RSS

սարերից իջան մի խումբ ձիավոր

27 Ապր

Սիրանուշ Դ’վոյանի և Միսակ խոստիկյանի զրույցից

Սովորաբար արվեստ կոչվելու հավակնությունը վկայում է դրա բացակայությունը, ավելի շուտ խոսում` արվեստի տանիքի պահանջի մասին: Տանիքի ու պարիսպի:

 

հատված 16

Արդյոք ովքե՞ր են, ի՞նչ կտրիճներ են:
Միսակ Խոստիկյան — Ֆ. Ֆելինիի Interview ֆիլմի վերջում տեսախցիկը ուղղվում է դեպի բլուրները պատող նորակառույցները: “Սրանք կարծես երեկ դեռ չկային”: Շենքերը ցույց տվող խցիկը դանդաղորեն ուղղվում է վեր, կադրում հայտնվում են ալեհավաքները, ապա ավելի վեր` երկինք: Հետո նորից իջնում, եւ պարզվում է, որ ալեհավաքները ալեհավաքներ չեն, այլ նիզակների սայրեր: Ապա ավելի ներքեւ եւ բլուրներից դեպի մեզ են սուրում ինչ-որ վայրի ցեղեր: Ֆիլմի վերջի կադրը դատարկ ու մութ տաղավարում է, մեկնաբանող ձայնը գանգատվում է, որ լույսի շող անգամ չկա: Լսվում է ռեժիսորի հրահանգը եւ մթի մեջ վառվում է մի լուսարձակ: Տիտրեր: Վերջ:
Սիրանուշ Դ’վոյան — Ինչո՞ւ չկար լույսի շող, որովհետեւ ալեհավաքները նիզակների սայրե՞ր են:

Մ.Խ. — Մեդիան, իհարկե, զենք կարող է նկատվել: Բայց ինչպիսի: Չնայած ֆիլմը Ֆելինիի վերջին ֆիլմերից է, կարծեմ հենց վերջինը, չեմ կարծում, որ դա ծերության բերած մթությունն է: Ինձ համար այստեղ կարեւոր է, որ սա գեղարվեստական ֆիլմ է եւ ոչ մտավորականների ամուլ ողբ առ կործանվող մշակույթը, վայրի հորդաների ավերը: Սա արվեստի գործ է: Հուզիչ եւ մի պատասխանատվությամբ արված, որ բոլորովին տարբերվում է թթվադեմ պատասխանատվության ձեւերից` իրավական, քաղաքացիական, ակադեմիական, թայֆայական, կոնֆեսիոնալ եւ այլն, եւ այլն:

Ս.Դ. — Լուսարձակի պատասխանատվությունը պատասխանատվություն է առ…

Մ.Խ. — Մ. Ուելբեկը իր մի էսսեում հեգնում է Ժ. Պրեւերի բանաստեղծությունը հիմարավուն լինելու համար: Այսօր ապրող մի պրեւեր կարծեմ պաշտպանության կարիք ունի, հատկապես, երբ նրան քննադատում է աշխարհահռչակ արձակագիրը կամ նույնիսկ արձակ, անդեմ ու խելոք աշխարհը: Ժամանակակից արվեստին վերաբերող միջոցառումները կարելի է շփոթել մի գրասենյակային ժողովի հետ, ոչ միայն ծեսի առումով, այլեւ մասնակիցների դեմքերով: պրեւերը չկա:

Ս.Դ. — Ուզում ես ասել, որ ծեսը չեզոքացնո՞ւմ է պրեւերին: Բայց, կարծեմ, պրեւերինհաստատելու համար են նախաձեռնվում միջոցառումները:

Մ.Խ. — Պրեւերի իսկական քննադատը պրեւերն է, նույնիսկ Ուելբեկը, ճշտելու տարբերությունը իրենց միջեւ, արդյունքում` ժամանակը: Խոսքը իհարկե Պրեւերին հետ բերելը չէ: Ասացի, որ պետք է պաշտպանել պրեւերին այն կապարի ամպից, որով նրան սաստում են իր արագության համար, ինչպես օդանավակայանի անցակետում: Կարո՞ղ է սրտի բաբախյունը ինստիտուցիա համարվել: Եթե ոչ, ապա ինստիտուցիաները ավելորդ են: Հիշում ես` Բարդինի միայն լարով սարքած մուլտում լարե պերսոնաժը հայտնվում է իր սարքած թակարդում, դառնում է իր սարքած տեղի, պարսպի գերին ու շունը: Դա կոչվում է “երկարատեւ պրոյեկտ”: Իսկ պրեւերիսիրտը չգիտի ոչինչ երկարատեւի կամ կարճատեւի մասին: Քանի-քանի՞ բանաստեղծություն է գրել, քանի տող Բրոդսկին: Դա կարելի՞ է երկարատեւ պրոյեկտ համարել: Կամ Վիսոցկին: Մեծարե՞նցը: Կեն Կի՞զին: Նիցշեն ուխտ ու ավանակ է կոչում Հեգելին մարդկության պատմությունը շալակելու ցանկության համար: Բայց Նիցշեն չի խոսում թթվի քարերի մասին: պրեւերն էլ դրա կարիքը չունի: Այդ քարերից դղյակի ծաղրեր են կառուցում այսօրվա ունեւորները, ինչպես ժամանակին բուրգեր էին կառուցում, իսկ քարերին թողնես, կասեն ժողովուրդ ու փարավոն են արարել բուրգ խաղալու համար: Քարերը պետք են: Դրանցով հնարավոր է պարիսպներ կառուցել, որովհետեւ իրենց իներտությունը կառուցողներին հակադրություն են կարծում: Դրանք հուսալի են, իսկ պրեւերը չէ: պրեւերը խաղացկուն է: Բայց նրա դատարկ տեղը նույնպես վտանգավոր է, դրա համար էլ փայփայվում, բուծվում ենպլեւերներ: Սրանք շնորհակալ լինել գիտեն փայփայողներին: Եվ կարեւորը բարեհաջող կերպով չեն զգում իրենց տարբերությունը պրեւերից:

Ս.Դ. — Միսակ, դրանի՞ց է երկարատեւ պրոյեկտի պահանջը:

Մ.Խ. — Մեջբերեցի ֆիլմ, մուլտֆիլմ, հիմա ուզում եմ մեջբերել մի ակցիա, ընդ որում խոսքս փաստերին չի ապավինում, ներկայիս ոչ մի կոնկրետ գործչի անուն` ոչ ժուռնալիզմ, ոչ “պատասխանատու” քննադատություն: Որովհետեւ խոսքը հենց դրա մասին է: Խոսքի ուրիշ ընթացքի, ուրիշ հավաստիության ու կոնկրետության: Անձերի եւ փաստերի ներկայացումը կարող է թուլացնել խոսքի կոնկրետությունը այնքանով, քանի որ դիմում է ոչ թե գործընթացի տրամաբանությանը, այլ դրանով արտադրված ինքնություններին, ըստ այդմ շեղում ուշադրությունը գործի էությունից: Մի անգամ տեղ հասածը երկար ճանապարհի չի ձգտում` այլ ինտենսիվության, էլի տեղ հասնելու, էլի ու էլի: Հիշում ես, Նյու Յորքի առեւտրի կենտրոնի զույգ շենքերի տանիքներից մեկից մյուսը ճոպանով անցած փահլեւանին` ապշած նյույորքցիների աչքի առաջ: Սա նույնիսկ արվեստ չի կոչվում: Սովորաբար արվեստ կոչվելու հավակնությունը վկայում է դրա բացակայությունը, ավելի շուտ խոսում` արվեստի տանիքի պահանջի մասին: Տանիքի ու պարիսպի: Լարախաղացն ու իր ընկերները ապօրինաբար հաջողացրել էին իրենց անելիքը ու դրանից հետո բաժանվել: Վաղեմի ընկերները բաժանվել էին: Ինչ-որ մի այնպիսի լուսավոր բան էր ի կատար ածվել, որից հետո այլեւս իմաստ չուներ շարունակել ընկերություն անել: Լարախաղացից հեռացել էր նաեւ նրա կինը: Տեղի էր ունեցել մի հաղթահարում: Մարդը մարտահրավեր էր նետել համաշխարհային աշտարակներին ու հաղթել էր: Հաղթել էր խաղով, խաղացել էր դրանց գլխին ու ոչ մեկին չէր վտանգել: Մինչ ուրիշները չդիմանալով ոչնչացրին դրանք` մարդկային զոհերով: “Այ, այ, այ”: Ինչպես կարելի է սկզբից արտոնություն չվերցնել երկնաքերների պատասխանատուներից, չդարձնել օրինական, չհամաձայնեցնել այդ անցումը: Եվ ընդհանրապես ի՞նչ կարիք կար նման մանկամտության: Չէ՞ որ հենց ինքը` լարախաղացը, կարող էր զոհվել: “Այ, այ, այ”: Մենք մեր մշակութային դաշտը կկազմակերպենք այնպես, որ ոչ մի գերմանացի Ռուստի մտքով չի կարողանա անցնել սպորտային ինքնաթիռով իջնել հրապարակում: Մենք լուրջ ծրագրեր ունենք, պետք է վերաիմաստավորենք մեր պատմությունը, մենք ենք արտոնագրեր տվողները եւ ոչ մի կարմիր գազար չի մնա առանց թթվի քարի:

Ս.Դ. — Ինչպե՞ս ճանաչել պլեւերին պրեւերից:

Մ.Խ. — Պլեւերը արդարացնում է իր եսը, նույնիսկ եթե չի նշում, կամ նաեւ փախչում է դրանից դեպի օբյեկտիվ նշաններ: Երկու դեպքում էլ ուշքումիտքը իր կարեւորության վրա է…

Ս.Դ. — Իսկ պրեւե՞րը

Մ.Խ. — պրեւերին չգիտեմ:

Ս.Դ. — Չի լինի իմանա՞լ, թե՞ չես մատնի:

Մ.Խ. — Ինձ մի անեկդոտ պատմեցին: Կարծեմ գիտես: Հոգեբուժարանից ուզում են դուրս գրել հիվանդին, որը նախկինում, բուժումից առաջ պնդում էր, որ հավի կուտ ա: Ուզում են դուրս գրել, որովհետեւ արդեն վստահ ասում ա, որ հավի կուտ չի: Բայց վերջում հարցնում ա. “Իսկ հավը գիտի՞, որ ես հավի կուտ չեմ”: Սա պրեւերիմասին չէ կարծեմ` հակառակը: Բայց շփոթել խաղը երկնաքերների վրա երկնաքերներ տապալելու հետ միայն այն բանի համար, որ երկուսն էլ պերֆորմատիվ են, կնշանակի հավ լինել:

[ շարունակելի ]

Աղբյուրը՝ Արտերիա

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: