RSS

ՆՈՐԻՑ ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՍԻՆ

28 Սպտ

Երբ առաջին անգամ կարդացի Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»… Ստում եմ. առաջին անգամ «Վերք Հայաստանին» չկարդացի։ Առաջին էջերից արդեն պարզ էր, որ դա կարդալու համար գերագույն ջանքեր ու շատ ժամանակ է պետք։ Դրա համար էլ ծալեցի ու հնարավորինս հեռու դրեցի հանձնարարված վեպը, բացեցի ինձ համար երիցս ատելի դասագիրքն ու սերտեցի՝ ինչ այնտեղ գրված էր։ Իսկ առավոտյան՝ դասին, մատներս խաչ արած՝աղոթում էի, որ ինձ դաս չհարցնի։

Բայց երբ առաջին անգամ կարդացի վերոհիշյալ վեպը, անկեղծորեն զարմացա, թե ի՞նչ կապ ունի դասագրքում գրածն այս վեպի հետ։  Չէ՞ որ Աղասու մասին պատմող սյուժեին զուգահեռ հեղինակը սեղմում է «ինքնությունն ու արժանապատվությունն իսպառ կորցրած հայություն» վերքը ու ողբում է, որովհետև կորստյան անվերականգնելիությունն (կամ շատ դժվարությամբ վերականգնելիությունն) է գիտակցում։ Այդ ցավից չէ՞, որ հիշում է տարածված տրամադրությունը, թե՝ «Քրիստոս ինքը Պետրոսի ձեռքից թուրն առավ, որ հայ քրիստոնյան թուր չվերցնի, քրիստոնյայի թուրը աղոթքն է, ժամը, պատարագը, ծոմը, ողորմություն տալը», հետն էլ հիշեցնում. «Աղոթքն իր տեղն ունի, թուրն՝ իրենը։ Աստված թռչունին, անասունին անգամ կամ ճանկ է տվել, կամ ատամ, կամ կոտոշ, որ ճանկռի, կծի կամ պոզահարի ու իր գլուխը պահի»։

Աբովյանի՝ աշխարհաբար գրականություն ստեղծելու խիզախումն է, որ ոչ մի դասագիրք զանց առնել մինչև հիմա չի կարողացել։ Բայց արի ու տես, որ ճակատագրի հեգնանքով այսօր (ինչպես ես՝ երեկ) Աբովյան չեն կարդում հատկապես լեզվի պատճառով։

9-րդ դասարանի գրականության դասագրքում զետեղված «Հառաջաբան»-ը լուրջ անհանգստացրեց ինձ. երեխաները, նույնիսկ ամենաուսումնատենչները, կհամարեն, որ «Վերքն» իր դարն անդառնալիորեն ապրել-պրծել է, ու էլ չեն անդրադառնա դրան։ Այնինչ վեպն արդիական է հենց թեկուզ հետևյալ հատվածով. ««Սվանգուլի խանը կամ Ջաֆար խանը իմ պաշտպանն է,  իմ տերը,  իմ աղան,- ասում է մի երևանցի հայ,- արի գնանք նրա տուն ու էնտեղից գնանք հանդիսությունը նայելու»։ Ի՞նչ անես. մարդու պաշտպանն Աստված է  ու իր տղամարդկությունը, բայց սրանք դագանակի տակ են մեծացել. որ էսպես չասեն, չեն ապրի»։ Այլասիրության մեջ ստրկամտության հասնող այս աստիճանին չե՞նք կանգնած, որ ամեն մի օտարականի գլխներիս վրա տեղ ենք տալիս՝ Աստված գիտի՝ թաքուն ինչ հույսեր փայփայելով։ Դասագրքում «Հառաջաբան»-ի բացատրվող բառերը (մոտ երկու էջ) ընթերցողին խրտնեցնելու չափ շատ են։ Եթե այդքան բառ թարգմանության կարիք ուներ, մի՞թե ավելի ճիշտ չէր լինի ամբողջը՝ ոչ միայն բառերով, այլև կառուցվածքով թարգմանել։ Մի՞թե սովորողների համար, եթե նույնիսկ ստիպված են կարդալու  (կարծում եմ՝ դպրոցահասակին «Վերք Հայաստանի»-ն մատչելի չէ) այս հատվածը, ավելի հաղթահարելի չէր լինի այսպես գրվածը։

ԱՌԱՋԱԲԱՆ
(որոշ կրճատումներով)

Անգին մարգարտի մեջ ու գոհարակուռ ապարանքներում մեծացած Կրեսոսը՝ Լիդվիացիների թագավորը, որ իրենից բախտավոր մարդ չէր ճանաչում աշխահի վրա, այժմ, երբ Կյուրոսը տիրել էր ողջ աշխարհն ու նրա երկիրն էլ առել, իր սիրելի-բարեկամներից ու զորք-զորապետներից լքված՝ փախչում էր մի պարսիկ զորականից։ Հենց որ զորականը հասավ նրան, ու սուրը գլխին շողաց, թագավորի միամոր որդին, որ ի ծնե մունջ էր, քսան տարվա փակ լեզվի կապը կտրեց ու քսան տարվա լուռ սրտի առաջին խոսքն ասաց. «Անօրե՛ն, էդ ո՞ւմ ես սպանում։ Չէ՞ս տեսնում՝ քո առաջ Կրեսոսն է՝ աշխարհի տերը» ։ Զորականի ձեռքերը թուլացան, ու թագավորը փրկվեց։ Էսքան տարի խեղճ թագավորազնն իր կյանքն ապրել էր, ու ոչինչ չէր ազդել նրա վրա այնպես, որ մի ծպտուն անգամ հանի։ Ու միայն իր հոր, իր հարազատ հոր մահը երբ աչքի առաջ տեսավ, սիրտն էլ բացվեց, լեզուն էլ իր կապը կտրեց։ Այս պատմությունը լսողի սիրտն էլ է վառվում, երբ մտածում է, որ որդիական սերը բնության դրած կապանքներն այսպես ջարդուփշուր արեց։

Ոչ թե քսան, այլ երեսուն տարուց ավելի է, իմ սիրելի ազգ, որ սիրտս էրվում-փոթորկվում է, որովհետև ուզում եմ սիրտս քեզ բաց անեմ ու նոր մեռնեմ։ Ամեն վայրկյան լսում եմ քո քաղցր ձայնը, տեսնում քո սիրու երեսը, ճանաչում քո ազնիվ միտքն ու կամքը, վայելում քո սերն ու բարեկամությունը, մտածում քո կորցրած փառքի ու մեծության մասին, հիշում մեր հայրենյաց սուրբ աշխարհի առաջվա սքանչելիքներն ու հրաշքները, մեր ընտիր ազգի աննման բնույթն ու արած քաջությունները։ Մասիսն առջևումս է ու մատնացույց է անում, թե ինչ աշխարհի ծնունդ եմ ես, դրախտը մտքումս է կենդանի, որ մեր երկրի անունն ու պատվականությունն իմ առաջ է բերում։ Հայկը, Վարդանը, Տրդատն ու Լուսավորիչը քնած տեղս էլ ինձ ասում են, որ ես իրենց որդին եմ։ Եվրոպան ու Ասիան էլ ինձ անդադար ձայն են տալիս, թե՝ Հայկի զավակն ես, Նոյան թոռը, Էջմիածնի որդին, դրախտի բնակիչը…

Բայց իմ լեզուն փակ էր, աչքս՝ բաց, սիրտս՝ խոր, լեզուս՝ կարճ։  Անունս մեծ չէ, որ ասածս տեղ հասնի, մեր գրքերն էլ՝ գրաբար, մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ։ Հրամայել չէի կարող, խնդրելու դեպքում էլ լեզուս չէին հասկանա, որովհետև ես էլ էի ուզում, որ ասեն՝ «Ո՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանան էլ միջից մի բառ անգամ չի կարող հասկանալ»։ Ուզում էի ինձ ցույց տալ, որ զարմանան ու գովեն, թե՝ հայերենի շատ խորը գիտակ է։ Թե ուրիշները մեկ լեզու գիտեն, ես մի քանիսը գիտեմ։ Ի՛նչ գիրք ասես որ չեմ սկսել թարգմանել ու կիսատ եմ թողել։ Ոտանավոր, շարադրություն էլ հո էնքան եմ գրաբար գլխիցս դուրս տվել, որ մի մեծ գիրք էլ դա կդառնա։

Որ իմ աշակերտների ձեռքը հայերեն գիրք էի տալիս, չէին հասկանում, բայց ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն ինչ էլ կարդում էին, նրանց հոգուն դուր էր գալիս։ Սա շատ բնական է։ Մյուս լեզուներով նրանք կարդում էին երևելի մարդկանց գործերը, կարդում էին բաներ, որ մարդու սիրտ կարող է գրավել։ Սրտի բաները ո՞վ չի սիրի։ Բայց մեր լեզվով թե էսպիսի բաներ կան, թող աչքս դուրս գա։ Գյուղացուն գոհար տուր. հա՛, շատ լավ բան է, բայց որ կարողություն չունի, հացի փշուրի հետ էլ չի փոխի։

Սա՝ էսպես։ Եվրոպայում կարդում էի, թե հայ ազգը, ուրեմն, սիրտ չունի, որ իր գլխով էնքան անցած-դարձածը գրող մի մարդ իսկ չի ծնել։ Ինչ գրել են, եկեղեցու, Աստծո ու սրբերի մասին է, բայց հեթանոս Հոմերոսի, Հորացիոսի, Վիրգիլիոսի, Սոֆոկլեսի գրքերը երեխաները գլխի տակ են պահում, որովհետև դրանք աշխարհի բաներ են։ Ես գիտեմ, որ մեր ազգն էնպիսին չէ, ինչպես նրանք են ասում, բայց ի՞նչ արած. Անաղու ջրաղացի քարը չի պտտվում։ Մտածում էի, թե կտրիճ մարդ ասես՝  մեր մեջ էլ հազարավորներ են եղել ու հիմա էլ կան։ Թե խելոք խոսք ասես՝ մեր պառավներն անգամ հազարը գիտեն։ Առակ, պատմություն, սուր-սուր խոսքեր հետին ռամիկն անգամ մեկի տեղ հազարը կասի։ Լավ գիտեմ նաև, որ օսմանցու, ղզլբաշի երկրում ինչքան երևելի, խելոք, հունարով մարդ է եղել, մեծ մասամբ հայ է եղել։ Մենակ Քեշիշօղլին ու Քյոռօղլին բավական են, որ ասածս սուտ դուրս չգա։

Մտածում էի՝ նստեմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց քաջագործությունները պատմեմ։ Բայց ո՞ւմ համար գրեմ, եթե ազգը լեզուս չի հասկանում։ Ախր եթե ազգն էն լեզվով չի խոսում, էն լեզուն չի հասկանում, թեկուզ ոսկի թափվի բերանիցդ, ո՞ւմ ես ասում։
Էսպես՝ մտքիս հետ ընկած, շատ անգամ տեսնում էի, որ հրապարակում, փողոցում, մի կույր աշուղի շուրջը խմբված՝ էնպես են զմայլվել, էնպես են ականջ դնում, փող բաշխում…

Միտք արի, միտք արի, մի օր էլ ինձ ու ինձ ասի, թե քո քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն ծալիր մի կողմ դիր, մի աշուղ էլ դու դարձիր։ Ի՞նչ պիտի լինի։ Հո խանչալիդ քարը չի՞ ընկնելու։

Մի բարեկենդանի, երբ աշակերտներիս արդեն ազատել էի, սկսեցի փոքրուց լսած-տեսածս տակն ու վրա անել, վերջը իմ հերոս Աղասուն հիշեցի։ Նրա հետ հարյուր քաջ հայ տղաներ գլուխ բարձրացրին, ու ամենքն էլ ուզում էին, որ իրենց ոտը գնամ։ Մյուսները մեծ-մեծ մարդիկ էին, շատերը՝ դեռ կենդանի, փառք Աստծո։ Իսկ Աղասին թե՛ աղքատ, թե՛ մեռած։ Ասացի՝ քծնանք չկարծեն՝ նրան ընտրեմ։

Տեսնում էի, որ հայերեն գիրք կարդացող չկա, հայերեն խոսող էլ քիչ է ճարվում։ Իսկ ազգի պահողը լեզուն է ու հավատը։ Թե սրանք էլ կորցնենք, վայն եկել է մեր օրին։ Հայոց լեզուն փախչում էր Կրեսոսի նման։ Երեսուն տարվա փակ բերանս Աղասին բացեց։

Դեռ մի էջ բան չէի գրել, երբ իմ մանկության ընկեր, հայազգի հարգարժան պարոն դոկտոր Աղաֆոն Սմբատյանը ներս մտավ։ Ուզում էի թաքցնել, չկարողացա։ Աստված էր նրան հենց էդ պահին ուղարկել։ Ստիպեց, որ կարդամ։ Սիրտս դողում էր. կարծեցի՝ ինքն էլ մյուսների նման իմ հիմարության վրա կծիծաղի։ Բայց ես էի վատը, որ նրա ազնվական հոգին դեռ չէի ճանաչել։ Երբ ասաց՝ «Թե էդպես շարունակեք, շատ հիանալի բան կդառնա», ուզում էի գրկել ու համբուրել։

Ջանս կրակ էր ընկել։ Էլ հաց, կերակուր միտքս չէր գալիս։ Հայաստանը, հրեշտակի պես առջևս կանգնած, ինձ թև էր տալիս։ Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեի, բոլորը բացվել, հետ էին եկել։ Նոր հասկացա, որ գրադարանն ու ուրիշ լեզուները միտքս փակել, կաշկանդել էին։ Մինչ էդ ինչ գրում էի, գողացած կամ հնարած բաներ էին։ Դրա համար էլ կամ քունս էր տանում, կամ ձեռքս էր հոգնում։

Թող ինձ այսուհետ տգետ կոչեն։ Լեզուս բացվել է, իմ ընտիր, հարազատ, իմ սրտի սիրեկան ազգ։ Թող տրամաբանություն իմացողը իր համքարի համար գրի, ես՝ քո կորած-շվարած որդին՝ քեզ համար։ Ով թուր ունի՝ թող առաջ իմ գլխին խփի, իմ սիրտը խրի, թե չէ քանի դեռ լեզու ունեմ ու սիրտ, ես կգոռամ. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել. հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»։ Միայն թե դու, իմ պատվական ազգ, քո որդու խակ լեզուն սիրես, ընդունես, ինչպես հայրն իր զավակի թոթովանքը, որ աշխարհի հետ չի փոխի։ Ինձ սիրտ տուր ու տես, թե ինչ ձևով եմ գնում, քո անվանի որդիներին բերում, առջևդ կանգնեցնում, որ դու էլ զարմանաս, թե էսպիսի որդիք ունեցողը աշխարհում էլ ի՞նչ հոգս ունի։ Տուր էդ սուրբ ձեռքդ էլ համբուրեմ, որ ինձ ներես, ու գնանք մեր սիրուն Աղասու մոտ։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 28 Սեպտեմբերի, 2014 in Հոդվածներ

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: