RSS

Կրկնակի փոցխում

21 Սպտ

Կոնստանտին Շերեմետև
Կրկնակի փոցխում

Եթե սայթաքեք ու ընկնեք, ի՞նչ կանեք։ Եկեք՝ գուշակեմ։ Ոտքի կկանգնեք ու թափով նորից կընկնեք գետնին։ Հետո՝ նորից ու ավելի ցավոտ։ Չգուշակեցի՞։ Տարօրինակ է։
Իսկ եթե պատահաբար մուրճով հարվածեք  ձեր մատի՞ն։ Հետո մյուս մատը չե՞ք դնի ու մուրճով  շրը՛խկ։ Էլի՞ չգուշակեցի։
Դե, իսկ եթե պատահաբար ոտքը դնեք  փոցխի վրա, հաստատ փոցխը կդնեք ձեր դիմաց ու կցատկեք դրա վրա։ Երբեք այդպես չե՞ք արել։ Մի՞թե։
Իրականում հաճախ եք այդ անում, բայց՝ մտքով։ Մի սխալ անելով՝ սկսում եք ձեզ պատժել դրա համար։ Այսինքն՝ մեկ է, ձեզ հարվածում եք, բայց ոչ թե մատին, այլ հոգուն։

Հոգեկան պատիժ

Մարդը միակ կենդանին է, որ հատուցում է միևնույն
սխալի համար հազար անգամ։
Տոլտեկական իմաստություն

Սխալի համար ինքն իրեն պատժելն այնքան խոր արմատներ ունի, որ ընկալվում է որպես ինքնին ակնհայտ բան։  Թեպետ դա պարզապես հիմարություն է։ Կարծում եմ, որ եթե ֆիզիկապես ընկնեք, ամենայն հավանականությամբ ոտքի կկանգնեք, շորերը թափ կտաք ու կշարունակեք ճանապարհը։ Բայց եթե սխալվել եք, այստեղ միանում է ինքնախարազանման հզոր մեխանիզմը. «Ինչպե՞ս կարող էի…Ինչո՞ւ չէի նախատեսել…  Իսկական անհաջողակի մեկն եմ…»։ Եվ այսպես՝ անվերջ։

Այսքան տարօրինակ վարքի պատճառը հզոր գաղափարախոսական մշակումն է։ Որպեսզի ձեզ կառավարեն, նախ ներարկում են ցնդաբանական գաղափարը իդեալական վարքի մասին մի մարդու, ով երբեք չի սխալվում։ Եթե սխալվում է, ուրեմն մեղավոր է։ Իսկ եթե մեղավոր է, պիտի զղջա ու գլխին մոխիր լցնի։

Կրոնական գործիչները ներարկում են զղջման գաղափարը, իսկ քաղաքականները՝ ինքնաքննադատության։ Էությունը նույնն է՝ քեզ մեղսունակ ու մեղավոր արարած համարիր։ Իսկ ինչ-որ մեկը որոշում կկայացնի՝ ներե՞լ քեզ, թե՝ ոչ։

Չինացիներն ընդհանրապես միացրել են զղջումն ու ինքնաքննադատությունը։ Մշակութային հեղափոխության ժամանակներում բոլոր կոմունիստները պիտի գրավոր «խոստովանեին կուսակցության առաջ իրենց մեղքերն ու սխալները»։

Հիմա՝ պատկերացրեք մի այսպիսի իրադրություն. նայում եք առաստաղին ու տեսնում, որ կաթում է։ Միանգամից գլխի եք ընկնում, որ վերևի հարևանի գործն է, և աստիճաններով վազում եք նրա մոտ։ Դուռը բախում եք։ Նա բացում է դուռը։ Դուք տեսնում եք, որ լոգարանում ջուրն աղմկում է, իսկ հարևանը թերթ է վառում։ Ասում եք.
— Ձեր տնից ջուր է լցվում իմ բնակարանը, ծորակը փակեք։
Իսկ նա մռայլ պատասխանում է.
-Գիտեմ։ Խոստովանում եմ։ Հիմա գլխիս մոխիր կլցնեմ։ Եվ ընդհանրապես, ես պարբերաբար զբաղվում եմ առողջ ինքնաքննադատությամբ։

Բանական մարդը նման իրադրությունում արագ կփակի ծորակը, հետո կհատուցի վնասը։ Ինքնամեղադրանքի իմաստը ո՞րն է։ Ո՞ւմ է դա պետք։
Ինքդ քո նկատմամբ ճիշտ վերաբերմունքը սա է. «Մի մեղադրիր քեզ, այլ պատասխանատու եղիր քո արարքների համար»։

Հոգևոր ցավակցում

Գեղեցիկ կյանքն սկսվում է գեղեցիկ մտքերից։

Այս մոտեցումն այնքան արտասովոր է, որ հաճախ սվիններով է ընդունվում։ Դիտարկենք մի վառ օրինակ՝ ծխելը։
Առաջին իսկ առարկությունն այն առթիվ, որ պետք չէ քեզ հայհոյես, մոտավորապես այսպես է ընկալվում. «Հիմա՝ ի՞նչ. ծխողն էլ իրեն չի՞ մեղադրելու դրա համար։ Չէ՞ որ դրանից երբեք չի ազատվի»։
Դրանք իրար հետ կապ չունեն։ Եթե դուք ծխում եք ու ձեզ դրանում մեղադրում եք, մի վնասի փոխարեն միանգամից երկուսն եք հասցնում ձեզ։ Աղճատում եք ձեր և՛ մարմինը, և՛ հոգին։
Ես մի տեղ գրել եմ, որ թմրանյութից ազատվելն այդքան էլ հեշտ բան չէ։ Եթե ծխում եք, ուրեմն դրա համար պատճառ ունեք։ Ծխելուց ազատվելու համար պետք է գտնել այդ պատճառը և վերացնել։ Ոչ մի ինքնախարազանում չի փրկի։
Ընդհակառակը։ Խնայեք ձեզ։ Ցավակցեք, որ այդ փոսն եք ընկել։ Դրանից հետո գրագետ ու խելացիորեն սկսեք ձեզ դուրս քաշել փոսից։
Ավելին՝ մշտական ինքնամեղադրանքները ձեզ հոգևոր անհանգստության են բերում և… ծխելու ցանկության, որ հանգստանաք։ Այդ իրադրությունից գլուխ հանելը մի քիչ ավելի դժվար է դառնում։
Էլ չեմ ասում կենցաղային մանրուքի մասին՝ քնած եմ մնացել, ուշացել եմ, մոռացել եմ ու այլ մանր մեղքեր։
Պետք չէ՝ քեզ անվանես «անշնորհք, շշմած, փնթի ու ապիկար»։ Հարկավոր է շոյել, հանգստացնել քեզ, հետո զանգել, զգուշացնել և շտկել իրադրությունը։

Ձեզ հետ համերաշխ ապրեք։
Դուք լավն եք։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: