RSS

Գիտակցականություն

08 Հնս

mind_in_book2Կոնստանտին Շերեմետև

Արևելյան փիլիսոփայության առանցքային հասկացությունը գիտակցականությունն է։ Հիմա Արևելյան գործիչները մոդա են, դրա համար էլ մոդա է գիտակցական լինելը։ Շատ հաճախ դասընթացների ու սեմինարների տարբեր հեղինակներ իրենց մասին հպարտությամբ հայտարարում են` «Ես գիտակցական եմ»։ Բավականին ծիծաղելի է հնչում։ Բեմ է դուրս գալիս այդպիսի «գիտակցականը» և սկսում է գլուխ գովալ, թե ինչպես է մի քանի պարապմունքի արդյունքում դարձել գիտակցական։ Եվ անպայման ավելացնում է, թե իզուր էին դզենի վարպետները տարիներով ձգտում գիտակցականության վիճակի։ Հիմա ուրիշ ժամանակներ են, և ամեն մի ժամանակակից մարդ պիտի երկու բան ունենա՝ գիտակցականություն և այֆոն։ Ուշադիր լսելու դեպքում կպարզենք, որ «գիտակցականություն» տերմինը կիրառվում է որպես «հասկացողություն» բառի հոմանիշ։ Այսինքն՝ մարդն ասում է՝ «Ես գիտակցական եմ»՝ ի նկատի ունենալով. «Ես հասկանում եմ, թե ինչ եմ անում»։ Բայց այս տերմինները հոմանիշներ չեն։

Ի՞նչ բան է,ուրեմն, գիտակցականությունը, և ինչո՞ւ է դրան հասնելն այդքան դժվար։

Ինքդ քեզ զգալու ճշգրտությունը

Մեռնող պապը շշնջում է թոռանը.
-Ես գանձ եմ հորել։
-Որտե՞ղ, պա՛պ։
-Երկրում։
-Ավելի կոնկրետ, պապի՛կ ջան, ավելի կոնկրետ…
-Երկիրը Արևից երրորդ մոլորակն է…

Բուդդան գիտակցականության մասին այսպես է ասում. «Հիմարը քնում է, ինչպես արդեն մեռածը, բայց վարպետը արթուն է և ապրում է հավետ։ Նա ուսումնասիրում է։ Նա ջինջ է»։
Բուդդիզմն ի՞նչ ի նկատի ունի քուն ասելով։

Երբ դուք մի հիասքանչ վարդ եք տեսնում, արձագանքելու երկու տարբերակ ունեք.

  • վայելել գեղեցկությունն ու բուրմունքը
  • ասել՝ «Վարդը չքնաղ է»։

Երկրորդ դեպքում դուք ոչինչ չեք զգում, այլ տեղեկություն եք հաղորդում։ Այդ անզգայական խոսողության վիճակն էլ հենց հոգևոր նինջն է։

Մարդու առանձնահատկությունն այն է, որ կարող է ընդհանրապես չարթնանալ։ Խոսողության հնարավոր է վերածել ինչ ասես ՝ ամենահամեղ ուտեստը, ընթացիկ մերսումը, հիասքանչ մայրամուտը…

Հնարավոր է ապրել, բայց ոչինչ չզգալ. ուղղակի ամեն իրողության համար անվանում հորինել։ Դրա հետ կորսվում է կյանքի համը, դրա հետ էլ՝ կյանքի իմաստը։

Մարդը վերածվում է բիոռոբոտի, որն օրեցօր մեխանիկորեն ինչ-ինչ բաներ է անում։ Դրա հետ էլ մշտապես քթի տակ մի բան է մռթմռթում։ Պատահում է՝ հանդիպում են երկու բիոռոբոտ ու իրար մի բան մռթմռթում։

Հատկապես հետաքրքիր է այն պատկերը, երբ մարդը շփվում է համացանցում։ Մի բիոռոբոտ համակարգչով գրում է։ Մյուս բիոռոբոտը իր համակարգչում կարդում է։ Բայց որ բիոռոբոտի հաղորդագրությունը տարբերվի համակարգչի հաղորդագրությունից, օգտագործվում են սմայլիկներ։ Դրանք ցույց են տալիս, որ բիոռոբոտը, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ինչ-որ զգացմունքներ ունենա։

Զարթոնք

Դու ապրում ես քո գիտակցականությանը
ուղիղ համեմատական։
Օշո

Զարթոնք ապրելու համար հարկավոր է սկսել զննել ամենը, որ կատարվում է ձեզ հետ։ Օշոն գրում է. «Միակ բանը, որ հարկավոր է սովորել, զննելու կարողությունն է։ Զննիր։ Զննիր ամեն մի գործողություն, որ կատարում ես։ Զննիր ամեն մի միտք, որ անցնում է գլխովդ։ Զննիր ամեն մի ցանկություն, որ համակում է քեզ։ Նույնիսկ աննշան շարժումներդ զննիր՝ ինչպես ես քայլում, խոսում, ուտում, լոգանք ընդունում։ Շարունակիր զննել ամեն ինչ, ամեն տեղ։ Թող ամեն ինչ վերածվի զննման հնարավորության»։

Չպատրաստված մարդու համար սա շատ բարդ բան է, որովհետև հասարակությանը գիտակցական մարդիկ պետք չեն։ Հանրությանը բիոռոբոտներ են պետք, որոնք ուղղակի կատարում են այն, ինչ իրենց ասում են։

Դեռ դպրոցում է մարդու բիոռոբոտացումը տեղի ունենում, որովհետև «հիշիր և կրկնիր» մոդելն է գործում։ Միլիոնավոր երեխաներ ամեն օր մտապահում են միլիոնավոր արտահայտություններ, որոնք հարկավոր է հիշել ու սահուն կրկնել։

Մեռած ապրելու այս միջոցը մինչև վերջ լռվում է մարդու հոգու մեջ, ու արդեն մեծ հասակում մարդը քնած է ու չի արթնանում։ Իսկ նրա կյանքը ամբողջովին վերահսկվում է քաղաքական, կրոնական կամ ապրանքային գովազդով։

Բիոռոբոտին, հեշտ ընկալելու համար, հրամաններ են տալիս լոզունգների տեսքով.

  • «Մի՛ դադարիր, սնիկերսիր»։
  • «Քվեարկի՛ր, թե չէ կպարտվես»։
  • «Չոր տուտուզիկ, երջանիկ բալիկ»։

Բիոռոբոտի կյանքը ծավալներով էներգիա կլանող միանգամայն անիմաստ անհեթեթություն է՝ իրար հետ աբստրակտ լոզունգների փոխանակմամբ։ Թեպետ՝ այդ լոզունգները հնարավոր է վերախմբավորել՝ առանց իմաստի կորստի՝

  • «Մի՛ դադարիր, թե չէ կպարտվես»։
  • «Քվեարկի՛ր, երջանիկ բալիկ»։
  • «Չոր տուտուզիկ, սնիկերսի՛ր»։

Իսկական կյանքը զգացմունքների ու զգայությունների հոսքի մեջ է։ Այդ հոսքի մեջ սուզվելու համար հարկավոր է արթնանալ։

Օշոն գրում է. «Մեխանիկորեն մի՛ կեր, մի՛ շարունակիր ուղղակի քեզ սնունդով լցնել. դիտողական եղիր։ Մանրակրկիտ ու զննելով ծամիր…. և կզարմանաս, թե ինչքան բան ես մինչև հիմա բաց թողել, որովհետև ամեն կտոր քեզ կբերի հսկայական բավականություն։ Եթե զննելով ուտես, սնունդն ավելի համեղ կդառնա։

Նույնիսկ սովորական կերակուրը կդառնա ամենահամեղը, եթե դու դիտողունակ ես։ Իսկ եթե դիտողունակ չես, կարող ես ամենահամեղ սնունդն ուտել, բայց համ չզգալ, որովհետև՝ ո՞վ պիտի զգա։ Դու պարզապես քեզ լցնում ես սնունդով։ Դանդաղ կեր, զննելով։ Ամեն կտորը պետք է ծամել, զգալ»։

Գիտակցականության ճանապարհը երկար է։ Դժվար է անցում կատարել լրիվ ուրիշ մի աշխարհընկալման, ուր միայն ազատություն կա, ուրախություն ու զգայական տպավորություններ։ Բայց վերջնական արդյունքը արժե դրան։

Ամփոփենք արդյունքները.

Գիտակցականություն – այն ամենի զննումն է, ինչ կատարվում է ձեզ հետ։ Դա ուշադիր լինելն է նրա նկատմամբ,թե ինչ եք զգում։ Դա անցուդարձի ամբողջական ընկալումն է։ Դա զգացմունքների հոսք է։

Անգիտակցականություն- մեխանիկական վարքն է, որ ուղեկցվում է մշտական ներքին շատախոսությամբ։ Դա մտքերի հոսքն է։

 Ձեզ շրջապատող աշխարհը հիասքանչ է։ Բայց դուք ժամանակ չունեք դա ուշադրության արժանացնելու։ Կանգ առեք. զգացեք դա։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: