակային մարմնի վրա, կխանգարի նրա գրեթե բոլոր ֆունկցիաներն այնքան ժամանակով, քանի դեռ այդ ցիլնոտրագոն չի ցնդել նրանից ամբողջությամբ։

-Ես սկզբում կարծեցի,- շարունակեց նավապետը,- կխուսափենք ցիլնոտրագոյից՝ մեր նավով շրջանցելով այդ տարածքները, բայց դրա համար անհրաժեշտ է շատ մեծ օղակ անել, ինչը մի քիչ կերգարաձգի մեր ճանապարհորդության ժամանակը, իսկ մի տեղ սպասելը, մինչև ցիլնոտրագոն անցնի, ավելի շատ ժամանակ կպահանջի։

Սպասվելիք ընտրության կտրուկ հակադրության հետևանքով ես հիմա չեմ կարողանում ինքնուրույն որոշել՝ ինչպես վարվել, դրա համար էլ համարձակվեցի անհանգստացնել ձեզ, Ձերդ Գերազանցություն, որ լսեմ ձեր մասնագիտական խորհուրդը։

Երբ նավապետը վերջացրեց իր խոսքը, Բեհզեբուղը մի քիչ մտածեց ու ասաց հետևյալը.

-Չգիտեմ, թե ինչ խորհուրդ տամ ձեզ, սիրելի՛ նավապետ։ Այո, այն արեգակնային համակարգությունում, ուր ես երկար գոյատևում էի, կա մի մոլորակ, որ կոչվում է Երկիր։ Այդ Երկիր մոլորակի վրա առաջանում էին և մինչև հիմա էլ շարունակում են առաջանալ շատ յուրահատուկ եռակենտրոն արարածներ, իսկ նրանց մեջ այդ մոլորակի մայրցամաքներից մեկի վրա, որ կոչվում է Ասիա, առաջացել և գոյատևել է եռուղեղ մի շատ իմաստուն արարած, ում անունը Մոլլա Նասր Էդդին էր։ Երկրային հենց այդ իմաստուն Մոլլա Նասր Էդդինը,-շարունակեց Բեհզեբուղը,- այնտեղի արարածների ամեն մի առանձնահատուկ, ինչպես փոքր, այնպես էլ մեծ դեպքերի համար ուներ ճշգրիտ ու շատ դիպուկ մեկնաբանություն։

Քանի որ նրա բոլոր մեկնաբանությունները լի էին այնտեղի կյանքի համար ճշմարիտ իմաստով, դրա համար ես էլ, իմ՝ այդ մոլորակի վրա լինելու ժամանակ միշտ առաջնորդվում էի նրա մեկնաբանություններով։ Այս դեպքում էլ, սիրելի՛ նավապետ, ուզում եմ օգտվել նրա իմաստուն մեկնաբանություններից մեկից։ Մեզ բաժին ընկած այսպիսի դեպքում նա երևի կասեր. «Գլխիցդ վերև չես թռչի և չես կարող թիկունքդ տեսնել»։ Հիմա ես նույնը կրկնում եմ ձեզ համար և ավելացնում՝ ի՞նչ արած, հարկավոր է ենթարկվել, եթե կանխատեսվում է մի դեպք, որ ծագում է մերինից անհամեմատ բարձր ուժից։ Հիմա հարցը միայն այն կարող է լինել, թե ձեր նշած երկու ելքերից որն ընտրենք, այսինքն՝ սպասենք մի տեղ, թե լրացուցիչ օղակ անենք։ Դուք ասում եք՝ օղակը շատ կերկարացնի մեր ճանապարհը, բայց սպասումն ավելի շատ ժամանակ կխլի։

Շատ լավ, թանկագին նավապետ։ Եթե մենք օղակ անենք և դեռ դրանով մի քիչ էլ ժամանակ շահենք, ապա, ի՞նչ եք կարծում, մեր նավի աշխատանքն ու մեքենայի մասերի մաշվելը չարժե՞ն, որ մի քիչ շուտ հասնենք մեր ճանապարհի նպատակակետին։

Եթե այդպիսի օղակը թեկուզ մի փոքր վնաս կտա մեր նավին, հարկավոր է, կարծում եմ, ընտրել ձեր երկրորդ առաջարկը, այսինքն՝ կանգ առնել մի տեղ, մինչև ճանապարհը մաքրվի այդ չարանենգ ցիլնոտրագոնից, ինչով, համենայն դեպս, կօգնենք մեր նավին՝ անտեղի վնասվածք չստանալու։

Իսկ մենք կաշխատենք այդ չնախատեսված հետաձգման ժամանակը լցնել բոլորի համար օգտակար մի բանով։
Ես՝ անձամբ, օրինակ, մեծ հաճույքով կզրուցեի Ձեզ հետ ընդհանրապես ժամանակացից օդանավերի և մասնավորապես մեր օդանավի մասին։

Բանն այն է,որ այս կողմերից իմ բացակայության ընթացքում այդ ասպարեզում շատ նոր և ինձ համար միանգամայն անծանոթ բաներ են արվել։ Օրինակի համար ասեմ, որ իմ ժամանակներում այսքան մեծ միջտարածային նավերն այնքան հսկայական ու բարդ էին, որ դրանց ուժի գրեթե կեսը ծախսվում էր նրա վրա, որ շարժման համար էներգիա արտադրելու բոլոր անհրաժեշտ պարագաները կրեն։

Իսկ ժամանակակից նավերն իրենց պարզությամբ ու ազատ տարածությամբ իրենցից ներկայացնում են մի իսկական «բարեկառույց» ։

Դրանց վրա արարածների համար այնքան շատ է պարզությունն ու բոլոր էական արտահայտություններում ազատությունը, որ երբեմն մոռանում ես, որ գտնվում ես ինչ-որ մոլորակի վրա։

Ուրեմն, թանկագին նավապետ, շատ կուզեի իմանալ, թե ինչպես են այստեղ հասել այդ բարեկեցությանը, և ինչպես են գործում ժամանակակից օդանավերը։

Իսկ հիմա դեռ գնացեք, կարգադրեք բոլոր անհրաժեշտ անելիքները համապատասխան կանգառի համար և հետո, երբ լրիվ կազատվեք, եկեք նորից ինձ մոտ, և մենք մեր անխուսափելի դադարի ժամանակը կանցկացնենք երկուսիս համար օգտակար զրույցով։

Երբ նավապետը գնաց, Խասսինը հանկարծ դուրս ցատկեց, սկսեց թռչկոտել, ծափահարել ու բացականչել.

-Ինչ լավ եղավ, ինչ լավ եղավ։

Բեհզեբուղը քնքշանքով նայեց իր սիրասունի ուրախության այս արտահայտությանը, իսկ ծեր Ախունը չդիմացավ ու նշանակալից թափահարելով գլուխը՝ համարյա ինքն իրեն տղային «մեծացող եսասեր» անվանեց։

Խասսինը լսեց, թե ինչ անուն տվեց իրեն Ախունը, դրա համար կանգնեց նրա դիմաց ու չարաճճի նայելով նրան՝ ասաց.

-Մի՛ զայրացիր ինձ վրա, բարի՛ Ախուն։ Իմ ուրախության պատճառը ոչ թե եսասիրությունն է, այլ միայն երջանիկ պատահականությունն ինձ համար։ Դու լսեցի՞ր։ Իմ թանկագին պապիկը ոչ միայն որոշել է պարզապես կանգառ անել, այլև խոստացավ նավապետին զրուցել։ Դու գիտես, չէ՞, որ սիրելի պապիկի զրույցները միշտ դառնում են պատմություններ այն տեղերի մասին, որտեղ նա եղել է։ Դու նաև գիտես, թե նա ի՛նչ լավ է պատմում, իսկ այդ պատմություններից մեր ունեցածում բյուրեղանում են այնքան շատ տվյալներ երևակայությունը բորբոքելու համար։

Ի՞նչ եսասիրության մասին է խոսքը։ Չէ՞ որ նա ինքն իր բարի կամքով, կշռելով իր իմաստուն մտքով չնախատեսված դեպքի բոլոր հանգամանքները, որոշեց կանգառ անել, որը, երևում է, այնքան էլ չի խաթարի նախատեսված ծրագիրը։

Կարծում եմ՝ իմ թանկագին պապիկն շտապելու առիթ չունի։ Մանավանդ նրա հանգստին ու հարմարավետությանն անհրաժեշտ ամեն ինչ կա Կառնակի վրա։ Եվ այստեղ այնքան շատ են իր սիրելիներն ու իրեն սիրողները։ Հիշո՞ւմ ես՝ ասաց. «…պետք չէ հակառակվել մեր ուժերից վեր ուժին», և ավելացրեց, որ ոչ միայն պետք չէ հակառակվել, այլև հարկավոր է ենթարկվել և նրա ամեն մի արդյունքի համար երախտագիտությամբ, միաժամանակ օրհնելով և մեծարելով մեր արարչի հրաշալի կանխամտածված գործերը։

Ես ուրախանում եմ ոչ թե մեր անհաջողության համար, այլ նրա, որ չնախատեսված, վերուստ սահմանված առիթ է ստեղծվել, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու մի անգամ էլ լսելու սիրելի պապիկիս պատմությունները։

Ես ի՞նչ մեղք ունեմ, որ այս հանգամանքները ինձ համար պատահաբար լինում են ցանկալի և ուրախալի։ Ո՛չ, թանկագին Ախուն, ինձ ոչ միայն պետք չէ դատապարտել, այլև հարկավոր է ինձ հետ միասին երախտագիտություն առաքել առ ամենայն լավագույն արդյունքների հայտնության աղբյուրը։

Բեհզեբուղն ամբողջ ընթացքում ուշադիր ու ժպիտն երեսին լսում էր իր սիրելի թոռնիկի բլբլոցը, և երբ սա վերջացրեց, ասաց.

_Դու ճիշտ ես, սիրելի Խասսին, և դրա համար ես նույիսկ մինչև նավապետի գալը կպատմեմ ինչ դու ցանկանաս։

Սա լսելով՝ տղան միանգամից մոտ վազեց, նստեց Բեհզեբուղի ոտքերի մոտ ու մի քիչ մտածելով՝ հարցրեց.

_Իմ սիրելի պապիկ, դու արդեն այնքան ես ինձ պատմել այն համակարգության մասին, որտեղ դու երկար տարիներ ապրել ես, որ ես հիմա, ամենայն հավանականությամբ, նույնիսկ կարող եմ տրամաբանությամբ շարունակել նկարագրել մեր տիեզերքի այդ յուրօրինակ անկյան բնության մանրամասները։

Հիմա արդեն ինձ հետաքրքրում է՝ ապրո՞ւմ են արդյոք այդ համակարգության մոլորակներում եռուղեղ արարածներ, և այնտեղ ընդգրկվա՞ծ են արդյոք բարձրագույն էակների մարմիններ։ Ահա, սրա մասին, սիրելի պապիկ, խնդրում եմ պատմիր ինձ հիմա,_ սիրով նայելով Բեհզեբուղին՝ ավարտեց Խասսինը։

_Այո, _ պատասխանեց Բեհզեբուղը,_այդ համակարգության գրեթե բոլոր մոլորակների վրա գոյանում և ապրում են եռակենտրոն արարածներ, և գրեթե բոլորում էլ կարող են ընդգրկվել բարձրագույն էակների մարմիններ։

Բարձրագույն էակների մարմինները կամ, ինչպես դրանց ավանում են արեգակնային համակարգության որոշ մոլորակների վրա, հոգիները չեն ամփոփվում եռուղեղ արարածներում, որ միայն այն մոլորակներում են գոյատևում, որոնց նախնական ձեռքբերումները մեր Ամենապայծառ Բացարձակ արևի արտացոլանքն է, որը բազմակի բեկումների հետևանքով աստիճանաբար կորցնում է ուժերը և, ի վերջո, ընդհանրապես դադարում է կրել կենսաստեղծ ուժը՝ պարունակելու համար բարձրագույն էակների մարմիններ։

Իհարկե, տղաս, նաև այդ արեգակնային համակարգության ամեն մի մոլորակի վրա առանձին մոլորակային եռուղեղ արարածների մարմինները գոյանում են և ընդունում են այն արտաքինը, որը համապատասխանում է տվյալ մոլորակի բնույթին և մանրամասներով հարմարվում են իրենց շրջակա բնությանը։ Օրինակ՝ այն մոլորակի, այսինքն՝ Մարսի վրա, որտեղ մենք՝ բոլոր աքսորվածներս ցուցում ունեինք գոյատևելու, եռակենտրոն արարածները ձևավորվում են մոլորակային մարմինների մեջ, որոնք ունեին, ինչպես ասեմ, կարունի ձև ունեին, այսինքն՝ ունեին երկար ու լայն մարմին՝ ճարպի հսկայական պաշարով և մի գլուխ՝ հսկայական դուրս պրծած շողարձակող աչքերով, իրենց այդ հսկայական մոլորակային մարմինների մեջքներին ունեին երկուական մեծ թևեր, իսկ ներքևից երկու համեմատաբար փոքր ոտքեր՝ շատ ուժեղ ճանկերով։ Մոլորակային այդ հսկա մարմնի համարյա ամբողջ ուժը բնությունից հարմարեցված է իրենց աչքերի և իրենց թևերի համար էներգիայի արտադրությանը։

Վերն ասվածի շնորհիվ այդ մոլորակի վրայի եռուղեղ արարածները կարող են ազատ տեսնել ամեն տեղ, որքան էլ որ կլդացախտի լինի («կլդացախտի» նշանակում է մթություն), ինչպես նաև շարժվել ոչ միայն մոլորակի վրա, այլև դրա մթնոլորտում, իսկ ոմանք նույնիսկ հաջողեցնում են հասնել մինչև իրենց մթնոլորտի սահմաններից դուրս։ Մարսից մի քիչ ներքև մի ուրիշ մոլորակի վրա ապրող եռուղեղ արարածները մեծ սառնամանիքների հետևանքով ծածկվում են խիտ, փափուկ բրդով։ Այդ եռակենտրոն արարածների արտաքին տեսքը նման է տուսուկուի, այսինքն՝ իրենից ներկայացնում է կրկնակի գնդի պես մի բան, որոնցից մեկը՝ վերևինը, ծառայում է որպես մոլորակային մարմնի բոլոր կարևոր օրգանների պահոց, իսկ մյուսը՝ տակինը, էության առաջին- երկրորդ սնունդի տրանսֆորմացիայի օրգանների պահոց։ Վերին գնդի վրա կան երեք դեպի դուրս նայող անցքեր, որոնցից երկուսը ծառայում են որպես տեսողական, իսկ երրորդը՝ լսողական օրգան։

Իսկ մյուսը՝ տակինը վերոհիշյալ անցքերից միայն երկուսն ունի. մեկը՝ դիմացինը, արարածային առաջին և երկրորդ սնունդ ընդունելու համար է, իսկ երկրորդը՝ հետևինը, օրջանիզմի համար արդեն ոչ պիտանի մնացուկները դուրս հանելու համար։ Ներքևի գնդին ամրացված են նաև երկու խիստ մկանուտ ոտքեր, և նրանցից ամեն մեկի վրա կա մեկական ելուստ, որոնք նրանց համար այն են, ինչ մեզ համար մատները։ Այդ արեգակնային համակարգությունում , սիրելի տղաս, ավելի հեռու մի շատ փոքր մոլորակ էլ կա՝ անունը Լուսին։

Այդ յուրահատուկ փոքրիկ մոլորակն իր շարժման ընթացքում հաճախ շատ էր մոտենում մեր Մարս մոլորակին, և ես երբեմն ամբողջ կիլպրենոներով մեծ հաճույքով իմ տեսկուանոյով («տեսկուանո» նշանակում է հեռադիտակ) աստղադիտարանից դիտում էի այդ փոքրիկ մոլորակի վրայի եռուղեղ արարածների գոյության ընթացքը։ Այդ մոլորակի արարածները, թեև ունեն շատ փխրուն, դյուրաբեկ մոլորակային մարմին, բայց փոխարենը տիրապետում են հզոր ոգու, որի շնորհիվ ունեն բացառիկ համառություն և աշխատունակություն։

Արտաքին տեսքը հիշեցնում է, այսպես ասած, մեծ մրջյունների, որոնց նման նրանք անընդհատ փորփրում ու աշխատում են իրենց մոլորակի վրա և մեջ։ Նրանց մշտական գործունեության արդյունքը ներկայումս արդեն երևում են գործնականում։ Ի դեպ, ես մի անգամ արձանագրել եմ, որ մեր երկու տարվա ժամանակաընթացքում նրանք մի տեսակ շաղափել են իրենց ամբողջ մոլորակը։ Այդ աշխատանքը նրանք ստիպված էին անելու տեղի կլիմայական աննորմալ պայմանների պատճառով, որովհետև այդ մոլորակն անակնկալ է առաջացել, և բարձրագույն ուժերը դրա վրա կլիմայական հավասարակշռություն չէին նախատեսել։ Այդ մոլորակի կլիման, իրոք, ինչպես ասում են, գիժ է, և իր փոփոխականությամբ կգերազանցի շատ եռանդուն հիստերիկ կանանց, որ ապրում են այդ նույն արեգակնային համակարգության մոլորակներից մեկում, որի մասին նույնպես կպատմեմ քեզ։

Այդ Լուսնի վրա երբեմն այնպիսի սառնամանիք է լինում, որ ամեն ինչ մինչև վերջ սառում է, և արարածները նրա բաց մթնոլորտում շնչելու հնարավորություն բացարձակապես չեն ունենում։ Իսկ դրանից հետո, հանկարծ, այնպիսի շոգ է տիրում, որ մթնոլորտում մի րոպեում ձուն եփվում է։ Միայն երկու կարճ ժամանակահատվածում՝ իր հարևանի՝ մի ուրիշ շատ մոտ մոլորակի շուրջը լրիվ պտույտ անելուց առաջ և հետո, այդ փոքրիկ, յուրօրինակ մոլորակի վրա հաստատվում է այնպիսի բարենպաստ կլիմա, որ իր առանցքի շուրջ մի քանի պտույտի ընթացքում նա ամբողջությամբ ծաղկում է և տարբեր մթերք է տալիս արարածային առաջին սննդի համար այն քանակությամբ, որ մի քանի անգամ գերազանցում է նրանց ընդհանուր պահանջմունքը՝ իրենց իսկ հարմարեցրած յուրահատուկ, ամեն տեսակ տարօրինակություն պարունակող, մթնոլորտն ու կլիման աններդաշնակորեն փոփոխող գժություններից պաշտպանված ներմոլորակային թագավորությունում ապրելու համար ։

Այդ մոլորակին ամենամոտը մի ուրիշ մեծ մոլորակ է, որը նույնպես երբեմն շատ է մոտենում Մարսին և կոչվում է Երկիր։

Վերոհիշյալ Լուսինը հենց այդ Երկրի մի մասն է, որն էլ ներկայումս պիտի մշտապես սատարի նրա գոյությունը։ Հենց նոր ասածս «Երկիր» կոչվող մոլորակի վրա նույնպես ձևավորվում են եռուղեղ արարածներ, և նրանց մեջ էլ բոլոր նախադրյալները կան, որ իրենց մեջ պարունակեն բարձրագույն էակների մարմիններ։ Բայց ոգու հզորության իմաստով նրանք բոլորովին նման չեն մի քիչ առաջ նշածս փոքր մոլորակի արարածներին։

Այդ Երկիր մոլորակի արարածների արտաքին տեսքը շատ նման է մերին, միայն նախ՝ նրանց կաշին մի քիչ ավելի լորձոտ է, քան մերը, հետո՝ նրանք պոչ չունեն և գլխներին էլ պոզ չունեն։ Բայց ամենավատը նրանց ոտքերն են, որովհետև սմբակ չունեն։ Ճիշտ է, արտաքին ազդեցությունից պաշտպանելու համար իրենց ասած «կոշիկն» են հնարել, բայց այդ հնարանքը շատ քիչ է նրանց օգնում։

Բացի նրանից, որ արտաքինը կատարյալ չէ, սրանց բանականությունն էլ է «առանձնահատուկ-տարօրինակ»։ Սրանց «Արարածային մտածողությունը», շատ տարբեր պատճառներով, որոնց մասին ես գուցե քեզ մի օր մի քիչ կպատմեմ, աստիճանաբար վերածվել է և հիմա դարձել է շատ ու շատ առանձնահատուկ և վերին աստիճանի տարօրինակ։

Բեհզեբուղն էլի ինչ-որ բան էր ուզում ասել, բայց այդ պահին եկավ նավի նավապետը, և Բեհզեբուղն սկսեց նրա հետ խոսել, իսկ տղային խոստացավ Երկիր մոլորակի մարդկանց մասին պատմել ուրիշ անգամ։ Դիմելով նավապետին՝ Բեհզեբուղը խնդրեց նրան նախ ներկայանալ՝ ով է ինքը, վաղուց է արդյոք զբաղվում նավապետությամբ, որքանով է սիրում իր աշխատանքը, իսկ հետո իրեն ժամանակակից տիեզերանավերի մանրամասները բացահայտող մի քանի տեղեկություն հաղորդել։

Ի պատասխան նավապետն ասաց.

_Ես, ձերդ Գերազանցություն, հենց սկսեցի հասնել պատասխանատու արարածի տարիքին, հորս կողմից նախանշանակվեցի այսպիսի մի ծառայության մեր Անսահման Արարիչի մոտ։ Սկսելով միջտարածական նավերի վրա ամենացածր պաշտոններից՝ վերջիվերջո վաստակեցի նավապետի պարտականություններն ստանձնելու իրավունքը։ Եվ ահա ութ տարի է, ինչ հեռագնա օդանավերի նավապետ եմ։ Իմ վերջին պաշտոնը, այսինքն՝ Կառնակ նավի նավապետի պաշտոնը, ճիշտն ասած, ես զբաղեցրել եմ հորս փոխարեն, նավապետի պարտականությունները գրեթե Աշխարհի արարումից սկսած կատարելու՝ Նորին Անսահմանության մոտ նրա երկարամյա, անթերի ծառայությունից հետո Կալման արեգակնային համակարգության կառավարչի պաշտոնն ստանձնելու շնորհն ստանալուց հետո։ Կարճ ասած,_ շարունակեց նավապետը,_ես իմ ծառայությունն սկսել եմ հենց այն ժամանակ, երբ դուք, Ձերդ Գերազանցություն, ճանապարհվել եք ձեր աքսորավայրը։ Ես այն ժամանակ ընդամենը մաքրող էի այն ժամանակվա հեռագնա նավերի վրա։ Այո, շատ, շատ ժամանակ է անցել։ Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, և շատ բան են փոխել։ Անփոփոխ է մնացել միայն մեր տեր Տիրակալը։ Թող օրհնյալ լինի «Ամենցանոն» Նորին Անփոփոխության գլխավերևում դարեդար։ Դուք, Ձերդ Գերազանցություն, իրավացիորեն բարեհաճեցիք նկատել, որ առաջվա նավերը շատ անհարմար էին ու ահռելի։

Այո, դրանք իրոք շատ բարդ ու հսկայական էին։ Ես էլ եմ դրանք շատ լավ հիշում։ Ահռելի տարբերություն կա այն ժամանակվանի ու հիմիկվանի մեջ։ Մեր երիտասարդության տարիներին ինչպես միջհամակարգային, այնպես էլ միջմոլորակային հաղորդակցության բոլոր այսպիսի նավերը «Էլեկիլպոմագտիստցեն» տիեզերական նյութի միջոցով էին գործի գցվում, այսինքն՝ «Ամենահաս-Օկիդանոխ» երկու առանձին մասերից բաղկացած համադրությամբ։ Այդ նյութերի համադրությունն ստանալու համար էլ պահանջվում էին այն բազմաթիվ պիտույքները, որ պիտի ունենային նախկին նավերը։ Ձեր՝ այս տեղերից հեռանալուց հետո այդպիսի նավերը երկար չեն գոյատևել և շատ շուտով փոխարինվել են սուրբ Թույնի համակարգի նավերով։

(շարունակելի)

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , , ,

2 responses to “Բեհզեբուղի պատմություններն իր թոռանը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: