RSS

Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

25 Օգս

flowers-for-algernon-bookԸնթերցող ուսուցչի հայացքով

Մասնագիտական գրականությունն իր կրողների համար ամենաձանձրալին է, որովհետև մասնագիտությունը, որպես կանոն, սովորում ու դրանում հմտանում են աշխատելիս՝ փորձառությամբ։

Բայց չես էլ ասի, թե գրականությունն ընդհանրապես պետք չէ։
Այս պարագայում, մանավանդ ամառային արձակուրդների օրերին, հաճելին ու օգտակարը մեկտեղելն ամենանպատակային ձևն է։
Այդպես, մանկավարժական մոտեցումների ու գաղափարների շտեմարան է Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը։

Ի՞նչ սովորեցնել, ինչո՞ւ սովորեցնել, ո՞ւմ սովորեցնել…  Ինքնուրույն սովորելու համար ի՞նչ է պետք։ Ի՞նչ ասել է ինտելեկտ. որքանո՞վ է դա ձեռքբերովի….

Հարցադրումները անընդհատ հաջորդում են իրար։

Հերոսը հրաշքով ձեռք բերած հիշողությամբ փորփրում է անցյալը։ Սովորելու համար, պարզվում է, հիշողությունը լուրջ գործոն է։ Բայց արդյո՞ք դա բավարար է ինտելեկտուալ մարդ լինելու համար։

Հետաքրքիր է երիտասարդ գիտնական-հոգեբանի վերլուծությունը. «Դու երկար ճանապարհը շատ արագ ես անցել։ Հիմա դու հրաշալի ուղեղ ունես, քո գիտակցականության աստիճանը հնարավոր չէ չափել, իսկ հավաքած գիտելիքների ծավալը դուրս է ամեն երևակայությունից։ Բայց դու միակողմանի ես։ Դու գիտես։ Դու տեսնում ես։ Բայց չես հասկանում»։ (Այստեղ և հետո թարգմանությունը  իմն է։ Հ.Ղ.)

Սովորաբար մեկ- երկու էջ կարդացած երիտասարդն իրեն արդեն հանճար է երևակայում։ Իրականում իսկական ինտելեկտը հասկանալու, ոչ թե իմանալու մեջ է։ Բայց պարադոքսն այն է, որ հասկանալու համար հարկավոր է իմանալ, հետո՝ փորփրել-համադրել, հետազոտել։ Այս դեպքում ինտելեկտուալ խնդիրը լուծելն ինքնին արդեն հաճույք, այդպիսով և խրախուսանք է դառնում մտածող էակի, անգամ փորձամկան համար . «Հարկավոր է, որ Էլջերնոնն էլ (Էլջերնոնը մուկ է։ Հ.Ղ.) լավ մարզավիճակում լինի։ Միայն հարկավոր է գտնել ուրիշ մոտիվացիա, ոչ սնունդ։ Պիտի որ լինեն, չէ՞, նաև ուրիշ պարգևներ, որ նրան կմղեն գործողության»։

Մարդը հասարակական էակ է, նա կարիք ունի ընդունված լինելու հասարակության,  հարազատների կողմից։ Մարդկանց հետ շփումները, առաջացած խնդիրները Չառլին անկարող է լուծել իր ունեցած անսահման գիտելիքներով։ Բայց էականն այստեղ հենց հերոսի գիտակցումն է, որ կյանքը նույնպիսի գիրք է՝ իր բազմաթիվ ու տարաբնույթ էջերով, որից պետք է քաղել անհրաժեշտ տեղեկությունը։ Չառլին, ի վերջո, եզրակացնում է. «Բանականություն ունեցող, բայց սիրելու ու սիրված լինելու ընդունակությունից զուրկ մարդը դատապարտված է ինտելեկտուալ ու բարոյական աղետի»։
Ամենով հանդերձ, միևնույն է, մարդ լիարժեքության զգացում կարող է ունենալ, միայն եթե հասկանում է ինքն իրեն. «Ես չեմ կարող լիարժեք մարդ դառնալ, քանի ինքս ինձ չեմ հասկացել», գրառում է հերոսը։  Չառլին փնտրում է իրեն, իր մտքի ուժով հասկանում է, որ գուցե շատ ժամանակ չունի, բայց կամքի ուժը չի հերիքում՝ պահպանելու ձեռք բերածը։ Ավելի ուշ նա ցավում է, որ չի ջանացել.«…հանկարծ հասկացա, որ եթե շարունակեի կարդալ  ու հիշել ինչ-որ նոր բան, նույնիսկ այն պայմանով, որ հինը մոռացվեր, կկարողանայի պահպանել բանականության մի մասը։ Շարժասանդուղքը իջնում է։ Եթե ես կանգնեմ նույն աստիճանին, ամենայն հավանականությամբ կիջնեմ մինչև հատակը։ Եթե վազեմ վերև, չի բացառվում, որ կմնամ նույն տեղում»։

Տխուր է գիտակցել, որ պայծառացումը ժամանակավոր է։ Ինքդ քեզ մխիթարում ես, թե Քիզը ֆանտաստ գրող է, սա ֆանտաստիկա է…

Բայց ուշադիր լինենք. Քիզն ընդամենը ներկայացրել է մարդու կյանքը՝ մանկությունից ծերություն։ Պարզապես երևույթը դրել է խոշորացույցի տակ ու ներկայացնում է՝ տեմպն արագացրած։ Մենք բոլորս ինչ-որ տեղ Չառլի Գորդոն ենք։ Եվ եթե այդպես է, ուրախ լինենք, որ պայծառացումն ապրել ենք (դա սովորաբար համընկնում է ընկալունակ երիտասարդության հետ)։

Բոլորովին էլ անհուսալի չէ հերոսի վիճակը. ըստ էության փորձը հաջողվել էր։ Այն, ինչ հիշողությամբ պիտի պահեր, անցավ, բայց դրա հետքը՝ հետևանքը՝ հասկանալու ունակությունը, մնաց։ Մնաց կենսափորձի արդյունքը։ Հիմա նա հասկանում է, թե շրջապատն ինչպես է իրեն վերաբերվում և , ամենակարևորը, ընտրություն անելու կարողություն ունի։

Հետաքրքիր ձև է ընտրել հեղինակը ասելիքը տեղ հասցնելու համար՝ երիտասարդի գրառումները։ Ժամանակի ընթացքում մտավոր հետամնաց հերոսն ու նրան ծաղրողները տեղերը փոխում են։ Ինչպե՞ս է վերաբերվում մարդն իրենից թույլին, ինչպե՞ս է վերաբերվում, երբ ինքն է թույլ։ Իր գրառումներում Չառլին զարմանում է, որ այս մարդիկ իրենց գիտակ ու բարեկիրթ են համարում, երբեք չեն վիրավորի ֆիզիկական թերություն ունեցող մարդկանց, բայց մտավոր թերությունն անխնա ծաղրում են։ Չէ՞ որ մտավոր հետամնացը նույնպես մարդ է։ Հստակ է հեղնակի վերաբերմունքը՝ կարևոր չէ՝ ինչ ես անում, կարևոր է, թե ինչպես են քո արարքին վերաբերվում ուրիշները։ Այդ ուրիշներն են քո տեղը հասարակության մեջ որոշում։ Մարդիկ իրենց առավելությունն ընդգծելու կարիքն ունեն։ Ինչ ձևով էլ դա անեն (նաև խնամելով), միևնույն է, հասարակությունից դուրս մնացածի հաշվին է։

Ի վերջո, միևնույն է, իր վախճանը մարդ մենակ է ընդունում։ Տիեզերքի առաջ նա միայնակ է։ Երբ արդեն հանճար դարձած հերոսն ականջ է դնում իր մտավոր հետամնաց «ես»-ին, ինքն իր համար արձանագրում է. «Չառլին չի ուզում, որ ես բացեմ վարագույրը։ Չառլին չի ցանկանում իմանալ՝ ինչ կա դրա հետևում։ Չլինի՞՝ վախենում է Աստծուն տեսնել։ Թե՞ վախենում է ոչինչ չտեսնել»։

Վեպի բազմաթիվ նրբություններ չշոշափեցի այստեղ. չէի էլ կարող։ Դա հազարավոր մանր բյուրեղներից հավաքած մի պատկեր է, որի յուրաքանչյուր մասնիկ իր անկրկնելի բովանդակությունն ունի։

Հրաշալի գործ է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ։ Գիրքը ռուսերեն                անգլերեն

https://25haich4342.ru/f2.html?a=26698https://gyh1lh20owj.ru/u.html?a=26698

 

Պիտակներ՝ , ,

2 responses to “Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: