RSS

Տասնմեկերորդ պատվիրանը

01 Մրտ

96_main Միլան Կունդերա
(հատված «Անմահություն» վեպից)

Կար ժամանակ, որ լրագրողի փառքը խորհրդանշում էր Էռնեստ Հեմինգուեյի մեծ անունը։ Նրա բոլոր ստեղծագործությունները, նրա լակոնիկ, գործնական ոճը արմատներով հասնում են այն ռեպորտաժներին, որ նա պատանության տարիներին Կանզաս- Սիթիում ուղարկում էր թերթին։ Լրագրող լինելն այն ժամանակ նշանակում էր ավելի քան ուրիշ մեկը մոտենալ իրականությանը, սողոսկել դրա բոլոր գաղտնի անկյունները, ձեռքերը թաթախել դրանում։ Հեմինգուեյը հպարտ էր, որ իր գրքերն այդքան կիպ իջնում էին մինչև գետին և սավառնում մինչև արվեստի վերին այերը։ 
Երբ Բերնարը մտքում արտասանում է «լրագրող» բառը (իսկ Ֆրանսիայում այդ բառով են հիմա մեծարում նաև ռադիոյի ու հեռուստատեսության խմբագիրներին և նույնիսկ ֆոտոթղթակիցներին), նա, սակայն, պատկերացնում է ոչ Հեմինգուեյին, ու գրականության կերպը, որով երազում է աչքի ընկնել, ամենևին էլ ռեպորտաժը չի։ Նա նախ տենչում է ազդեցիկ շաբաթաթերթում այնպիսի առաջնորդողներ ունենալ, որոնք ստիպեին հոր գործընկերներին սարսռալ։ Կամ հարցազրույց։ Ի դեպ՝ ով է ժամանակակից լրագրության առաջամարտիկը։ Բոլորովին էլ ճակատային խրամատներից իր տպավորությունները գրող Հեմինգույը չի, փարիզյան թշվառության մեջ կյանքի մի տարին անցկացրած Օրուելը չի, ոչ էլ փարիզյան պոռնիկների գիտակ Էդոն Էրվին Կիշը, այլ 1969-ից 1972թվերի մեջտեղում իտալանակ «Էուրոպե» շաբաթաթերթում ժամանակի ամենաակնառու քաղաքագետների հետ զրույցների շարք հրապարակած Օրիանա Ֆալլաչին։ Այդ զրույցները ավելին էին, քան պարզապես զրույցները. դրանք մենամարտեր էին։ Հզոր քաղաքագետները, չհասցնելով հասկանալ, որ անհավասար պայմաններում են կռվում, քանի որ հարցեր տալու իրավունք միայն լրագրողուհին ուներ, ոչ թե զրուցակիցները, արդեն թավալվում էին ռինգի գետնին՝ նոկաուտ եղած։
Նման մենամարտերը այն ժամանակվա դրոշմն էին. հիմա իրադրությունը փոխվել է։ Լրագրողը գլխի է ընկել, որ հարցադրումը ոչ թե նոթատետրն ու մատիտը ձեռքին իր համեստ հաճույքն ապրող թղթակցի աշխատանքային մեթոդն է, այլ իշխանություն դրսևորելու ձև։ Լրագրողը ոչ թե նա է, ով հարցեր է տալիս, այլ նա, որ օժտված է ումից ասես ու ինչ ասես հարցնելու սուրբ իրավունքով։ Բայց մի՞թե հարցը մարդուց մարդ գցված կամուրջ չէ։ Հնարավոր է։ Դրա համար ճշտեմ իմ պնդումը. լրագրողի իշխանությունը հիմնված է ոչ թե նրա հարցնելու, այլ պատասխան պահանջելու իրավունքի վրա։
Մանավանդ որ, նկատենք, Մովսեսը տասը պատվիրանների մեջ չունի «մի՛ ստիր»-ը։ Եվ դա պատահական չէ։ Որովհետև նա, ով ասում է մի՛ ստիր, առաջ պիտի ասի՝ պատասխանի՛ր։ Բայց Աստված ոչ մեկին իրավունք չի տվել պատասխան պահանջելու ուրիշ մեկից։ «Մի՛ ստիր, ճի՛շտն ասա»։ Սրանք բառեր են, որ մարդը չէր համարձակվի ասել ուրիշ մարդու, եթե նրան իրեն հավասար համարեր։ Թերևս մենակ Աստված իրավունք ունի մարդուն ասելու այդ բառերը, բայց Նա դրա համար որևէ պատճառ չունի, զի Նա ամեն ինչ գիտի և մեր պատասխանի կարիքը չունի։ Հրամայողի և հնազանդվողի միջև այնքան անհավասարություն չկա, որքան կա պատասխան պահանջելու իրավունք ունեցողի ու նրա միջև, ով պարտավոր է պատասխանել։ Դրա համար էլ պատասխան պահանջել հնում կարողանում էին միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ՝ հանցագործություն հետաքննող դատավորը։ Մեր դարում այդ իրավունքը իրենց վերապահում էին ֆաշիստական ու կոմունիստական պետությունները, այն էլ ոչ թե բացառիկ դեպքերում, այլ անընդհատ։
Այդ երկրների քաղաքացիները գիտեին, որ ցանկացած պահի իրենց կարող են կանչել ու հարց տալ՝ ի՞նչ են արել երեկ, որո՞նք են իրենց ամենանվիրական մտքերը, ինչի՞ մասին են խոսում Ա-ի հետ հանդիպելիս և ինտիմ հարաբերություններ ունե՞ն Բ-ի հետ։ Հատկապես այդ սրբացված հրամայականը՝ «Մի՛ ստիր։ Ճի՛շտն ասա»՝ տասնմեկերորդ պատվիրանը, որի զորությանը չկարողացան դիմակայել, վերածել է մարդկանց մանկության գիրկն ընկած խեղճերի ամբոխի։ Երբեմն, իհարկե, գտնվում էր մի Գ, ով ոչ մի դեպքում չէր ուզում ասել՝ ինչի մասին է խոսել Ա-ի հետ, ու հանուն ընդվզման (հաճախ դա ընդվզման միակ հնարավոր ձևն էր),  ճշմարտության փոխարեն սուտ էր ասում, բայց օրգանները, իմանալով սա, հոգ էին տանում նրա բնակարանում գաղտնի լսասարք տեղադրելու։ Եվ դա անում էին ոչ թե ամեն տեսակ դատապարտումի արժանի որևէ արարքի պատճառով, այլ ուղղակի հանուն նրա, որ ճիշտն իմանան, որը ստախոս Գ-ն թաքցնում է։ Նրանք պնդում էին միայն պատասխան պահանջելու իրենց սուրբ իրավունքով։
Դեմոկրատական երկրներում ցանկացած մարդ լեզու ցույց կտար ոստիկանին, որ իրեն համարձակվել է հարցնել, թե ինչ է խոսել Ա-ի հետ և արդյոք ինտիմ հարաբերությունների մեջ է Բ-ի հետ։ Այնուամենայնիվ, այստեղ էլ արտահայտվում է տասնմեկերորդ պատվիրանի ամենազոր իշխանությունը։ Պետք է, չէ՞, պատվիրաններից մեկը իշխի մարդկանց մեր դարում, երբ Աստծո Տասնաբանյան գրեթե մոռացված է։ Մեր դարի ողջ բարոյական կառուցվածքը հենվում է տասնմեկերորդ պատվիրանի վրա, և լրագրողը հասկացել է, որ պատմության գաղտնի հաստատման շնորհիվ ինքը պիտի դառնա դրա իրագործողը, ինչով էլ կհասնի մի իշխանության, որ Հեմինգուեյն ու Օրուելը երազում էլ չեն տեսել։
Առաջին անգամ դա Աստծո լույսի պես պարզ դարձավ, երբ ամերիկացի լրագրողներ Կարլ Բերնստայնն ու Բոբ Վուդվորդը իրենց հարցերով բացահայտեցին նախագահ Նիքսոնի թափթփված վարքը նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Այդ ձևով ստիպեցին մոլորակի ամենահզոր տղամարդուն սկզբում հրապարակայնորեն սուտ ասել, հետո հրապարակայնորեն խոստովանել, որ ստում է, և, վերջապես, գլխահակ հեռանալ Սպիտակ տնից։ Բոլորս այն ժամանակ ծափահարեցինք, որովհետև բավարարված էին արդարության պահանջները։
Պոլը ծափահարում էր նաև նրա համար, որ այդ դրվագում կանխորոշում էր պատմական մեծ փոփոխություն, ուղենիշ, անմոռանալի րոպե, երբ պահակախումբը փոխելու ժամանակն է, հայտնվել է նոր իշխանություն, միակը, որ ընդունակ է գահընկեց անելու իշխանության հին պրոֆեսիոնալին, որ մինչև վերջերս քաղաքագետն էր։ Եվ գահընկեց անել ոչ զենքով կամ ինտրիգներով, այլ ընդամենը հարցի ուժով։
«Ճիշտն ասա»,- ասում է լրագրողը և, բնականաբար, կարող ենք հարցնել՝ ինչ է նշանակում «ճիշտ» նրա համար, ով ղեկավարում է տասնմեկերորդ պատվիրանի ինստիտուտը։ Որ գործը սխալներին չհասնի, նկատենք, որ խոսքը Աստծո ճշմարտության մասին չէ, հանուն որի Յան Գուսը զոհվեց խարույկի վրա, ոչ էլ գիտության ճշմարտության ու մտածողության ազատության, հանուն որի այրեցին Ջորդանո Բրունոյին։
Տասնմեկերորդ պատվիրանին համապատասխանող ճշմարտությունը չի վերաբերում ո՛չ հավատին, ո՛չ մտածելակերպին. դա գոյաբանության ամենաստորին աստիճանի ճշմարտությունն է, փաստերի զուտ պոզիտիվիստական ճշմարտությունը՝ երեկ Գ-ն ինչ է արել, ինչ է նա իսկապես մտածում հոգու խորքում, Ա-ին հանդիպելիս ինչի մասին է խոսում և արդյոք ինտիմ հարաբերությունների մեջ է Բ-ի հետ։ Այնուամենայնիվ, չնայած դա գոյաբանական ամենացածր մակարդակի վրա է, մեր ժամանակների այդ ճշմարտությունն ամփոփում է իր մեջ նույնքան պայթուցիկ մի ուժ, որքան Գուսի ու Ջորդանո Բրունոյի ճշմարտությունը։ «Բ-ի հետ ունեցե՞լ ես ինտիմ հարաբերություններ»,- հարցնում է լրագրողը։ Գ-ն ստում է՝ պնդելով, որ ինքը չի ճանաչում Բ-ին։ Բայց լրագրողը քթի տակ ծիծաղում է, որովհետև իր թերթի լուսանկարիչը վաղուց անմահացրել է Բ-ին Գ-ի գրկում, և մենակ իրենից՝ լրագրողից է կախված, թե երբ սկանդալը, դրա հետ էլ Գ-ի հայտարարությունը, որ վախկոտ անամոթի պես հաստատում է, թե Բ-ին չի ճանաչում, կդարձնի ընդհանուրի սեփականությունը։
Նախընտրական քարոզարշավ է, քաղաքագետը ինքնաթիռից ցատկում է ուղղաթիռ, ուղղաթիռից՝ մեքենա, կաշվից դուրս է գալիս, քրտինք է թափում, ոտքի վրա է սնվում, բարձրախոսով բղավում է, երկժամյա ճառ է ասում, բայց ի վերջո կախում ունի Բերնսթայնից կամ Վուդվորդից, թե նրանց ասած հինգ հարյուր հազար բառից որոնք կհրապարակվեն թերթերի էջերում կամ կմեջբերվեն ռադիոյով։ Իսկ թե  քաղաքագետը ցանկանա ելույթ ունենալ ռադիոյի կամ հեռուստատեսության ուղիղ եթերում, կարող է դա իրականացնել միայն Օրիանա Ֆալլաչիի միջոցով, որ ծրագրի տնօրենն է և իրեն հարցեր կտա։ Քաղաքագետին մի րոպե է պետք, որ երբ վերջապես իրեն ամբողջ ժողովուրդը տեսնի, ինքը նստի ու պատմի այն ամենը, ինչ իրեն հուզում է, բայց Վուդվորդը նրան կհարցնի միայն այն բանից, ինչը քաղաքագետին չի հուզում, և ինչի մասին նա խոսել ամենևին էլ չի ուզում։ Այսպես, նա հայտնվում է գիմնազիստի դասական իրադրության մեջ, ում կանչել են գրատախտակի մոտ, և ով ջանում է հին հնարքը բանեցնել՝ ձև է անում, թե հարցին է պատասխանում, բայց իրականում խոսում է նրա մասին, ինչ հաղորդման համար նախապատրաստել է տանը։ Բայց եթե մի ժամանակ ուսուցչի հետ այս հնարն անցնում էր, Բերնստեյնին դրանով չես խաբի։ Նա անխնա հիշեցնելու է քաղաքագետին. «Դուք իմ հարցին չպատասխանեցիք»։
Հիմա ո՞վ կուզեր քաղաքագետի կարիերա անել։ Ո՞ւմ է դուր գալիս, որ իրեն ամբողջ կյանքում գրատախտակի մոտ կանչեն։ Դե, համենայնդեպս, ոչ պատգամավոր Բերտրան Բերտրանի որդին։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: