RSS

Անմահություն

16 Հկտ

96_mainհատված 16
Միլան Կունդերա

Հեմինգուեյը սարսափելի դողում էր, և Գյոթեն բռնեց նրա ձեռքը։

-Հանգստացեք, Էռնեստ, հանգստացեք, բարեկամս։ Այն, ինչ դուք պատմում եք, հիշեցնում է ինձ իմ մի երազը։ Դա իմ վերջին երազն էր. դրանից հետո էլ երազ չեմ տեսել, կամ տեսածներս այնքան խառն են եղել, որ իրականությունից չեմ տարբերել։

Պատկերացրեք տիկնիկային թատրոնի մի փոքրիկ դահլիճ։ Ես բեմի հետևում եմ, տիկնիկները վարում եմ, ինքս էլ տեքստը կարդում եմ։ «Ֆաուստի» ներկայացումն է։ Իմ «Ֆաուստի»։ Ի դեպ՝ գիտեի՞ք, որ «Ֆաուստն» ուրիշ ոչ մի տեղ այնքան լավը չէ, որքան տիկնիկային թատրոնում։ Դրա համար էլ ես այնքան երջանիկ էի, որ կողքիս ոչ մի դերասան չկա և մենակ ես էի կարդում բանաստեղծություններս,  որոնք այդ օրը ավելի, քան երբևէ հրաշալի էին հնչում։ Ու էդտեղ ես հանկարծ նայում եմ դահլիճին ու տեսնում եմ, որ դատարկ է։

Ես շփոթվեցի։ Ո՞ւր են հանդիսատեսները։ Մի՞թե իմ «Ֆաուստն» այնքան ձանձրալի է, որ բոլորը գնացել են տուն։ Մի՞թե ես անգամ սուլոցների արժանի չէի։ Ես մոլորված հետ նայեցի ու քարացա։ Ենթադրում էի, որ նրանք դահլիճում են, բայց դուրս եկավ, որ կուլիսների հետևում էին ու մեծ, հետաքրքրված աչքերով ինձ էին նայում։ Հենց մեր հայացքները հանդիպեցին, ծափահարություններ հնչեցին։ Եվ ես հասկացա, որ իմ Ֆաուստը ոչ մի գրամ չի հուզում մարդկանց, ու ներկայացումը, որ նրանք ուզում են դիտել, բոլորովին էլ տիկնիկները չեն, որոնք ես վարում էի բեմում, այլ ես՝ ինքս։ Ֆաուստը չէ, Գյոթեն։

Այդ ժամանակ ինձ մի սարսափ պատեց, որ շատ նման էր նրան, ինչի մասին դուք ասում էիք։ Ես զգում էի, թե որքան են նրանք ուզում, որ ես մի բան ասեմ, բայց ես չէի կարողանում։ Կոկորդս խեղդում էր։ Տիկնիկներին դրեցի լուսավորված բեմին, ուր էլ ոչ ոք չէր նայում։ Աշխատելով պահել արժանապատիվ անդորրություն՝ լուռ մոտեցա կախիչին, ուր իմ գլխարկն էր կախած, դրեցի գլխարկս, հետ չնայելով այդ բոլոր հետաքրքրասերների կողմը՝ դուրս եկա թատրոնից ու գնացի տուն։ Աշխատում էի ո՛չ աջ նայել, ո՛չ ձախ, որովհետև գիտեի, որ հետևիցս գալիս են։

Բացեցի ծանր դուռն ու արագ իմ հետևից փակեցի։ Գտա կերոսինի լամպս, վառեցի։ Դողացող ձեռքով բռնելով՝ գնացի աշխատասենյակս, որ քարերի հավաքածուի մոտ մոռանամ այս շատ տհաճ պատմությունը։ Բայց լամպը սեղանին չդրած՝ հայացքս առավ պատուհանին։ Դրա վրա իրար էին հրմշտում մարդկանց դեմքերը։ Հասկացա, որ էլ երբեք չեմ ազատվի նրանցից. երբեք ու երբեք։ Գլխի ընկա, որ լամպը դեմքս լուսավորում է. իրենց մեծ աչքերից էր երևում, որ խշժռում էին ինձ։ Հանգցրի լամպը, թեև գիտեի, որ նման բան չի կարելի անել. արդեն նրանք հասկացան, որ իրենցից թաքնվում եմ, վախենում եմ, ու դրանից ավելի էին կատաղում։ Բայց վախը գիտակցությունից ուժեղ էր, ու ես, նետվելով ննջարան, մահճակալի վրայից խլեցի վերմակը, գցեցի գլխիս ու, քաշվելով սենյակի անկյունը, սեղմվեցի պատին…

Թարգամանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: