RSS

Երջանկություն

29 Մրտ

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև. 

Պատահում է, որ ամենապարզ հասկացությունները անասելիորեն խճճվում են։ Նույնը «երջանկություն» հասկացության հետ է եղել։ Մարդիկ իրար երջանկություն են մաղթում, բայց ի՞նչ ի նկատի ունեն։ Երբեմն էլ ավելացնում են՝ «անձնական կյանքում»։ Այսինքն՝ երջանկություն առհասարակ, միևնույն է, չի լինում, թող թեկուզ անձնական կյանքում լինի։ Սա պարզաբանելու փորձերը սովորաբար միևնույն կերպ են ավարտվում։ Պատասխանողն ընկնում է թմբիրի մեջ ու ասում. «Դե…»

Ստրուգացկի եղբայրների՝ «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վիպակում սև մոգության բակալավր Մագնուս Ֆեոդորովիչ Ռեդկինը զբաղվում է երջանկության թեմայով և անգլիացի բանաստեղծ Քրիստոֆեր Լոգայի մոտ գտնում է այսպիսի բնորոշում.

«Հարցնում եք՝ ինչն եմ համարում
Ես բարձրագույն երջանկությունը երկրի երեսի՞ն։
Երկու բան՝
Ոգու վիճակը փոխելը ճիշտ այնպես,
Ինչպես պեննին ես կփոխեի շիլինգով,
Եվ
Աղջիկն այն անուշ
Երգն իմ պիտի լսի
Ոչ թե ճանապարհիս վրա,
Այլ նրանից հետո,
Երբ ինձնից այդ
ճանապարհն իմանա»։
Մագնուս Ֆեոդորովիչը իրավացիորեն նկատում է. «-Ինչպե՞ս սա հասկանաս. Աղջիկը երգը լսի՞։ Ու՝ հո պատահական երգ չի՞. պիտի աղջիկը անուշ լինի, նրա ճանապարհից դուրս լինի, ու էն էլ նրանից հետո, երբ տղայից ճանապարհի մասին կհարցնի… Դա լինելո՞ւ բան է։ Բա նման բաները ծրագրվո՞ւմ են»։

Մագնուս Ֆեոդորովիչը միանգամայն ճիշտ է. երջանկության համար այսքան շատ պայման բոլորովին պետք չէ։ Երջանկությունն անհամեմատ պարզ բան է։Արդեն խոսել ենք՝ ինչ է ուրախությունը։ Ուրեմն՝

Երջանկությունը կենսակերպ է, երբ մի ուրախությունից անցնում ես մյուսին։

Հիմա կասեք՝ որտեղի՞ց էդքան ուրախություն ճարենք։ Բայց էստեղ, արդեն ամեն մարդ ինքն է իր գլխի ճարը տեսնում։

Երջանկության մուրացիկները

Երջանկությունն այն է,
 երբ հարկ չունես ստելու,
 թե լավ ես։

Փոքրիկ երեխայի համար ամեն լավ բան կապվում է մոր հետ։ Դրա համար էլ հենց մի բան է լինում, նվնվում ու մոր մոտ է վազում։ Սա այնքան պարզ է, որ նույնիսկ մեծ քեռիներն ու մորաքույրներն են փորձում օգտագործել այս հնարքը։ Նրանք ընտրում են՝ ումից կարող են մուրալ, ու սկսում են նվնվալ։ Տարիքի հետ նվնվոցի հասցեատերը փոխվում է։ Սովորաբար Ձմեռ պապ, աստված, նախագահ շարքն է։ Բայց, թեպետ այս հնարքը հրաշալի գործում էր մոր դեպքում, դրանից հետո էլ չի գործում։ Մարդը շարունակում է հավատալ և հուսալ, որ սխալմունք է, եթե եռանդուն մուրաս, կստանաս։
Չես ստանա։
Որովհետև հենց սեփական Ես-ը հայտնվեց, էլ ոչ ոք չի կարող տալ այն, ինչ ուզում է ձեր Ես-ը, քանի որ ձեր Ես-ը ազատություն է ուզում։ Իսկ ազատությունն անհամատեղելի է մուրացկանության հետ։
Դրա համար էլ, քանի դեռ երջանկությունն ինչ-որ մեկից եք սպասում, ապերջանիկ եք լինելու։
Նա, որ սա հասկացավ, մի աստիճան վեր է բարձրանում։

Երջանկություն՝  հսկողության տակ

Երբեք երջանիկ չի լինի նա,
 ով տառապում է մեծ երջանկության
տեսքից։
Սենեկա

Այս աստիճանի վրա մարդն սկսում է նայել ուրիշ մրդկանց ու փորձում անել այն, ինչ նրանք են անում և ունենալ այն, ինչ նրանք ունեն։

Այստեղ օգնության են գալիս ուրախ լրագրողներն ու գովազդողները.
— Երջանկությո՞ւն ես ուզում, տղա՛։ Խնդիր չէ։ Մենք քեզ երջանկության մասին ամեն ինչ կպատմենք։ Գրի առ. Հետևյալ բաների կարիքը կունենաս…

Շատ երկար ցանկ է. «մեքենա, բնակարան, ատամի մածուկ, ֆերի, մամբա, չիտոս, օրբիտ, խաբա-քաբա…»։ Էնպես որ, թափ տվեք ձեր գրպանները։ Շատ թանկ է դեպի երջանկություն տանող ճանապարհը։
Ամբողջ գովազդը կառուցված է մի ոչ բարդ բանաձևով՝ ընտանիքի հարգարժան հայրը մի գդալ կաթնաշոռ է ուտում և սկսում է իրեն համակած երջանկությունից կատաղած վարզել սենյակով։ Թե ինչպես է ինչ-որ բան գնելուց միստիկ ձևով երջանկությունը թափվում գլխիդ, գովազդը լռում է։ Բայց գովազդը դիտող մարդկանց արած գլխավոր եզրակացությունը պարզ է.

-Ես շատ փող կունենամ ու ինձ համար կգնեմ… երջանկություն։

Մարդիկ գնում են ու գնում, բայց երջանկությունը հորիզոնի պես անընդհատ հեռանում է։
Գովազդի իսկությունն ստուգելը դժվար չէ։ Խոշոր սուպերմարկետից դուրս է գալիս մարդկանց ամբոխը՝ ծանրաբեռնված սայլակներով։ Եթե հավատանք գովազդին, սրանք մինչև վերջ երջանիկ մարդիկ են։ Բայց նայեք նրանց այլայլված դեմքերին։ Մի բան այն չէ։ Նրանց դեմքերին սառել է «Ինձ մի տեղ խաբեցին. ուրիշ բան պիտի առնեմ» արտահայտությունը։

Որոշ ժամանակ անց ընկնում ենք հետևյալ երկու խնդրի շրջապտույտը.

  1. Ավելի շատ փող վաստակել։
  2. Ավելի շատ ապրանք առնել։

«Իսկ հիմա՝ բանանային» հրամանի հետ նրանք վազում են դեպի ցուցափեղկերը, առնում և ուտում։ Ստամոքսը մեծանում է, երջանկությունը՝ ոչ։

Սխալն այն է, որ ուրիշներին նայելն անօգուտ է։ Բոլորովին պարտադիր չէ, որ ինչ դուր է գալիս մյուսներին, ձեզ էլ դուր գա։

Մի հոգեբան իր փորձից մի դեպք է գրել, որ մի աղջիկ գիտակցել է , որ իր ավելի քան տասը տարի կերած պանրի համն իրեն միանգամայն տհաճ է։ Բայց ուտում էր միայն նրա համար, որ համարվել է, թե այդպիսի պանիր ուտում են նրբաճաշակ մարդիկ։ Բայց եթե անգամ ձեզ տորթ է դուր եկել և ձեզ տանում տորթի ցուցափեղկի մոտ ու անընդհատ տորթ են խցկում ձեր բերանը, ուրախությունը շուտ կավարտվի։ Այնպես որ, սա էլ փակուղային ճանապարհ է։

Սեփական երջանկությունը գտնելու միակ միջոցը ինքդ քեզ դիմելն է։

Երջանկություն՝ ներսից

Եթե դրախտը հենց քո մեջ չէ, դու ինքդ երբեք չես մտնի նրա մեջ։
Անգելուս Սիլեզիուս

Երջանկության հոգեբանական վիճակը մի կարևոր երանգ ունի. Սեփական ուրախության բնույթը հասկանալն ի ծնե չի տրվում։ Ամեն մարդ միայն այն պահից, երբ անհատականություն է դառնում, սկսում է ճանաչել իր ուրախությունը։
Ձեր ուրախությունը ձեր սեփական ապրումների հետևանքն է։ Ուրիշի ուրախությունները ձեզ ոչ յուղում են, ոչ դաղում։

Սեփական ուրախությունը գտնելու համար հարկավոր է՝ սուզվես ինքդ քո մեջ։ Այն երջանկությունը, որ դուք փնտրում եք, արդեն գոյություն ունի ձեր մեջ։ Դա գիտակցելն է, թե ինչու եք այս աշխարհ եկել։ Ինչից եք անձամբ դուք հաճույք ստանում։ Ո՞րն է ձեր առաքելությունը։ Ի՞նչ տաղանդներ ունեք։

Հենց ձեզ համար մի հաճելի բան գտնեք, խրվեք դրա մեջ։ Ստեղծեք դա։ Ուզում եք նկարել՝ նկարեք։ Ուզում եք պարել՝ պարեք։

Առավոտից իրիկուն դուք լցնում եք ձեր կյանքը նրանով, ինչ ձեզ դուր է գալիս, նրանով, ինչ սիրում եք։ Կարիքը չունեք ուրիշներին նայելու։ Ամեն մարդ այս կյանքում իր ճանապարհն ունի։ Այն, ինչ ձեզ չի տանում դեպի երջանկություն, անիմաստ է անել։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ դրա համար կյանքով եք վճարում։ Եթե դուք խորհրդակցում եք միայն ձեր զգացմունքների հետ, անհեթեթությունն անցնում է, գալիս է գիտակցության պարզությունն ու խոր անդորրը։

Առավոտից իրիկուն դուք մի ուրախությունից անցնում եք մյուսին, և դա կախված է միայն ձեզնից։

Ընկալելու և զգալու ձեր ընդունակությունն աճում է։ Դուք բաց եք կյանքի համար, և բնական էներգիան սկսում է հոսել ձեր միջով։ Եվ դա անսահման ուղի է։

Ձեր կյանքի ամեն օրը մի թանկարժեք անոթ է։ Երջանկությամբ լցրեք դա։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: