RSS

Ուրիշի հոգու մեջ՝ լապտերիկով

31 Հնվ

23211_100000999107226_171_nՄարդիկ սովորաբար իրենց չգիտես ինչպես են պահում։ Մեկ էլ տեսար՝ մի բան կանեն, որ կնայես ու կասես. «Չէ, ես երբեք նման բան չէի անի»։
Դրա համար էլ շրջապատից ամեն ինչ սպասելի է։ Այ, կողքիս նստածը. կարծես թե հանգիստ է, բայց ի՞նչ իմանաս՝ հենց հիմա իմ մասին մի կեղտոտ բան չի մտածում։ Իզուր չեն ասում՝ «Ուրիշի հոգին մութ անտառ է»։
Քանի որ ես գործիս բերումով ստիպված եմ գլուխ հանել ուրիշի հոգուց, հիմա մենք մի քիչ պարզություն կմտցնենք հոգեբանության գաղտնիքների մեջ, այսպես ասած՝ կլուսավորենք հոգևոր լապտերիկով։

Գիտակցության գիտակցումը

Եթե ձեր աչքին ուրվական է երևում, կմճտեք ձեզ։
Եթե կմճտեցիք, բայց ուրվականը չանհետացավ,
կմճտեք ուրվականին։

Հենց մարդու հոգու դուռը բացենք, կհայտնվենք գլխավոր դահլիճում, ուր կենտրոնում՝ գահի վրա բազմած է նորին գերազանցություն «Ես»-ը, իսկ շուրջը ալեկոծվում է գիտակցության հոսքը։ Գիտակցության հոսքը իրար թույլ կապված մտքերի մշտական հերթափոխն է։ Որպես կանոն՝ դա ասոցացիաների հավաքածու է այն թեմայով, ինչ հիմա մարդու հետ կատարվում է։ Նա ավտոբուսով երթևեկում է, նայում է պատուհանից, խանութ է տեսնում, մտածում է՝ «Թթվասեր պիտի գնեմ»։ Հետո ազդագիրն է տեսնում, մտածում է՝ «Կինո չգնա՞մ»։ Ավտոբուսը կտրուկ արգելակում է՝ «Կամա՜ց, ցա՞խ ես տանում»։ Էսպես՝ շարունակվող «խոսիկներ»։ Եթե չդադարեցնենք դա, կապն իրականության հետ շուտով կկորչի, ու մտքերը կսկսեն ճախրել անդրաշխարհի ոլորտներում՝ «Ահա, թե ինչու աղեղնավորներն ու այծեղջյուրներն իրար հետ յոլա չեն գնում»։
Ու եթե ավտոբուսում ձեր կողքինը ձեզ է նայում, կարող է մտքովն անցնել. «Էս ի՛նչ շիզիկ է։ Ի՛նչ տեսակ մարդ ասես որ չկա»։ Բայց մի երկու րոպեից կմոռանա ձեր մասին ու կմտածի մասոնների մասին կամ, ասենք, պինգվինների։
Հոգեբանության գիտակցական հարկի առանձնահատկությունն այն է, որ մարդ կարող է այդ ընթացքը կառավարել։ Դրանից է, որ հենց ավտոբուսը մոտենում է անհրաժեշտ կանգառին, մտքերի խառը հոսքը կանգ է առնում, ու մարդը կենտրոնանում է նրա վրա, որ պիտի իջնի։
Ավելին, մարդ կարող է գրանցել այն մտքերը, որոնք գիտակցաբար է մտածում։ Հոգեբանության նման առանձնահատկությունը պատրանք է ստեղծում, թե մարդը ռացիոնալ արարած է։ Չէ՞ որ ճնշող մեծամասնությունն իջնում է անհրաժեշտ կանգառում։ Ուրեմն՝ մի բան գլխի են ընկնում։
Ցավոք՝ այդպես չէ։ Գիտակցության ռացիոնալ հարկը մարդուն գործնականում չի ղեկավարում։

Ենթագիտակցության խորքերը

Երեք գորտ նստած են ջրաշուշանին։
Մեկը որոշում է ջուրը ցատկել։ Քանի՞սը մնաց նստած։
Ճիշտ եք. երեքը։
Որոշելն ու ցատկելը տարբեր բաներ են։

 

Գիտակցությունը այսբերգի վերնամասն է։ Հոգեբանության հիմնական մասը խորքում է։ Մարդուն ղեկավարում են ներքևի հարկերը։ Դրանք շատ են, ու ամեն մեկն իր լծակն է քաշում։
Ենթագիտակցությունը ղեկավարում է մարդուն զգացմունքների միջոցով։ Այսինքն՝ մարդը նստում է համակարգչի առաջ, ու թվում է՝ հիմա մի խելոք, բարի, մնայուն բան պիտի անի։ Ինքն էլ է էդպես մտածում։ Բայց դե, հիմա՝ ձանձրանում է։ Ու մարդն արդեն սկսում է ինչ-որ ֆորումում քննարկել էսինչ հավաքականի՝ ֆինալին հասնելու շանսերը։ Շանսերը, պարզվում է, մեծ չեն, ու ձեռքը մեկնվում է ծխախոտին։ Եվ ահա՝ ծխարանում նա արդեն քննարկում է Թութանհամոնի դամբարանի նորությունները։ Վերադառնալով աշխատավայր՝ քթովն է ընկնում սուրճի հոտը, ու որոշում է, որ սուրճ է ուզում։ Եվ սուրճ ըմպելով՝ բողոքում է. «Աշխատում, աշխատում ես, բայց մեջը փող չկա։ Ու գիտե՞ս՝ ինչի. չեն գնահատում լավ աշխատողին»։
Գործունեության մի ձևից մյուսին անցումը մեխանիկորեն է կատարվում՝ ըստ կաղապարի։ Մարդն այդ ընթացքը չի գիտակցում։ Նա ենթագիտակցության հրամաններն արտահայտում է «ուզեցի, սիրտս քաշեց, տրամադրությունս ընկավ, ձանձրացա» բառերով։
Մշտական գործողությունները կատարվում են ըստ կաղապարների։ Սանրվելը, ատամները մաքրելը, հագնվելը, պայուսակը վերցնելն ու աշխատանքի վազելը մարդը մեխանիկորեն է անում։ Այդպես են սովորեցրել։ Որ սովորեցնեին առավոտից կոկորդիլոս բռնել, կոկորդիլոս կբռներ։
Ամենաապշեցուցիչն այն է, որ իր կյանքը, շրջապատողներին, իրադրությունները մարդ նույնպես գնահատում է մեխանիկորեն։ Նրան փոքր ժամանակ ասել են, որ «կյաժը պապին սպանել է բահով», դրա համար բոլոր շիկահերներին չի սիրում։ Ասել են, որ ծխախոտը ատամների արանքում խաղացնելը զիլ բան է, ինքն էլ ծխում ու ուրախանում է։ Հետո ասել են՝ լավ չի։ Ուզել է թողնել, բայց չի կարողացել։ Հիմա էլ ծխում է ու վշտանում։
Ենթագիտակցական ալիքի վրա մարդ նման է տաշեղի։ Չգիտի՝ ուր է քշվում, ընթացքին չի տիրապետում, բայց սիրում է իրեն կամային մարդ անվանել։ Ենթագիտակցաբար իրեն համարում է առանձնահատուկ մարդ և հավատում է, որ մի օր հաջողությունն իրեն կժպտա։ Առանց մտածելու։ Առանց լարվելու։ Առանց ջանքերի։ Կարճ՝ «առանց-ական» միջոցներով։
Դրա համար են այդքան ընդունված «Ինչպես երեք օրում միլիոն վաստակել», «Ինչպես աղջկան գայթակղել երեք բառով», «Ինչպես ավելի շուտ կրթված դառնալ, քան զոքանչդ» վերնագրերով գրքերը։
Բայց գիտակցությունն ու ենթագիտակցությունը դեռ ամբողջը չեն։ Հոգեբանության երրորդ մակարդակն էլ կա. մարմնական զգացողությունները։

Մարմնական իրականություն

Մարմնիդ մասին հոգա։
Հոգին առանց այդ էլ անմահ է։

Հանրահայտ առասպել է, թե մարդ մտածում է ուղեղով։ Այդպես չէ։ Մարդը մտածում է ամբողջ մարմնով։ Մեր բոլոր մտքերն արմատներ ունեն մեր մարմնում, և բոլոր մտքերը վերջանում են մարմնական հակազդումներով։
Հենց մարմինն է ապրում իրականության մեջ և փորձում է մեզ ներդաշնակ դարձնել բնության հետ։ Չէ՞ որ բոլոր իրական հաճույքները մարմնական հաճույքներն են։ Ցավոք, մտային «խոսիկը» հիմնովին անջատում է մարմնի ազդակները, և մարդկանց մեծամասնությունը կյանքից հաճույք չի ստանում։
Ընդհակառակը, այն ամենը, ինչ կապված է մարմնականի հետ, համարվում է ցածր, մեղսալի ու ամոթալի։ Այստեղից՝ հետաքրքիր պարադոքս։ Քանի որ մարմինն այնուամենայնիվ հասնում է ուղեղին հիվանդագին ազդակների միջոցով, այն տեղը, ուր մարդիկ հաստատ ուշադրություն են դարձնում իրենց մարմնին, կոչվում է «հիվանդ-անոց»։ Եվ բոլոր մարդիկ, ովքեր մոռանում են մարմնի մասին հոգալ, վաղ թե ուշ հիվանդանոց են ընկնում։ Դե, թող մտածեին իրենց մարմնի մասին։
Ճիշտ է, խորամանկ մարդիկ ելք են գտել, ու ամենատարածված հաբերը ցավազրկողներն են։
Բայց չէ՞ որ մարմնի միջոցով կարող ենք միանալ տիեզերքին։ Դրա համար էլ մարդու ամենակարևոր ճանապարհը դեպի մարմնական իրականությունը ճանապարհն է։
Գիտակցությունն օժանդակ նշանակություն ունի. օգնում է խնդիրներ լուծել։ Խնդիր չկա՝ գիտակցությունն էլ պետք չի։
Ենթագիտակցությունն օժանդակ նշանակություն ունի. օգնում է սովոր իրադրություններում գործելու։ Բայց հենց մի նոր բանի ենք հանդիպում, միայն խանգարում է։
Մենակ մարմինն է, որ ապրում է հիմա ու այստեղ։ Միայն մարմինն է միշտ իրական և միայն նա է հնարավորություն տալիս ճաշակելու կյանքի համը։

Ամփոփենք։

Մարդու հոգևոր կյանքը ներառում է.

  • գիտակցությունը
  • ենթագիտակցությունը
  • մարմնական զգացողությունները։

Եթե ուզում եք ճանաչել մարդուն, ուսումնասիրեք նրա հոգու այս կողմերը։

Եթե ուզում եք ճանաչել ձեզ, անսացեք ձեր մարմնի ձայնին։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: