RSS

Կյանքի օրենքներ

13 Ապր

guerraՏոնինո Գուերրա

Ես շատ ձանձրալի ու ծեր մարդ եմ։ Հույս ունեմ՝ դեռ հարյուր տարի էլ ապրելու եմ։

Ես հրաշալի մանկություն եմ ունեցել։ Հենց այդ ժամանակ եմ առաջին անգամ վայելել անձրևի թակոցը տերևներին, ծանոթացել ձյան հետ՝ բերանս բացում էի ու բռնում փաթիլները, առաջին անգամ համտեսել եմ պաղպաղակը։ Հենց լիզեցի, հետ փախա։ Էնքան համով էր, որ վախեցա։

Ամենամեծ հանդիպումս ես երեխա ժամանակս եմ ունեցել՝ ծովի հետ։ Հայրս ամբողջ ընտանիքը ձիուն լծված սայլ նստեցրեց ու տարավ ծովի մոտ։ Այ թե իրադարձություն էր։ Ծովն աչքերիս մեջ չէր տեղավորվում։

Ինչ էլ որ հիմա ուտեմ, նույնիսկ ամենանրբահամ ուտեստները, էնքան համով չի, ինչքան մանկությանս կերածներս։ Ու ես էլ երբեք չեմ կերել այնպիսի ինդոլտին, ինչպիսին իմ մայրն էր պատրաստում։

Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահ է, այլ դեպի մանկություն։ Մանկության մեջ մենք անմահ ենք։

Ես ձեր աչքի առաջ ձեռքս կկտրեի, եթե Աստո հավատ ծագեր իմ մեջ։ Ես տեսել եմ այն մխիթարանքը, որ ստանում են հավատացյալ մարդիկ, բայց «ճակատագիր», «հավատ» ու նման մեծ-մեծ բառերն ինձ համար դեռ ստվերում են։ Ես ամեն ջանք գործադրում եմ, որ չվախենամ մահից։

Մի անգամ Ֆեդերիկո Ֆելլինիի հետ նստած էի մեքենայի մեջ, ու անընդհատ խոսում էի մահից իմ վախի մասին։ Իսկ նա մի քիչ մտածեց ու ասաց. «Գիտե՞ս, Տոնինո, մեկ էլ տեսար՝ դա մի մեծ ճամփորդություն է»։

Ես միշտ իշխանություններին անվստահությամբ եմ վերաբերվում։ Ցանկացած։ Որովհետև ցանկացած իշխանություն, անկախ նրանից արև կա, թե՝ չէ, մշակույթին սև ակնոցով է նայում. Ինքն ուրիշ խնդիրներ ունի։

Ես ինձ անուն եմ հորինել. երբ հարցնում են, թե ես ինչու ոչ մի կուսակցության չեմ անդամակցում, պատասխանում եմ, որ ես դզեն-կոմունիստ եմ։

Պատմության ու կյանքի սարսափելի պահերին են հաճախ ստեղծվել լավագույն գործերը։ Վերջին ռուս մեծ պոետները կայացել են ռեժիմի պայմաններում, մամլիչի տակ լինելով՝ ի հեճուկս դրա։ Մանդելշտամ, Ախմատովա, ուրիշներ։ Նույնը՝ կինոյում։ Ռուսական մեծ կինոն կայացել է այս համապարփակ ճնշման հետ պայքարում։ Սա տարօրինակ պարադոքս է։ Երբ համակենտրոնացման ճամբարում էի, շատ սարսափելի էր։ Բայց հենց այնտեղ, հակառակ սարսափին ու մահվան, ես սկսեցի բանաստեղծություններ գրել։

Կինոն ճգնաժամ է ապրում։ Առաջ կինո էին գնում, որորվհետև կինոյից բացի դա նաև ծես էր՝ բոլորն իրար հետ նստած էին լինում մթության մեջ։ Երիտասարդը ձեռքը մեկնում էր օրիորդի ծնկին… Իսկ հիմա դա հետ է մղվում, կարծում եմ։ Մենք մեր ուղեղը լվացել ենք պատկերներով։ Դրանք ամենուր են։

Ինչ վերաբերում է հարաբերություններին՝ կինն ու տղամարդն անընդհատ թռչում են։ Ամեն տեղ ամուսնալուծությունը թույլատրված է։ Մարդիկ էլ արագ ամուսնանում են, արագ բաժանվում։ Դուրս է գալիս՝ ընտանիքի կարիքը չկա։

Անընդհատ մտածում եմ՝ ասենք մարդուն խոստացված է, որ ապրելու է հարյուր տարուց ավելի։ Ոչ մի ընտանիք դրան չի դիմանա։ Մտածում եմ՝ եթե երևակայությանը զոռ տանք, շատ սովորական բան կլինի մեռած մարդու մասին իմանալը, որ նա հինգ կին է ունեցել, իսկ եթե կին է՝ վեց ամուսին ու նման բաներ։ Այսինքն՝ երկար կյանքում հնարավոր է՝ ընտանիքները կփոխվեն, և հնարավոր է՝ կփոխվեն կնոջ ու տղամարդու մեջ հարաբերությունները։ Կգտնվեն գոյության ինչ-ինչ ուրիշ միջոցներ։ Բոլորը ազգականներ կլինեն։

Ուժը ոչ թե տղամարդու մկաններում է, այլ կնոջ թուլության մեջ։

Տղամարդը չգիտի և երբեք էլ չի իմացել փոթորկից փրկության ելքը։

Ես երկու շատ լավ ընկեր ունեմ։ Փեննաբիլլիում Ջաննին է, որ խուլ է։ Սա բացարձակ Դոն Կիխոտ է. շատ խելացի ու հոգատար՝ բոլորի նկատմամբ ուշադիր է։ Նա պնդում է, որ ամեն առավոտ զբոսնեմ։ Սուրբ Ջովաննիի տոնին սովորություն կար Փեննաբիլլիի բոլոր կանանց դռները ծաղիկներով զարդարելու։ Հիմա էդ սովորությունը պահպանում է միայն Ջաննին։ Նա ամբողջ գիշեր շրջում է սար ու ձորով՝ հավաքելով ծաղկած ծառերի ճյուղեր, իսկ հաջորդ առավոտյան բոլոր կանանց տների դռները զարդարված են լինում։

Ուրիշ ընկեր էլ ունեմ՝ Ռոբերտո Ռովերսը։ Սա ինտելեկտուալ է։ Ապրում է Բոլոնիայում։ Ամեն երեկո զանգում եմ իրեն։ Մեծ պոետ է, ինչպես Խլեբնիկովը՝ Ռուսաստանում՝ պոետ պոետների համար։ Շատ աղքատ է, բայց շատ խաղաղ է։ Հարցնում եմ՝ ոնց ես, պատասխանում է՝ հրաշալի։ Ասում եմ՝ ի՞նչ ես կերել։
-Մենակ համով բաներ։

Լրիվ՝ սուտ։ Նա իմ գրքերի համար Իտալիայում նախաբաններ է գրում։ Չի լինում մի օր, որ իրար չզանգենք։

Փեննաբիլլիի տունը  մի տեսակ ծավալվել է իմ շուրջը։ Շատ պատուհաններ ունի, որ բացվում են դեպի դաշտն ու հեռվում երևացող սարերը։ Եթե մարդը ծեր է, նրա հիմնական ճանապարհորդությունը պատուհանից նայելն է այն ամենին, ինչ շուրջը կա։

Ինչ վերաբերում է փառքին, ձևացնում եմ, թե ինձ դա դուր չի գալիս։

Ստիպված եմ լինում խաբել։ Օրինակ՝ պատմություն եմ հորինում Իտալիայով ճանապարհորդության վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին, որ Տարկովսկուն թույլ տան՝ մեզ մոտ գա։ Ու կարողացա խաբել իմ ընկեր Մարչելլո Մաստրոյանիին։ Նա մեռնում էր, բայց ես ասում էի՝ շատ լավ տեսք ունես, շատ ավելի լավ։ Հաստատ առողջանալու ես։ Նա տառապում էր։ Լաց լինելու չափ ցավալի էր, բայց ես նրան խաբում էի։ Իսկ նա հայացքն ուղղում էր ինձ ու ասում «Բաստա, Տոնինո»։

Հիմա սիրում եմ, որ տանը նկարներ չեն լինում։ Փլավ եմ սիրում։ Կանանց եմ սիրում։

Սիրում եմ թռչնի վանդակները։ Առաջին նվերը, որ 35 տարի առաջ արել եմ ապագա կնոջս, թռչունների շուկայում գնած շատ փոքրիկ վանդակն էր։ Մեկ-մեկ մի բան էի գրում, թուղթը ձմռթում ու գցում մեջը։ Կինս իտալերեն չգիտեր։ Որ գնում էի, ասում էի՝ բաց, դրանցով լեզուն սովորիր։ Օրինակ՝ այսպիսի արտահայտություն էր լինում. «Ես այսօր քեզ կլոր բառեր եմ ուզում ասել»։ Բայց երբեք այդ վանդակներում թռչուններ չեմ պահել։

Չեմ սիրում մեքենա վարել։ Ինձ համար մեքենան գոյություն չունի։ Ինձ հեռուստատեսությունը դուր չի գալիս։ Ինձ գովազդը դուր չի գալիս։

Իհարկե կուզեի կյանքս մի անգամ էլ ապրել։ Մյուս կյանքումս հաստատ կուզեի դաշնակահար լինել։

Ես չնկատեցի, թե երբ ծերացա։ Ուզում եմ նոր արահետներ ճանաչել։

Ռուսերենից թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: