RSS

Կյանքի օրենքներ. Ումբերտո Էկո

31 Օգս

ԷկոՈւմբերտո Էկոն իտալացի գիտնական-փիլիսոփա է, պատմաբան՝ միջին դարերի մասնագետ, լեզվաբան, գրական քննադատ ու գրող։  Աշխատել է հեռուստատեսությունում, եղել է խոշորագույն L’Espresso թերթի մեկնաբանը։ Միլանի, Ֆլորենցիայի, Թուրինի համալսարաններում դասավանդել է էսթետիկա և մշակույթի տեսություն։ Բոլոնյան համալսարանի պրոֆեսոր է, մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր։

Հետաքրքիր է, որ իր ուսանողական տարիներին դարձել է աթեիստ ու հրաժարվել կաթոլիկ եկեղեցուց։

1986 թվին էկրանավորվել է նրա նշանավոր վեպերից մեկը՝ «Վարդի անունով»-ը, որը հանդիսատեսի հիացմունքին է արժանացել։ Այնքան շատ նամակ է ստացել Էկոն այդ ֆիլմի առթիվ, որ դրա մասին էսսե է գրել՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ Բայց այս հաջողությունն անգամ Էկոյին չեն ստիպել ֆիլմի մասին դրական կարծիք ունենալ, և դրանից հետո նա այլևս (առայժմ) համաձայնություն չի տվել իր գործերի էկրանավորման համար։

Ստորև՝  Ումբերտո Էկոյի կյանքի օրենքները։

  • Ես ծնվել եմ Ալեսսենդրիայում, հենց այն քաղաքում, որ հայտնի է Բորսալինո լայնեզր գլխարկներով։
  • Չարժե ենթադրել, թե Իտալիան ինտելեկտուալների երկիր է։ Փաստը, որ Միքելանջելոն ու Ռաֆայելը ծնունդով այստեղացի են, ոչինչ էլ չի վկայում։
  • Ամեն մի եվրոպացի, փողոց դուրս գալով, միջնադարյան եկեղեցիներ է տեսնում, դրա համար էլ նրան հետաքրքիր չէ միջնադարը։ Ուրիշ է Ինդիանապոլիսը։ Ամենահետաքրքիր նամակներն այդպիսի տեղերից եմ ստանում։
  • Ինձ ականջիցս բռնած դուրս չես բերի միջնադարից, մոտավորապես այնպես, ինչպես ուրիշ մարդկանց ականջից բռնած դուրս չես բերի կոկոսից։
  • Կարծում եմ՝ եթե ծնված լինեի միջնադարում, հիմա մեռած կլինեի։
  • Հայրս հաշվապահ էր, նրա հայրը՝ տպագրիչ։ Իր ընտանիքի տասներեք երեխաներից մեծը հայրս է եղել, ես էլ նրա առաջին զավակն եմ։ Իմ առաջին երեխան էլի տղա է։ Համապատասխանաբար՝ իմ որդու առաջին երեխան էլի տղա է։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Եթե հանկարծ պարզվի, որ Էկոների ընտանիքը ծագում է բյուզանդական կայսրերից, իմ թոռը կհամարվի դոֆին (թագավորական գահի ժառանգորդ. ծան.՝ հրատարակչի)։
  • Երիտասարդ ժամանակ հայրս գրքերի մեծ սիրահար է եղել։ Բայց ընտանիքում տասներեք երեխա է եղել. Հազիվ են ծայրը ծայրին հասցրել։ Հայրս չէր կարող իրեն թույլ տալ գիրք գնել։ Դրա համար էլ կարդացել է փողոցային կրպակներում։ Մոտեցել է, վերցրել ցուցափեղկից մի գիրք ու սկսել կարդալ այնքան, քանի դեռ տերը նրան չի քշել։ Հենց քշել է, անցել է հաջորդ կրպակին, բացել գրքի այն էջը, որտեղ կանգ էր առել, ու շարունակել կարդալ։ Ինձ համար շատ թանկ է նրա՝ համառորեն գրքի հետևից ընկնելու այս հիշողությունը։
    Երբ պապս թոշակի է անցել, պատվերով գրքեր է կազմել։ Գյոթեի ու Դյումայի հնատիպ, հրաշալի պատկերազարդված հրատարակությունները տանն ամեն տեղ դրված էին։ Դրանք իմ տեսած առաջին գրքերն էին։ Երբ նա 1938-ին մահացավ, գրքերի շատ տերեր չտարան իրենց պատվերները։ Այդ գրքերը պարզապես դասավորեցին մի հսկայական արկղում, որը շուտով հայտնվեց ծնողներիս տան նկուղում։ Ինձ ժամանակ առ ժամանակ ուղարկում էին այնտեղ՝ ածուխ կամ գինի բերելու, ես էլ հենց դրան էի սպասում։
  • Չեմ ժխտում, ես էլ եմ բանաստեղծություններ գրել։ Չգիտեմ՝ ինչ առիթով ասել եմ՝ որոշակի տարիքում պոեզիան նման է դեռահասի պզուկների։ Դա մի շրջան է, առանց որի չի լինում։ Տասնհինգ կամ, ասենք, տասնվեց տարեկանում պոեզիան մաստուրբացիա է։ Եվ լավ ու վատ բանաստեղծների տարբերությունն այն է, որ լավ բանաստեղծն այրում է իր վաղ շրջանի բոլոր փորձերը, իսկ վատը՝ հրատարակում։
  • Մի քանի ամիս առաջ մի- երկու հազար դոլարով ինձ համար շեփոր եմ առել։ Գիտեք, չէ՞, շեբոր նվագելու համար հարկավոր է անընդհատ մարզել շուրթերը։ Բայց ես շատ վաղուց չեմ մարզել։ Էնպես որ, հիմա ես վատ եմ նվագում։ Բայց, այ, տասներկու տարեկանում հրաշալի էի նվագում։ Բայց շեփորը նվագելու համար չեմ առել։ Առել եմ որպես վկայություն, որ ինչ-որ ժամանակ այսպիսին եմ եղել։
  • Ինչ պերսոնաժ էլ հորինելու լինես, այսպես թե այնպես նա քո փորձից ու հիշողությունից պիտի ծնված լինի։
  • Իսկական հերոսը միշտ սխալմամբ հերոսացածն է։ Իրականում նա երազում է բոլորի նման ազնիվ վախկոտ լինել։
  • Հնարավոր է՝ ձեզ հետաքրքրի, որ մի անգամ հրատարակել եմ Իեն Ֆլեմինգին (Ջեյմս Բոնդի մասին գրքերի շարքի հեղինակը. ծան.՝ հրատարակչի) հատկանշական սյուժեի կառուցվածքային վերլուծությունը։
  • Դեդեկտիվ գրականությունն ինձ նրանով է գրավում, որ փիլիսոփայության առանցքային հարցադրումն է անում՝ ո՞վ է արել այս ամենը։
  • Երբ սկսում էի գրել «Վարդի անունով» վեպը, անկասկած, չգիտեի՝ հատկապես ինչ կարող էր պարունակել Արիստոտելի «Պոետիկայի» կորած հատորը (դրամայի տեսության հետազոտությունը՝ երկու գրքով, որոնցից միայն առաջինը՝ ողբերվությանը նվիրվածն է մեզ հասել. ծան.՝ հրատարակչի), այն, որը նվիրված է եղել կատակերգությանը։ Բայց գիրքը գրելու ժամանակ ես կարծես թե սկսեցի գլխի ընկնել։
  • Ամեն անգամ, հենց սկսում եմ գիրք գրել, ինձ երկու տարով դատապարտված եմ զգում, որովհետև գիրքն ու երեխան մեկ են։ Նախ պիտի նրան կյանք տաս, հետո խնամես, ու դրանից հետո կսկսի քայլել ու, ի վերջո, խոսել։
  • Լավ գիրքը միշտ իր հեղինակից խելացի է։ Երբեմն դա այնպիսի բաներ է պատմում, որ հեղինակն անգամ չի էլ լսել։
  • Մշակութային մարդու առաջնային պարտականությունը՝ միշտ պատրաստ լինել նորից գրելու հանրագիտարանը։
  • Ես սիրում եմ հեռուստատեսությունը և ենթադրում եմ, որ աշարհում հումանիտար ուղղվածությամբ ոչ մի լուրջ մարդ չկա, որ չսիրի հեռուստացույց դիտել։ Հնարավոր է՝ ես միակն եմ, ով չի վախենում դա խոստովանել։
  • Ինձ քիչ է հետաքրքիր հենց հիմա համացանցում եղած օգտատերերի թիվը։ Նրանց արածն ընդամենը ուրվականների հետ զրուցելն է։
  • Ես չգիտեմ՝ ինչ է ճիշտ լինելը, ու գոնե այդ հարցում ես ճիշտ եմ։
  • Հնարավոր է՝ ես այնքան իմաստուն չեմ, որքան ինքս եմ կարծում, ու մանավանդ այնքան իմաստուն չեմ, որքան ենթադրում են ուրիշները։
  • Առասպել է հրատարակիչների տարածած կարծիքը, թե մարդիկ ուզում են թեթև գրականություն կարդալ։ Մարդիկ հասարակ բաներից շատ արագ են հոգնում։
  • Ցանկացած երկու երևույթների մեջ միշտ էլ հեշտ է զուգահեռներ գտնել։ Տվեք ինձ 50 դոլար, և ես ձեզ համար էսսե կգրեմ, ուր ցույց կտամ զուգահեռներն այսօրվա ու նեանդերթալյան մարդկանցով բնակեցված աշխարհի միջև։
  • Ես երբեք միջնադարը խավար ժամանակներ չեմ համարել։ Դա բերրի հող էր, որից ծլեց Վերածնունդը։
  • Համաշխարհային ողջ մշակույթը մի բան է ուզում. անսահմանությունը ըմբռնելի դարձնել։
  • Միանգամայն համոզված եմ, որ ցանկացած կարդացած գիրք ստիպում է քեզ կարդալ հաջորդը։
  • Ոչ մի կանոն և ոչ մի կանոնավոր ռեժիմ չկա, եթե դու ուզում ես գիրք գրել։
  • Երբեմն էջ է լինում, որ տասն անգամ արտագրում եմ, բայց երբ դա էլ չի օգնում, գրածը բարձրաձայն եմ կարդում` փորձելով այդպես հասկանալ, թե ինչն է սխալ։
  • Գիրք գրելը միշտ չէ, որ նշանակում է բառեր գրել թղթի վրա։ Դու կարող ես նախաճաշիդ կամ զբոսանքիդ ժամանակ մի ամբողջ գլուխ գրել մտքումդ։
  • Ստելու ընդունակությունն այն քիչ բաներից է, որ տարբերում է մարդուն կենդանուց։
  • Մարդկային հնարավորության սահմանը՝ մահը, խելքից դուրս անհեթեթ ու հիասթափեցնող է։
  • Ուրիշի հիմարությունը երբեք քոնը չի նվազեցնում։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: