RSS

Ճանաչողության մարդաբանական սկզբունքը

02 Հնվ

«Մանկավարժական անտրոպոլոգիան՝ որպես մարդաբանության միջճյուղային բնագավառ» դասախոսությունից.
դասախոսուapmթյան տեքստը՝ Սալով Յու. Ի.

Ժամանակակից գիտական աշխարհը խոստովանում է, որ ցանկացած բնագավառում զարգացում ապրելու համար այլևս չի կարող շրջանցել մարդուն համակողմանիորեն ուսումնասիրող գիտությունը՝ անտրոպոլոգիան։ Անտրոպոլոգիան, սակայն, անփոխարինելի է հատկապես մանկավարժության համար։ Մանկավարժությունը գործ ունի մարդու հետ։ Ավելին՝ մանկավարժության գործը աճող, անընդհատ փոփոխվող, պատմական, մշակութային և այլ ազդեցությունների ենթակա մարդու հետ է։ Որոշ երկրներ նույնիսկ բուհերի համար անտրոպոլոգիական դասախոսությունների ձեռնարկներ են հրատարակել՝ լրացնելու համար եղած բացը։ Փնտրտուքներիս արդյունքում հայտնաբերած այս հոդվածը հենց նման մի փորձ է՝ արված Ռուսաստանի Դաշնությունում։ Դասախոսությունը բաղկացած է երեք մասից, որոնցից այստեղ թարգմանաբար ներկայացնում եմ առաջին մասը (մյուս երկուսը կներկայացնեմ առաջիկայում)։ Փորձառու թե երիտասարդ մանկավարժների համար, կարծում եմ, անտրոպոլոգիան մտահորիզոնը լայնացնելու, ինչպես նաև մանկավարժական փորձառությունը տեսական գիտելիքներով հարստացնելու լավ ասպարեզ է։
Սիրով՝ Հ.Ղ.

Ճանաչողության մարդաբանական սկզբունքը

Փիլիսոփաներին, ինչպես ուրիշ հայեցողական մտածողներին, հատուկ է տարբեր «կուսակցությունների», դպրոցների, ուղղությունների, հոսանքների հարելը։ Մինչև վերջին ժամանակներս նրանց գլխավոր փորձաքարը հանրահայտ «փիլիսոփայության հիմնախնդրի» լուծումն էր։ Տարբեր կերպ են մեկնաբանվում մարդու գիտակցության բնույթը, գիտակցականի ու անգիտակցականի, կենսաբանականի ու հասարակականի իդեալական հարաբերակցությունը և շատ ուրիշ բաներ։
Բայց եթե խոսելու լինենք փիլիսոփայության ակունքների մասին, ապա փիլիսոփայական համակարգի դասակարգումների բոլոր չափանիշներն ի վերջո սերում են մարդու խնդրին ավելի ընդհանուր մոտեցումից։ «Մարդու խնդիրը հենց փիլիսոփայության հիմնական խնդիրն է,-գրում է Բերդյաևը։- Դեռ հույներն են հասկացել, որ մարդը կարող է սկսել փիլիսոփայել միայն ինքն իրեն ճանաչելով։ Գոյության բանալին թաքնված է մարդու մեջ»։ [Мир философии. В 2 томах. Т.2. – М., 1991. – С.50]. [Кузанский, Н.Сочинения. В 2 томах. Т. 1. – М., 1979. – С. 260]։
Նեոփիլիսոփաները նման դրույթների դեմ հաճախ առողջ դատողության տեսանկյունից միանգամայն ակնհայտ և, թվում է, գիտության տվյալներով հաստատված առարկություններ են բերում։ Սուբյեկտիվ իդեալիզմն այսօր քիչ հայտնի է, և կիրթ մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ մարդկային քաղաքակրթությունը տիեզերքի զարգացման արդյունք է։ Դրա հետ՝ գործող փիլիսոփայությունն ապացուցում է առողջ բանականության ձախողումը գոյության հնարավոր հիմքերի, աշխարհարարման բնույթի ու օրենքների առնչությամբ։ «Այո,-գրում է Սոլովյովը,- մարդու կյանքը և աշխարհը բնական գործընթաց են, այո, կյանքը երևույթների հաջորդականություն է, բնական ուժերի խաղ, բայց այդ խաղը ենթադրում է խաղացողներ և այն, որ խաղացվում է, ենթադրում է անվերապահ անհատականություն և կյանքի անվերապահ բովանդակություն կամ գաղափար» [Мир философии. В 2 томах. Т.2. – М., 1991. – С. 46]։ Իհարկե, անվերապահ անհատականության և անվերապահ գաղափարի գոյությունը կարելի է կապել Աստծո և աստվածամարդու հետ, բայց կան նաև «անվերապահի», մարդկային գոյության «ինքնության» ուրիշ իմաստներ։ «Մարդը կարող է մարդկային աստված լինել,- պնդում է Ն.Կուզանսկին։- …Ինչպես մարդկային ուժը մարդավարի ընդունակ է հանգելու ամեն ինչի, այնպես էլ աշխարհում ամեն բան հանգում է մարդուն, և այդ հրաշալի ուժի՝ ողջ աշխարհը գրավելու ձգտումը ոչ այլ ինչ է, քան մարդկայնորեն իր մեջ ձուլելու տիեզերական ամբողջը» [Кузанский, Н. Сочинения. В 2 томах. Т. 1. – М.]։
Աշխարհի նկատմամբ իր վերաբերմունքով մարդը ունիվերսալ արարած է։ Սա նշանակում է, որ որքան էլ անծայրածիր ու տարատեսակ լինի Տիեզերքը, նա կարող է դրա յուրաքանչյուր տարր, յուրաքանչյուր կառույց դարձնել  իր փորձի մի մասը, ընդունակ է ըմբռնելու և պահելու իր գիտակցության մեջ հենց աշխարհի անսահմանությունը՝ դրանով իսկ իր միկրոտիեզերքը դարձնելով մակրոտիեզերք։ Մարդու և տիեզերական ամբողջության համաչափելիության ևս մի  տեսանկյուն կա. «իր էությունը փռելու», ստեղծագործական հիմքի վրա երկրորդ իրական աշխարհը, երկրորդ բնույթը ստեղծելու նրա ընդունակությունը։
Մարդու և տիեզերքի համաչափելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր են Է.Վ.Իլյենկովի «ոգու կոսմոլոգիայի» դրույթն այն մասին, որ ուղերը բարձրակարգ մատերիայի գոյության հնարավորինս բարձր ձևն է, և ուրիշ մի դրույթ՝ այն մասին, որ հնարավոր չէ մատերիայի գոյությունը առանց մտածողության ճիշտ այնպես, ինչպես մտածողության գոյությունն առանց մատերիայի։
Ժամանակակից փիլիսոփայությունն ու տիեզերագիտությունը իրենց հիպոթեզային տեսանկյունից առաջարկում են նոր փաստարկներ մարդկային էության մակրոկոսմիկականության օգտին. «Մարդը աշխարհի կոտորակային մասը չէ. նրանում ամփոփված է աշխարհի նպատակային հանելուկն ու դրա լուծումը [Мир философии. В 2 томах. Т. 2. – М., 1991. – С. 50]։ Ամեն դեպքում, ավելի ու ավելի խոր անցյալում են մնում ինչպես վուլգար-մատերիալիստական գաղափարը, համաձայն որի մարդը պատահական ու ամբողջության մեջ օբյեկտիվ գործընթացներով դետերմինացվող արարած է, որի բանական լինելն ինքնին միանգամայն խնդրահարույց է, այնպես էլ պարզեցված-աստվածաբանական կառույցները, որ ելնում են մարդու՝ ընդամենը նախախնամության գործիքը լինելուց։ Սակայն պետք է հիշել, որ քրիստոնեական ուսմունքը մարդու աստվածակերպությունը դիտարկում է որպես նրա՝ աստվածային էություն ձեռք բերելու հնարավորություն, այսինքն՝ պարունակում է մարդու պոտենցյալ մակրոկոսմիկական լինելու գաղափարը։
Այսպիսով՝ հենց փիլիսոփայությունն է մշակել ճանաչողության սկզբունքը, որը հնարավոր է սահմանել որպես մարդկային չափում։ Սա  ներառում է տարբեր բաղադրիչներ, մասնավորապես, վերևում նշված՝ մարդու ունիվերսալության երեք ոլորտները՝ պատկերացումները օբյեկտիվ ու սուբյեկտիվ դիալեկտիկայի մասին, իդեալականի բնույթի, ձևի ու դերի մասին, գերմենևտիկայի ոլորտը։ Սակայն գլխավորն այն է, որ «փիլիսոփայությունը ճանաչում է գոյությունը մարդուց և մարդու միջոցով, մարդու մեջ է տեսնում իմաստի բացահայտումը, այնինչ գիտությունը ճանաչում է գոյությունը, կարծես, մարդուց դուրս, մարդուն ուրացած»[Мир философии. В 2 томах. Т. 2. – М., 1991. – С. 6–8]։ Հետևաբար՝ ճանաչողության մարդաբանական սկզբունքը ելնում է նրանից, որ բնության, հասարակության, մտածողության մասին կայուն համակարգ կարելի է մշակել միայն կենտրոնում դնելով մարդու գաղափարական կառույցը, դիտելով աշխարհայացքային «մարդ» կարգը՝ որպես փիլիսոփայական կարգերի տրամաբանական  կապակցումներում, հարաբերություններում համակարգ ստեղծողի։
Վերջին տասնամյակում մարդկային չափման մեթոդոլոգիական հիմունքների կազմում ընդգրկելու անհրաժեշտությունը ընդունվում է բնական,տեխնիկական ու կիրառական գիտությունների ներկայացուցիչների կողմից։ Մարդը դիտվում է որպես ճանաչողության ու փորձառության սուբյեկտ, որի չափանիշներով կատարվում է բնության ու գործունեության ցանկացած երևույթի գնահատումը։ Բ.Վ.Մարկովն իրավամբ նկատում է. «Բոլոր գիտությունները պիտի հաշտվեն նրա հետ, որ իրենք ուսումնասիրում են մարդկայինի կամ վերացական մարդու այս կամ այն ոլորտները։ Այս հանգամանքը առաջին պլան է մղում կիրառական այն գիտությունների մշակման կարիքը, որոնք ըստ անհրաժեշտության դառնում են միջառարկայական, և ստիպված են համաձայնեցնելու փիլիսոփայական, հումանիտար և բնագիտական գիտելիքները» [Марков, Б.В.Философская антропология. – СПб., 1997. – С. 43]։
Ցավոք, մասնավոր գիտությունների կազմում մարդկային չափումը ներառելու կանոնակարգման իրականացման ձևերն ու մեթոդները մեծ մասամբ մնում են միայն որպես հատուկ փնտրտուքի առարկա։ Բայց այս ճանապարհին հաջողությունները բերում են ընդհանրապես գիտական իմացության բովանդակության ու կողմնորոշիչների էական փոփոխության։ Փիլիսոփայության մեջ անտրոպլոգիական սկզբունքը մեկնաբանվել է որպես անտրոպոլոգիական մոտեցում։ Դրա յուրահատուկ  հասկացողությունը ձևակերպվել է Հելվեցիուսի, Ֆեյերբախի, Չեռնիշևսկու, Նիցշեի, Դիլտեյի, Գելենի կողմից։ Իր էությամբ սա հանգեցվում էր նրան, որ  մարդը, լինելով բնության արարած, բնության զարգացման բարձրագույն աստիճանն է։
Ժամանակակից փիլիսոփայության ու գիտության մեջ անտրոպոլոգիական սկզբունքը ավելի հետևողական կիրառվել է Վ.Ի. Վերդինսկու կողմից։ Մասնավոր գիտությունների մեթոդոլոգիային նա հակադրել է «նատուրալիստական» մոտեցումը [Вернадский, В.И. Начало и вечность жизни. – М., 1989. – С.53]։ «Կա,- գրում է նա,-նատուրալիստի յուրօրինակ տեսակ, որ սինթետիկ տպավորություն է փնտրում բնության մասին, չի բավարարվում ձևի կամ օրգանիզմի ֆունկցիայի ուսումնասիրմամբ, այլ հետազոտում է դրանք համալիր կազմով» [Вернадский, В.И. Начало и вечность жизни. – М., 1989. – С. 52]։ Գիտնականն ընդգծում է, որ տվյալ մոտեցումը անհամատեղելի է բնական-գիտականին, բայց հույս ունի, որ բնագիտության մեջ նորագույն հեղափոխությունը թույլ կտա մոտեցնելու, օրինակ, ֆիզիկական աշխարհընկալումը նատուրալիստականին։
Նատուրալիստական մոտեցման կարևոր տարրը մարդկային չափումն է՝ հասկանալը, որ մարդը գենետիկ կապ ունի ամբողջ օրգանական աշխարհի հետ։ «Մշակութային մարդը, գիտության մարդը մշտապես կորցնում է դա (օտարացում մնացած կենդանի բնությունից- հեղ.), հեռանում է դեպի դարավոր հմտությունները մարդկության, որը անքակտելիորեն կապում է իրեն կյանքի մնացած դրսևորումների հետ» [Вернадский, В.И. Начало и вечность жизни. – М., 1989. –С. 59]։
Վերնադսկին, իր գիտական ու փիլիսոփայական որոնումների արդյունքում եկավ այն եզրակացության, որ տիեզերքի արտահայտման երկու հիմնական ձև կա. անկենդան, իներտ մատերիան և կյանքը՝ կենսասերումը։ Սրանց հետ է կապվում նաև էներգետիկական սկիզբը։ Դրա հետ՝ իներտ և կենդանի մատերիաների մեջ բացակայում է որևէ գենետիկ կապ։ «Գիտական հետազոտության համաձայն, ճանաչելով կենսասերումը որպես կյանքի ծագման միակ ձև,- ընդգծում է Վ.Ի.Վերնադսկին,- անխուսափելիորեն ստիպված ենք հնարավոր համարելու, որ այն տիեզերքի կյանքի սկիզբը, որը մենք տեսնում ենք, չի եղել, քանի որ այդ տիեզերքի սկիզբը չի եղել։ Կյանքը հավերժ է, այնքանով, որքանով հավերժ է տիեզերքը, և նա միշտ փոխանցվել է կենսասերումի միջոցով» [Вернадский, В.И. Начало и вечность жизни. – М., 1989. – С. 102]։
Կենսասերումի բարձրագույն փուլը անտրոպոսոցիոգենեզն է, որն այնքան հիմնավոր է մտել կենսասերման համակարգի մեջ, որ աստիճանաբար դառնում է դրա համակարգաստեղծ գործոնը։ Միանգամայն գիտակցելով մարդկային ցեղի իրողության տարբերությունը գոյության այլ ձևերից՝ Վ.Ի.Վերնադսկին, այնուամենայնիվ, դրա առաջացումը համարում է օրինաչափ, քանի որ մարդկությունը բիոսֆերան նոոսֆերայի վերածվելու միջոցն ու նպատակն է՝ որպես Երկրի, տիեզերքի զարգացման բարձրագույն փուլ։ «Հետագա ողջ շարադրանքում ես ողջ մարդկությունը ընդգրկում եմ մնացած ողջ կենդանի նյութի մեջ և դիտարկում եմ կենդանի, բուսական թագավորության  հետ մշակութային մարդու անքակտելի կապի մեջ կենդանի նյութի գեոքիմիական աշխատանքը՝ որպես մեկ անմբողջականի աշխատանք» [Вернадский, В.И. Начало и вечность жизни. – М., 1989. – С. 74]։ Սակայն բանականության ի հայտ գալու հետ գեոբիոցենոզ գործընթացները որակական ինքնատիպություն են ձեռք բերում. մարդու գործունեությունը դառնում է Երկրի արտաքին և կառուցվածքային փոփոխությունների գործոն, երկրաբանական զարգացման գործընթացի գործոն։
Նոոսֆերայի ստեղծումը գլոբալ, օրինաչափ գործընթաց է, որ կոչված է բոլոր երկրաբանական գոյացությունները փոխադրելու որակապես նոր վիճակի մեջ։ Այստեղ արտահայտվում է երբեք էմպիրիկ ընդհանրացումներով չբավարարվող Վերնադսկու մտածողության փիլիսոփայականությունը։ Գիտնականի կարծիքով, նոոսֆերայի գիտակցաբար ձևավորման կարևոր նախադրյալը մարդկության ձուլվելն է մեկ ամբողջի մեջ, պատմական գործընթացի, հասարակական հարաբերությունների դեմոկրատիզացիայի, ժողովրդական զանգվածների՝ պատմության սուբյեկտի վերածվելու, անհատականության ազատ մտածողության ի հայտ գալու «համաշխարհային» դառնալը։
Նոոսֆերայի գաղափարը, չնայած ճակատագրականությանը, համաշխարհային պատմական գործընթացի խոր հակասությունների անտեսմանը, որ ակնհայտ է շատ մտածողների գործերում, լայն ճանաչում է ստացել։
Անհրաժեշտ է նշել, որ Վերնադսկու նատուրալիստական մոտեցումը ձևավորվել է ռուս գիտնականների միջավայրում, որոնց աշխարհընկալումը հիմնվում էր փիլիսոփայական պոզիտիվիզմի հետ կապված անտրոպոլոգիզմի վրա։ Նրանցից ոմանք նույնիսկ հնարավոր էին համարում փոխելը հումանիտար գիտությունները բնագիտական ու կոնկրետ-սոցիոլոգիական մեթոդոլոգիայի սինթեզով։ Վ.Մ.Բեխտերևն, օրինակ, առաջարկում էր հոգեբանությունը փոխարինել սոցիալական ռեֆլեքսալոգիայով և աշխատություն է հրապարակել «Կոլեկտիվ ռեֆլեքսոլոգիա» վերնագրով։ Նույն Բեխտերևը ժխտում էր անհատի հոգեբանության ուսումնասիրության խելամտությունը. «Առանձին անձանց հոգեբանությունը պիտանի չէ հասարակական շարժումների ու հասարակական իրադարձությունների զարգացումը բացահայտելու համար, քանի որ առանձին անհատը չի կարող լինել ամբողջ հասարակության կամ ժողովրդի մարմնավորումը [Бехтерев, В.М. Коллективная рефлексология. – М., 1921. – С. 40]։
Բոլշևիկյան գաղափարախոս Ա.Գոլցմանն իր «Մարդու վերակազմակերպումը» գրքում փորձում էր ապացուցել, որ գերեզմանափոր- պրոլետարիատը կթաղի ամեն մի փիլիսոփայություն, այդ թվում՝ անտրոպոլիոգիական փիլիսոփայությունը, ու դրա տեղը կզբաղեցնի գիտական մարդաբանությունը։ Նա նույնիսկ առաջ է քաշել մի գաղափար առ այն, որ դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը կդառնար «փիլիսոփայություն…. Եթե պրոլետարիատն ընդուներ փիլիսոփայությունը» [Гольцман, А. Реорганизация человека. – М.,1924. – С. 13]։
Օպոզիցիոներ Է.Եչմենը իր՝ մարդու անհատականության՝ որպես բիոինդիվիդի մասին տեսության հիման վրա բացահայտ հանդես եկավ ոչ միայն դիալեկտիկական մատերիալիզմի դեմ, այլև ընդհանրապես ամեն տեսակ փիլիսոփայության։ «Ինչ-ինչ փիլիսոփայական աշխարհայացք,- գրում է նա,-որ կոչվում է դիալեկտիկական մատերիալիզմ, փոշու կվերածվի, քանի որ մարդու բիոլոգիական մարզումի շնորհիվ կվերանա տրամաբանության անհրաժեշտությունը, մտածողության նշանակությունը կխամրի, ու միայն ծիծաղի ֆիզիոլոգիական հակազդումը կհիշեցնի շահագործողների դիալեկտիկական մատերիալիզը, որ հիմարացրել է հեղափոխական բանվորների անմեղ գլուխները»։
Փսիխոնևրոլոգների Համառուսաստանյան առաջին համագումարում (1923) ռուս գիտնական Գ.Ի. Չելպանովը առաջ  քաշեց պոզիտիվ գաղափարն այն մասին, որ ժամանակակից գիտական հոգեբանությունը փորձառական է, տարբերվում է ամեն տեսակ մետաֆիզիկայից։ Նրա համար հոգեբանության բաժանումը փիլիսոփայությունից նախ և առաջ եղել է այդ գիտությունը մարքսիզմին հակադրելու ձև. «…Մարքսի համակարգում ժամանակակից գիտական հոգեբանությունը, որ անվանում է իրեն էմպիրիկ, քանի որ տարանջատվում է ամեն տեսակ մետաֆիզիկայից, մնում է անփոփոխ և՛ մեթոդով, և՛բովանդակությամբ»  [Челпанов, Г.И. Спинозизм и материализм. – М., 1927. – С. 41]։
Ռուսասկան գիտության մեջ անտրոպոլոգիական սկզբունքը ավելի ուժեղացավ, երբ պոզիտիվիզմը դարձավ բոլշևիզմի ու դրա հետ նույնացող մարքսիզմի գաղափարական ընդդիմությունը։ Ռուսական գիտական մարդաբանության ներկայացուցիչների և հատկապես Վերնադսկու անտրոպոլոգիզմը Լ.Ն. Գումելյովին ոգևորում էին էթնոգենեզի պասիոնար տեսությունն ստեղծելիս։ Հատկապես նոոսֆերայի գաղափարում էր նա տեսնում սեփական տեսական կառույցների աղբյուրներից մեկը՝ համարելով, որ էթնոգենեզի գործընթացը «կապված է էներգիայի՝ մեր մեծ հայրենակից Վ.Ի.Վերնադսկու կողմից բացահայտված որոշակի ձևի՝ բիոսֆերայի կենդանի նյութերի հետ [Гумилев, Л.Н. Ритмы Евразии: эпохи и цивилизации. – М., 1993. – С. 24]։
Համաձայն պասիոնար էթնոգենեզի գաղափարի՝ էթնոսի ձևավորումն ու զարգացումը մարդկանց էթնիկական ու լանդշաֆտային ասպարեզում ադապտացվելու մաքուր բնական գործընթաց է, որոշակի վարքի մշակման գործընթաց։ Պասիոնարությունը բիոսֆերայի կենդանի նյութի էներգիայի էֆեկտն է, որ արտահայտվում է էթնիկական խմբի խստացված ակտիվության մեջ և սկզբնավորում է էթնոգենեզի նոր փուլը։ Գումիլյովի սեփական խոստովանությամբ՝ ինքը համախոհների հետ զբաղվել է «ոչ թե առանձին մարքսիստների, դեմոկրատների, հողայինների, անարխիստների (թիվ չկա սրանց), այլ պատմության՝ որպես այդպիսին, սոցիալական մեկնաբանության» այլընտրանքի որոնմամբ» [Гумилев, Л.Н. Ритмы Евразии: эпохи и цивилизации. – М., 1993. – С. 176]։
Զարգացնելով անտրոպոլոգիական մոտեցումը՝ նա առաջարկում է պատմության ընկալման նոր՝ շատ ավելի կոշտ տարբերակ, քան մարքսյան սոցիալական դետերմինիզմն է։
Այսպիսով՝ փիլիսոփայության մեջ ճանաչողության անտրոպոլոգիական սկզբունքն ու անտրոպոլոգիական մոտեցումը հասարակական պատմության մեկնաբանության մեջ թեպետ և կապված են, այնուամենայնիվ նույնական չեն բովանդակությամբ և գործնական ուղղվածությամբ։ Դրանց համար ընդհանուրը նախ՝ մարդուն ճանաչելն է՝ որպես բնության զարգացման բարձրագույն արդյունքի, որի նշանակությունը ներդաշնակության ու բանականության վրա հիմնված զարգացման գործընթացը կազմակերպելում է, երկրորդը՝ մասնավոր գիտությունների մեջ մարդկային չափումի սկզբունքը մտցնելու անհրժեշտությունն է, ինչը, եթե ուշադիր դիտենք, հետազոտական գործունեության ու ցանկացած ասպարեզում ճանաչողության համար ձեռք է բերում աքսիոմայի բնույթ։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

One response to “Ճանաչողության մարդաբանական սկզբունքը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: