RSS

Ինչպես լավ պատմություն գրել

24 Հլս

vonnegut_narrowweb__300x384,2Հրաշալի գրող ու պարզապես ապշեցուցիչ մարդ Կուրտ Վոննեգութը՝ այն մասին, թե ինչպես զիլ պատմություններ պատմել

Բոլորս էլ ինչ-որ առումով գրողներ ենք։ Բոլորս էլ մի բան գրում ենք՝ միջնորդագիր՝ քաղաքապետին, սիրային նամակներ, սոցցանցերում գրառումներ։ Այսինքն՝ պատմություններ ենք պատմում։ Ինչո՞ւ ուրեմն դա լավ չանենք։ Գրչի վարպետ Կուրտ Վոննեգութը գրել է, թե ինչպես լավ պատմություններ հորինել։

Ամեն ինչ շատ պարզ է. սյուժեները դասավորում ենք առանցքների շուրջը։ Ուղղահայացը ճակատագրի առանցքն է՝ երջանիկ ճակատագիր — ապերջանիկ ճակատագիր։ Հիվանդությունն ու աղքատությունը ներքևում են, բարգավաճումն ու հրաշալի առողջությունը՝ վերևում։ Միջին վիճակագրական մարդը ինչ-որ տեղ մեջտեղներւմ է։ Հորիզոնական առանցքը ժամանակի առանցքն է՝ սկիզբ – վերջ։

Հիմա մի շուկայական խորհուրդ տամ. նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ գիրք գնել կամ կինո գնալ, չեն սիրում լսել հիվանդների ու աղքատների մասին, դրա համար էլ սկսեք ձեր պատմությունը «սկիզբ-ավարտ» առանցքի վերևի մասից։

Մի հավերժական պատմություն կա, որ նորից ու նորից կրկնվում է։ Մարդկանց դուր է գալիս, հեղինակային իրավունք էլ չկա։ Կոչվում է «Մարդը՝ էշական դրության մեջ»։ Մեկը մի դժվար դրության մեջ է ընկնում ու դրանից դուրս գալու ելք է գտնում։ Պատահական չէ, որ ինձ մոտ գծի վերջն ավելի բարձր է, քան սկիզբը. ընթերցողին դա ոգևորում է։

man

Մի ուրիշ սյուժե կոչվում է «Տղան հանդիպում է աղջկան», թեպետ պարտադիր չէ, որ տղա ու աղջիկ լինեն։ Ինչ- որ շարքային մի մարդ մի սովորական օր հանդիպում է մի բացառիկ բանի. «Ո՛նց բախտս բերեց, հը՞, գրողը տանի…» (գիծը՝ վար)։ Բայց հետո ամեն ինչ էլի տեղն է ընկնում (գիծը՝ վեր)։

Մարդկության ողջ պատմության ընթացքում ամենահայտնի սյուժեներից մեկը սկսվում է ներքևից։ Ո՞վ է, տեսնես, այդ հուսահատ պերսոնաժը։ Սա 15-16 տարեկան աղջիկ է, ում մայրը մահացել է, էնպես որ նա բոլոր հիմքերն ունի դեպրեսիայի մեջ լինելու։ Նրա հայրը համարյա նույն պահին ամուսնացել է ուրիշ կնոջ հետ, ավելի ճիշտ՝ կռիվ կնկա՝ երկու՝ կատարելությունից շա՜տ հեռու դուստրերի հետ։ Հագուստ – դիմահարդարում – կառք – պարահանդես – արքայազն – կեսգիշեր – հուսահատություն – կոշիկ – արքայազն – անսահման երջանկություն։

man1

«Համլետի» իրադրությունը նույնն է, ինչ  «Մոխրոտում», միայն պերսոնաժների սեռն է փոխվում։ Նրա հայրն է նոր մահացել։ Իսկ մայրն ամուսնացել է սրիկա հորեղբոր հետ։ Այնպես որ, Համլետը նույն վիճակում է, ինչ Մոխրոտը, ու հենց էստեղ գալիս է նրա ընկերը ու հայտարարում. «Լսի՛ր, բերդի պատին մի սուբյեկտ է երևացել, կուզե՞ս՝ խոսես հետը։ Դա քո հայրն է»։ Եվ Համլետը զրուցում է այդ բավականին նյութական ուրվականի հետ։ Ոգին նրան ասում է. «Ինձ սպանել են. դու պետք է վրեժ լուծես ինձ համար։ Քո հորեղբայրն արեց»։ Սա հաջողությո՞ւն է Համլետի համար, թե՞ անհաջողություն։ Մենք մինչև հիմա էլ չգիտենք՝ այդ ուրվականն իրո՞ք Համլետի հայրն էր։ Այս ամենը նրա համար լա՞վ էր, թե վատ։

Համլետն էլ էր կասկածում։ Բայց ասում է. «Կարող եմ ստուգել։ Դերասաններ կվարձեմ. թող բեմին սպանության այնպիսի միջոց ցուցադրեն, ինչպիսին օգտագործել է հորեղբայրս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչպես է արձագանքում»։ Բայց հորեղբայրը հունից դուրս չի գալիս, չի սկսում մռթմռթալ .«Ես եմ արել»։ Մի խոսքով՝ բան դուրս չեկավ։ Համլետի համար ոչ լավ է, ոչ վատ։ Հետո նա խոսում է մոր հետ։ Այդ պահին վարագույրը շարժվում է, և նա ասում է ինքն իրեն  «Զահլաս գնաց էս անվճռականությունից»։ Եվ սուսերով խոցում է վարագույրը, և ո՞վ է այնտեղից ընկնում. շատախոս Պոլոնիուսը։ Մի հիմար, ում Շեքսպիրը բոլորովին չի ափսոսում։ Համլետին չեն ձերբակալում. չէ՞ որ նա իշխան է։ Այնպես որ, նա շարունակում է դես ու դեն գնալ-գալ, ի վերջո ներգրավվում է մենամարտի մեջ, ու նրան սպանում են։ Ո՞ւր է նա գնում. դրա՞խտ, թե դժոխք։  Մեծ տարբերություն կա, համաձայնեք։ Մոխրոտիկ, թե՞ կաֆկայական խավարասեր։ Չեմ կարծում, թե Շեքսպիրը դրախտին ու դժոխքին ավելի էր հավատում, քան ես։ Եվ այսպես, մենք այդպես էլ չիմացանք՝ Համլետը լավ էր, թե վատ։ Այս գրաֆիկով ներկայացված է Համլետի սյուժեն։

man2

Հենց նոր ցույց տվեցի, որ Շեքսպիրը նույն անպետք պատմողն է, ինչ ամենավերջին հնդկացի արապահոն։ Եվ այնուամենայնիվ, իզուր չէ, որ «Համլետը» գլուխգործոց ենք համարում։ Բանն այն է, որ Շեքսպիրը ճշմարտությունն է ասում, իսկ մարդիկ շատ հազվադեպ են մեզ դա ասում, երբ այդ վերելքներն ու անկումներն են ներկայացնում։ Ահա թե որն է ճշմարտությունը. կյանքի մասին այնքան քիչ բան գիտենք, որ չենք կարող իրականում իմանալ՝ մեզ համար ինչն է լավ, ինչը՝ վատ։

Ու եթե հանկարծ, աստված չանի, մեռնեմ, կուզեի երկինք ընկնել, որ էնտեղի ղեկավարներից մեկին հարցնեի. «Լսի՛ր, եղբայր, այնուամենայնիվ. մեզ համար ո՞րն է լավ և որը՝ վատ, հը՞»։

Գրողի տեսադասախոսությունն անգլերեն

Տեքստի թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

One response to “Ինչպես լավ պատմություն գրել

  1. Hayk

    10 Սեպտեմբերի, 2013 at 3:26 ե.

    Շատ հետաքրքիր է : Խնդրում եմ Facebook ինձ ավելացնել Ձեր ընկերների ցանկում :
    https://www.facebook.com/hayk.iskanyan

     

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: