RSS

Կաֆկան ու նրա նախորդները

07 Հլս

Խորխե Լուիս Բորխես

borges

Խորխե Լուիս Բորխես

Վաղուց էի մտադիր հետևելու Կաֆկայի նախորդներին։ Առաջին անգամ կարդալով՝ նրան մյուսներից միանգամայն տարբեր տեսա՝ որպես պաշտպանական հռետորական ճառերի առանձնահատուկ սիրահար։ Վարժվելով սկսեցի ճանաչել նրա ձայնը, նրա սովորությունները ուրիշ գրականության և ուրիշ դարերի տեքստերում։ Մի քանի օրինակ բերեմ ժամանակագրական կարգով։ Առաջինը՝ Զենոնի պարադոքսը՝ շարժման անհնարինության մասին։ Ա կետից դուրս եկողը, ինչպես պնդում է Արիստոտելը, երբեք չի հասնում Բ կետը, որովհետև նա նախ պիտի հաղթահարի դրանց մեջ եղած ճանապարհի կեսը, բայց դրանից առաջ՝ այդ կեսի կեսը, այսինքն՝ արդեն այս մի կեսի կեսը և այդպես ՝շարունակ։ Հանրահայտ խնդրի կաղապարը ճշգրտորեն վերարտադրված է «Դղյակում». Ճամփորդը, նետն ու աղեղը համաշխարհային գրականության մեջ առաջին կաֆկայական պերսոնաժներն են։
Երկրորդ տեքստում, որ ինձ նվիրեց պատահաբար ձեռքս ընկած գիրքը, խոսքն արդեն կաղապարի մասին չէ, այլ առոգանության։ Խոսքը 9-րդ դարի՝ Խան Յույ անունով հեղինակի մի առակի մասին է, որ հեշտությամբ կարող եք գտնել “Anthologie raisonnee de la litterature chinoise” («Չինական գրականնության անթալոգիա մեկնաբանություններով», Ֆր. 1948, կազմված Ջորջ Մարուլիի կողմից)։ Բերեմ ինձ հետաքրքրած մի խորհրդավոր ու անմեղ հատված. «Հայտնի բան է, որ միաեղջյուրը այլ աշխարհի արարած է և երջանկության նախանշան է։ Այդ են վկայում ձոներգերը, պատմաբանների աշխատությունները, հանրահայտ այրերի կենսագիրները և ուրիշ աղբյուրներ, որոնց հեղինակությունն անվիճելի է։ Նույնիսկ երեխաներն ու հասարակ մահկանացուները գիտեն, որ միաեղջյուրը երջանկություն է խոստանում։ Բայց այս գազանը ընտանի կենդանիների շարքին չի դասվում, հազվադեպ է հանդիպում, ու դժվար է նրան նկարագրել։ Սա ձի կամ ցուլ չի, ոչ էլ գայլ կամ եղջերու։ Ու հենց դրա համար հնարավոր է՝ դեմ դիմաց դուրս գանք միաեղջյուրին ու չճանաչենք նրան։ Հայտնի է, որ սա ձի է՝ երկար բաշով, կամ էլ ցուլ՝ պոզերով։ Բայց թե ինչպիսին է միաեղջյուրը, մենք, մեկ է, չգիտենք». (Սուրբ կենդանու չճանաչվելն ու դրա ստորացուցիչ կամ պատահական մահը հասարակ մարդու ձեռքով չինական գրականության ավանդական թեման է. տես Յունգի “Psychologie und Alchemie” («Հոգեբանություն և ալքիմիա», Ցյուրիխ, 1944) գրքի եզրափակիչ գլխում, ուր հետաքրքիր օրինակներ են բերվում)։
Երրորդ տեքստի աղբյուրը դժվար չէ գուշակել. Կիերկեգորի աշխատություններն են։ Երկու հեղինակների հոգևոր հարազատությունը համընդհանուր ճանաչում ունի։ Բայց մինչև հիմա, որքան ես գիտեմ, մի փաստ ուշադրության չի արժանացել. Կիերկեգորի ու Կաֆկայի գործերում ժամանակակից քաղքենիական կյանքի թեմաներով կրոնական առակների առատությունը։
Լաուրին իր «Կիերկեգոր» գրքում (Oxford University Press, (Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, անգլ., 1938)) երկու օրինակ է բերում։ Առաջինը դրամանենգի պատմությունն է, որ դատապարտված է առանց աչքը թարթելու Անգլիական բանկի թղթադրամների իսկությունն ստուգելուն։ Ասես չվստահելով Կիերկեգորին՝ Աստված իր հերթին նրան համարժեք առաքելություն է հանձնարարում՝ հետևելով, թե ընդունակ է նա արդյոք տանելու չարիքը։ Երկրորդ սյուժեն ճանապարհորդությունն է Հյուսիսային բևեռ։ Դանիացի հոգևորականները ամբիոններից ազդարարում են, որ նման ճանապարհորդությունները հոգին տանում են հավերժ փրկության։ Բայց նրանք ստիպված էին ընդունելու, որ ճանապարհը դեպի բևեռ հեշտ չէ, և ամեն ոք չէ, որ ընդունակ է նման արկածի։ Ի վերջո հայտարարում են՝ ցանկացած ճանապարհորդություն, ասենք՝ նավով զբոսանք Դանիայից Լոնդոն կամ կիրակնօրյա այցելություն եկեղեցի կառքով, կարող է, եթե խորը նայենք, համարվել դեպի Հյուսիսային բևեռ կարարած իսկական ճանապարհորդություն։
Չորրորդ նախագուշակը հայտնաբերել եմ Բրոունինգի “Fears aud Scruples” («Վախեր և կասկածներ» (անգլ. հրատարակված 1876 թվին)։ Նրա հերոսը (ըստ իր համոզմունքի) ունի մի հռչակավոր ընկեր, ում նա, ի դեպ, ոչ մի անգամ չի տեսել և ում հովանավորչությունից հետք անգամ չկա։ Ճիշտ է, ընկերը հայտնի է բազմաթիվ բարի գործերով, և կան նրա ձեռքով հերոսին գրված նամակները։ Բայց գործը կասկածի է արժանանում. գրաֆլոգները նամակները կեղծ են ճանաչում, և հերոսը վերջին տողում հարցնում է ինքն իրեն. «Իսկ եթե դա Աստվա՞ծ էր»։
Երկու պատմվածք էլ բերեմ։ Մեկը՝ ” Histoires desobligeantes”-ից («Տհաճ պատմություններ» (ֆր.Լեոն Բլուա)։ Սրա պերսոնաժները ամբողջ կյանքում գլոբուսներ, ատլասներ, երկաթուղային տեղեկատուներ ու ճամպրուկներ են հավաքել, բայց այդպես էլ ոչ մի անգամ սեփական քաղաքի սահմաններից դուրս չեն եկել։ Մյուսը կոչվում է «Կարկասոն» և լորդ Դանսենիինն է։ Անհաղթ զորքը ճանապարհ է ընկնում ծայր չունեցող ամրոցից, նվաճում է թագավորություններ, բախվում է հրեշների հետ, ոտքի տակ է տալիս անապատներն ու լեռները՝ այդպես էլ չհասնելով Կարկասոն, թեպետ երբեմն տեսնում են դա հեռվից։ (Հեշտ է նկատել, որ երկրորդ սյուժեն առաջինի շրջված տարբերակն է. առաջինում հերոսները ոչ մի կերպ դուրս չեն գալիս քաղաքից, այստեղ՝ ոչ մի կերպ չեն հասնում քաղաքին)։ Եթե չեմ սխալվում, թվարկված տարաբնույթ տեքստերը նման են Կաֆկային։ Սխալված չեմ լինի՝ ասելով, որ դրանք ամեն ինչով չէ, որ նման են իրար։ Հենց դա էլ կարևոր է։ Դրանցից յուրաքանչյուրում՝ մեկում շատ, մեկում ավելի քիչ, Կաֆկայից մի բան կա, բայց եթե չլիներ Կաֆկան, մենք նմանությունները չէինք նկատի, ավելի ճիշտ՝ այդ նմանությունները չէին լինի։ Բրոունինգի “Fears and Scruples” բանաստեղծությունը նախորդում է Կաֆկայի ստեղծագործությանը, բայց կարդալով Կաֆկային, մենք ուրիշ աչքերով, շատ ավելի խորն ենք կարդում այս նույն բանաստեղծությունը։ Բրոունինգը հասկանում էր նրանց ուրիշ ձևով, քան մենք այսօր։
Գրականության պատմագրի բառապաշարը յոլա գնալ չի կարող առանց «նախորդ» բառի, բայց ժամանակն է դրան մաքրելու գրազի կամ մրցույթի ամեն տեսակ ակնարկներից։ Իմաստն այն է, որ ամեն գրող ինքն է իր նախորդներին ստեղծում։ Նրա ստեղծագործությունը շուռ է տալիս մեր պատկերացումները ոչ միայն ապագայի, այև անցյալի մասին (տես՝ “Points of View”` «Տեսակետ», Թ.Ս. Էլիոթ (1941), էջ 25-26) ։ Այդպիսի կապի համար անհատականություն կամ հասարակություն հասկացությունները պարզապես ոչինչ չեն նշանակում։ Սկզբնական՝ ”Betrachtung” («Դիտարկումների») ժամանակների Կաֆկան շատ ավելի քիչ է նախորդում մռայլ լեգենդների ու անզիջում գրասենյակներիԿաֆկային, քան, ասենք, Բրոուլինգը կամ լորդ Դանսենին։
Բուենոս-Այրես, 1951

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: