RSS

Փոքր մարդը

24 Մյս

23211_100000999107226_171_nԿոնստանտին Շերեմետև

Երբ ռադիո «Մայակ»-ով տաղանդների թեմայով ելույթ էի ունենում, գովազդային դադարի ժամանակ հաղորդավարուհին մի հետաքրքիր հարց տվեց.

-Ես մեծ մարդ եմ, ինձ իմ տաղանդների զարգացումը չի հետաքրքրում։ Բայց երեխայիս, ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞ր խմբակն ուղարկեմ։

Թվում է՝ սովորական հարց է։ Բայց ուշադրություն դարձրեք՝ ինչն է հետաքրքիր։ Մայրը ոչ թե երեխային է հարցնում, թե որ խմբակում կուզեր ընդգրկվել, այլ մի օտար մարդու, որ երեխային տեսած անգամ չկա։ Սա ծնողների՝ երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի լավ օրինակ է. «Տերը ես եմ. ուր ուղարկեմ, այնտեղ էլ կգնա»։

Մի հետաքրքիր բան էլ կա. հենց իրեն տաղանդների զարգացումը չի հետաքրքրում, բայց, չգիտես ինչու, կարծում է՝ դա հետաքրքրում է երեխային։ Պառկած իր օրորոցում՝ ծծակ է ծծում ու ծոծրակը քորում. «Մի տաղանդ չզարգացնե՞մ։ Կյանքն անցնում է, չէ՞»։

Դաստիարակության պարադոքսները

Երբ փոքր ժամանակ ծնողները մեզ փնովում էին,
դա համարում էինք անարգանք։

Երբ մենք ենք մեր երեխաներին փնովում,
համարում ենք դաստիարակություն։

Դաստիարակության խնդիրները լուծելիս հարկավոր է մոտենալ միանգամայն այլ դիրքից։

Երեխան էլ մարդ է, բայց՝ փոքր

 

Նա իր ցանկություններն ունի և կյանքի նկատմամբ իր հայացքները։ Հասկանալի է, որ շատ բաներ նա չգիտի, բայց, դե, դուք էլ ամեն ինչ չի, որ գիտեք։

Հիմա պակերացրեք՝ դռան զանգ։ Դուռը բացում եք, տեսնում եք՝ կիմոնո հագած երկու մարդ, որ ասում են.

  • Եկել ենք Ձեզ տանենք, որ ջիու-ջիտսու պարապեք։
  • Ո՞վ է որոշել,- հետաքրքրվում եք։
  • Մեր ուսուցիչն ասում է, որ բոլորը պիտի ջիու-ջիտսու պարապեն. դա ապահովում է զարգացած անհատականության չորս գիծ՝ առողջություն, հարգանք, գիտելիք և հոգևորություն։ Դրա համար մեք ամեն օր ձեզ հետ կմշակենք նետումները, շունչը պահելը, հոդախախտումներից ու խայթոցներից խուսափելը։

Ի՞նչ կպատասխանեք։

Հավանական է, ասենք՝ «Ջիու –ջիտսուն լավ բան է, բայց թողեք՝ ես որոշեմ, թե ինչ պարապեմ»։

Ձեր երեխան նույնն է մտածում։ Նա իր հետաքրքրություններն ու ցանկություններն ունի։ Եթե դրանք արհամարհեք, կփչացնեք հարաբերությունները ձեր երեխայի հետ։ Իսկ թե դա ինչ օգուտ կտա երեխային, մեծ հարց է։

Շատ հաճախ, երբ խոսվում է մանկական տաղանդների մասին, ծնողներն իրականում ուզում են փարատել իրենց բարդույթներն այն առումով, որ տաղանդներ իրենք չունեն։

Մի՛ ստիպեք երեխային իրականացնել ձեր չիրականացած երազանքը։ Իրեն հարցրեք՝ ինչ է ուզում անել։

Դաստիարակության պարադոքսն այն է, որ բոլոր ծնողներն էլ ոզում են իրենց երեխաներին ապագայում տեսնել որպես պատվարժան ու ինքնուրույն անհատներ, բայց դրա հետ էլ ընդհանրապես չեն հարցնում նրա կարծիքը ու նրա փոխարեն որոշում են՝ ինչն է երեխայի համար լավ։

Ինդպե՞ս պիտի երեխան ինքնուրույն անհատականություն դառնա, եթե փոքրուց ինքը ոչինչ չի վճռում։

Ի՞նչ է մտածում ձեր երեխան

Մայրը որդուն հարցնում է.

-Ինչո՞ւ ես երեխաների դաստիարակության մասին գիրք կարդում։

-Քեզ եմ վերահսկում։ Տեսնեմ՝ հո չափը չե՞ս անցնում։

Երևի զարմանաք, բայց երեխան, նույնիսկ ամենափոքրիկը, մտածում է ճիշտ նույն բանի մասին ինչ որ դուք. ինչպես իրականացնի իր ցանկությունները։

Ուղղակի ձեր միջոցներն են տարբեր։ Ձեզ ձեր ցանկություններն իրականացնելու համար հարկավոր է պայմանավորվել տարբեր մարդկանց հետ։

Երեխան պիտի պայմանավորվի միայն ձեզ հետ։ Հենց դրա համար, օրինակ, երեխան շատ ակտիվ սովորում է խոսել։ Իրեն դա պետք է։ Այդ տեսանկյունից հեշտ է տեսնել, թե ինչու են երեխայի խոսքում խանգարումներ լինում։ Եթե ծնողները երեխայի հետ նորմալ են խոսում, երեխան էլ արագ ու լավ է սովորում խոսել։ Իսկ եթե երեխայի հետ սվսվում են, օգտագործում են «մանկական» բառիկներ՝ «խասյա-մասյա»…, երեխայի խոսքի զարգացումն էլ դանդաղում է։ Որքան շատ են ծնողները շփվում երեխայի հետ, այնքան շուտ է նա սկսում խոսել։

Մոտ մեկ տարեկանում երեխաներն արտասանում են իրենց առաջին բառերը։ Փոքր երեխան հեշտ է սկսում տիրապետել լեզվին կամ լեզուներին երկուսից հինգ տարեկանում։ Մեծահասակը դրա համար պիտի շատ ուժ ներդնի։ Եթե երեխան այդ տարիքում չլսի մարդկային խոսք, նա այլևս լիարժեք չի խոսի։

Մի հետաքրքիր բան կա. որքան լավ է խոսում երեխան, այնքան շատ է պնդում իր ցանկությունները։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ հենց դրա համար է նա խոսել սովորել։ Բայց ծնողները նյարդայնանում են, երբ երեխան սկսում է պաշտպանել իր դիրքորոշումը։

Որպես կանոն, ծնողներն այստեղ երկու տիպական սխալ են անում։ Առաջինն այն է, որ կոնֆլիկտային իրավիճակում ծնողներն աշխատում են իրենցն անել կոշտ մեթոդներով։ Դրանով ծնողները կոտրում են երեխայի անհատականությունը, և նրա զարգացումը կտրուկ արգելակվում է։ Արդյունքում այս երեխաները դառնում են անինքնավստահ մարդիկ, որ իրենք չեն կարողանում իրենց կյանքը տնօրինել։ Այդպիսի երեխաները հաճախ դառնում են թմրամոլ ու հարբեցող։

Երկրորդ սխալն այն է, որ ծնողները ամեն ինչում զիջում են իրենց երեխաներին ու երես են տալիս։ Այս դեպքում երեխաները շատ շուտ դադարում են ծնողներին հարգելուց, դառնում են էգոիստ, արդյունքում՝ դժվար են հարաբերություններ հաստատում հասակակիցների հետ և հակված են կործանարար վարքի։

Ծնողների ճիշտ ռազմավարությունը «Մենք և դու հարգարժան մարդիկ ենք» սկզբունքի պահպանումն է։ Իրենց վարքով ծնողները պիտի երեխային ասեն. «Մենք հարգում ենք քեզ ու հարգում ենք քո դիրքորոշումը, բայց կան վարքի կանոններ, որ հարկավոր է պահել»։ Գործնականում՝ թվում է, թե երեխան կարող է անել՝ ինչ ուզում է, բացի նրանից, ինչ վնասում է իրեն կամ իրեն շրջապատողներին։

Երեխայի համար ամենակարևորը ձեզ հետ շփումն է։ Նրան ընդառաջ գնացեք, և դաստիարակության խնդիրների մի բազմություն ինքն իրեն կլուծվի։

Թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: