RSS

Կուրոսավայի և Գարսիա Մարկեսի զրույցը

02 Օգս

մարկես-կուրասավահունիսի 23, 1991թ.
Los Angeles Times

Օգոստոսի 6-ի և 9-ի տարելիցին՝
բոլոր անհեթեթ պատերազմների
անմեղ զոհերի հիշատակին (Հ.Ղ.)

Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը Տոկիոյում զրուցել է ճապոնացի 81-ամյա ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի հետ անցյալ տարի հոկտեմբերին, երբ կինոբեմադրիչը նկարահանում էր իր վերջին ֆիլմը՝ «Օգոստոսյան ռապսոդիան»։ Ֆիլմը, որ թողարկվել էր դեկտեմբերին, օրերս ցուցադրվել է Կաննի կինոփառատոնին, որտեղ, ինչպես Մարկեսն է հաղորդում, արժանացել է հասարակության ու քննադատների բարձր ծափահարություններին, սակայն նյարդայնացրել է որոշ ամերիկյան լրագրողների, «…ովքեր դրանում թշնամանք են տեսել իրենց երկրի նկատմամբ»։ Մարկեսը, որ նախկինում կինոքննադատ էր Կոլումբիայում և ավելի լավ ծանոթ է որպես «Հարյուր տարվա մենություն» վերպի հեղինակ, զրուցում է Կուրոսավայի հետ տարբեր թեմաներից ավելի քան վեց ժամ։  

Գաբրիել Գարսիա Մարկես. Չեմ ուզում երկու ընկերների մեջ զրույցը նման լինի լրագրի հարցազրույցի։ Բայց ինձ խիստ հետաքրքրում եք դու և քո աշխատանքը։ Արի սկսենք նրանից, թե դու ինչպես ես քո սցենարները գրում։ Նախ՝ հարցնում եմ, որովհետև ինքս սցենարիստ եմ, երկրորդ, որովհետև դու մեծ գրականությունից ահագին բան սցենարի ես վերածել։ Ես իմ վերածները կամ նրանք, որ կարող էի վերարած լինել, էնքան էլ չեմ հավանում։

Ակիրա Կուրոսավա. Հենց հասկանում եմ, թե որն է այն առանձնահատուկ գաղափարը, որ ես ուզում եմ վերածել սցենարի, թուղթ ու մատիտով փակվում եմ մի հյուրանոցում։ Այդ պահին ունենում եմ կառույցի հիմնական գաղափարը և քիչ թե շատ գիտեմ՝ ինչպես է գնում լուծման։ Եթե չգիտեմ՝ ինչ տեսարանով սկսեմ, հետևում եմ մտքերիս ինքնաբուխ հոսքին։

Գարսիա Մարկես. Առաջինը, որ մտքումդ ծագում է, գաղափա՞րն է, թե պատկերը։

Կուրոսավա. Շատ լավ չեմ կարող բացատրել, բայց կարծում եմ՝ ամեն ինչ սկսվում է մի քանի ցրված պատկերներից։ Դրան հակառակ, գիտեմ, որ էստեղ՝ Ճապոնիայում, սցենարիստներն առաջինը ստեղծում են սցենարի ամբողջական նկարագիրը՝ կազմակերպելով դա պատկեր առ պատկեր, հետո, հավաքելով կմախքը, սկսում են գրել։ Բայց չեմ կարծում, թե դա ճիշտ ձև է, այն օրից ի վեր, ինչ մենք Աստված չենք։

Գարսիա Մարկես.  Քո մեթոդը նույն այդ ինտուիտի՞վն է, երբ Շեքսպիր, Գորկի կամ Դոստոևսկի ես սցենարի վերածում։

Կուրոսավա. Ֆիլմ ստեղծող ռեժիսորները կարող են կիսով չափ չիրականացնել գրական գործը, քանի որ շատ դժվար է գրական պատկերները հասցնել հանդիսատեսին կինոյի պատկերներով։ Օրինակ՝ դեդեկտիվ վեպի սցենարացման ժամանակ, եթե մի դիակ է հայտնաբերվում գնացքի գծերի կողքին, անփորձ ռեժիսորը պնդում է, որ տեղը ճշգրտորեն համապատասխանի գրքում նշվածին։ Ասում եմ. «Սխալ եք։ Խնդիրն այն է, որ դուք կարդացել եք  վեպը և գիտեք, որ դիակ է հայտնաբերվում երկաթգծի մոտ։ Բայց այն մարդկանց համար, ովքեր սա չեն կարդացել, տեղը առանձնապես կարևոր չի»։ Անփորձ ռեժիսորը հմայված է գրականության կախարդական ուժով՝ մոռանալով, որ կինեմատոգրաֆիկ պատկերը ուրիշ կերպ է արտահայտիչ լինում։

Գարսիա Մարկես. Կարո՞ղ ես հիշել իրական կյանքից որևէ պատկեր, որ համարել ես ֆիլմով արտահայտելու համար անհնար։

Կուրոսավա. Այո։ Լիդաչի կոչվող հանքարդյունաբերական քաղաքը, որտեղ երիտասարդ ժամանակ աշխատում էի ռեժիսորի օգնական։ Ռեժիսորը մի հայացքից հայտարարեց, որ մթնոլորտը տպավորիչ է ու հիասքանչ, դրա համար էլ դա նկարում ենք։ Բայց պատկերները միայն մղոններով ձգվող քաղաք էին ցույց տալիս, քանի որ օբյեկտիվը բաց էր թողել մի բան, որ մենք գիտեինք. աշխատանքի պայմանները (քաղաքում) շատ վտանգավոր են, և հանքափորների կանայք ու երեխաները իրենց ապահովության կորստի մշտական վախի մեջ են։ Երբ մարդ նայում է գյուղին, կարող է լանդշաֆտն ու զգացումը շփոթել, կարող է ընդունել դա որպես ավելի հիասքանչ մի բան, քան իրականում կա։ Բայց տեսախցիկը նույն աչքով չի տեսնում դա։

Գարսիա Մարկես. Իրականում ես շատ քիչ հեղինակներ գիտեմ, որ գոհ են եղել իրենց գրքի սցենարացումից։ Քո սցենարացումներն ի՞նչ փորձ են քեզ տվել։

Կուրոսավա. Նախ՝ թույլ տուր հարցնել՝ դիտե՞լ ես իմ «Կարմիր մորուք» ֆիլմը։

Գարսիա Մարկես. 20 տարվա ընթացքում վեց անգամ դիտել եմ և պատմում էի իմ երեխաներին դրա մասին գրեթե ամեն օր, մինչև իրենք ի վիճակի եղան դիտելու։ Դա ոչ միայն իմ ընտանիքի առանձնապես սիրած ֆիլմն է քո աշխատանքների մեջ, այլև իմ ամենասիրելին է ընդհանրապես կինոյի պատմության մեջ։

Կուրոսավա.  «Կարմիր մորուքը» հղման մի կետ ունի դեպի իմ զարգացումը։ Դրան նախորդած բոլոր ֆիլմերս տարբեր են հաջողվածներից։ Դա մի մակարդակի ավարտն էր և մյուսի սկիզբը։

Գարսիա Մարկես. Դա ակնհայտ է։ Ընդ որում, նույն ֆիլմի մեջ երկու տեսարան կա, որ գագաթ են քո աշխատանքների ամբողջության մեջ, և երկուսն էլ անմոռանալի են. մեկը ճուռակի աղոթելու դրվագն է, մյուսը՝ հիվանդանոցի ներքին բակում կարատե- կռիվը։

Կուրոսավա. Այո, բայց գիտե՞ս ինչ էի ուզում ասել. Շուգուրո Յամամոտոն (Shuguro Yamamoto) միշտ դեմ է, որ իր վեպերը ֆիլմի վերածեն։ Բացառություն է արել «Կարմիր Մորուքի» համար, որովհետև ես համառորեն ու դաժանորեն այնքան պնդեցի, մինչև հաջողեցի։ Հետո, երբ դիտումն ավարտեց, շրջվեց իմ կողմն ու ասաց. «Բայց կարծես սա ավելի հետաքրքիր է, քան իմ վեպը»։

Գարսիա Մարկես. Զարմացա։ Ինչո՞ւ է այդքան հավանել։

Կուրոսավա.  Որովհետև նա հստակ պատկերացում ուներ կինոյի պարտադիր նկարագրի մասին։ Միակ պայմանը, որ դրեց իմ առաջ, գլխավոր հերոսի՝ ինչպես ինքն էր տեսնում նրան, լրիվ անհաջողակ մի կնոջ նկատմամբ ուշադիր լինելն էր։ Բայց հետաքրքիրն այն է, որ անհաջողակ կնոջ գաղափարը պարզորոշ չէր վեպում։

Գարսիա Մարկես. Երևի կարծել է, թե պարզորոշ է։ Նման բան հաճախ է պատահում մեզ՝ վիպասաններիս հետ։

Կուրասավա. Այդպես էլ կա։ Փաստորեն, իրենց գրքերի թեմաներով ֆիլմը դիտելով, որոշ գրողներ ասում են. «Իմ գրքի այսինչ մասը լավ է նկարահանված»։  Բայց, արի ու տես, որ այս վերաբերմունքը մի բանի նկատմամբ է, որ ռեժիսորն է ավելացրել։ Ես հասկանում եմ՝ ինչ են ասում, որովհետև երևի պարզ տեսնում են բացառապես ռեժիսորի ինտուիցիայով էկրանին արտահայտված մի բան, որ իրենք մտադիր են եղել գրելու, բայց չեն կարողացել։

Գարսիա Մարկես. Հայտնի փաստ է՝ բանաստեղծները թույնի խառնուրդ են։ Բայց, վերադառնալով քո ընթացիկ ֆիլմին, ամենադժվարը թայֆո՞ւնն է նկարահանվել։

Կուրոսավա. Չէ, ամենադժվարը կենդանիների հետ աշխատանքն էր։ Ջրային օձ, վարդ ուտող մրջյուններ։ Ընտելացված օձերը չափազանց սովոր են մարդկանց, բնազդաբար չեն փախչում և իրենց օձաձկան պես են պահում։ Որոշեցինք մի մեծ վայրի օձ բռնել, որ իր ամբողջ ուժով կփորձի փախչել և ճշմարտապես սարսափելի կլինի։ Նա շատ լավ իր դերը խաղաց։ Ինչ վերաբերում է մրջյուններին, խնդիրը նրանց վարդի թփի վրա մի շարքով մագլցել ստիպելն էր, մինչև կհասնեն վարդին։ Շատ երկար աշխատեցին, մինչև մեղրի գիծ արեցինք ցողունին, ու մրջյունները մագլցեցին։ Փաստորեն շատ դժվարություններ ունեցանք, բայց գործն արժեր դրան, որովհետև ես ահագին բան սովորեցի նրանց մասին։

Գարսիա Մարկես. Հա, նկատել եմ։ Բայց սա ի՞նչ տեսակ ֆիլմ է, որ բախտ է ունեցել խնդիրներ ունենալու մրջյունների, ինչպես և թայֆունների հետ։ Ո՞րն է սյուժեն։

Կուրոսավա. Մի քանի բառով ներկայացնելը շատ դժվար է։

Գարսիա Մարկես. Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին սպանե՞լ է։

Կուրոսավա. Ոչ։ Դա պարզապես Նագասակիից մի ծեր կնոջ մասին է, ով վերապրել է ատոմային ռումբից հետո, և ում թոռները ամռանը իրեն հյուր են եկել։ Ես ապշեցուցիչ ռեալիստական ֆիլմ չեմ նկարել, որ կապացուցի այդ ամենի անտանելի լինելը, բայց դեռ չի բացատրի բոլորին ու հենց իրենց դրամայի ողջ սարսափելիությունը։ Այն, ինչ ուզում էի փոխանցել, վերքերի տեսակն է, որ ատոմային ռումբը թողել է մեր ժողովրդի սրտում, և թե ինչպես են քիչ-քիչ սկսում ապաքինվել դրանից։ Ես ռմբակոծության օրը լավ եմ հիշում, բայց մինչև հիմա հավատս չի գալիս, որ իրական աշխարհում կարող էր նման բան տեղի ունենալ։ Բայց ամենավատն այն է, որ ճապոնացիներն արդեն դա մոռացության գիրկն են նետել։

Գարսիա Մարկես. Ճապոնիայի ապագայի, ճապոն ժողովրդի նույնականացման համար ի՞նչ է նշանակում այդ պատմական ամնեզիան։

Կուրոսավա. Ճապոնացիները դրա մասին բացահայտ չեն խոսում։ Մասնավորապես մեր քաղաքագետները լուռ են, որովհետև վախենում են Միացյալ Նահանգներից։ Նրանք ընդունում են (նախագահ Հարրին) Թրումանի այն բացատրությունը, թե ատոմային ռումբին դիմել է միայն պատերազմի ավարտը մոտեցնելու համար։ Բայց մեզ համար պատերազմը շարունակվում է։ Հիրոսիմայում ու Նագասակիում մահացածների պաշտոնապես հրապարակված թիվը 230.000 է։ Բայց իրականում մոտ կես միլիոն մահացած կար։ Մինչև հիմա՝ աղետից 45 տարի անց, Ատոմային ռումբի հոսպիտալում 2.700 տուժածներ կան, որ սպասում են իրենց մահվանը հետպայթունային ճառագայթման հետևանքով։ Այլ կերպ ասած՝ ատոմային ռումբը դեռ սպանում է ճապոնացիներին։

Գարսիա Մարկես. Ամենառացիոնալ բացատրությունը, թվում է, այն է, որ ԱՄՆ-ն ձգտեց ավարտել պատերազմը ռումբով, որովհետև վախենում էր, թե մինչև ինքը հասնի, Սովետը կգրավի Ճապոնիան։

Կուրոսավա. Լավ, բայց ինչո՞ւ դա արեցին քաղաքներում, ուր միայն խաղաղ բնակչություն կար, որը գործ չուներ պատերազմի հետ։ Կային ռազմական միավորումներ, որոնք, փաստացի, վաստակել էին դա (պատերազմը)։

Գարսիա Մարկես. Ոչ էլ Իմպերատորական պալատի վրա գցեցին, որը Տոկիոյի սրտում ամենաթույլ տեղն էր։ Կարծում եմ, որ այս ամենը բացատրվում է այն փաստով, որ ուզել են քաղաքական ուժն ու ռազմական ուժը անվնաս թողնել, որ արագացված բանակցություններ կորզեն՝ առանց ավարը դաշնակիցների հետ բաժանելու անհրաժեշտության։ Նման փորձ ուրիշ ոչ մի երկիր չի ունեցել մարդկության ողջ պատմության մեջ։ Հիմա՝ ճապոնացիները կհանձնվեի՞ն առանց ատոմային ռումբի։ Դա կլինե՞ր նույն Ճապոնիան, ինչ այսօրվանն է։

Կուրոսավա. Դժվար է ասել։ Նագասակիից վերապրած մարդիկ չեն ուզում հիշել իրենց կենսափորձը, որովհետև նրանց մեծամասնությունը, ապրելու համար, ստիպված էր լքելու իր ծնողներին, զավակներին, եղբայրներին ու քույրերին։ Նրանք չեն կարողանում ազատվել մեղքի զգացումից։ Դրա հետևանքով Ամերիկյան զորքերը, որ վեց տարով օկուպացրել էին երկիրը, տարբեր միջոցներով նպաստեցին մոռացման արագացմանը, և ճապոնական իշխանություններն էլ համագործակցեցին նրանց հետ։ Ես նույնիսկ պատրաստ էի սա հասկանալու որպես անխուսափելի ողբերգություն, որ պատերազմի հետևանք է։ Բայց կարծում եմ, որ ամենաքիչը, երկիրը, որ ռումբ է գցել, պիտի զղջում արտահայտի ճապոնացի ժողովրդի առաջ։ Քանի դա չի եղել, այս դրաման չի ավարտվելու։

Գարսիա Մարկես. Այդքան ո՞ւշ։ Չէ՞ր կարող դժբախտությունը հատուցվել երջանկության երկար դարաշրջանով։

Կուրոսավա. Ատոմային ռումբը արձանագրեց Սառը պատերազմի և սպառազինության մրցավազքի սկիզբը և նշեց միջուկային էներգիայի արտադրման և սպառման գործընթացի սկիզբը։ Երբեք հնարավոր չէ նման ակունքից տրված երջանկություն։

Գարսիա Մարկես. Հասկանում եմ։ Միջուկային էներգիան ծնվել է որպես անիծյալ ուժ, և ուժը, որ ծնվել է անեծքի տակ կատարյալ թեմա է Կուրոսավայի համար։ Բայց ինձ հետաքրքիր է, դատապարտում ես ոչ թե միջուկային էներգիան՝ որպես այդպիսին, այլ այն ճանապարհը, որով շեղվեցին հենց սկզբից։ Էլեկտրականությունը լավ բան է ի հեճուկս էլեկտրական աթոռի։

Կուրոսավա. Դրանք նույնը չեն։ Կարծում եմ՝ միջուկային էներգիան հեռու է վերահսկումից, որ կարող է հաստատվել մարդկանց կողմից։ Միջուկային էներգիայի կառավարման սխալի դեպքում վայրկենական աղետը հսկայական կլինի, և ռադիոատիվությունը կմնա հարյուրավոր սերունդներին։ Ուրիշ խոսքով՝ եթե ջուրը եռում է, հերիք է՝ թողնես սառչի. վտանգը շատ երկար չի մնում։ Դե եկեք դադարեցնենք այն տարրերի օգտագործումը, որոնք շարունակում են եռալ հարյուր հազարավոր տարիներ։

Գարսիա Մարկես. Ես Կուրոսավայի ֆիլմերից եմ փոխ առել մարդկության նկատմամբ իմ հավատի մի մեծ չափաբաժին։ Բայց նաև հասկանում եմ քո դիրքորոշումը միայն քաղաքացիական բնակչության դեմ ատոմային ռումբ օգտագործելու և Ամերիկայի ու Ճապոնիայի գաղտնի համաձայնությամբ Ճապոնիային դա մոռանալ ստիպելու սարսափելի անարդարության նկատմամբ։ Բայց ինձ համար հավասարապես անարդար է միջուկային էներգիան հավիտյանս անիծյալ համարելը՝ առանց հաշվի առնելու, որ դա կարող է ոչ ռազմական մեծ ծառայություն մատուցել մարդկությանը։ Էստեղ դու զգացմունքների խառնաշփոթ ունես, որովհետև գիտես, որ Ճապոնիան մոռացել է, և որովհետև մեղավորը, որ, ինչպես գիտենք, Միացյալ Նահանգներն է, ի վերջո չի հասել մեղքն ընդունելուն և չի հատուցել ճապոն ժողովրդին զղջման արտահայտությամբ, ինչը պատշաճ էր այս դեպքում։

Կուրոսավա. Մարդ արարածը ավելի մարդկային կլինի, երբ գործ անի. մոտեցումները մի իրականության նկատմամբ են, որը չպետք է խաղի առարկա դառնա։ Չեմ կարծում, թե ճիշտ է առանց անուսի երեխաներ ծնելը կամ ութոտնանի ձի, ինչպես պատահում է Չերնոբիլում։ Բայց հիմա, կարծում եմ, այս զրույցը չափազանց լուրջ է դառնում, և սա չէր իմ նպատակը։

Գարսիա Մարկես.  Ճիշտ ենք անում։ Եթե նյութն այնքան լուրջ է, որքան սա, ինչո՞վ կարող ես օգնել գործին, լրջորեն քննարկելուց բացի։ Ֆիլմը, որ շուտով ավարտելու ես, այս իմաստով լույս սփռո՞ւմ է քո մտքերի վրա։

Կուրոսավա. Անուղղաիորեն։ Ես երիտասարդ լրագրող էի, երբ ռումբը գցեցին։ Ուզում էի նյութեր գրել, թե ինչ տեղի ունեցավ, բայց դա բացարձակ փակ թեմա էր մինչև օկուպացիայի ավարտը։ Հիմա այս ֆիլմն անելու համար ես սկսեցի հետազոտել ու ուսումնասիրել  և հիմա շատ ավելին գիտեմ, քան այն ժամանակ։ Բայց եթե մտքերս ուղղակի արտահայտեմ, այսօր չեմ կարողանա ցուցադրված լինել Ճապոնիայում կամ ուրիշ մի տեղ։

Գարսիա Մարկես. Ի՞նչ ես կարծում. Այս զրույցի պատճենները կարո՞ղ են հրապարակվել։

Կուրոսավա.  Ես առարկություն չունեմ։ Ընդհակառակը։ Սա առիթ կլինի, որ շատ մարդիկ ամբողջ աշխարհում իրենց կարծիքներն արտահայտեն առանց որևէ տիպի սահմանափակման։

Գարսիա Մարկես. Շնորհակալ եմ։ Ամեն ինչ ճիշտ է։ Կարծում եմ՝ եթե ես ճապոնացի լինեի, ես էլ քեզ պես այս խնդրի պահանջատերը կլինեի։ Ես քեզ բոլոր մակարդակներում հասկանում եմ։ Ոչ մի պատերազմ ոչ ոքի համար լավը չէ։

Կուրոսավա. Այդպես է։ Տագնապալին այն է, որ հենց հրաձգությունն սկսվում է, Քրիստոսն ու հրեշտակներն էլ են դառնում հաստիքավոր ռազմական ղեկավարներ։

Թարգմանությունը անգլերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: