RSS

Հուսահատություն և անզորություն. ելք կա՞

28 Նյմ

img_5361Ալֆրիդ Լենգլե
2015 թվի նոյեմբերի 8-ի դասախոսությունը

Այսօր շատ բարդ թեմա ունենք. հուսահատության ու անզորության զգացումը։ Այս թեման մի հարցադրում ունի. դեռ որքանո՞վ կյանքը իմաստ ունի։ Ինչպե՞ս է հնարավոր իմաստ գտնել ու լավ կյանքով ապրել, եթե մարդ անզոր է և հուսահատ։
Սկսենք նրանից, թե ինչ է հուսահատությունը։ Ես երբևէ արդեն ապրե՞լ եմ հուսահատություն։ Եթե մարդ հուսահատվել է, ճնշվածություն է զգում,նա էլ ելք չի տեսնում, լուծում չի գտնում։ Օրինակ՝ ուսանողը նկատում է. վաղը քննությունն է, իսկ ես արդեն չեմ հասցնի ամբողջ գիրքը կարդալ։
Դա կարող է հուսահատություն առաջ բերել։ Կամ՝ մարդ օդանավակայանի ճանապարհին մեքենայով խցանման մեջ է։ Ժամանակն անցնում է, ու եթե հրաշք տեղի չունենա, չի հասցնելու իր ինքնաթիռին։ Նման իրադրության մեջ նույնպես հնարավոր է հուսահատվել։ Կամ՝ մեկը տուն է կառուցել ու խրվել է պարտքերի մեջ, որոնք գնալով մեծանում են։ Նա հայտնվում է ճնշող հանգամանքներում, նա կարող է հուսահատության գիրկն ընկնել։ Երբ հուսահատության զգացում ենք ունենում, դրան միշտ ուղեկցում է «Ես այստեղ էլ ոչինչ չեմ կարող անել» զգացողությունը։ Հուսահատության մեջ մենք նաև անզորություն ենք ապրում։ Քանի դեռ ինչ-որ բան կարող եմ անել, և ինչ-որ բան ինձ տանում է դեպի նպատակը, հուսահատություն չի լինում։ Հուսահատությունը լինում է այն ժամանակ, երբ նկատում ենք, որ էլ ուշ է, որ արդեն խորտակվող նավակում ենք, որ դժբախտությունն արդեն կայացել է։ Եթե ինչ-որ աղետ արդեն տեղի է ունեցել, դա կործանում է այն, ինչ ինձ համար արժեքավոր է։ Եթե ջրհեղեղը տարել է տունս ու ունեցվածքս, եթե մեռել է երեխաս, եթե բռնություն եմ ապրել, իմ նկատմամբ վատ վերաբերմունք, եթե իմ հարաբերություններում անընդհատ վեճեր են ու չարաշահումներ, եթե այնպես եմ ապրել, որ հանգել եմ սխալ որոշումների (բաժանում, աբորտ, ալկոհոլ, բռնության կիրառում) ուրեմն՝ ինչպե՞ս շարունակեմ ապրել։ Կյանքս կործանված է, կյանքս լցված է տառապանքով, տառապանքով ու էլի տառապանքով։ Մարդ սկսում է մտածել ինքնասպանության մասին։ Հուսահատված մարդը մոտ է ինքնասպանությանը, քանի որ այն, ինչ ունի, ինչ իրենից հենարան ու արժեք է ներկայացնում, կործանվում է։ Արդեն կործանված է, կամ ես հետևում եմ՝ ինչպես է դա անկում ապրում ու անհետանում։ Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ինձ համար կարևոր իրերը, մարդիկ, որոնց հետ ես կապված եմ, աչքիս առաջ կործանվում են։ Կամ կանգնած եմ կործանված կյանքի ավերակների մեջ։ Էլ հույս չկա։ Է՞լ ինչ կարող է լինել։ Ապագա չկա։ Ամեն ինչ կործանվեց։ Ներկա չկա. ներկան ավերակներ են, անդունդ, կամ դա ավերող է։ Ես ինքս էլ ոչ մի հնարավորություն չունեմ խառնվելու ու մի բան անելու, որոշում կայացնելու։ Ես ընտրելու բան չունեմ։ Դեմ եմ առել պատին։ Էլ անզոր եմ։
Հուսահատության հակառակ բևեռը հուսալն է։ Եթե ես հույս ունեմ, ուրեմն կյանքն ընթանում է։ Քանի դեռ հույս ունեմ, դեռ անեն ինչ չէ, որ կորած է։ Հնարավոր է՝ շրջադարձ լինի, որովհետև լավ բան դեռ կա. տունն իր տեղում է, հարաբերությունները կան, երեխան, թեպետ հիվանդ է, հնարավոր է՝ առողջանա։ Մարդը հույս է տածում, որ իր ախտորոշումը, այնուամենայնիվ, քաղցկեղը չի։ Մարդը հույս ունի, որ շուտով աշխատանք կգտնի ու աշխատավարձը կօգնի փակել պարտքերը։ Բայց հուսահատության ու հուսալու մեջ նմանություն կա։ Թեպետ և դրանք բևեռներ են, բայց նույն կառուցվածքն ունեն։ Եթե ես «հույս ունեմ», նշանակում է անզորության պես մի բան եմ ապրում։ Երբ ես «հույս ունեմ», նշանակում է՝ էլ ոչինչ չեմ կարող անել։ Երեխային բերել եմ կլինիկա, հոգ եմ տանում նրան, կողքին եմ միշտ, բժիշկներն անում են՝ ինչ կարող են. դրանից ավելի ոչ մի մարդ չի կարող անել։ Եվ այնուամենայիվ, ես կարող եմ հուսալ։ Նման բան ինչպե՞ս է հնարավոր։ Երբ ես հույս ունեմ, կապված եմ երեխային ու նրա կյանքին։ Եվ ես չեմ հրաժարվելու այդ արժեքի հետ հարաբերությունից։ Թեպետ թևերս ծալած նստած եմ և էլ ոչինչ անել չեմ կարող, բայց ես կապը պահում եմ։ Պարադոքսալ կերպով ես ակտիվ եմ մնում։ Ես ամենալավն եմ ցանկանում։ Ես դեռ մի քիչ վստահություն ունեմ։
Հուսալը շատ խելամիտ մոտեցում է։ Հույսի առկայության դեպքում դեռ դժբախտությունը տեղի չի ունեցել։ Իսկ այն, ինչ տեղի չի ունեցել, դեռ հաստատ չի։ Հնարավոր է՝ ինչ-որ անսպասելի մի բան լինի և ամենահուսալին հավատալն է, որ բեկումը չի բացառվում։ Միանգամայն հնարավոր է՝ երեխան կառողջանա, ես քննությունս կհանձնեմ, ես քաղցկեղով հիվանդ չեմ, աշխատանք կգտնեմ։ Միայն փաստերն են բացառում հնարավորությունը։ Հույսն ուղղված է ապագային։ Ես կառչում եմ իմ ցանկությունից, իմ մտքից, որ ինչ-որ բան դեռ կարող է լավ լինել։ Ես այդ արժեիքն հավատարիմ եմ մնում։ Ինձ համար կարևոր է, որ երեխան առողջ լինի, որովհետև ես նրան սիրում եմ։ Այսինքն՝ ես մնում եմ հարաբերությունների մեջ, կապի մեջ։ Ես այդ արժեքը բարձր եմ պահում։ Սա իրականության հողի վրա է կատարվում. չի բացառվում, որ դեռ ամեն ինչ կարող է լավ լինել։ Հույսը արվեստ է։ Դա հոգևոր արվեստ է։ Սեփական անկարողության կողքին, փոխանակ անզորության ու թմբիրի մեջ ընկնելու, հնարավոր է մի բան անել, այսինքն՝ չհրաժարվել արժեքից։ Բայց «անել»-ը արտաքուստ անելը չի։ Սա ներքին կարգավորման խնդիր է։
Հույս տածելու և հուսահատության մեջ մի հասկացություն էլ կա, որ շատ մոտ է հուսահատություն հասկացությանը. «հանձնվել»-ը։ Երբ ասում եմ՝ «Սա էլ իմաստ չունի», հրաժարվում եմ արժեքից։ Բայց սա արդեն մի քիչ անկումային վիճակ է։ Երբ մարդ «հանձնվում է», էլ հույս չունի։ Ես արժեքը բաց եմ թողնում, էլ ոչինչ չեմ ակնկալում։ Մի ներքին անտարբերություն է ի հայտ գալիս։ Այսպես մարդ հասնում է հարաբերությունների բացակայությանը։ Սրան հակառակ՝ հուսալիս շարունակում եմ հարաբերություններ պահել նրա հետ, ինչ ինձ համար կարևոր է, արժեք է։ Այդ անտարբերության մեջ դեռ մի քիչ հենարան կա, դեռ մարդ չի ընկել հուսալքության անդունդը։ Հուսահատության մեջ այլ բան է լինում. Հուսահատության մեջ, թեպետ արդեն անդունդում եմ, ինչպես հույս տածելիս, կապված եմ մնում արժեքի հետ, չեմ ուզում դրանից հրաժարվել։ Դրա համար վախ եմ ապրում, տագնապում եմ, որ ամեն ինչ կործանվել է։ Հուսահատությունը չի նշանակում, թե հանձնվել եմ։ Հուսահատված մարդը հույս տածող մարդն է։ Այն մարդն է, որ դեռ կապված է արժեքներին, որ դեռ ուզում է, որ երեխան լավանա, որ քննությունը հանձնվի։ Բայց, ի տարբերություն հույս տածողի, ում համար դեռ հնարավորությունը մնում է, որ ամեն ինչ լավ է լինելու, հուսահատված մարդը ստիպված է տեսնելու, որ այն արժեքը, որից նա կառչել է, կործանվում է, կամ արդեն կործանվել է։ Նա, ով հուսալքվել է, ապրում է հույսի մահը։ Կործանվում է այն, ինչ կարևոր է իմ կյանքի համար, ինչից կախված է իմ կյանքը։ Հուսահատությունը ցավ է։ Այսինքն՝ հուսահատվածը դատապարտված է տեսնելու` ինչպես է իր համար կարևոր արժեքն անհետանում, կամ անհետացել, և դա նրան դուրս է նետում ներքին կանոնավորությունից։
Դրա համար հուսահատվածն զգացողություն ունի, թե ինքն ընկնում է մի անդունդ կամ արդեն այնտեղ է։ Դանիացի փիլիսոփա Սյորեն Կիերկեգորը շատ է մտածել հուսահատության մասին ու ապրել է հուսահատություն։ Նրա համար հուսահատությունը ներքին սխալ վերաբերմունքն է։ Այդ ներքին խանգարումը գալիս է ներսից, ինչ-որ ուրիշ բանից։ Կիերկեգորը ընդարձակել ու կապել է սա Աստծո հետ։ Նա, ով չի ուզում ապրել Աստո հետ համերաշխ, հուսահատվում է։ Եթե խոսենք հոգեբանության տեսակետից, կարող ենք ասել, որ հուսահատությունը «հույս չունենալ» է նշանակում։ Ռոմանական լեզուներում այս իմաստը տեսանելի է(despair, désespoir, disperazione, desesperación)։ Առանց հույսի ես արժեքի հետ կապը կորցնում եմ, դրա հետ կորցնում եմ նաև ոտքիս տակի հողը։ Այդ ժամանակ կյանքս այլևս չի կարող շարունակվել։ Դա նման է վախի զգացողությանը. վախի ժամանակ հենարան հողի կորուստ ենք զգում։ Հուսալիս այդ հողը արժեքի նկատմամբ սերն է ու դրա հետ հարաբերվելը։ Հուսալքության մեջ նույնպես վախի կառույցը կա։ Հուսալքության մեջ անիմաստության կառույցը կա, որովհետև էլ չկա այն համատեքստը, որ կարող էր ինձ համար կողմնորոշիչ լինել։ Հուսալքության մեջ նաև հիստերիկ մենակության կառույցը կա, երբ մարդ ինքն իր հետ կապը կորցնում է։ Այսինքն՝ հենասյունային բոլոր կառույները խորտակվում են հուսալքության ժամանակ։ Բացվում է գոյի անդունդը։ Վախ է առաջանում։ Հիմա ինչպե՞ս կարող եմ սկսել վերաբերվել իմ կյանքին։ Հուսալքությունը միշտ աղետի, դժբախտության բնույթ ունի։ Կյանքը աղետի է ենթարկվել։ Չէ՞ որ մարդ չի հուսալքվում երջանկությունից։ Եվ հուսալքությունն էլ երբեք միայն մտավոր չի լինում. Դա միշտ մի զգացում է, որ համակում է ինձ ամբողջությամբ։ Սա անզորության զգացում է, զգացումն է նրա, որ էլ չես կարող առաջ շարժվել, թեպետ կուզեիր շարունակել։ Ես դեռ չեմ հրաժարվել իմ մտադրություններից, բայց ճակատագիրը, հանգամանքներն ինձ կտրում են այդ նպատակից։ Հնարավոր է՝ մեզնից յուրաքանչյուրին է ծանոթ անզորության, հուսալքության զգացումը։ Ե՞րբ եմ վերջին անգամ հուսալքված եղել։ Ինչո՞ւ եմ հուսահատություն զգացել։ Դա նմա՞ն է եղել այստեղ նկարագրվածին։ Հուսալքությունը սարսափելի զգացում է։ Հուսալքության ժամանակ, իրոք, հող չկա ոտքիդ տակ։ Քիչ հետո կվերադառնանք հուսալքության թեմային, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ ասել է անզորություն։ Դա կարևոր է, որովհետև անզորությունն է առաջ բերում հուսալքություն. առանց անզորության հուսալքություն չի առաջանում։ «Անզորություն» ասել է, թե՝ էլ ոչինչ չեմ կարող անել։Բայց այնուամենայնիվ, դա նույնը չի, ինչ «ոչինչ անել չկարողանալ»-ը, որովհետև շատ բան կա, որ ես չեմ կարող անել, եթե նույնիսկ ցանկանայի։ Օրինակ՝ չեմ կարող ազդել եղանակի վրա, քաղաքականության, իմ միգրենի։ Դրանց հետ անուղղակի մի բան կարող եմ անել, բայց ոչ ուղիղ։ Անզորությունը նշանակում է «ոչինչ չկարողանալ անել, բայց ցանկանալ»։ Ուզում եմ, բայց չեմ կարող անել։ Էստեղ էլ երկու պատճառ կա. մի կողմից հնարավոր է՝ հանգամանքները թույլ չեն տալիս, մյուս կողմից պատճառը կարող եմ ինքս լինել. ես ինչ-որ բան եմ ուզում, մի բան եմ ցանկանում։ Երբ հրաժարվում եմ կամենալուց, ցանկությունից, անհետանում է նաև անզորությունը։ Այստեղ մի քանի դուռ ենք տեսնում, որ մեզ տանում են դեպի հոգեբանական աշխատանքի հնարավորությունը։
Ե՞րբ ենք մենք անզորություն ապրում։ Անզորությունն ապրում ենք ինքներս մեր հանդեպ։ Օրինակ՝ ես կարող եմ ցավել, որ անզոր եմ իմ ունեցած կախման հանդեպ, կամ ուռուցքի հանդեպ, որ աճում է, նրա հանդեպ, որ չեմ կարողանում քնել, որ միգրենի սրացում եմ ունենում։ Ես կարող եմ ինձ անզոր զգալ ուրիշների հետ հարաբերություններոմ. Այն, որ չեմ կարող փոխել ուրիշ մարդու, որ հարաբերությունները սարսափելի ուղղություն են ստանում։ Բայց ես կուզեի լավ հարաբերություններ ունենալ։ Բայց հիմա իմ հարաբերությունները նման են բանտի։ Ես չեմ կարող դրանք փոխել, չեմ կարող նաև հեռանալ, թեպետ ինձ մշտապես վիրավորում են, արժեզրկում են։ Կամ՝ կարող եմ անզոր լինել ընտանիքում, ուր անդադար վեճեր են լինում, իրար չհասկանալը, լարումն աճում է։ Ես արդեն ամեն ինչ փորձել եմ, ասել եմ. ոչինչ չի փոխվում։ Իհարկե, անզորություն ենք ապրում խոշոր ընկերություններում՝ դպրոցում, բանակում, հիմնարկում, պետության նկատմամբ։ Այստեղ հաճախ ենք ունենում «ես ոչինչ չեմ կարող անել» զգացումը, սովորում ենք դրան։ Անզորություն ենք ապրում նաև բնության նկատմամբ, երբ ջրհեղեղ, երկրաշարժ է լինում, նաև տնտեսագիտական գործընթացներում, նաև նորաձևության փոփոխությունների նկատմամբ։ Անզոր ենք, եթե փակված ենք մի տեղում, օրինակ՝ լիֆտում, կամ, որ ավելի վատ է, վառվող մեքենայում։ Այդ ժամանակ վախ ու տագնապ է առաջանում։ Անզորությունն առաջանում է, եթե ես ինձ զգում եմ բախտի ողորմածությանը հանձնված։ Եթե ինձ իշխում են բնազդները (օրինակ պեդոֆիլական զգացումները) և ես մշտապես տառապում եմ, որ չեմ կարողանում սանձել դրանք։ Ես անզոր եմ դեպրեսիվ զգացողութունների հանդեպ, որ ինձ համակում են։ Անզոր եմ, երբ ինձ մենակ եմ զգում, վիրավորված, նեղացրած, վտարված։ Կամ եթե ամբողջ կյանքս ապրվում է որպես անիմաստություն։ Ի՞նչ պիտի անեմ այստեղ։
Եկեք՝ էստեղ մի անգամ էլ նայենք հակադիր բևեռին։ Հակառակ բևեռը «կարողանալն» է։ Ի՞նչ ասել է՝ «կարողանալ»։ Կարողանալը, ինչպես անզորությունը, կրկնակի կառուցվածք ունի. «կարողանալը» մի կողմից կախված է հանգամանքներից, որ ինձ դա թույլ են տալիս, մյուս կողմից՝ իմ ուժից ու ընդունակություններից։ Հենց դրանով այստեղ միավորվում են աշխարհն ու իմ սեփական գոյությունը։ «Կարողանալիս» մենք անընդհատ առնչվում ենք հանգամանքներին, դրա համար էլ խոչընդոտները «կարողանալու» համար կարող են ծագել դրսից (օրինակ՝ խցանման մեջ եմ հայտնվել և չեմ կարողացել ժամանակին հասնել դասախոսության)։ Բայց խոչընդոտներ կարող են լինել նաև ներսից։ Օրինակ՝ ես ռուսերեն խոսելու ընդունակություն չունեմ։ Դրանից ես մի քիչ անզոր եմ դառնում, որովհետև շատ կուզեի ռուսերեն իմանալ։ Իհարկե, ես կարող էի մի քիչ շատ սովորել ու ինձ այդ դեպքում կազատեի այդ անզորությունից։ Այսինքն՝ «կարողանալը» զգալի մասով կախված է իմ ուժից ու ընդունակություններից, որոնք ինձ որոշակի իշխանություն են տալիս, որ կարողանամ հանգամանքները դասավորել։ Եթե սովորել եմ մեքենա քշել, կարող եմ մեքենան տիրապետել։ «Կարողանալը» էքզիստենցիալ հսկայական նշանակություն ունի։ «Կարողանալը» ոչ միայն մեզ կապում է աշխարհի հետ, այլև ընդարձակում է մեր «լինելու» տարածությունը։ Այդ տարածության մեջ ես կարող եմ շարժվել։ Եթե ես լեռնագնացությամբ եմ զբաղվում, կարող եմ մագլցել ամենաբարձր պատը։ Եթե ես լողալ գիտեմ, կկարողանամ լողալ ծովում։ Եթե կարողանում եմ երգել, ուրեմն կգամ երաժշտության աշխարհ։ Որքան շատ բան եմ կարողանում, այնքան ընդարձակ է իմ աշխարհը։ Իսկական «կարողանալը» միշտ կապված է «թողնելու» հետ։ Այսինքն՝ ինչ ես կարողանում եմ, պիտի կարողանամ նաև դա թողնել։ Թողնելը մարդու հիմնարար «կարողանալն» է։ Կարողանալ թողնել լինելու։ «Կարողանալ» թույլ տալ, որ լինեն իմ զգացմունքները, իմ վախը, նրա համար, որ կարողանամ դրանց հետ վարվել։ Բայց նախադրյալը դրանց թողնելու կարողությունն է։ Ես պետք է կարողանամ դադար տալ, ընդմիջել։ Իսկ ընդմիջման մեջ ես թողնում եմ իմ գործունեությունը։ Ես պիտի կարողանամ ընդհատել, դադարեցնել ինչ-որ բան անելը, եթե չեմ կարող և չգիտեմ՝ ինչ անեմ։ Թողնելը հիմնարար, հիմք դնող «կարողանալ» է։ Հուսահատված մարդը չի կարողանում բաց թողնել։ Անզորության մեջ ի՞նչ խնդիր կա։ Ինչո՞ւ է անզորությունը լցված տառապանքով։ Նախ՝ անզորությունը մեզ անգործունյա է դարձնում, մեզ կաթվածահար է անում։ Ճիշտը որ ասենք՝ կաթվածահար չի անում, ստիպում է։ Մենք զգում ենք, որ ինչ-որ բան մեզ ստիպում է ոչինչ չանել։ Այսինքն՝ հենց այնտեղ, ուր ես կարող էի ինչ-որ բան անել, ստիպված եմ ոչինչ չանել։ Անզորությունը կպչունություն է, ուժ է, զորություն է։ Դա նման է բռնության։ Ես պիտի բաց թողնեմ, բայց չեմ ուզում, և դա ինձ դարձնում է զոհ։ Սա մաքուր անձնատուր լինել է ինչ-որ բանի։ Ես ասես մերկ կանգնած եմ իմ էքզիստենցիայում։ Երկրորդը՝ անզորությունն ինձնից խլում է էքզիստենցիայի հիմքը՝ գործողությունը, այն, որ ես կարող եմ ինչ-որ քայլի դիմել։ Անզորության դեպքում ես էլ ոչինչ չեմ կարող ձևակերպել, ստեղծել, էլ չեմ կարող ինչ-որ տեղ լինել, չեմ կարող հարաբերություններ զգալ։ Չեմ կարող իրագործել այն, ինչ ինձ համար կարևոր է։ Չեմ կարող արժեքներ իրագործել և լինել իմաստի ստեղծման մասնակից։ Անզորության մեջ ես էլ չկամ, թեպետ այստեղ դեռ կամ։ Իմ անհատականությունն այլևս չի զարգանում, գոյություն չունի իմ լինելիության իմաստը։ Երրորդը՝ անզորությունն ինձնից խլում է արժանապատվությունս։ Երբ ես զոհ եմ, զուրկ եմ արժանապատվությունից ու արժեքներից։ Ես կարծես մղված եմ մի կողմ, իսկ իրադրությունները վրայովս են անցնում։ Անզորությունը սերտ է հուսալքության հետ։ Այս համակցությունը հուսալքութանը տալիս է նույն կառուցվածքը, ինչը լինում է վնասվածքի ժամանակ։ Ծանր վերքը, ինչը հենց վնասվածքն է, մի զգացում է, որ մոտենում է մահվան, որին դու պատրաստ չես, որպես արդյունք՝ մարդուն դուրս է նետում իր ներքին կայունությունից։ Նա կորցնում է հողը, իսկ արժեքները կորցնում են իրենց ուժը։ Մարդն արդեն չգիտի՝ իր համար ինչն է կարևոր։ Նա այլևս չի տեսնում փոխկապակցությունների ծավալուն համակարգը, որին ինքը կարող է վստահել։
Նույնն է տեղի ունենում նաև հուսալքության ժամանակ, բայց ոչ նույն աստիճանի ինտենսիվությամբ։ Հուսալքությունը ոնց որ վնասվածքի կանխազգացումը լինի։ Հուսալքությունը խորը հիմք ունի։ Հուսալքության մեջ կորչում է կապը, հարաբերակցությունը նրա հետ, ինչը վերջին հաշվով կրում է մարդուն։ Էլ չես զգում, թե կա ինչ-որ մի այնպիսի բան, որ պահում է։ Բացակայում է հենքային վստահությունը։ Մարդը չի զգում գոյության հիմքերը, չի զգում ամենախորը։ Դա մի բան է, որ չեն կարող ըմբռնել, բայց դա ապրում ենք։ Հուսալքության մեջ կորչում է նաև կյանքի խորապես արժևորությունը՝ բոլոր արժեքների հիմքը։ Կյանքն էլի ինչ-որ արժեք ունի՞, եթե ես հուսալքված եմ։ Դա այլևս չի շոշափվում, չի զգացվում։ Նույն կերպ չի զգացվում նաև սեփական անձի խորապես արժևորությունը։ Իմ անհատականության գոյությունն ունի՞ արդյոք դույզն-ինչ արժեք։ Ընդհանրապես ամեն ինչը դեռ ունի՞ ինչ-որ իմաստ։ Սրանք էքզիստենցիայի խորքում կայացածության այնպիսի պահեր են, որ ներկայացնում են դրա հոգևոր իմաստը։ Հուսալքության ու անզորության մասին մտորումների վերջում ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել դրանց հանգեցնող երկու պատճառների վրա. 1) մարդը շատ խիստ է կենտրոնացած մի բանի վրա, ուղղորդված է դեպի ինչ-որ նպատակ ու ինչ-որ արժեք, որից նա չի կարող հրաժարվել, որը չի կարող բաց թողնել, 2) բացակայում է էքզիստենցիայի խորը կառուցվածքով հարաբերությունը։ Բացակայում է այն զգացողությունը, որ դեռ ինչ-որ բան քեզ տանում է, կյանքի խորը արժևորության զգացումը, սեփական խորության և սեփական արժևորության՝ որպես անհատականության զգացողությունը և իմաստի զգացողությունը։  Հուսալքության ու անզորության պատճառների այս վերլուծությունը հիմք են տալիս օգնության համար։ Փոխանակ շարունակելու տենդագին կախվել, բռնել նրանից, ինչ արժեք էր, ես պիտի հրաժեշտ տամ և կարողանամ դա թողնել։ Թույլ տամ՝ դա գա, դա լինի։ Հիվանդության հետ կապված հուսալքության մեջ, կապված նրա հետ, որ դա, այնուամենայնիվ, քաղցկեղ դուրս եկավ, ընդունել դա։ Հա, այդպես է։ Տես՝ ինչ կարող ես դրա հետ անել։ Առանց այդ «թողնել կարողանալու», մարդը մնում է հուսալքության մեջ։ Դեռ այդ մասին ավելի մանրամասն կասենք։ Հետո կարող ենք աշխատել նրա վրա, որ նորից սկսենք զգալ էքզիստենցիայի խորքային կառույցները, որ ես կարողանամ նորից զգալ, որ վերջին հաշվով ինձ ինչ-որ բան պահում է, որ մահն էլ կյանքի մի մասն է, և որ ես կարող եմ նաև մեռնել։ Եթե չկարողանայի մեռնել, նորից ու նորից հուսալքության մեջ պիտի ընկնեի։ Այստեղ ուզում եմ հիշել Վիկտոր Ֆրանկլի միտքը հուսալքվելու առիթով։ Մինչև հիմա հուսահատությանը նայում էինք ելնելով սուբյեկտիվ զգացումներից, այնինչ Ֆրանկլը ավելացնում է իմաստի տեսանկյունը։ Ֆրանկլն այնքան էլ չի նայում հուսալքությանը սուբյեկտի աչքերով, ով դա ապրում է, այլ աշխատում է նայել դրան ուրիշ բարձրությունից։ Նա ստեղծում է հուսահատության կարճ ֆորմուլան։ Մինչև հիմա ասում էինք, որ հուսալքությունը անզորություն է, երբ մարդ շարունակում է կառչած մնալ ինչ-որ արժեքից։ Ֆրանկլն ուրիշ ձևակերպում ունի. նրա համար հուսալքությունը անիմաստ տառապանք է։ Իսկ ո՞րն է, ըստ նրա, հուսալքության պատճառը։ Ասում է՝պիտի տարանջատենք տխրությունն ու հուսահատությունը։ Օրինակ՝ եթե կինն ուզում է զուգընկեր ունենալ, երեխաներ, ու չունի, դա, իհարկե, ամենայն հավանականությամբ տխուր բան է։ Հենց դա կարող է բերել նաև հուսահատության, միայն այն դեպքում, եթե այդ ցանկությունը բացարձակ է, եթե կյանքի կատարյալությունն ու կյանքի իմաստը կախման մեջ են դրվում նրանից, թե կատարվո՞ւմ է արդյոք, տեղի՞ է ունենում այն, ինչ ցանկանում եմ, երբ այդ արժեքը դառնում է կյանքի միակ արժեքը. Օրինակ՝ կյանքը կյանք է միայն այն դեպքում, եթե ես ընտանիք ունեմ։ Մեջբերեմ Ֆրանկլին.«Հուսալքված կարող է լինել միայն այն մարդը, ով ինչ-որ բան պաշտում է, ով ինչ-որ բան ամեն ինչից վեր է դասում։ Իսկ դա էքզիստենցիալ չափազանցումն է. չէ՞ որ կյանքում բազմաթիվ արժեքներ կան»։
Արդեն ասել ենք, որ հուսալքությունը ընդունել կարողանալու համար հարկավոր է բաց թողնել կարողանալ։ Ֆրանկլն ասում է՝ հա, պետք է կարողանալ թողնել, բայց պետք է կարողանալ նաև հրաժարվել։ Եթե մարդ չի կարողանում հրաժարվել, իրեն ենթարկում է հուսալքվելու վտանգին։ Որովհետև եթե ես չեմ կարող հրաժարվել, ես ջղաձգորեն կառչում եմ ինչ-որ բանից, ինձ համար այդ ինչ-որը դառնում է բացարձակ կարևոր, իսկ դա արդեն որևէ արժեքի բացարձակացում է։ Բայց չէ՞ որ մարդկային բոլոր արժեքները հարաբերական են։ Միայն հավատացյալ մարդը կարող է ասել, որ կա բացարձակ մի արժեք՝ Աստված։ Սրանից հետո Ֆրանկլը հուսալքության թեմա ևս մի ցուցանիշ է մտցնում. հուսալքությունը հաղթահարել հնարավոր է իմաստի համատեքստում։ Այսինքն՝ հուսալքությանը հնարավոր է դիմակայել ոչ միայն «հրաժարվել կարողանալով» ինչ-որ բանից, այլև զոհաբերության միջոցով։ «Զոհաբերել» նշանակում է՝ ես մի արժեքավոր բան եմ տալիս հանուն ավելի մեծ արժեքի, իսկ կրոնական իմաստով՝ վերջին հաշվով՝ հանուն Աստծո։ Այստեղ Ֆրանկլը դիմում է Շելերի փիլիսոփայությանը։ Մարդն իրեն տեղավորում է արժեքների հիերարխիայի որոշակի կարգի մեջ։ Եթե ես ինչ-որ բան կարող եմ զոհաբերել, ուրեմն ընդունում եմ, որ կա ավելի մեծ արժեք, քան նա է, որը զոհաբերում եմ։ Դա ինչ-որ ավելի մեծ բան է, քան «հրաժարվելը»։  Ե՛վ հրաժարումը, և՛ զոհաբերումը լծորդված են նրանով, որ ես ձեռք եմ բերում ավելի մեծ արժեք. Հակառակ դեպքում դա մազոխիզմ է։ Օրինակ՝ եթե մեկը որոշում է մնալ երեխաների հետ, լինել երեխաների հետ, հրաժարվել իր նպատակներից, ցանկություններից, դա կարող է ընկալվել որպես զոհաբերում. «Ես դա անում եմ հանուն երեխաներիս»։ Այսինքն՝ նրանք ինձ համար ավելի մեծ արժեք են, քան իմ ցանկություններն ու պահանջմունքները։ Շատ կարևոր է, որ դա լինի կամավոր որոշում։ Հարկավոր է այդպես զգալ, դա չի կարող ճնշման տակ լինել։ Եթե մարդ դա անում է այսպիսի զգացումով ու այս կարգով, գիտի՝ ինչու է անում։ Դա անում է հանուն երեխաների, դրա համար էլ հարկ չկա հուսահատվելու, թե կյանքը իզուր անցկացրեց կամ վատնեց։ Այսպիսով՝ եթե ես կարող եմ ինչ-որ բան տալ հանուն ավելի մեծ արժեքի, հուսալքություն չի առաջանա։ Այս առիթով Ֆրանկլը բերում է հետևյալ արտահայտությունը (որին կարելի է քննադատաբար նայել, բայց ես հաճույքով մեջբերում եմ, որովհետև կարծում եմ՝ դա մեզ կարող է մղել ինչ-ինչ կարևոր մտքերի). «Այն, ինչ զոհաբերում եմ, պահպանում է իր արժեքը»։
Ենթադրենք՝ փողերը պահում եմ, չեմ ծախսում, որովհետև գծուծ եմ։ Այդ դեպքում փողն արժեք չունի։ Բայց եթե ես կարող եմ ծախսել, տալ ինչ-որ ուրիշ բանի փոխարեն, այդ դեպքում փողն արժեք է ստանում։ Չի նշանակում, թե ինչը պահում եմ ինձ, արժեք չունի։ Բայց այն միտքը, որ ես, տալով ինչ-որ իր, կարող եմ այդ արարքին ավելի մեծ արժեք տալ, հետաքրքիր միտք է, որ պարունակում է շատ շարժ, ինչը բացում է ավելի շատ հեռանկար։
Վերջում մի քանի բառ ասեմ թեմայի գործնական կողմի մասին։ Եթե մարդ ոչինչ չի կարող փոխել, եթե նա չի կարող ոչ մի արժեքավոր բան անել և իմաստ չի տեսնում, էլ ի՞նչ կարող է անել։ Ֆրանկլը խոսում է, որ անիմաստության ու անզորության հետ դեմ դիմաց մենք այնուամենայնիվ կարող ենք ինչ-որ բան անել։ Մենք կարող ենք ինքներս մեզ փոխել։ Մենք կարող ենք գործի գցել կարգավորումների արժեքը։ Ֆրանկլը ծանոթ էր հուսալքությանը։ Համակենտրոնացման ճամբարում լինելու պես արտակարգ իրադրության մեջ, երբ նա ամեն վայրկյան կարող էր մեռնել, երբ սառչում ու քայլում էր ձյան վրա բաց կոշիկով, ուր նրան խփում էին հրացանի կոթով, որտեղ ապուրը եռացրած ջուր էր, որի մեջ մի ոլոռ էր լողում, որտեղ ցուրտ էր, ոջիլ ու տիզ կար, որտեղ այնքան տառապանք է ապրել, այս ամենը մոտեցնում է հուսալքության։ Մի երկու անգամ նա հուսահատության հասել է։ Եթե ուրիշ մարդիկ չլինեին, նա կհանձնվեր. Էլ չէր ուզում ապրել։ Բայց ուրիշ մարդիկ նրան պահում էին։ Հենց դրա համար էլ մեզ ուրիշ մարդիկ պրետք են։ Բոլորիս էլ պետք են ուրիշ մարդիկ։ Մենք չենք կարող ամեն ինչ մենակ անել։ Մենք ասում ենք, թե եթե չեմ կարող էլ ոչ մի բան փոխել, ես կարող եմ փորձել ինձ փոխել։ Եթե էլ ազատություն չունեմ, ես ազատ եմ ինքս ինձ կարգավորելու, իմ դիքորոշումը հաստատելու։
Եվ էստեղ եկու կարևոր հարց է ծագում. 1) Ինչպե՞ս եմ հաղթահարելու տառապանքը, որ ստիպում է ինձ հուսալքվել։ Կարող եմ գոռալ, լաց լինել, հայհոյել, ալկոհոլ ընդունել, փախչել կամ հանգիստ մնալ, խոսել ինքս ինձ կամ ուրիշների հետ, գուցե նաև աղոթել։ Տարբեր ձևեր կան։ Ոչինչ չի սահմանափակում։ Երբեմն կարող ենք անընդունակ լինել տառապանքը փոխելու, բայց կարող ենք ձևավորել հարաբերությունն այդ տառապանքի հետ և այն, թե ինչպես ենք դրա հետ վարվում։ Դա մի քիչ ազատություն է ստեղծում։ 2)Ոչ թե ինչպես եմ տառապելու, այլ՝ ում համար։ Ո՞ւմ հետ եմ հարաբերությունների մեջ մտնում, եթե վերցնում եմ դա ինձ վրա։ Կարող են իմ հարազատները լինել. կարող եմ ինչ-որ բան անել, որ նրանք ավելի շատ չտառապեն։ Օրինակ՝ անընդհատ չանհանգստացնեմ նրանց ու մի բան չպահանջեմ նրանցից, ինչ է թե՝ էլ ինձ չեմ կարողանում զսպել։ Հանուն ինձ. Որ էլ ես ինձնից չամաչեմ։ Որ կարողանամ ավելի հաճախ նայել հայելուն։ Պահպանել կեցությունս, ինչպես ապրում էի, հարգանքս իմ նկատմամբ։ Հանուն կյանքի. երախտագիտության զգացումից, որ ապրելու իրավունք ունեմ։ Հանուն ծնողներիս։ Երախտագիտությունից, որ նրանք ինձ մեծացրել են, սիրել են։ Մի՞թե ես չպիտի սիրեմ ինձ։ Եթե ես թույլ տամ ինձ ընկնել, իմ ծնողների սիրո դեմ արած կլինեմ, կհակասի դրան։ Կամ՝ ի սեր Աստծո, եթե ես հավատում եմ Աստծուն։ Կարող եմ նաև ի սեր Աստծո տանել այդ տառապանքները։
Այ, այստեղ զոհի նման մի բան կա. Այն, որ ինչ-որ բան ուրիշին ես տալիս։ Է՞լ ինչ կարող ենք անել։ Հոգեբանության տեսակետից կարևոր է, որ եթե մենք հուսալքվել ենք կամ գործ ունենք հուսալքված մարդու հետ, ինչ կարող ենք մենք կամ նա ասել սեփական հուսահատության մասին։ Նույնիսկ եթե պարզապես խոսես մարդու հետ հուսալքության մասին, դա գոնե մի քիչ դուրս կբերի նրան պասիվության ու զոհ լինելու վիճակից։ Եթե դու լսում ես ուրիշ մարդու, ուրեմն ծագում են հարաբերություններ, ուրեմն նա այլևս մենակ չէ։ Եվ ինքնահեռացում է առաջանում խնդրից։ Սա կարևոր պահ է։ Հաջորդը խորացված աշխատանքն է։ Խոսքը այն աշխատանքի մասին է, որի շնորհիվ պիտի «կարողանանք թողնել»։ Կարող ենք աշախատել հուսալքության ու անզորության թեմաների շուրջ էքզիստենցիայի չորս հիմնական կառույցների ասպեկտով։ Այստեղ կարճ հիշատակեմ ամեն կառույցի առանցքային հասկացությունները։

  1. Եթե հուսահատությունը կապված է ինչ-որ ուժի, բռնության հետ, ուրեմն խոսքն այն մասին է, որ մարդուն օգնելու համար սատարել նրան, որ ընդունի այն իրավիճակը, որը հնարավոր չէ փոխել, և կարողանա դա անցկացնել։ Ընդունել, նշանակում է «կարող եմ թույլ տալ, որ դա լինի»։ Նման կարգավորումը ինձ համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե ես նայեմ նրան, ինչ ինձ պահում է, և տեսնեմ, որ ամեն ինչից անկախ կարող եմ լինել։ Ես կարող եմ ինքս լինել։ Ես կարող եմ թույլ տալ, որ դա լինի, որովհետև դա թույլ է տալիս, որ ես լինեմ։
  2. Եթե խոսքը կյանքի, հանգամանքների անողոքության մասին է, օգնում է թախիծը։ Թախծելիս մենք մեզ նվիրում ենք զգացմունքին, որ ձեռք ենք բերում կորստի պատճառով, և արցունքները մեզ նորից միացնում են կյանքին։ Իսկ եթե հուսահատվել եմ ինքս ինձնից, քանի որ ինքս փչացրել եմ կյանքս ու չեմ կարողանում ինձ դա ներել, որովհետև ամաչում եմ դրանից, ապա աշխատանքն այստեղ այն է, որ նայեմ ինձ և ուրիշներին թույլ տամ՝ նայեն ինձ, որ նորից իմ պատկերն ստանամ։ Ես ո՞վ եմ, անկեղծ ասած։ Եվ խոսքը զղջում ապրելու մասին է։ Զղջալ, նշանակում է նայել քո արածին և զգալ՝ ինչ ցավ է դա ինձ պատճառում։ «Զղջում եմ։ Իմ արածն ինձ ցավ է պատճառում»։
  3. Եթե ես իմ ապագայում չեմ կարող իմաստավորված փոխել ինչ-որ բան, ես կսովորեմ ապրել նոր իրադրությունում։
    Ինձ հարց կտամ՝ ինձնից ի՞նչ է ուզում տվյալ իրադրությունը։ Եթե ես հիմա քաղցկեղ ունեմ, ինձնից ի՞նչ է ուզում քաղցկեղը։ Օրինակ՝ որ ինչ-որ բան ստեղծեմ, անեմ, որ կարողանամ կյանքը վարել այդ հիվանդությամբ և որ այդ կյանքը նույնպես լավը լինի։ Դա ուրիշ կյանք է լինելու, բայց կարող է լավ կյանք լինել։ Դա այն է, թե ինչպես եմ պատասխանում նոր իրադրությանը։ Էքզիստենցիայի կառույցների խորքերում նորից հաստատվում է այն զգացողությունը, որ քեզ մի բան տանում է, պահում է։ Վերջին հաշվով ի՞նչը ինձ կպահի, եթե ամեն ինչ փլվի։
  4. Նայել նոր հողին, նոր սկզբին։ Ի՞նչ կա իմ կյանքում։ Որտե՞ղ կարող եմ զգալ ներքին համաձայնություն։ Կատարելությունը կյանք կգա նորից այն ժամանակ, երբ ներքին համաձայնություն կունենամ նրա հետ, ինչ անում եմ։

Շնորհակալություն ուշադրության համար։

Ռուսերենից թարգմանությունը՝ իմը։

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: