RSS

Լրագրողի գանձատուփից

06 Սպտ

Դանիել-Վարուժան1984 թվականին խորհրդային աննախադեպ շքեղությամբ նշվեց արևմտահայ նշանավոր բանաստեղծ, Մեծ եղեռնի զոհ Դանիել Վարուժանի ծննդյան 100-ամյակը: Նրա «Հեթանոս երգեր», «Ցեղին սիրտը», «Սարսուռներ» և «Հացին երգը» ժողովածուները մեր եթերի անխամրելի զարդերից էին, բայց հոբելյանի օրերին մթնոլորտն ամբողջությամբ Վարուժանով էր ծփում: Բանաստեղծը ծնվել է 1884-ի ապրիլի 20-ին, ձերբակալվել` 1915-ի ապրիլի 24-ին: Հոբելյանական միջոցառումներն սկիզբ առան ապրիլի վերջին` 27 երկրներում օթևանած սեբաստահայերի այցելությամբ:
Լուր առանք, որ Ֆրեզնոյից եկածների խմբում է նաև Վարուժանի կրտսեր որդին` Հայկ Վարուժանը: Նույն Հայկակը, որ ծնվել է հոր նահատակության օրը` 1915-ի օգոստոսի 26-ին:
Ինձ աննկարագրելի երջանկություն բաժին ընկավ` մի ամբողջ օր պետք է անցկացնեի սփյուռքահայերի պատվիրակության հետ, իսկ երեկոյան Հայկ Վարուժանին հյուրընկալեի ռադիոյի չորրորդ հարկի մեծ ստուդիայում և հարցազրույց վարեի:
Հոբելյանական արարողություններն սկսվեցին ցեղասպանության զոհերի հուշակոթողից, հենց Ծիծեռնակաբերդում էլ ծանոթացա մեծ բանաստեղծի որդու հետ: Առաջին տպավորությունը հոգեցունց էր. հենց այդ արտաքինը կունենար Վարուժանը, եթե աշխարհում 15 թվական չլիներ: Միակ տարբերությունը որդու ալեհեր գլուխն էր: Վարուժանների նմանությունն ավելի ընդգծվեց Երևանի թիվ 89 դպրոցի բակում, ուր տեղադրված էր բանաստեղծի կիսանդրին: Այցելության մասնակից լուսանկարիչները պահն իսկույն անմահացրին: Կիսանդրու և նրա առջև գլուխ խոնարհած կենդանի մարդու միջև հիմա էլ այլ տարբերություն նկատվեց` որդու շրթունքները անբառ ցնցվում էին, զգացվում էր, որ անասելի հուզվում է: Ես վաղուց էի նրան հետևում և սկսել էի հարցազրույցի համար անհանգստանալ` արդյոք կկարողանա՞մ այդ սակավախոս, հուզառատ մարդուց եթերի համար պիտանի խոսք կորզել: Որովհետև որքան էլ նա հռչակավոր մարդ էր ու առաջին անգամ էր հայրենիք եկել, խորհրդային քարոզչությունն իր երկաթե կանոններն ուներ, որոնք խախտելը որևէ մեկի համար անհետևանք չէր անցնում:
Օրվա բազմազան միջոցառումներից հետո ի վերջո ռադիոյի ստուդիայում ենք: Ներսում երկուսով ենք, իսկ ռեժիսորական սրահում հավաքվել են սփյուռքի համար հաղորդումների վարչության պետը, գլխավոր խմբագիրները, բաժինների վարիչներն ու բազմաթիվ հետաքրքրասերներ: Հայկ Վարուժանի հուզմունքն զգում էի անկանոն շնչառությունից, անօգնական ինձ էր նայում, կարծես աղերսելով, որ կյանքիս ամենակարճ հարցազրույցն անցկացնեմ: Զուր սպասում` ես նրան տալու այնքան շատ հարցեր ունեի, այնքան մանրակրկիտ էի պատրաստվել: Հատկապես ուզում էի, որ պատմեր իր ծնողների հեքիաթային սիրավեպի մասին, այն մասին, թե ցեղասպանությունից հետո ինչ ճակատագիր է բաժին ընկել մորը, քրոջը, եղբորն ու իրեն… Սակայն վատթարագույն կանխազգացումս իրականացավ` Դանիել Վարուժանի որդին լռեց: Ես ձևացրի, թե նրա լռությունը վերագրում եմ հոգնածությանը, չէ՞ որ օրվա ընթացքում այնքան խորիմաստ, հուզական խոսքեր էր լսել: Ինքս շարադրեցի Դանիելի և Արաքսիի սիրո պատմությունը, ապա անդրադարձա նախախնամության հրաշքին, որ Աստված հոր կյանքն առնելով` նույն պահին կյանք է տվել նրա երրորդ զավակին: Խոսեցի Վարուժանի այն գործերի մասին, որոնք շարունակում են «ցեղին սիրտը» փոթորկել: Զուր, հյուրս լուռ էր: Գնալով շփոթմունքս խորանում էր, միայն մի պահ դիմացի սրահին աչք ածելով նկատեցի, որ վարչության պետ Գևորգ Խռլոպյանը հանգիստ է, բարկացած չէ: Կարծես թե հասկացա ինչ պետք է անեմ` հյուրին հարցրի Խորհրդային Հայաստանից ստացած տպավորությունների մասին: Մինչ այդ ականատեսն էի, թե ինչ ներշնչանքով է վերաբերվում տեսածին ու լսածին: Եվ խոսեց, ավելի ճիշտ` կոչ արեց պահել-պահպանել «Հայաստանի այս օրհնյալ ծվենը»: Յուրաքանչյուր բառին հետևում էին տղամարդկային թանձր, ժլատ արցունքները: Նրա հետ զրուցելն ավելի հեշտ դարձավ, որովհետև հուզմունքի պատնեշն արդեն փլատակվել էր, կարելի էր նաև սկզբին վերադառնալ:
Հաջորդ օրը մոնտաժի սենյակում տառապալի աշխատանքի էինք լծվել, ըստ կարգի հարկավոր էր ձայնագրությունն արցունքներից ու դադարներից «մաքրել»:
Աշխատանքի ամենալարված պահին ասացին, որ Գ.Խռոպյանն ինձ կանչում է: Կարգադրեց.
-Հայկ Վարուժանի հետ հարցազրույցը եթերում պետք է հնչի այնպես, ինչպես ձայնագրվել է, հանկարծ չմոնտաժեք:
Ուզում էի, ասել, որ ամբողջ ժապավենը լաց է, կանխեց,
-Ոչ մի մոնտաժ պետք չէ, սա բացառիկ դեպք է: Ես սա որպես «օրհնյալ ծվենի» բնակիչ եմ ասում, ոչ թե որպես վարչության պետ …

«Լրագրության աստիճանները» անտիպ գրքից
Հրաչուհի Փալանդուզյան

 

Աղբյուրը՝ Մագաղաթ.am

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 6 Սեպտեմբերի, 2014 in Uncategorized

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: