RSS

Լոռվա գանձերը՝ որքան հասցրի

19 Օգս

This slideshow requires JavaScript.

Հաշվետվության փոխարեն

 

Լոռին, որ Երևանից մոտ երեք ժամվա ճանապարհի վրա է, պիտի շարունակեի անհասանելի համարել, եթե դիպվածը երեք օր չնվիրեր ինձ։

Այսօրվա տեղեկատվական դաշտն այնքան լայն է, որ ցանկացած տարածք կարող ես «ուսումնասիրել» համացանցում ու համարել, որ դա գիտես։ Բայց գիտենալը նաև ճանաչելն է,  նաև տիրապետելը։ Իսկ դրա համար առկա հանդիպում է պետք։

Հանդիպում առաջին. Տորմակավանք

Եթե չլիներ Կարինե Պետրոսյանի՝ 2012 թվի գրառումն այս հուշարձանի մասին, գուցե անցնեինք կողքով՝ համարելով երկրաշարժից մնացած մի անհայտ փլատակ։ Մոտենալով միայն երևում է 5-6-րդ դարերի այդ կառույցի ողջ հմայքը։ Մի քիչ փչացրել են՝ փորձելով ժամանակակից քարերով վերականգնել։ Տորմակը գյուղատեղի է եղել, ըստ էության, տարծքը հնավայր է, բայց այցելուների շրջանում վանքն ավելի հետաքրքիր է նրանով, որ էստեղ «Տերն ու ծառան» ֆիլմի դրվագներից մեկն է նկարվել։ Ամեն դեպքում, այցելուներն այստեղ մոմ են վառում՝ երբեմն փնտրելով «Ֆռունզիկի չոքած տեղը»։

Հանդիպում երկրորդ. Օձուն

Օձունի այսօրվա Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ եկեղեցու տեղում։ Կառուցումը երկար է տևել. 6-րդ դարում ավելացվել են գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարները, 8-րդ դարում Հովնան Օձնեցու կողմից կղմինդրե ծածկասալերը փոխվել են քարով, իսկ 19-րդ դարի վերջում Աբովյաններն ավելացրել են զանգակատունը։ Օձունի եկեղեցին պատկառազդու է, բայց ավելի տպավորիչ է կողքին բարձրացող 5-6-րդ դարերի կամարակապ մահարձանը։

Թեպետ կոմունիստներն էլ էստեղ անմասն չեն մնացել։ Հենց եկեղեցու բակում կոմունիստ ընկերների հուշաքար-տապանաքարերի շարան է։ Դեպի պարիսպը ևս հինգ մետրից ընդհանուր հուշասյուն է՝ մուրճ ու մանգաղը վրան։

Այ քեզ բա՜ն։ Փաստորեն Օձունը պատկերելիս լուսանկարիչները միշտ խուսափել են սա տեսանելի դարձնելուց։ Թեպետ Ստեփանավանում նման հուշարձանները եզակի չեն։

Քոբայր

Ժայռին թիկնած այս համալիրը 12-րդ դարի վերջի և 13-ի սկզբի կառույց է, միջնադարի հայ գրչօջախներից ու մշակութային կենտրոններից մեկը։ 13-րդ դարի վերջում, երբ անցել է վրացադավան Զաքարյաններին, վերածվել է քաղկեդոնիկ վանքի։ Դրա համար էլ պատերին վրացերեն գրեր կան։ Բայց ամենանշանավորը վանքի որմնանկարներն են, որ ամենալավը պահպանվել են մեծ եկեղեցու բեմին հարող պատին։

Եթե չիմանաս, որ հենց այդտեղ է Քոբայրի վանքը, չես գտնի։ Մագլցելիս էլ (ճիշտ է, ամեն ինչ արված է, որ հեշտ մագլցես), երբեմն կանգնում ու փնտրում ես վանքը։ Բայց երևում է հանկարծ, երբ հաղթահարած ես լինում ճանապարհը, ու մնում է միայն մի քար-սանդուղք։ Վերելքն ուղեկցվում է զարմանքով. այն, ինչ քեզ համար ադրենալինի աղբյուր է, էստեղի բնակիչքերի կենցաղն է պարզապես։ Խրճիթները հասնում են մինչև այդ վերջին սանդուղքը։

 Լոռե բերդ

10-րդ դարում Դավիթ Անհողինի հիմնած այս բերդը շատ տարածքների նման դառը ճակատագիր է ունեցել։ Որպես ժամանակի ռազմական կարևոր կառույց, գրավվել է ոչ միայն իշխանական տարբեր տոհմերի, այլև տարբեր ազգերի կողմից (սելջուկներ, պարսիկներ, թուրքեր, վրացիներ, հայեր)։ 1966  թվականից պեղումներ են արվում, և բացվել են ոչ միայն Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որ շատ հետաքրքիր կառույց է, այլև  երկու բաղնիք՝ իրենց ջրատարով, տաշտերով, ինչպես նաև օտար մշակույթի հետքեր։

Հնեվանք

7-րդ դարի կառույցը, վրացերեն արձանագրություն ունի, համաձայն որի 12-րդ դարում վերականգնվել է Սմբատ Օրբելյանի պատվերով։ 12-13-րդ դարերում, ինչպես Քոբայրը, սա էլ դարձել է քաղկեդոնական։ Այդ ժամանակ էլ կառուցվել է գավիթը։ Այսօր վանքը նորովի վերականգնվում է։ Բայց նայելով վերականգնված հատվածներին՝ մարդ տեսնում է ժամանակակից սրբատաշ քարի հետ ինչպես է եկեղեցուց դուրս մղվում դարերի խորհրդավորությունը։ 

Բոլոր եկեղեցիները՝ սկսած Օձունից, վերականգնվում են ժամանակակից մեթոդներով ու նյութերով։ Լոռե բերդն անգամ նոր պարիսպ ունի, ու կամարն էլ թարմ բազալտով է պատած։

Մարդ պատմության վկան պիտի համարեր այս կառույցներն ու իրեն ժամանակի միջով հաղորդակից զգար հին մարդկությանը, եթե ամենուր աչք ծակող «թարմացրած» հատվածները չաղճատեին այդ զգացողությունը։

Մի՞թե ժամանակակից աշխարհում այդպես են վերաբերվում պատմական կառույցներին։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 19 Օգոստոսի, 2014 in Դասեր

 

Պիտակներ՝ ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: