RSS

Հիշողության կազմակերպումը

08 Հլս

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև
(հատված «Ինչպես ղեկավարել ենթագիտակցությունը» գրքից

Մարդիկ հաճախ իրենց հիշողությունը պատկերացնում են որպես մի գրադարան, ուր ամեն օր ինչ-որ գրքեր ու ամսագրեր են ի պահ ստացվում։ Իսկ երբ հարկ լինի, հնարավոր կլինի ցանկացած գիրք գտնել, միայն պետք է իմանալ՝ ուր է դրված։

Բայց հիշողությունն ամենևին էլ այդպես չի կառուցված։ Ճիշտ է, զանազան գրքեր ու ամսագրեր մտնում են, բայց գրադարանավարներն այստեղ բավական տարօրինակ են։ Նրանք տեղնուտեղը դրանցից թերթեր են պոկում։ Իսկ գրքերը շպրտում են մի հսկա կույտի մեջ, ուր և դրանք փոշոտվում են։ Պոկած թերթերը իրար են ամրացնում թելերով, իսկ թելերից մի քանիսը կապում են մուտքի դռանը։ Ահա թե ինչու, հենց ձեր հիշողության մուտքի դուռը բացում եք, ձեր գլխին կերպարների, հիշողությունների, համադրությունների կույտեր են թափվում։ Միշտ չէ, որ հաջողվում է ինչ-որ բան գտնել։ Բա ի՞նչ անենք։

Լավ հիշողության գաղտնիքը

Ենթագիտակցությունը բոլոր տեղեկությունները պահում է երկարատև հիշողության մեջ։ Հենց պետք է գալիս, նա հանում է դրանք ու պահում նախագիտակցության մեջ՝ մի առանձնահատուկ տարածք, որտեղից կարող եք հիշել անմիջապես։ Ամենայն հավանականությամբ շատ եք նկատել, որ սկզբում պարզում եք՝ պահանջվածը հիշում եք, թե չէ, հետո եք դա հիշում։ Հիմա ձեզ 3 հարց կտամ։ Փորձեք ուսումնասիրել՝ ինչպես եք դուք դրանց պատասխանում։

Ո՞վ է եղել Վենեսուելայի առաջին նախագահը։
Ո՞վ է եղել ԱՄՆ-ի առաջին նախագահը։
Ո՞վ  է եղել ռուսական առաջին կայսրը։

Ուշադրություն դարձրեք. առաջին հարցին մեխանիկորեն դուրս է թռչում զարմացած «Ես ի՞նչ գիտեմ»-ը։ Երկրորդին ինչ-որ մտավոր գործունեություն է սկսվում, թեպետ սա էլ կարող է նմանատիպ հարցով ավարտվել։ Իսկ երրորդ հարցի պատասխանը միանգամից է հայտնվում։

Ի՞նչ կատարվեց։ Ինչո՞ւ դեռ հիշելու ջանք չարած՝ մենք գիտենք՝ կարող ենք դա հիշել, թե չէ։ Խնդիրը հիշողության կազմակերպումն է։ Մենք հիշում ենք բացարձակապես ամենը, ինչ տեսնում, լսում և զգում ենք։ Բայց…

Ենթագիտակցությունն անընդհատ խառնում է հիշողությունը։ Եթե նա համարում է, որ ինչ-ինչ տեղկություններ այլևս պետք չեն, շպրտում է դրանք հիշողության ամենահեռավոր դարակները։ Իսկ այն, ինչ կարող է պետք գալ, սովորաբար մոտիկ մի տեղ է պահվում։

Անդրադառնանք հարցերին։ Վենեսուելան շատ հեռու է և քիչ է մեզ հուզում։ Դրա համար, եթե նույնիսկ երբևէ իմացել ենք, որ Սիմոն Բոլիվարը 1819 թվին տապալեց իսպանացիների բռնակալությունը Վենեսուելայում և ընտրվեց այնտեղ նախագահ, այս տեղեկությունները կթաղվեն մեր հիշողության այգու ամենահեռավոր անկյունում։

Դրանք ձեռքի տակ կլինեն թերևս միայն խաչբառերի կրքոտ սիրահարների ու պատմաբանների մոտ։

Ուրիշ բան է Ամերիկան։ Մեր կյանքը շարունակ համեմատվում  է ամերիկյանի հետ, մենք տեղյակ ենք այդ երկրում կատարվող դեպքերից։ Մեր հիշողության մեջ այդ տեղեկությունը հեշտ գտնելու համար պիտակներ կան։ Այդ պատճառով, թեպետ ամերիկյան նախագահների ճշգրիտ հաշվարկը չենք պահում, բայց միանգամայն հնարավոր է հիշել, որ առաջին նախագահը Ջորջ Վաշինգտոնն է եղել։ Ահա թե ինչու ենթագիտակցությունը միանգամից ասաց՝ «Մի րոպե, մի րոպե, հիմա կհիշեմ»։

Իսկ որ ռուսաստանի առաջին կայսրը եղել է Պետրոս Առաջինը, ամեն դպրոցական էլ գիտի։ Դրա համար էլ պատասխանն ինքն  իրեն դուրս է թռչում։ Դե իսկ եթե հարցնենք, թե ով է եղել ռուսաստանի առաջին նախագահը, պատասխանն ի հայտ կգա հարցը դեռ չավարտված։ մենք այնքան հաճախ ենք լսել այդ բառակապակցությունը, և այնքան է դա ազդել մեր կյանքի վրա, որ ենթագիտակցությունն ինքնիրեն պատասխանում է՝ համեմելով պատասխանը մակդիրների կույտով։

Լավ հիշողության գաղտնիքն այն է, թե որքանով է ձեզ համար կարևոր այն ինչ ուզում եք հիշել։ Ձեր կյանքում ամենայն կարևորը պիտակ ունի ձեր նախագիտակցության մեջ, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ դուրս քաշել անհրաժեշտ հիշելիքը։

Ինչպես են հուշերը պահվում մեր հիշողության մեջ

Փորձակվողներին առաջարկվել է հիշել «Նախորդ օրը աերոպլանը վայրէջք էր կատարել» արտահայտությունը։ Նրանք ջանասիրաբար անգիր արեցին։ Բայց երբ խնդրեցին կրկնել արտահայտությունը երկար դադարից հետո, ասացին. «Երեկ ինքնաթիռն իջել է»։ Այսինքն նրանք անգիր են արել ոչ արտահայտությունը։ Նրանք անգիր են արել պատկերը, ու հետո  նկարագրում են այդ պատկերն իրենց բառերով։

Հիշողության պահեստը նման է թղթախաղի մի կապուկի։ Հենց մենք կարևոր մի բան ենք տեսնում, վերցնում ենք մի դատարկ քարտ, նկարում ենք դրա վրա իրադարձությունը, և տեղավորում ենք ընդհանուր կապուկի մեջ։ Գիշերն այդ կապուկն այնպես է խառնվում, որ վերևում տուզերը՝ մեր կյանքի ամենակարևոր դեպքերը, լինեն։  Այն խաղաթրթերը, որոնց վրա պատկերված են ինչ-որ անհասկանալի բաներ, ենթագիտակցությունը գցում է մի առանձին կույտի մեջ, ուր կատարյալ անկարգություն է տիրում։ Սովորաբար այդ կույտը մենք էզոտերիկա ենք անվանում։ Հենց այստեղ են  լողում լոխնեսսյան ձկները, վազվզում ձնե արշավորդները, երգում բերմուդյան ջրահարսերը։ Սա շատ պայծառ ու գունեղ կույտ է, բայց դրանից օգտվելն անհնար է։

Բայց նույնիսկ Կիրխգոֆի օրենքի նման տեղեկությունները, որոնցից միանգամայն հնարավոր է օգտվել, կարող են ամենատարբեր տեղափոխությունների ենթարկվել։ Եթե վաղը էլեկտրատեխնիկայից քննություն ունեք, Կիրխգոֆը կլինի կապուկի ամենավերևում։ Բայց եթե չեք օգտագործում այս օրենքը, ամեն գիշեր Կիրխգոֆին ավելի ու ավելի հետ են տանում, մինչև խցկեն մի փոշոտ պահարան։ Ու երբ հանկարծ այդ օրենքը ձեզ պետք է գալիս, ուղեղը շարժելու փորձ եք անում՝ հուսահատ քորելով ծոծրակն ու անընդհատ կրկնում եք՝ էն, ի՞նչ էր անունը, Կունշտյուկը…

Որն է հիշելու ճիշտ ձևը

Մենք հիշում ենք երեք պայմանի պահպանման դեպքում.

  1. հիմքում մի վառ պատկեր է
  2. այդ պատկերը մեզ հասկանալի է
  3. այդ պատկերը մեզ համար կարևոր է։

Դրա համար, երբ հարկ կա ինչ-որ բան հիշելու, ձեզ հարցրեք.

  1. Որքա՞ն պարզ եմ ես դա պատկերացնում։
  2. Դա ես հասկանո՞ւմ եմ։
  3. Կարևո՞ր է դա ինձ համար։

Եթե գոնե մի հարցի բացասական պատասխան եք տվել, կարող եք էլ ջանք չթափել։ Եթե նույնիսկ ատամները սեղմած բերանացի կսովորեք այդ տեղեկությունները, ձեր հիշածից շուտով մի բուռ մոխիր կմնա։ Իսկ եթե բոլոր հարցերին վստահ «այո» եք ասել, ուրեմն փորձեք նախ և առաջ տեղեկությունը պատկերացնել մի պայծառ նկարի տեսքով։ Կերպարին ավելացրեք ձայնը, հոտը և համը։ Պատկերի այս բոլոր տարրերը կդառնան պիտակներ, որոնցից բռնելով կարող եք տեղեկությունը դուրս քաշել հիշողության խորքերից։

Հիշելու ունակության ստուգում

Ինչպե՞ս ստուգենք, թե որքանով ինչ-որ բան մտապահեցիք։ Դրա համար մի պարզ հնարք կա՝ «Նկար նկարիր»։ Մտապահելու երկար ջանքից հետո հաջորդ օրը վերցրեք մի թուղթ և նկարը նկարեք։ Հատկապես նկարեք։ Նկարը ոչ թե պիտի հիշեք, այլ պիտի լինի ձեր ներքին հայացքի առաջ։

Եթե ստացվեց, ուրեմն դա հիշելու եք ամբողջ կյանքում։ Ինքը՝ պատկերը, հուսալիորեն պահված է հիշողության սեյֆում։ Դրա պիտակը միշտ հասանելի է նախագիտակցության մեջ։ Հենց որ ձեզ պետք գա, ենթագիտակցությունն անմիջապես այն ձեզ կտրամադրի։

Ռուսերենից թարգմանեց Հ.Ղազարյանը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: