RSS

Գումարում և հանում

24 Օգս

96_mainՄիլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Այս աշխարհում, ուր օր օրի շատանում են ավելի ու ավելի իրար նմանվող դեմքերը, իր առանձնահատուկ «ես»-ը հաստատել և դրա անկրկնելիորեն բացառիկ լինեու մեջ իրեն համոզել կամեցող մարդը հեշտ չի ապրում։ «Ես»-ի բացառիկության պաշտամունքի երկու մեթոդ կա. գումարման մեթոդն ու հանման մեթոդը։ Անյեսն իր «ես»-ից հանում է ամենայն արտաքինը, մակերեսայինը, որ այդ ճանապարհով հասնի իր ամենաէականին (ոչ առանց վտանգի, որ այդպիսի հանման արդյունքում կմնա զրոյի վրա)։ Լորայի մեթոդը ճիշտ հակառակն է։ Որ իր «ես»-ն ավելի երևա, ավելի շոշափելի, ավելի ընկալելի, ավելի ծավալուն լինի, սա անվերջ դրա վրա է բարդում նորանոր ատրիբուտներ՝ աշխատելով նույնացնել դրանք իր հետ (ոչ առանց վտանգի, որ  ավելացող ատրիբուտների բեռան տակ կկորչի իր՝ «ես»-ի  էությունը)։
Օրինակ՝ կատուն։ Ամուսնալուծությունից հետո Լորան մենակ մնաց մեծ բնակարանում ու տխրում էր։ Ուզում էր մենակությունը փարատել գոնե ինչ-որ կենդանու ներկայությամբ։ Սկզբից շուն էր ուզում, բայց շուտով հասկացավ, որ շունը հոգսեր է հարուցելու, որոնք ինքն անընդունակ է հոգալու։ Դրա համար էլ կատու բերեց. մեծ սիամական կատու` սիրուն ու չար։ Ինչքան շատ էր Լորան կատվի հետ ապրում ու նրա մասին պատմում ընկերներին, այնքան մեծ նշանակություն էր նրա համար ստանում այդ գազանիկը, որ ինքն ընտրել էր, ըստ էության, պատահաբար ու ոչ այնքան վստահորեն (ախր սկզբից շուն էր, չէ՞ ուզում)։ Նա անդադրում գովաբանում էր կատվի արժանիքները՝ բոլորին պարտադրելով նույնն անել։ Կատվի մեջ գտնում էր նախանձելի ինքնաբավություն, հպարտություն, վարքի ազատություն ու մշտական հմայք (ի տարբերություն մարդկային՝ անշնորհքության ու ոչ գրավչության դրսևորումներով օրեցօր աղճատվող հմայքի)։ Նա կատվի մեջ իր համար օրինակ էր տեսնում։ Նա կատվի մեջ իրեն էր տեսնում։

Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, թե Լորան իր բարքով հիշեցնում է արդյոք կատվի, թե՝ չէ։ Կարևորն այն է, որ իր զինանշանին դրոշմել է կատվին, ու որ կատուն (նրա նկատմամբ սերը, կատվի պաշտամունքը) դարձել է նրա «ես»-ի ատրիբուտներից մեկը։ Քանի որ նրա սիրեկաններից շատերը ամենասկզբից չսիրեցին այդ էգոցենտրիկ ու չար գազանին, որ մեկ էլ տեսար՝ մռռում ու ճանկռոտում էր, կատուն դարձավ Լորայի փորձաքարը։ Կարծես բոլորին ուզում էր ասել՝ ինձ կտիրես, բայց այնպիսին, ինչպիսին կամ իրականում, այսինքն՝ կատվիս հետ միասին։ Կատուն դարձել էր նրա հոգու պատկերը։ Ու սիրեկանը ստիպված առաջ ընդունում էր նրա հոգին, եթե ուզում էր տիրանալ մարմնին։

Գումարման մեթոդը միանգամայն ընդունելի է, եթե մարդ իր «ես»-ին ավելացնում է կատու, շուն, խոզի լյարդ, սեր ծովի կամ սառը ցնցուղի նկատմամբ։ Պակաս հովվերգական է, որ մեկի խելքին փչում է իր «ես»-ին ավելացնել սերը կոմունիզմի, հայրենիքի, Մուսսոլինիի, կաթոլիկ եկեղեցու կամ աթեիզմի, ֆաշիզմի կամ հակաֆաշիզմի նկատմամբ։ Երկու դեպքում էլ մեթոդը բացարձակապես նույնն է. ով համառորեն պաշտպանում է կատվի առավելությունները մնացած բոլոր գազանների նկատմամբ, ըստ էության նույնն է անում, ինչ նա, ով պնդում է, որ Մուսսոլինին Իտալիայի միակ փրկիչն է։ Պարծենալով իր «ես»-ի ատրիբուտով՝ նա ջանում է, որ շրջապատում այդ ատրիբուտը (կատուն թե Մուսսոլինին) ընդունեն ու սիրեն բոլորը։ Ահա և այն տարօրինակ պարադոքսի էությունը, որի զոհերն են դառնում բոլոր նրանք, ովքեր «ես»-ը պաշտում են գումարման մեթոդով։ Նրանք ավելացնում են, որ ստեղծեն բացառիկ, անկրկնելի «ես»։ Բայց նույն պահին էլ դառնում են ավելացրած ատրիբուտի պրոպագանդիստը և ամեն ինչ անում են, որ հնարավորինս շատ մարդ իրենց նման լինի։ Դրա հետևանքով «ես»-ի բացառիկությունը (այդքան ջանքերի գնով ձեռք բերված) արագ վերանում է։

Միանգամայն տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ մարդը, որ կատու (կամ Մուսսոլինիին) է սիրում, չի բավարարվում իր սիրով, այլ աշխատում է սիրել տալ նաև ուրիշներին։ Փորձենք պատասխանել՝ հիշելով սաունայի այն երիտասարդ կնոջը, որ մարտականորեն հայտարարում է, թե սառը ցնցուղ է սիրում։ Դրանով նա կարողացավ իրեն վայրկենապես կտրել մարդկային ցեղի մի կեսից, որը նախընտրում է տաք ցնցուղը։ Ցավն այն է միայն, որ մարդկության երկրորդ կեսում ավելի շատերն են նման նրան։ Ափսոս, մարդիկ շատ են, մտքերը՝ քիչ։ Բա ո՞նց իրարից տարբերվենք։ Երիտասարդ կինը միայն մեկ միջոց գիտեր սառը ցնցուղ սիրող այս անհուն ամբոխին իր նմանության անհարմարությունը փարատելու։  «Պաշտում եմ սառը ցնցուղը» արտահայտությունը նա պիտի արտասաներ սաունայի դեռ շեմքից, ընդ որում այնպիսի էներգիայով, որ մնացած միլիոնավոր կանայք, որոնք նույնպիսի վայելում են ապրում սառը ցնցուղից, մի պահ թվան իր խղճուկ ընդօրինակողները։
Այլ կերպ ասած՝ եթե ուզում ենք, որ այդ անմեղ, ցնցուղի նկատմամբ ոչինչ չնշանակող սերը դառնա մեր «ես»-ի ատրիբուտը, պիտի աշխարհին իմաց տանք, որ հանուն այդ սիրո պատրաստ ենք պայքարելու։
Նա, ով իր «ես»-ի ատրիբուտ է դարձրել Մուսսոլինիին, կդառնա քաղաքականության մարտիկ։ Նա, ով կատվի, երաժշտության կամ հնաոճ կահույքի սեր ունի, նվերներ է անում իր մտերիմներին։
Պատկերացրեք՝ մի ընկեր ունեք, որ Շուման է սիրում ու տանել չի կարողանում Շուբերտին։ Բայց ձեր խելքը գնում է Շուբերտի համար, իսկ Շումանն անտանելի ձանձրալի է։ Ձեր ընկերոջը ծննդյան օրվա առթիվ ո՞րի ձայնագրությունը կնվիրեք. Շումանի՞, որին նա է սիրում, թե Շուբերտի, որին պաշտում եք դուք։ Բնականաբար՝ Շուբերտինը։ Եթե Շուման նվիրեք, տհաճ զգացողություն կունենաք, որ այդ նվերը սրտանց չի արված ու ավելի շուտ նման է կաշառքի, որով հույս ունեք սիրաշահելու ձեր ընկերոջը։ Այնինչ նվերը դուք սիրելով եք տալիս, ուզում եք ձեր ընկերոջը ձեզնից մի մասնիկ տալ, ձեր սրտի մի մասնիկը։ Դրա համար էլ նրան Շուբերտի «Անավարտն» եք նվիրում, որի վրա նա ձեր գնալուց հետո կթքի, հետո ձեռնոց կդնի , կբռնի երկու մատով ու կգցի շենքի մոտ դրված աղբամանը։
Մի քանի տարի շարունակ Լորան քրոջն ու նրա ամուսնուն ափսեների ու պնակների հավաքածու, թեյի սպասք, մրգի զամբյուղ, լամպ, ճոճաթոռ, մոտավորապես հինգ մոխրաման, սփռոց, ամենակարևորը՝ ռոյալ էր նվիրում, որը մի անգամ անակնկալ երկու պնդակազմ տղամարդ բերեցին ու հարցրին, թե ուր դնեն։ Լորան շողում էր. «Ես ուզեցի մի այնպիսի բան ձեզ նվիրել, որ իմ մասին մտածեք նույնիսկ այն ժամանակ, երբ ես ձեզ հետ չեմ»։
Ամուսնալուծությունից հետո Լորան քրոջ տանն էր անցկացնում ամեն ազատ րոպեն։ Բրիջիտի հետ պարապում էր, ինչպես սեփական դստեր հետ, իսկ ռոյալը քրոջ համար գնել էր գլխավորապես, որ ուզում էր զարմուհուն նվագել սովորեցնել։ Բայց Բրիջիտը ատեց ռոյալը։ Անյեսը վախենում էր, որ Լորան կվիրավորվի, աղաչում էր դստերը իրեն հավաքել ու ջանալ տարվել այդ սև ու սպիտակ ստեղներով։ Բրիջիտը ըդնվզում էր. «Հիմա ի՞նչ, ես պիտի դաշնամուր նվագել սովորեմ հանուն նրա հաճույքի՞»։ Արդյունքում ամեն ինչ վատ եղավ. մի քանի ամսից ռոյալն ընդամենը ճոխ դեկորացիա էր կամ, նույնիսկ, ավելի շուտ՝ խոչընդոտ, մի տխուր հիշատակում ինչ-որ չստացված բանի մասին, մի հսկայական սպիտակ մարմին (այո, դա սպիտակ ռոյալ էր), որը ոչ ոքի պետք չէր։
Անկեղծ ասած՝ Անյեսը ո՛չ թեյի սպասքն էր սիրում, ո՛չ ճոճաթոռը, ո՛չ ռոյալը։ Էնպես չի, թե դրանք անճաշակ բաներ էին։ Բայց դրանց բոլորի մեջ ինչ-որ էքսցենտրիկ բան կար, որ չէր համապատասխանում ո՛չ իր բնավորությանը, ո՛չ իր ճաշակին։ Ահա թե ինչու նա ոչ միայն անկեղծ ուրախությամբ, այլև եսասիրական թեթևացումով վերաբերվեց Լորայի հայտարարությանը (ռոյալն արդեն վեց տարի էր՝ իր բնակարանում անշարժ դրված էր), որ Բերնարը՝ Պոլի երիտասարդ ընկերը, իր սերն է դարձել։ Կրքով բռնկված կինը, մտածում էր Անյեսը, իր համար ավելի գրավիչ զբաղմունք կգտնի, քան քրոջը նվերներ քարշ տալն ու զարմուհուն դաստիարակելը։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: