RSS

Փիլիսոփայական ինտուիցիան

01 Նյմ

Henri_Bergson20-րդ դարի երևելի փիլիսոփա Հենրի Բերգսոնը (1859-1941), որ լեհական հրեա, դաշնակահար և կոմպոզիտոր Միխալ Բերգսոնի և անգլիական հրեա, բժշկի դուստր Քեթրին Լևինսոնի որդին էր և ստացել էր նաև հրեական կրոնական կրթություն, 14 տարեկանում հիասթափվում է կրոնից, իսկ 16 տարեկանում ընդհանրապես հրաժարվում հավատից։ Կարծիք կա, թե դրան  Բերգսոնը հասել է՝ ծանոթանալով էվոլյուցիայի տեսությանը։ 
Ավելի ուշ՝ իր սկզբունքները շարադրելիս, Բերգսոնը հաստատում է կյանքը՝ որպես իսկական և սկզբնական իրականություն, որը, որպես որոշակի ամբողջականություն, տարբերվում է նյութից և ոգուց։ Սրանք հենց կյանքի քայքայման արդյունքն են։ Հիմնական հասկացությունները, որոնցով փիլիսոփան բնորոշում է «կյանքի» էությունը, «տևականությունն» է, ստեղծագործական զարգացումը» և «կենսական պոռթկումը»։ Չի կարող կյանքն ընկալվել ինտելեկտով։ Ինտելեկտն ընդունակ է ստեղծելու վերացական ու ընդհանուր հասկացություններ. դա մտածողության գործունեություն է, իսկ իրականությունն արտացոլել իր ողջ ներդաշնակությամբ ու համակողմանիությամբ հնարավոր է միայն այդ իրականությունը վերակերտելով։ Դա կարող է անել միայն ինտուիցիան, որը, իրերի անմիջական ապրումը լինելով, «ներդրվում է դրա ինտիմ էության մեջ»։
Հենրի Բերգսոնի ընտանիքը Փարիզ է տեղափոխվել, երբ նա դեռ ութ տարեկան էր։ Ինքը՝ փիլիսոփան, վարել է խաղաղ ու հանգիստ կյանք՝ իր աշխատանքի վրա կենտրոնացած։ Եղել է Կոլլեջ դե Ֆրանսի պրոֆեսոր, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի նախագահ։ (Աղբյուրը)

Ստորև թարգմանաբար ներկայացնում եմ Բերգսոնի աշխատություններից մեկը՝

 Փիլիսոփայական ինտուիցիան

 Ուզում եմ խոսել փիլիսոփայության ոգու շուրջ մի քանի նկատառումների մասին։ Ելնելով նաև կոնգրեսում ներկայացված մի շարք զեկուցումներից՝ կարծում եմ, որ մեր օրերում մետաֆիզիկան ձգտում է պարզեցման ու կյանքին առավելագույնս մոտենալուն։ Կարծում եմ՝ դրա համար հիմք կա, և հենց այդ ուղղությամբ էլ պիտի բոլորս աշխատենք։ Բայց դրանով հանդերձ, մենք ոչ մի հեղափոխական բան արած չենք լինի։ Ընդամենը անհրաժեշտ ձևը կտանք այն բանին, ինչը ամեն փիլիսոփայության էությունն է. ի նկատի ունեմ՝ իր դերն ու նշանակությունը միանգամայն գիտակցող ամեն փիլիսոփայության։ Արտահայտվելու ձևի բարդացումը չպետք է բերի ոգու պարզության կորստի։ Հաշվի առնելով միայն արդեն ձևակերպված ուսմունքները, այն սինթեզը, որում դրանք, թվում է, ընդգրկում են փիլիսոփայական նախորդ գաղափարների եզրահանգումները և ձեռք բերած գիտելիքների հանրագումարը, մենք, հնարավոր է, աչքաթող անենք փիլիսոփայական մտքի ողջ անմիջականությունը։
Մեզնից նրանք, ովքեր փիլիսոփայության պատմություն են դասավանդում, ովքեր ստիպված են հաճախ անդրադառնալու նույն գաղափարների ուսումնասիրմանը՝ այդպիսով ավելի խորացնելով դա, կարող են նկատած լինել մի հետաքրքիր փաստ։ Սկզբում թվում է՝ փիլիսոփայական համակարգը բարձրանում է, ինչպես պատրաստի ճարտարապետական կառույցը, ուր բոլոր խնդիրների համար իրենց տեղը կա։ Դրան այս տեսքով դիտելով՝ մասնագիտական բավարարվածությամբ  հիմնավորված գեղագիտական բերկրանք ենք ապրում։ Իրականում ոչ միայն բարդ կարգ ենք հայտնաբերում (կարգ, որում մեր լուման ենք ներդնում՝ համակարգը նկարագրելով), այլև մեզ բավականություն է պատճառում իմանալը, թե որտեղից են հայտնվում նյութերը, և ինչպես է շենքը կառուցվել։ Փիլիսոփայի առաջադրած խնդիրներում մենք իմանում ենք, թե ինչ հարցեր են ժամանակին քննարկվել նրա շրջապատում։ Հայտնաբերում ենք, որ նրանց տված լուծումներում, դասակարգված թե խառը, ամեն դեպքում համարյա անփոփոխ երևում են նախորդ կամ նրան ժամանակակից փիլիսոփայական ուսմունքների տարրերը։ Մի տեսակետը նա փոխ է առել սրանից, մյուսը ներշնչանք է ուրիշ մեկից։ Ամենից, որ նա կարդացել է, լսել, ընկալել, մենք, իհարկե, կարող էինք կազմել նրա արածի մեծ մասը։ Եվ այսպես՝ գործիանցնենք. հասնում ենք արմատներին, չափում ենք ազդեցությունները, պարզում ենք նմանությունները, ի վերջո հստակ տեսնում ենք ուսմունքի մեջ այն, ինչ փնտրում էինք. քիչ թե շատ յուրօրինակ սինթեզ այն գաղափարների, որոնց միջավայրում ապրել է փիլիսոփան։
Բայց փիլիսոփայի մտածողության հետ շփման անընդհատ թարմացումը, նրա մտածելակերպի մեջ աստիճանական ներթափանցումը կարող են միանգամայն այլ զգացում առաջացնել։ Չեմ ասում, թե համեմատական աշխատանքը, որ սկզբում արեցինք, ժամանակի կորուստ էր. առանց նախնական փորձի փիլիսոփայությունը միացնելու նրան, ինչ փիլիսոփայություն չէ և դրա ու իր շրջապատի կապը պարզելու մենք, հնարավոր է, երբեք չէինք հասկանա, թե ինչ է դա իրենից ներկայացնում իրականում։ Այսպես է կառուցված մարդկային բանականությունը. նոր բանը սկսում է հասկանալ միայն նրանից հետո, երբ ամեն միջոց գործադրել է դա հնին հանգեցնելու համար։ Բայց տեսնում ենք՝ ինչպես է վերափոխվում փիլիսոփայական ուսմունքը, երբ փորձում ենք թափանցել դրա ստեղծողի մտածողության ներսը, ոչ թե պտտվում շուրջը։ Նախ փոքրանում է բարդությունը։ Հետո որոշ մասեր մտնում են ուրիշների մեջ։ Ի վերջո ամենը հավաքվում է մի կետի մեջ, որին, ինչպես զգում ենք, հնարավոր է ավելի ու ավելի մոտենալ, թեպետ անօգուտ կլիներ դրան հասնելու փորձը։
Այդ կետում է գտնվում ինչ-որ մի շատ պարզ բան, անսահման պարզ, այնքան անհավանականորեն պարզ, որ փիլիսոփան այդպես էլ երբեք չի կարողացել դա արտահայտել։ Դրա համար էլ բառը վերցրել է ամբողջ կյանքի համար։ Արտահայտելով այն, ինչ պարունակվում էր իր գիտակության մեջ՝ նա իրեն պարտավոր է զգում ուղղելու իր ձևակերպումը, հետո ուղղելու ուղղածը։ Եվ այդպես՝ տեսությունից տեսություն՝ համարելով, որ լրացնում է, իրականում ուղղելով ինքն իրեն, նա ընդամենը փորձում է իր հետևից նոր բարդություններ բերող բարդութան և բացատրությունների վրա դարսված բացատրությունների միջոցով ավելի ու ավելի ճշգրտությամբ արտահայտել իր սովորական ինտուիցիայի պարզությունը։ Այսինքն՝ նրա ուսմունքի ողջ անսահման բարդությունն առաջացել է միայն պարզ ինտուիցիայի և դրա՝ մատչելի միջոցներով արտահայտման մեջ անհամատեղելիությամբ։
Ինչպիսի՞ն է, ուրեմն, այդ ինտուիցիան։ Եթե փիլիսոփան՝ ինքը, դա չի կարողացել սահմանել, մենք էլ չենք կարողանա։ Բայց մենք կարող ենք ըմբռնել ու ֆիքսել ինչ-որ կերպար՝ որպես միջնորդ կոնկրետ ինտուիցիայի պարզության և դրա վերացարկումներն արտահայտող բարդության մեջ։ Կերպարը՝ մշուշոտ ու լղոզված, որը կրնկակոխ ուղեկցում է փիլիսոփայի գիտակցությանը` մնալով, թերևս, աննկատ, ստվերի պես հետևում է նրա մտքի բոլոր քայլերին ու շրջադարձերին։ Չլինելով հենց ինտուիցիան, այս կերպարն այնուամենայնիվ ավելի է մոտենում դրան, քան գաղափարական և անխուսափելիորեն սիմվոլիկ արտահայտությունը, որին ինտուիցիան ստիպված է դիմելու «բացատրության» հնարավորություն փնտրելիս։ Ուշադիր նայենք այդ ստվերին։ Մենք կտեսնենք այն մարմնի դիրքը, որ ստեղծում է այդ ստվերը։ Այդ դիրքը պատճենելու կամ, ավելի ճիշտ, դրանում տեղավորվելու ջանք անելով՝ որքան հնարավոր է, կտեսնենք այն, ինչ տեսել է փիլիսոփան։
Նախ՝ այդ կերպարը բնութագրվում է ժխտման յուրահատուկ կարողությամբ։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր վարվում Սոկրատի դևը։ Հայտնի պահին նա փիլիսոփային զրոյի վրա պահեց և, չսահմանելով նրա անելիքը, ավելի շուտ հետ պահեց ամեն մի գործողությունից։ Կարծում եմ՝ տեսական ասպարեզում ինտուիցիան իրեն այնպես է պահում, ինչպես Սոկրատի դևը։ Ամեն դեպքում, հենց այդ ձևով է նմանասկզբից հանդես գալիս։ Դրանից հետո հնարավորինս հստակ իրեն ցույց է տալիս. արգելում է։ Նկատելով համընդհանուր ճանաչում գտած, մինչ այս գիտական համարվող գաղափարները, ակնհայտ թվացող դրույթները, պնդումները, նա մի բառ է շշնջում փիլիսոփայի ականջին՝ անհնար է։ Անհնար է, թեպետ փաստերն ու փաստարկները հուշում են, որ դա հնարավոր է, իրական ու հավաստի է։
Անհնար է, քանի որ ինչ-ինչ փորձ, գուցե մշուշոտ, բայց վճռական, պնդում է, որ դա անհամատեղելի է այն փաստերի հետ, որոնց հղում են անում և բերում են որպես փաստարկ։ Ուրեմն՝ այդ փաստերը պիտի որ վատ ուսումնասիրված լինեն, դատողություններն էլ՝ կեղծ։ Զարմանալի ուժ է ժխտման այդ ինտուիտիվ ընդունակությունը։ Ինչպե՞ս է, որ փիլիսոփայության պատմաբանների ուշադրությունը սա ավելի շատ չի գրավել։ Մի՞թե ակնհայտ չէ, որ երբ փիլիսոփայի մտքերը դեռ չունեն անհրաժեշտ հիմնավորումը, և նրա ուսմունքը վերջնականապես ձախողվում է, նախ և առաջ նա անվերապահորեն ժխտում է որոշ բաներ։ Ավելի ուշ, հնարավոր է, նա կփոխի իր հայացքները նրա նկատմամբ, ինչը պնդում էր։ Բայց ոչինչ չի փոխի նրանում, ինչ ժխտում է։ Եվ հատկապես ինտուիցիային կամ դրա կերպարին հատուկ ժխտման ընդունակության շնորհիվ նա կարող է, որպես հետևանք, վերանայել իր համոզմունքները։ Նա կսկսի պասիվորեն եզրակացություններ անել ուղղագիծ տրամաբանության օրենքներով, բայց հանկարծ իր սեփական պնդումները կառաջացնեն անհնարինության նույն զգացումը, որ առաջ ուներ ուրիշների դատողությունների առնչությամբ։ Սեփական մտքերի կորագիծ թողնելով հանուն նրա, որ հետևի ուղիղ շոշափվողին՝ նա ինքն իրեն օտար է դառնում։ Նա նորից կգտնի իրեն, երբ վերադառնա ինտուիցիային։ Այս հեռացում-վերադարձներից էլ կառուցվում են զիգզագներն ուսմունքի, որը «զարգանում է», այսինքն՝ շեղվում է ճանապարհից, նորից գտնում է ճանապարհը և անդադար ուղղում է ինքն իրեն։
Եթե ազատվենք այդ բարդությունից, վերադառնանք պարզ ինտուիցիային կամ գոնե դա արտահայտող կերպարին, միանգամից կտեսնենք՝ ինչպես է ուսմունքը ազատվում տարածության և ժամանակի պայմանականությունից, որոնցից, թվում է, կախում ուներ։ Իհարկե, փիլիսոփային զբաղեցնող մտքերը նրա դարաշրջանի առաջադրածն են, գիտությունը, որ նա օգտագործում է կամ քննադատում, նրա ժամանակի գիտությունն է։ Որ փնտրենք, գուցե և գտնենք իրենց տեսություններում դրանք շարադրած նրա ժամանակակիցների կամ նախորդների մտքերը։ Բա ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել։ Ինչ-որ նոր բան մեկնաբանելու համար հարկավոր է դա արտահայտել՝ օգտվելով հին պատկերացումներից։ Եվ ամեն մեծ փիլիսոփայի համար իրենից առաջ դրված խնդիրներն ու գտնված լուծումներն իր ժամանակակից գիտությունն ու փիլիսոփայությունը այն նյութն էին, որից նա ստիպված էր օգտվել, որ իր մտքերը կոնկրետ ձևի բերեր։ Դեռ չենք ասում, որ անտիկ աշխարհում արդեն ավանդույթ կար ամեն մի փիլիսոփայություն ներկայացնելու որպես ամեն հայտնի բան ներառած ավարտուն համակարգ։ Բայց տարօրինակ մոլորություն կլիներ, եթե ուսմունքի բաղկացուցիչ մաս համարեինք այն, ինչ ընդամենը նրա արտահայտման միջոցն է։ Սա առաջին սխալն է, որ մենք, հնարավոր է, թույլ տանք, երբ սկսենք ուսումնասիրել փիլիսոփայական համակարգը։ Որքան մասնավոր նմանություններ են մեզ զարմացնում, թվում է՝ որքան համեմատություններ են առաջ գալիս, այնքան ամեն կողմից մեր հնարամտությանն ու գիտակությանն ուղղված բազմաթիվ ու համառ կոչեր են հնչում, որ մենք աշխատում ենք նորից միացնել վարպետի մտքերը աստեղից-այնտեղից մեր հավաքած գաղափարների պատառիկների հետ, և լրիվ պատրաստ ենք գովելու նրան, որ կարողացել է, ինչպես մենք՝ հենց նոր, իրականացնել  խճանկարը հավաքելու նուրբ գործը։ Բայց պատրանքը երկար չի տևում, քանի որ շուտով նկատում ենք, որ կրկնելով, կարծես թե, արդեն հայտնի բաները, փիլիսոփան մտածում է դրանց մասին իր ձևով։ Այդ ժամանակ դադարում ենք հայացքների համադրումը, բայց հիմնականում նրա համար, որ նոր,  իհարկե, ավելի քիչ կարևոր, քան առաջինն էր, բայց ավելի կայուն մոլորության մեջ ընկնենք։ Մենք հաճույքով պատկերացնում ենք ուսմունքը, նույնիսկ երևելի փիլիսոփայի ուսմունքը՝ որպես նախորդ գաղափարներից ծագող, որպես «զարգացման պահ»։ Մենք մասամբ ճիշտ ենք, քանի որ փիլիսոփայությունը ավելի շատ նման է օրգանիզմի, քան մեխանիկական ագրեգատի, և այստեղ ավելի լավ է խոսել զարգացման մասին, քան միացման։ Բայց այս նոր համեմատությունը պատմությանը վերագրում է մտածողության ավելի մեծ անընդհատություն, քան նրանում իրականում հնարավոր է գտնել։ Բացի դրանից բոլորովին անտեղի մեր ուշադրությունը սևեռում է համակարգի թվացյալ բարդության վրա և նրա վրա, որ կարելի է գլխի ընկնել՝  դատելով դրա արտաքին տեսքից, փոխանակ բացահայտելու մեզ համար դրա էության նորությունն ու պարզությունը։ Իր կոչմանն արժանի փիլիսոփան միշտ նույն բանն է ասում, ընդ որում, նա ավելի շուտ ընդամենը ջանում է ասել, քան իրականում ասում է։
Նա միայն մի բան է կարողանում ասել, որովհետև միայն դա գիտի։ Եվ դա նույնիսկ ոչ էլ տեսիլք է, այլ հպում (հմմտ՝ «տպավորություն»՝ ըստ Պրուստի), դա եռանդ է հաղորդում, եռանդն առաջացնում է շարժում, և, չնայած դա տարօրինակ մրրիկի ձև ստացած շարժում է (հմմտ Ռավեսսոնի մասին Լեոնարդոյի աշխատության հետ), մեզ տեսանելի է դառնում միայն նրա շնորհիվ, ինչ ճանապարհին հավաքել է։ Բայց չէ՞ որ բոլորովին ուրիշ փոշեհատիկներ նույնպես կարող էին ներքաշվել ու բռնվել նույն մրրիկի մեջ։ Այդպես էլ աշխարհին նոր բան բերող միտքն ստիպված է արտահայտվել արդեն պատրաստի գաղափարների միջոցով, որոնց նա հանդիպում և ներառում է իր շարժման մեջ։ Դրա համար էլ թվում է, թե նա կապված է դարաշրջանին, որի ժամանակ ապրել է փիլիսոփան։
Բայց դա ընդամենը պատրանք է։ Փիլիսոփան կարող էր հայտնված լինել շատ դարեր առաջ, գործ ունեցած լիներ ուրիշ փիլիսոփայության հետ, ուրիշ գիտության հետ։ Նա ուրիշ խնդիրներ կդներ, ուրիշ կերպ կձևակերպեր իր մտքերը։ Հնարավոր է՝ իր գրած գրքերի ոչ մի գլուխ չէր լինի նույնը, բայց, միևնույն ժամանակ նա նույն բանն էր ասելու։
Թույլ տվեք օրինակներ բերել։ Դիմում եմ ձեր մասնագիտական հիշողություններին, և, եթե կուզեք, կպատմեմ որոշ բաներ իմ փորձից։ Կոլեջ դե Ֆրանսի երկու դասընթացից մեկը ես ամեն տարի նվիրում եմ փիլիսոփայության պատմությանը։ Դրա համար էլ հնարավորություն ունեի երկար տարիներ այն փորձը, որ հենց նոր նկարագրում էի, անելու Բերկլիի ու Սպինոզայի հետ։ Չեմ խոսի Սպինոզայի մասին. այդպես շատ հեռուն կգնանք։
Եվ այնուամենայնիվ, ես ոչինչ ավելի ուսուցողական չգիտեմ, քան «Էթիկա» գրքի ձևի և ներքին էության հակադրությունն է։
Մի կողմից՝ նյութ, ատրիբուտ ու մոդուս կոչվող այս վիթխարի երևույթները տեսության և սահմանումների, դատողությունների ու մեկնաբանությունների բարդ հյուսվածքի հսկա մեքենան, կառույցի բարդությունն ու «Էթիկայի» ահռելի ուժը, որի առաջ չգայթակղված նորելուկը հիացմունք ու սարսափ է զգում, ինչպես հսկայական դրեդնոուտ տեսնելիս, մյուս կողմից՝ մի նուրբ, թեթև ու գրեթե եթերային, ամենաչնչին մոտեցումից իսկ անհետացող մի բան, որչես տեսնի հեռվից, եթե չդադարես ուշադրություն դարձնել մնացած բաների, նույնիսկ նրա վրա, որ առաջ գլխավոր էր համարվում, որպես տարբերություն նյութի ու ատրիբուտի մեջ, որպես մտածողության ու տևողության դուալիզմ։
Կարտեզիանականությանն ու արիստոտելիզմին ազգակից հասկացությունների ծանրաքաշ ծավալի տակ է թաքնված իր՝ Սպինոզայի ինտուիցիան, ինտուիցիա, որը ոչ մի ֆորմուլայով չի կարող արտահայտվել, որքան էլ որ պարզ լինի։
Որոշ մոտավորությամբ կարելի է ասել, որ դա այն ակտն է, որի միջոցով մեր միտքը կտարելապես ճանաչում է ճշմարտությունը և այլ գործողությունը, որի միջոցով Աստված դա ծնում է։ Դա պատկերացում է այն մասին, որ ալեքսանդրացիների «դարձը»՝ լրիվ ավարտված վիճակով, մեկ ամբողջություն է կազմում «գործընթացի հետ», երբ մարդը, որ աստվածությունից ընկել է, կարողանում է վերադառնալ. նա նկատում է միասնական շարժում այնտեղ, ուր սկզբում տեսնում էր երկու հակադիր շարժումներ՝ երկու ուղղությամբ։ Բարոյական փորձի վրա այստեղ խնդիր է դրվում լուծելու տրամաբանական հակասությունը և վերադարձը դարձնելու շարժում դեպի առաջ ժամանակի մի հանկարծահաս վերացմամբ։ Որքան շատ մոտենանք այդ առաջնային ինտուիցիային, այնքան լավ կհասկանանք, որ Սպինոզան, եթե ապրեր Դեկարտից առաջ, կգրեր, հնարավոր է, մի ուրիշ բան, քան այն, ինչ իրականում ստացվել է։ Բայց եթե Սպինոզան ապրեր մեր օրերում, մենք, միևնույն է, հավատացած կլինեինք՝ այն, ինչ նա գրում է, դա է սպինոզիզմը։

 

Թարգմանությունը ռուսերենից։

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: