RSS

Շնորհակալություն

27 Դկտ

427234_349710448444189_270831949_nՏրանսպորտում տատիկները հենց նրա համար են, որ իրենց կողքին հայտնված բալիկներին կոնֆետ հյուրասիրեն։ Հենց այդպես էլ արեց այդ տատիկը։ Փորեց, երկար փորեց պայուսակը, վերջապես գտավ կոնֆետը ու, քնքուշ ժպիտով համեմելով, ուղղեց իր կողքին հայտնված մոտ երկու տարեկան բալիկին։ Սա, որ անհամբեր սպասում էր, թե վերջապես երբ պայուսակից դուրս կբերվի անկասկած հատուկ իր համար ստեղծված կոնֆետը, լայն ժպիտով ձեռքը մեկնեց ու վերցրեց իր հասանելիքը։ Երջանիկ պահ էր։
Բայց կարճ տևեց։

—         Դե, ասա՛ շնորհակալություն,- շշեց երեխայի մայրը։ — Շո՛ւտ արա, դե ասա՛։ Վա՞յ, բա չե՞մ ասել՝ ինչ պիտի ասես….

Երեխան նախ փորձեց հասկանալ մոր պահանջը, ապա խիստ տոնից կարծեց՝ իրեն նախատում են։ Ժպիտը երեսից կորավ, ցավով նայեց կոնֆետին, ապա անբեկանելի վճռականությամբ հետ մեկնեց տարեց կնոջը։ Շրջապատողների պաթետիկ հավաստիացումները, թե դա չէր իրենից պահանջվածը, խնդիրը չհարթեցին, այլ երեխային լրիվ անպաշտպան դարձրին (ինքն էլի ոչինչ չի հասկանում), ու նա մռութները հավաքեց, ունքերը կիտեց ու լաց եղավ…

Իսկ ես հիշեցի իմ շանը։

Գերմանական մի հովվաշուն ունեինք (իսկական տերը քույրս էր)։ Ամենասկզբից էլ ցեղական այդ շունը դրսևորեց իրեն որպես խելացի արարած։ Ամեն ինչ հասկանում էր, կարճ ժամանակում սովորեց տանը իրեն պահելու՝ մեր սահմանած կանոնները, բայց երբ պետք էր լինում որոշում կայացնել, կայացնում էր առանց վարանելու։ Պահպանում էր հարկը օտարներից, մեզ ճանապարհում էր աշխատանքի, վերադարձի ժամին էլ պատշգամբում կանգնած սպասում։ Մեր շունն ավելին էր անում, քան շան համար սահմանված էր՝ հնարավորինս ինքնուրույն էր, հմտորեն օգտվում էր իր համար բռնակներից կախված թելերից՝ դռները բացել-փակելու համար, զբաղեցնում էր մեզ էլ, հյուրերին էլ՝ առաջարկելով (երբեմն ստիպելով) իր հետ խաղալ, հետաքրքիր էր դարձնում մեր օրը, իր կենսախնդությամբ չէր թողնում՝ նեղսրտենք։ Շատ էինք սիրում մեր շանը, ու ինքը չէր կասկածում, որ իրեն շատ ենք սիրում։

Շունս իր բնական կարիքները դրսում էր հոգում (բոլոր շներն էլ այդպես են անում)։ Գիտեր դուրս գնալու իր ժամերը ու, եթե ուշացնում էինք, նայում էր ժամացույցին, հետո մեզ, հետո էլի՝ ժամացույցին. հստակ ասում էր. «Ժամը ժամից անցավ. բա դուրս չենք գնո՞ւմ»։ Բայց պատահում էր՝ հիվանդանում էր, պետք էր լինում սահմանված ժամից բացի գիշերն էլ դուրս հանել։ Նման դեպքերում, գիշերվա որ ժամն էլ լիներ, քույրս արթնանում էր, հագնվում, շանը տանում դուրս՝ կարիքները հոգալու, ու հետ տուն բերում։
Այդ անգամ քույրս ինքն էլ վատառողջ էր։ Տաքություն ուներ, հազիվ աչքը կպել էր, երբ շունն սկսեց անհանգիստ հետուառաջ անել։ Ակնհայտ էր՝ դուրս է ուզում։ Ժամը գիշերվա չորսն էր։ Հաղթահարեցի անհարմարության զգացումս, վեր կացա, հագնվեցի ու շանը դուրս տարա։

Երբ վերադարձանք, նախ նրան մաքրեցի, ջուր տվեցի ու թույլ տվեցի սենյակ անցնել։ Բայց շունը ներս չէր գնում. սպասում էր։ Հենց կռացա, որ կոշիկներս հանեմ, մոտեցավ ու լիզեց ինձ։ Անսպասելի էր։ Ինձ թվում էր՝ իր խնդիրը լուծելուց հետո պիտի իր սիրելի տիրոջ մոտ վազի, բայց՝ չէ։ Սպասել էր, շնորհակալություն էր հայտնում։

Գերմանական հովվաշունը խելացի ցեղատեսակներից է. հեշտ է ենթարկվում վարժեցման, արագ սովորում է, սովորածը կիրառում ըստ անհրաժեշտության։
Բայց որքան էլ ջանացի, չհիշեցի՝ ե՞րբ ենք սովորեցրել նրան շնորհակալ լինել։

 
1 մեկնաբանություն

Posted by off 27 Դեկտեմբերի, 2012 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , , , ,

One response to “Շնորհակալություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: