RSS

Չեմ առաջարկում կարդալ

23 Օգս

grigor pltyanԱրևմտահայերենն ինձ համար անհաղթահարելի չէ, բայց 500 և ավելի էջանոց վեպը… Աբովյանից հետո առաջին հեղինակն է, որ վերջակետը դարձրել է հազվադեպ նշան։ Կետադրությունն ընդհանրապես ծայրահեղ դեպք է այս վեպում (հասկացիր՝ ինչպես կհասկանաս)։ Ընթերցանության առաջին էջերից պարզ էր, որ «արևմտահայերեն» ասվածն այս գրքի համար խիստ չափազանցված է. չթարգմանված-չծանոթագրված ֆրանսերենը խառնած ֆրանսամիտ հայերենին անանցանելի մացառների նման չի թողնում՝ առաջ գնաս։

Բայց մասնագիտական հետաքրքրությունս հաղթում է։ Մի քանի թերթից հասկանում եմ, որ կարևորը ոչ թե լեզուն է, որով գրված է Գրիգոր Պլտեանի «Շրջում» վեպը, այլ դրա թողած ազդեցությունը։ Բառերը, որոնք հասկանում ես, ասոցացվում են պատկերների հետ, որոնք չես հասկանում, ասոցացվում են ձայների հետ։ Ու տեսնում ես աղաղակով լռող մի մարդու։

Հայ է։ Հայերենն իր մտածելու, զգալու, բայց ավելի շատ հիշելու լեզուն է։ Էստեղ՝ Ֆրանսիայում, հայերեն մտածելով, հայերեն զգալով չես հաղորդակցվի։ Բայց ո՞վ ես դու, եթե ոչ նա, ինչ քո մասին մտածում են ուրիշները։ Դրա համար քեզ դուրս ես բերում քո բնական աշխարհից, որ գոյությունդ հաստատող փաստ ունենաս. «….Պէ՞տք ունեցած է ուրիշներուն որպէսզի գիտակցի թէ գոյութիւն ունի, իրողութիւնը կկարծէ յաճախ այդ է, ճշգրիտ, ստուգելի տուեալ մը»։

Մտածում ես՝ հերթական ահազանգն է հայության՝ սփյուռքում օտարներին ձուլվելու առիթով։ Բայց որպես հիշողություն մեջբերված պատկերը այլ տեղ է տանում. «….կը պրկէր վիզը, կը ցցէր աղուամազին ներքեւ գտնելու համար մորթը, ուրկէ դանակն ի վար պիտի ժայթքէր արիւնը, սկիզբը սուր, ուժգին, հետզհետէ աւելի դանդաղ, փետուրները կը դողային, կը փայլէին, կարծես կը մսէին վերջին անգամ մինչեւ որ մարմինը պարպուէր արիւնէն ու հեւքէն, եւ յետին ցատկռտուքէ մը ետք մնար նետուած հողին վրայ, անշարժ, մինչ հայրիկը դանակը մէկդի նետած կը սրբէր քրտնած ճակատը, մէկէն հաւանաբար դժգոհ, որ ափէն հատիկ կերած այդ ընտանին, գրեթէ տան անդամ դարձած շնչավորը, որուն ձուէն բխիլը, աճիլը, մեծանալը տեսեր էր, դեղնաւուն, նարնջագոյն, կապոյտի զարնող սեւ նոխազը կը զոհուէր այսպէս շաբաթ իրիկունով, որով երբեք բերանը պիտի չդնէր անոր միսը, պիտի չհամտեսէր, չգրուած, չըսուած կանոն մը չխախտելու համար…»։
Հերոսի գոյության ապաստանը մայրենի լեզուն է։ Բայց ստիպված է լքելու իր «տունը»։ Դա դավաճանություն է։ Դա հարազատին սպանելու նման մի բան է. այն հարազատին, որ քո պաշտպանությանն է ապավինել։ Բայց մեռցնելու-մորթելու պարտադրանքը կա։ Ու դու «միսը բերան չտանելու» ազատությունն ունես միայն՝ որպես մխիթարանք։ Սա արտակարգ իրավիճակ է։ Բայց հերոսի համար «….ապրիլ կը նշանակէ ստեղծել արտակարգ իրավիճակ, աւելցնել մէջդ ստուերաշխարհի մը բեռը»։

Հերոսի՝ աղետի ենթարկված լինելու, աքսորված լինելու զգացումը թեքում է մեզ դեպի հայտնի աղետն ու աքսորը։ Բայց խնդիրն ուրիշ է։ Այս մարդը պատահածի արդյունքի հետ հաշտվելու, ապրելու կերպը գտնելու անհրաժեշտությունն ունի, ինչի համար ուրիշ մարդ պիտի դառնա. «….Կը փախչի մանկութենէն, ծոցէն, տունէն, երկուորեակային, հոմանիշ, հոմանուն, հոմաբջիջ սէրէն, կփնտռէ ուրիշ նոյնութիւն մը, երեւակայէ՛, ոչ-գոյացական։ Միշտ բաղդատութիւն մը՝ անկե զերծելու համար»։ Բայց ինչպե՞ս կարող ես հրաժարվել ինքնությունիցդ։ Ինչպե՞ս կարող ես ուրիշ ինքնություն քեզ վերագրել՝ առանց հրաժարվելու եղածից։ Իսկ կարո՞ղ ես երկուսին տեր լինել։ Ինչպե՞ս։ «… կարելի չէ երկու տեղ ըլլալ առանց ոչինչ ըլլալու…»։

Սա է։ «Ոչինչ»-ը Ժան-Լյուքի գոյության ձևն է, այստեղ և հիման՝ «ոչ մէկ տեղ»-ը։ Հերոսն ազատ է ապրելու պահի թելադրանքով, հարմարվելու  պահի պահանջին իր խոսելու, սեր անելու, շրջապատին վերաբերվելու կերպով, բայց ո՛չ զգալու։ Զգացմունքը նրա համար անհասանելի ճոխություն է։ Եթե կուզեք՝ աքսորված է հենց զգացմունքից։ Ազատ է, այո, ծիսականությունից, ավանդականությունից, պատասխանատվությունից իր նախնիների, ինչպես նաև սերունդների առաջ։ Բայց «…. Ասիկա արուեստին ազատութիւնը չէ, ո՛չ, սիրելիս, այլ տիրական մինակութիւնը….»։ Որբի՛ ազատություն։

Լավ, սա հերթական ծավալուն վեպը չէ՞ միայն հայերի համար։ Ի՞նչ պիտի իր համար էստեղից քաղի, ասենք, արաբը կամ իտալացին։
Կարծում եմ՝ նման խնդրի առաջ հայտվում է ցանկացած ազգի արտագաղթյալ։ Ցանկացած ազգի մարդ ստիպված է իրեն վերագտնելու փորձեր անել նոր միջավայրում, հարմարվել՝ իր ավանդականից, իր մայրենիից, իր էության զգալի մասից հրաժարվելու գնով։ Ուզում եմ ասել՝ սա վեպ է ընդհանրապես հայրենազուրկ մարդու ու հայրենազրկվածության մասին։ Սրա օգտին է տողը, թե՝ «….միայն երբ չունենաս կը գիտնաս ինչ է. allons, allons, երբ ունենաս չես գիտնար…»։

Բայց եթե մեզ թույլ տանք ավելի լայն ընդհանրացում անելու, ապա, թերևս, ամեն մարդ որևէ միջավայրում հաստատվելու համար անկասկած ինքնաաքսորվում է իրենից՝ իր ինքնությունից, իր՝ միայն իրեն հայտնի մտքերից, մտածողությունից՝ ընդունելու համար այն միջավայրի մտածողությունը, որ պարտադրվում է, բայց խորթ է իրեն։ Եվ հենց դրանից երկկենցաղության՝ մի կողմից օտար, մյուս կողմից դավաճան լինելու զգացումն է ունենում, ուրիշի նման մտածելու անհրաժեշտությունը հոգում մեղքի զգացում է առաջացնում. «….եթէ ուրիշն է մէջդ՝ մտածումդ բանագողային է…»։

Վեպը, որ Ֆոլքներին արժանի էջեր ունի, հնարավոր է մեկնաբանել զանազան կողմերից՝ շոշափելով ամենատարբեր շերտերը։ Բայց դրանք ընդամենը հեղինակի միտքը բացահայտելու վարկածներ են, իսկ «….Վարկածները,- ինչպես Պլտեանն է ասում,- լռութիւնը կը խցկեն, չեն թարգմաներ, իրողութիւնը կը դարձնեն անստանձնելի, ինչպէս դէպքէրը երբեք տեղի չունեցան որովհետեւ արձանագրող չեղաւ»։

Դիտեք նաև սա։

 
Թողնել մեկնաբանություն

Posted by off 23 Օգոստոսի, 2015 in Էս էլ՝ ես

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: