RSS

Գալուստ Խանենց

18 Փտր

գալուստ խանենցԻ՞նչ անեմ

Ես այս սիրտը ի՞նչ անեմ,
Հազարատենչ ու կաշկանդ,
Որ հեռավոր ու վսեմ
Տան կարոտովն է հիվանդ։

Ես այս աչքերի ի՞նչ անեմ…
Միշտ գեղեցիկն են փնտրում,
Եվ պատրանքըկյանքի հետ
Շփոթում են, արտասվում։

Ես այս ոտքերի ի՞նչ անեմ,
Որ միշտ քայլում են դեպ վեր,
Դեպ արևները բոսոր
Եվ բարձունքները անվերջ։

Էլ ի՞նչ գրեմ

— Ես էլ ի՞նչ գրեմ,
Օրերը գալիս, գնում են անդարձ,
Կյանքիս թելն է անվերջ կարճանում,
Հասնում սպառման:

— Ես ինչպե՞ս սիրեմ,
Իմ սիրածների դեմքին խնդություն,
Հրապույր չկա, ոչ էլ ցանկություն …
— Դուրս գամ ասպարէզ, վազեմ անարգել,
Ձայն տամ ու երգեմ,-
Աստղերը լսեն …
Բայց այս օրերին մարդիկ վրդովված,
Ազատ չեն լսում:

— Ես ինչպե՞ս խոսեմ,
Քաղաքի երգը աղմուկ ու մորմոք,
Ոչ ոք բարձրաձայն չի խոսում անհոգ …
— Սրտանց ճչում եմ ,-
Ճիչս արձագանքը կունենա՞ մի օր:

1996 թ.

 Սրտի խոսքեր

Ես դժվար անցա զառիվերը նեղ
Հավատքիս ճամբին լույսի չհասա
Իսկ հիմա կարծես հորիզոն չկա
Ձգտելու համար,
Ազատ, անկաշկանդ երկինքներ չկան
Երգելու համար:

Մարդիկ չեն լսում ու չեն հաւատում,
Որ մեկը կը գա: Ասում են մարդիկ
— Սիրերգություն է՝ գիրը հույզերի,
Քաղցածի համար սնունդ չի բերի
Ոչ էլ հաղթանակ:

Ես հավատում եմ , որ մարդիկ կը գան
Նոր երազներով,
Ուստի փայլում եմ ինձնից դուրս եկած,
Որ ժպիտ տեսնեմ
Ու գտնեմ մեկին՝ հաւատքի զինվոր,
Որ բարեւս տամ . . .

Մեկ ուրիշը

Իմ մեջ ապրում է մեկ ուրիշը,
Քաղցած ու անկշտում։
Նա կանգնում է գիշերիս մեջ,
Խոպան ու լերկ Երազներիս խաչմերուկում
Եվ լսում է շատաշոս խղճիս
Անարձագանք խոսքերը.
Ապա փորձում է խավարի մեջ
Փայփայել լույսը…

Նա աղերս չունի իմ առօրյա կյանքին —
Նա երբեք չի լացել երբ ես լացել եմ,
Նա չի ժպտացել, երբ եմ ծիծաղել եմ,
Նա չի կարմրել, երբ ես գողացել եմ,
Նա չի տառապել, երբ ինձ դավաճանել են.

Սակայն նա իմ եսն է, իմ մեջ ամփոփված
Սովի պես դաժան
Եվ հավերժորեն անտարբեր։

Իմ մեջ ապրում է մեկ ուրիշը,
Դատարկ հայացքներով.
Աշխարհի բոլոր բարիքներն ու չարիքները
Նրա անհատակ աչքերը չեն լցնում…

Հիմա նա արթնացել է
Եվ փնտրում է իմ մեջ մեկ ուրիշին։

Ես երազ տեսա

Ես երազ տեսա.
— Հնամյա մի գյուղ,
Տանիքներ ծեփված,
Հյուրընկալ տներ,
Ու մորս տեսա —
Հողե տնակում։

Ու նորից տեսա
— Մի մեծ երեխա,
Բարձունքին կանգնած,
Նայում է թռչող
Հեռվի աստղերին։
Եվ մայրս նրան,
Երկինքներ ձգտող խիզախ զավակին,
Կանչում է, ասում.
-Լույս որսացողը
Իր հողե տնից
Ոտքը չի կտրում։

Դատարկված մարդը

Մի դատարկված մարդ,
Աչքը ամպերին, Ձեռքն է կարկառում,
Որ աստղ որոնի —
Իր գիշերների կրծքին վառելու։

Մի դատարկված մարդ
Նայում է, նայում,
Խոսում է անմիտ բաների մասին,
Փնտրում է գութը դահիճների մոտ,
Եվ անգույն խոսում։

Մի դատարկված մարդ
Շուրջը լցնում է հիշատակներով,
Հետո պարծենում ամպեր որսալով։

Հայելու դիմաց —
Մի դատարկված մարդ —
Աչքը իմ աչքից երբեք չի պոկում —
Մենակությունն է իր լուռ արտասվում։

Այսպես են մարդիկ

Մի խոշոր քարի վրա
Նստեցի երկար ժամանակ։
-Ոչ ոք ինձ չասաց բարև,
Ոչ ոք ձեռք երկարեց ինձ։

Հետո բարձրացա
Ու խոժոր կանգնեցի
Նույն քարե պատվանդանին.
-Ամենքը ինձ մոտեցան
Ու բարևեցին խոնարհությամբ։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 18 Փետրվարի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: