RSS

2BRO2B

08 Հկտ

10262945_Vonnegut23Կուրտ Վոննեգուտ

Ամեն ինչ հոյակապ էր։
Ո՛չ բանտեր կային, ո՛չ ետնախորշեր, ո՛չ հոգեբուժարաններ, ո՛չ անկելանոցներ, ո՛չ աղքատություն, ո՛չ պատերազմ։ Բոլոր հիվանդությունները, ինչպես նաև ծերությունը հաղթահարված էին։ Մահը, բացառությամբ դժբախտ պատահարների, մի արկած էր կամավորների համար։ Միացյալ Նահանգների բնակչությունը կայուն քանակով պահպանվում էր՝ քառասուն միլիոն հոգի։
Մի պայծառ առավոտ Չիկագոյի ծննդատներից մեկում Էդուարդ Ուելլինգ Կրտսեր  անունով մի մարդ սպասում էր իր կնոջ ծննդաբերելուն։ Նա միակ սպասողն էր։ Այլևս այսքան շատ մարդ մի օրում չէր ծնվում։
Ուելլինգը հիսունվեց տարեկան էր՝ ընդամենը դեռահաս մի հասարակության մեջ, ուր միջին տարիքը հարյուրքսանինն էր։ X ճառագայթները ցույց էին տվել, որ նրա կինը եռյակ է ունենալու։ Սրանք նրանց առաջնեկներն էին։ Երիտասարդ Ուելլինգը կծկվել էր բազկաթոռի մեջ՝ գլուխն ափերի մեջ առած։ Նա այնքան տրորված էր, այնքան լուռ ու դժգույն, որ անտեսանելի էր դարձել։ Նրա տեսքը համահունչ էր այս սպասասրահին, ուր անկարգ ու անբարո մթնոլորտ էր տիրում. չափազանց անկարգ ու անբարո։ Աթոռներն ու աղբամանները հեռացված էին պատերի տակից։ Հատակին հագուստի կտորտանքներ էին։ Սենյակը նորոգման մեջ էր։ Դա նորոգվում էր որպես հուշ մի մարդու մասին, ով կամավոր էր գրվել, որ  մեռեր։
Չարախնդացող մի ծեր մարդ՝ մոտ երկու հարյուր տարեկան, նստեց աստիճանին՝ չուզելով նկարելու համար մի որմնանկար։ Այն ժամանակներում, երբ մարդու տարիքը երևում էր տեսքից, նրան մի երեսունհինգ տարեկան կտային։ Տարիներն այդքան էին հասցրել նրա վրա ազդել, նախքան կգտնվեր ծերացման դեմ բուժումը։ Նկարը, որի վրա նա աշխատում էր, ներկայացնում էր մի թավ այգի։ Կանայք ու տղամարդիկ՝ սպիտակ հագուստով, բժիշկներն ու բուժքույրերն էին, որ հողն էին փորում, բույսեր տնկում, վնասազերծում պարարտացման հետ տարածվող բզեզներից։
Մանուշակագույն արտահագուստով կանայք ու տղամարդիկ քաղհան էին անում, կտրատում ծեր, հիվանդ ու չորացած տերևներն ու գցում աղբամանը։
Երբեք ու երբեք, ոչ անգամ միջնադարյան Հոլանդիայում , ոչ էլ հին Ճապոնիայում այգին այսքան հարդարված չի եղել։ Ամեն տնկի ունի այնքան հող, լույս, ջուր, օդ ու սնուցում, որքան կարող է ինքը օգտագործել։

Հիվանդանոցի սանիտարը անցնում էր միջանցքով՝ քթի տակ մի հանրահայտ երգ դնդնալով. «Սիրելիս, եթե քեզ դուր չեն գալիս իմ համբույրները, Գիտե՞ս ինչ կանեմ. Կգնամ մանուշակագույն հագած աղջկա մոտ՝ աշխարհում ամենատխուր հրաժեշտի համբույրը տալու։ Եթե դու իմ սերը չես ուզում, ինչո՞ւ եմ ես աշխարհի փեշը բռնելու։ Կգնամ այս հին մոլորակից, Թող մի քաղցր մանուկ իմ տեղը բռնի»։ Սանիտարը նայեց նկարին ու նրա նկարողին.
-Ի՛նչ նման է իրականին,- ասաց,- ես նույնիսկ կարող եմ պատկերացնել, որ կանգնած եմ դրա կենտրոնում։
-Ի՞նչն է ձեզ մտածել տալիս, թե ներսում չեք,- ասաց նկարիչը։ Նա մի քմծիծաղ տվեց.- գիտե՞ս, որ կոչվում է «Երջանիկ կենաց այգի»։
-Դոկտոր Հիթսը լավ է ստացվել,- ասաց սանիտարը։
Նա գլխով արեց սպիտակ հագած արական կերպարներից մեկի կողմը, որին դոկտոր Բենջամին Հիթսի՝ գլխավոր մանկաբարձի գլուխն էր նկարված։ Հիթսը շլացուցիչ գեղեցկություն ուներ։
Դեռ ինչքա՛ն դեմքեր պիտի ավելացնենք,- ասաց սանիտարը։ Նա ի նկատի ուներ, որ որմնանկարի շատ կերպարների դեմքերի տեղերը դեռ դատարկ էին։ Բոլոր թափուր տեղերը պիտի լրացվեին կա՛մ հիվանդանոցի, կա՛մ Վախճանի ֆեդերալ բյուրոյի Չիկագոյի մասնաճյուղի կարևոր մարդկանց դիմանկարերով։
-Երևի հաճելի է այնպիսի նկարներ ստեղծել կարողանալը, որ նման լինեն,- ասաց սանիտարը։ Նկարիչի դեմքը խոժոռվեց մտքերից.
-Կարծում ես՝ հպարտանո՞ւմ եմ էս ներկարարությամբ,- ասաց,-կարծում ես՝ էսպիսի իրական կյանքը ի՞մ մտահղացումն է։
-Ինչո՞վ քեզ իրական կյանքը դուր չի գալիս,- հարցրեց սանիտարը։
-Սա է դրա լավագույն պատկերը,-ասաց նկարիչը՝ մատնացույց անելով հատակի կեղտոտ շորը,-սա դիր շրջանակի մեջ, և կունենաս անիծված կյանքի հազար անգամ ավելի ազնիվ պատկերը, քան սա է։
-Բայց դու ծեր ու մռթոշ բադ ես, չէ՞,-ասաց սանիտարը։
-Դա մե՞ղք է,- ասաց նկարիչը։
Սանիտարն ուսերը թոթվեց.
-Եթե դու չես հավանում էս կյանքը, պապի՛կ, «To be, or not to be…» — միտքն ավարտեց բառախաղ- հեռախոսահամարով, որով զանգում էին, ովքեր էլ չէին ուզում ապրել՝ «2   B R     0  2  B»։ Հեռախոսահամարի զրոն նա արտասանեց որպես «ոչ»։
Դա այն հաստատության հեռախոսահամարն էր, որի հեգնական մականվան մեջ ներառվում էր «Ավտոմատ սրճարանը», «Թռչներկիրը», «Պահածոյի գործարանը», «Անպիտանություն», «Դյուրաշարժիչ», «Ցտեսություն, մայրիկ», «Ուրախ խուլիգան», «Դե շուտ, համբուրիր ինձ», «Բախտավոր Փիրր», «Զառ-գառ», «Զգույշ Բլանդոր», «Ոչ մի լաց» և «Ի՞նչ հոգ»։
«To be or not to be»-ն Վախճանի ֆեդերալ բյուրոյի քաղաքային գազախցիկի հեռախոսահամարն էր։
Նկարիչը քիթը ցցեց սանիտարի կողմը.
-Ես եմ որոշում՝ երբ գնամ,- ասաց,- և դա չի լինելու Զառ-գառի միջոցով։
-Դու քո գլխի ճարը կտեսնես, հա՞- ասաց սանիտարը։-Կեղտոտ գործ է, պապիկ։ Ինչո՞ւ մի քիչ չեք մտածում ձեր հետևից մաքրողների մասին։
Նկարիչը թունդ արտահայտվեց՝ ի նշան իրենից հետո մնացողների անկայուն կյանքի նկահմամբ վերաբերմունքի բացակայության։
-Էս աշխարհն ավելի շատ կեղտից էլ գլուխ կհանի, թե ինձ հարցնեք,- ասաց։
Սանիտարը ծիծաղեց ու գնաց։
Ուելլինգը՝ սպասող հայրիկը, քթի տակ մռթմռթաց՝ առանց գլուխը բարձրացնելու։ Հետո էլի լռեց։
Կոպիտ, սոսկալի մի կին՝ բարձրակրունկները հագին, մեծ քայլերով մտավ սպասասենյակ։ Նրա կոշիկները, գուլպաները, թիկնոցը, պայուսակն ու անդրծովյան գլխարկը՝ բոլորը մանուշակագույն էին, մանուշակագույն, որ նկարիչն անվանում էր «Դատաստանի օրվա խաղողի գույն»։ Նրա մանուշակագույն փաթեթի վրայի մեդալիոնը Վախճանի ֆեդերալ բյուրոյի ծառայությունների բաժանմունքի կնիքն էր՝ Խաչափայտին հպարտ թառած արծիվ։
Կնոջ դեմքը շատ մազոտ էր. ըստ էության, դրանք բեղեր էին։ Հետաքրքիր մի բան էլ . գազախցիկի բոլոր աշխատակցուհիները, որքան էլ անուշիկ ու կանացի լինեին զինվորագրվելիս, բոլորն էլ հինգ -վեց տարում բեղեր էին ունենում։
-Ճի՞շտ եմ եկել,-հարցրեց նկարիչին։
-Մի քիչ կախված է նրանից, թե ինչու եք եկել,- ասաց։- Երեխա ունենալու չեք եկել, չէ՞։
-Ինձ ասացին, որ պիտի նկարեք ինձ- ասաց,- իմ անունը Լեորա Սփանդ է։
Նա լռեց։
-Եվ դուք մարդկանց սպանդ եք անում։
-Ներեցե՞ք,- ասաց նա։
-Անցանք,-պատասխանեց։
-Սա, իհարկե, լավ նկար է,-ասաց կինը։-Ճիշտ նման է եդեմի կամ նման մի բան։
-Նման մի բան,-ասաց նկարիչը։ Նա արտահագուստի գրպանից հանեց անվանացանկը։
-Սփանդ… Սփանդ … Սփանդ,-ասաց,- Այո՛, կաք։ Ձեզ հավերժանալու բախտ է վիճակվել։ Մի անդեմ մարմին գտեք, որն ուզում եք՝ վրան Ձեր գլուխը նկարեմ։ Մի քանի ընտրելու բան դեռ ունենք։
Կինն ուսումնասիրեց որմնանկարները։
-Էհ,-ասաց,-ինձ համար սրանք բոլորն էլ նույնն են։ Ես արվեստից բան չեմ հասկանում։
-Մարմինը մարմին չէ՞,- ասաց տղամարդը։-Լավ, որպես գեղանկարչության վարպետ, ես խորհուրդ եմ տալիս ահա այս մարմինը։
Նա ցույց տվեց մի կանացի անդեմ մարմին, որ չորացած ծաղիկները տանում էր դեպի աղբամանը։
-Լավ,- ասաց Լեորա Սփանդը,-սա տեխնիկական աշխատող չէ՞։ Ի նկատի ունեմ՝ ես ղեկավարության մեջ եմ, տեխնիկական գործ չեմ անում։
Նկարիչը կեղծ բավականությամբ ծափ զարկեց։
-Համ ասում եք՝ արվեստից բան չեք հասկանում, համ էլ հենց տեղնուտեղը ապացուցում եք, որ ավելի շատ բան գիտեք, քան ես։ Իհարկե, աղբ թափողը տիրուհու համար սխալ բան է։ Դերձակը, փայտահատը ավելի կսազեին ձեզ։
Նա մի մանուշակագույն ֆիգուր ցույց տվեց, որ խնձորենուց չոր ճյուղ էր սղոցում։
-Սրա՞ն ինչ կասեք։ Լրիվ դուք եք։
-Աստված իմ,- ասաց։ Հետո կարմրեց ու զիջեց.
-Դա…Դա ինձ դասում է հենց դոկտոր Հիթսից հետո։
-Դա ձեզ վշտացնո՞ւմ է։
— Ոչ, ամենևին։ Դա… դա ավելի շուտ պատիվ է։
-Ոհ, դուք նրանով հմայված եք, հա՞,- ասաց նկարիչը։
-Իսկ ո՞վ նրանով հմայված չէ,-ասաց կինը՝ խոնարհվելով Հիթսի դիմանկարի առաջ։ Դա թխամաշկ, սպիտակած մազերով ամենակարող Զևսի մի դիմանկար էր՝ երկու հարյուր քառասուն տարեկան։
-Ո՞վ նրանով հմայված չէ, ասաց նա նորից։- Նրա ջանքերով Չիկագոյում առաջին գազախցիկը տեղադրվեց։
-Ինձ ոչինչ այնքան հաճույք չի պատճառում,- ասաց նկարիչը,- որքան Ձեզ նրա կողքին դնելը։ Ճյուղ սղոցելը Ձեր սրտո՞վ է։
-Դա նման է իմ արածին,-պատասխանեց։ Նա մեղմում էր իր արածը։ Ինքն ամեն ինչ անում էր, որ մարդիկ հանգիստ լինեն, այնինչ սպանում էր նրանց։
Եվ մինչԼեորա Սփանդը դիրք էր ընդունել՝ իր դիմանկարի համար, սպասասենյակ խուժեց ինքը՝ դոկտոր Հիթսը։ Սա յոթ ոտնաչափ հասակ ուներ և թնդում էր կարևորությամբ, կատարելությամբ և կյանքի նկատմամբ բերկրանքով։
-Օհ՜, միսս Սփանդ, միսս Սփանդ,-ասաց կատակելով։ -Ի՞նչ եք անում այստեղ։ Այստեղ մարդիկ չեն վախճանվում։ Այստեղ միայն սկսվում են։
-Մենք շուտով միասին նույն նկարում ենք լինելու,-ասաց կինը կարմրելով։
-Լավ է,- ասաց դկ. Հիթսը,- դա էն նկարներից մեկը չի՞։
— Ես, իհարկե, պատիվ ունեմ ձեզ հետ նույն նկարում լինելու,-ասաց կինը։
-Թույլ տվեք ասել՝ ե՛ս պատիվ ունեմ Ձեզ հետ նույն նկարում լինելու։ Առանց ձեզ նման կնոջ այս աշխարհը, որ ունենք, անհնար կլիներ։
Նա ողջունեց կնոջը և գնաց դեպի մատակարարման սենյակը։
-Գուշակիր՝ հենց նոր ինչ ծնվեց։
-Չեմ կարող։
-Եռյա՜կ,-ասաց։
-Եռյա՜՞կ,- ասաց կինը։ Նրա բացականչությունը վերաբերում էր եռյակի հետ կապված օրինականությանը։ Օրենքն ասում էր, որ ոչ մի նորածին երեխա չի կարող ապրել, քանի դեռ նրա ծնողները չեն գտել մեկին, ով ինքնակամ կմեռնի։ Եռյակը, եթե բոլորն էլ պիտի ապրեն, երեք կամավորի կարիք ունի։
— Ծնողներն ունե՞ն երեք կամավոր,- ասաց Լեորա Սփանդը։
— Իմ իմացած վերջին տվյալներով մեկն ունեն,-ասաց դկ. Հիթսը,- երկու ուրիշներին էլ փորձում են մի տեղից քերել։
-Դժվար թե մի բան դուրս գա։ Մեզ մոտ ոչ մի եռյակ դիմում չի եղել։ Մեկհոգանոցից բացի, գոնե մինչև իմ էստեղ գալը, ուրիշ բան չի եղել ։ Անունն ի՞նչ է։
-Ուելլինգ,- ասաց սպասող հայրը՝ նստած, աչքերը կարմիր, ինքն էլ թոռոմած։ -Էդուարդ Ք.Ուելլինգ կրտսեր։ Երջանիկ հոր անունը, չէ՞։
Նա բարձրացրեց աջ ձեռքը, նայեց պատի վրա մի կետի, մի խռպոտ դժբախտ քմծիծաղ տվեց.
-Ներկա,- ասաց։
-Օհ, միստր Ուելլինգ, ես ձեզ չէի տեսել, ասաց դկ. Հիթսը։
-Անտեսանելի մարդն եմ,- ասաց Ուելլինգը։
-Հենց նոր զանգեցին ու ասացին, որ ձեր եռյակը ծնվել է,- ասաց դկ. Հիթսը,- բոլորն էլ լավ են, ինչպես նաև մայրը։ Հիմա գնում եմ՝ նրանց տեսնելու։
-Ուռա՜,-ասաց Ուելլինգը անարտահայտիչ։
-Այնքան էլ ուրախ չբացականչեցիք,-ասաց դկ.Հիթսը։
-Ինչի՞ վրա պիտի ուրախանա իմ դրության մարդը,-ասաց Ուելլինգը։ Նա ձեռքերով իրադրության պարզության նշանն ապեց։
-Միակ բանը, որ պիտի անեմ, պարզելն է, թե եռյակից որ մեկը պիտի ապրի։ Հետո իմ մոր պապին պիտի բերեմ «Երջանիկ խուլիգանի» մոտ ու հետ գամ վճարումը կատարած։
Դկ. Հիթսը խիստ նայեց Ուելլինգին.
-Դուք չե՞ք հավատում ազգաբնակչության վերահսկմանը, միստր Ուելլինգ։
-Կարծում եմ՝ կատարյալ բան է,- ասաց Ուելլինգը լարված։
-Չլինի՞՝ ուզում եք հետ գնալ դեպի հին բարի օրերը, երբ Երկրի բնակչությունը քսան միլիարդ էր, որ շուտով դառնալու էր քառասուն միլիարդ, հետո ութսուն, հետո՝ հարյուր վաթսուն միլիարդ… Դուք գիտե՞ք՝ ինչ է մոշը, միստր Ուելլինգ,- ասաց Հիթսը։
— Ոչ, ասաց Ուելլինգը հիմարավուն հայացքով։
-Մոշը, միստր Ուելլինգ, փոքրիկ ուռուցիկ մի բան է՝ սև հաղարջի հատիկների փափուկ տեսակն է,- ասաց դկ. Հիթսը։ -Առանց բնակչության վերահսկման մարդ արարածները հիմա այս հին մոլորակի վրա կկուտակվեին ինչպես մոշի գնդիկները մոշի գլխիկի վրա։ Պատկերացնո՞ւմ եք։
Ուելլինգը շարունակում էր աչքերը չռել պատի վրայի նույն ծակին։
-2000 թվին,- ասաց դկ. Հիթսը,-նախքան գիտնականները կմիջամտեին, խմելու բավարար ջուր չկար ու ուտելու բան չկար ջրիմուռից բացի, մարդիկ պնդում էին ճագարի նման բազմանալու իրենց իրավունքը։ Եվ նրանց իրավունքն էր, եթե հնարավոր է, հավերժ ապրելը։
-Ես էն գառնուկներն եմ ուզում,- հանդարտ ասաց Ուելլինգը,- ես դրանց երեքին էլ ուզում եմ։
-Իհարկե, կուզես, մարդ ես, չէ՞։
-Ոչ էլ ուզում եմ, որ պապս մեռնի։
-Ոչ ոք էլ չի ուրախանում՝ տանելով իր հարազատին «Կատվաբուն»,-ասաց Հիթսը բարեկրթորեն ցավակցելով։
-Երանի մարդիկ դրան էդպես չասեին,- ասաց Լորա Սփանդը։
-Ի՞նչ,- ասաց դկ. Հիթսը։
-Երանի մարդիկ դա «Կատվի բուն»  կամ նման բան չկոչեն,-ասաց,-դա մարդկանց մեջ սխալ տպավորություն է առաջացնում։
-Դուք միանգամայն ճիշտ եք,- ասաց դկ.Հիթսը,- ներեցեք խնդրեմ,- ուղղեց նա ինքն իրեն` մունիցիպալ գազախուցն անվանելով այնպես, ինչպես էլ ոչ ոք խոսքի մեջ չէր անվանում։
-Պիտի ասեի՝ Սուիցիդի էթիկական ստուդիա,-ասաց։
-Դա շատ ավելի լավ է հնչում,- ասաց Լեորա Սփանդը։
-Ձեր երեխան, միստր Ուելլինգ,-ասաց դկ.Հիթսը,-որին էլ որոշեք պահել, տղա թե աղջիկ՝ ապրելու է երջանիկ, ազատ, մաքուր, հարուստ մոլորակում շնորհիվ ժողովրդագրական վերահսկողության։ Այ այն որմնանկարի պարտեզի պես։ — Նա թափահարեց ձեռքը։- Երկու դար առաջ, երբ ես երիտասարդ մարդ էի, սա մի դժոխք էր, որը ոչ ոք ի վիճակի չէր տանելու ևս մի քսան տարի։ Հիմա խաղաղության ու առատության դարերը ձգվում են այնքան, որքան մեր երևակայությունն է կտրում։
Դոկտորը ժպտում էր պայծառացած։ Բայց ժպիտը սառեց, երբ տեսավ, որ Ուելլինգը ատրճանակ է հանում։
Ուելլինգը գնդակահարեց դկ.Հիթսին.
-Ահա՝ մեկի տեղը,-ասաց,- մի մեծ տեղ։
Հետո կրակեց Լեորա Սփանդի վրա.
-Սա ընդամենը մահ է,- ասաց նրան, երբ ընկնում էր,- եղավ։ Սա էլ՝ երկրորդի տեղը։
Հետո նա ինքնասպան եղավ՝ երրորդ երեխայի համար էլ, այսպիսով, տեղ ապահովելով։ Ոչ ոք ներս չվազեց, ասես ոչ ոք կրակոցի ձայն չէր լսել։
Նկարիչը նստեց իր աստիճանի ծայրին ու ապշած նայում էր այդ ցավալի տեսարանին։
Նա մտածում էր ծնված լինելու  պահանջմունքի և մեկ անգամ ծնվելուց հետո բեղուն լինելու …. բազմանալու ու  հնարավորինս երկար ապրելու պահանջմունքի՝ կյանքի մռայլ առեղծվածի մասին, ապրել՝ անելու համար այս ամենը` մի շատ փոքր մոլորակի վրա, և մշտապես։
Բոլոր պատասխանները, որ նկարչի մտքով անցնում էին, դաժան էին։ Ավելի դաժան էին, անկասկած, քան «Կատվի բունը», «Երջանիկ խուլիգանը» կամ «Հեշտ անցումը»։ Նա մտածում էր պատերազմի մասին, մտածում էր համաճարակների մասին, քաղցի մասին։
Նա գիտեր, որ էլ երբեք չի նկարելու։ Բաց թողեց իր վրձինը, որն ընկավ ներքև՝ ներկի տակ գցած կտորին։ Հետո որոշեց, որ բավականին ապրել է կյանքի Երջանիկ պարտեզում, չափազանց շատ։ Նա դանդաղ ցած իջավ աստիճանից։
Վերցրեց Ուելլինգի ատրճանակը ինքնասպան լինելու հաստատ մտադրությամբ։ Բայց համարձակությունը չհերիքեց։ Նկատեց հեռախոսախցիկը սենյակի անկյունում։ Մտավ, հավաքեց անգիր արած համարը՝ “2 B R 0 2 B.”
-Վախճանի ֆեդերալ բյուրո,- ասաց կանացի շատ ջերմ ձայնը։
-Ես ե՞րբ կարող եմ ներարկում ստանալ,- խոսեց նա միանգամայն շրջահայացորեն։
-Ամենաուշը, հավանաբար, այսօր կեսօրին, պարոն,-ասաց կինը,-Հնարավոր է նաև ավելի շուտ, եթե հրաժարվող լինի ընթացքում։
-Լավ,-ասաց,- ներարկեք, հենց կարողանաք,- և անունն ասաց`հատ-հատ հեգելով։
-Շնորհակալություն, պարոն,- ասաց  կինը,- մեր քաղաքը շնորհակալ է Ձեզ, մեր մոլորակը շնորհապարտ է Ձեզ, մեր երկիրը շնորհապարտ է Ձեզ, Ձեզ պաշտում է մեր մոլորակը։ Բայց մեծագույն շնորհակալությունը Ձեզ՝ գալիք սերունդներից։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , , , , ,

One response to “2BRO2B

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: