RSS

«Մհերի դռան» առաջ

14 Դկտ

Untitled-281Բոլոր ժամանակներում մարդուն գրավել է խորհրդավորը, գաղտնին, թաքնագիտությունը… Հենց այդ հետաքրքրությունն է ֆանտաստիկայի ժանրը ծնել։

Բայց ժանրը իրականանում դրսևորվում է, երբ գրողը ներծծված է դրանով, շնչում ու սնվում է դրանով։ Էդպես, առանց հորինելու առանձնահատուկ կարիքի, Լևոն Խեչոյանը, ոտքից գլուխ ներծծված բանահյուսությամբ, ֆանտաստիկ փիլիսոփայական բարձունքների է հասցնում ընթերցողի միտքը։ Գնում հասնում ես Մհերին, մտնում ես նրա քարանձավը, զգում ես հոսքը, որ Մհերն է, ու դու ես՝ միաժամանակ։

«Մհերի դռան գիրքը» դեռ շատ գրականագետների ուսումնասիրության առարկան ու գիտական թեզի նյութ է լինելու, բայց նվաստս ուզում եմ դրա գոնե երեք առանձնահատկությունների մասին հիմա խոսել (պարզապես չեմ կարողանում չխոսել)։

Առաջինը վեպի կառուցվածքն է։ Սյուժե չունի այս վեպը։ Պատումները՝ որը ծանոթ, որը՝ դեռ ոչ, բացահայտումներն ու ուրիշ տեսանկյունից երևացող հերոսը պատառիկ առ պատառիկ են երևում։ Բայց խոսքը չի ընդհատվում, քեզ ծանոթ մարդկանց մասին է… Ժամանակն ընդհանրապես հարաբերական է այստեղ. եթե չլինի տեղ-տեղ դասախոսի ներկար օրագիրը, որ քեզ զենքերի շաչյունից, Քուռկիկ Ջալալու խրխինջից ու Պատարազիի սևեռուն հայացքից կտրում է, բերում քո իմացած լսարաններում նստեցնում, ընդհանրապես կկորցնես իրականության զգացողությունը։ Ընդհանրապես բոլոր կերպարները այսօրվա մարդիկ են՝ այսօրվա նիստուկացով, այսօրվա մտածելակերպով, այսօրվա հոգեբանությամբ ու միստիկայի նկատմամբ հավերժական հետաքրքրությամբ։ Ժամանակ չի անցնել նրանց լինելիությունից։ Կամ՝ նրանց լինելիությունը չի ընդհատվել, հասել է, անընդհատ վերարտադրվելով, մինչև էստեղ։ Դրա համար էպոսի հերոսները ռումբերով կարող են կռիվ անել։ Դրա համար, չնայած քրիստոնեությունից շա՜տ առաջ եղած բաներ է պատմում, հերոսները, մեկ է, քրիստոնեական ծեսեր են անում (անուններով), քրիստոնեական կոչեր անում։ Ժամանակն, այսինքն, հատվածավորված չէ, ընդհանուր է՝ միաժամանակ ներկա, անցյալ և ապառնի։ Եվ դա գրողի մտահղացումն է՝ դիտավորյալ կառուցած, ընթերցողի համար պատրաստած խորշը, ուր ինքդ քեզ հետ անհուն միայնության մեջ (որովհետև եթե ժամանակ գոյություն չունի, դու այն ես, ինչ հենց հիմա ես) կարող ես առնչվել իր տեսած-զգացած-ճանաչած Մհերին։ Ի հաստատումն՝ «Հրագույն հագուստով՝ մեկ արծվի,անգղի, մեկ էլ խաչաթև թռչնի դեմք ունեցող սուրհանդակն ազգային վեպի մյուս մարդկանց հետ էլ էր հանդիպեցրել, նրանք էլ գոյություն ունեին Ագռավաքարի բովանդակության մեջ, անգամ նրանք, որ նոր սերունդ էին, և նրանք, որ դեռ չէին ծնվել՝ հետագայում էին արգանդ ընկնելով սաղմնավորվելու։ Տասնչորս օր նրանց կողքին լինելով՝ համոզվել էի՝ բոլորն անվերջանալի պատմության և ամբողջական ժամանակի մեկ միասնությունն էին»։

Մի հնար էլ է օգտագործել Լևոն Խեչոյանը՝ նյութը քեզ իր մեջ ներառող դարձնելու համար՝ միաժամանակ բանահյուսականությունը չխաթարելով։ Կրկնությունները։ Անընդհատ կրկնում է, թե Մհերին մեռած համարելու համար տարբեր մահեր են նրա համար հորինել ու տարածել հենց իշխանությունները (Վերգոն), կամ՝ Մհերին տեսած, հետը խոսած հովիվը զգալի գնով ծախում է տեղեկությունները գիտնականներին, կամ՝ Սանասարն ու Բաղդասարը Վասպուրականի սպարապետի տղայի հարսանիքին դեսպան են նշանակվում… Կրկնության ամեն պտույտին մի նոր մանրամասն բացահայտվում է, այո, բայց սա նաև տանում քեզ խառնում է բերնեբերան անցնող-ավելացող-մեկնաբանվող բամբասանքին, որ էլի բանահյուսություն է։

Մհերի գիրքն իր պատումներով ընդհուպ հասնում է Աստվածաշնչին. բայց տարբերվում է դրանից քո էությունը հենց քո էությամբ պաշտպանելու ու փրկելու գաղափարախոսությամբ (դու Մհերն ես)։

Երկրորդ առանձնահատկությունը հեղինակի (պատմողի) կերպարն է։ Աշխարհից դուրս, ձախողակ մի մարդ, որ պատասխանատվություն չունի իրեն վստահած մարդկանց նկատմամբ, ազգային վեպի շուրջ դասախոսում է, և նրա դասախոսություններին գալիս են նաև ուրիշ կուրսերի ուսանողներ։ Իր կնոջն ու սիրուհուն նյարդային պոռթկման հասցրած տղամարդուն խելքից դուրս ու ինքնամոռաց սիրում է իր դստեր տարիքի ուսանողուհին։ Ինքն է ասում՝ երբեմն մարդիկ կասկածում են իր հոգևոր առողջությանը։ Երբեմն ինքն էլ է կասկածում՝ հո հիվանդ մտքի արտադրանք չէ՞ իր պատմածը։ Ինչպե՞ս վերաբերվենք այս հակասական կերպարի պատմածին. հավատա՞նք։ Ինչո՞ւ է նման կերպար ստեղծել։ Հենց այս խորհրդածություններում քեզ բռնում ես, որ դատում ես մարդուն (շատ մոտենում է վերաբերմունքին Կամյուի «Օտարի» նկատմամբ), ընդ որում՝ դատում ես ըստ հանրության ընդունած կանոնների։
Բայց գիրքը կարդացողներից ո՞վ կասի, թե ինքը հեղինակի հետ չի հասել Մհերի դուռը, չի մտել խորշը, չի մնացել էնտեղ 14 օր….
Այսինքն՝ պատմողի անձի հեղինակությունը չէ, որ պատմածը հավաստի է դարձնում։ Այսինքն՝ ամեն ինչ հենց այնպես է, ինչպես ասվում է։ Մնում է՝ հասկանանք՝ ինչ է ասում։

Վերջին՝ երրորդ, թերևս գլխավոր առանձնահատկությունը, որի մասին ուզում եմ խոսել, պացիֆիստական- էքզիստենցիալական գաղափարն է։

Մհերը բոլոր կռիվներն արել-պրծել էր, հասել էր կռիվը մերժելուն. «Ի տարբերություն նախնիների՝ Մհերը համոզված էր՝ գոյատևելու համար պարտադիր չէ սպանելը։ Երկրագնդի վրա բոլոր ողբերգությունների իրական պատճառը ապրելու համար սպանելու նշանաբանն էր»։

Կյանքում ամեն նյութական բան իր «Մհերին» զոհած այս մարդը համարձակվում է նորովի մեկնաբանել «մինչև մեր օրերը հասած» դրոշի գույները. «Ամենաառաջնային արժեքներից մեկն ազգային վեպում «Հացն ու գինին, Տեր կենդանին» էի հաշվում, որ մինչև մեր օրերը հասած եռագույն դրոշի խորհուրդն է։ Դեղինը հացն է, կարմիրը՝ գինին, իսկ կապույտ գույնը՝ երկինքը, որտեղ Մհեր աստվածն է ապրում»։
Վերջին էջերում ամփոփում-եզրակացության պես է հնչում արկածախնդիր խելառ երիտասարդի խոսքը իրեն զննող բժշկին.

«-Ինձ արևն է կարգել, որ Ագռավաքար մտնեմ, ընթացքը տեսնեմ, ազգային վեպի մարդկանց հետ հանդիպեմ։ Ասա՝ ինչի՞ համար։
— Ինչի՞։
— Նրա համար, որ մարդն սպանում է, հոգու կարիքն ունի, ազգերը հակառակությունով են լցված»։

Վեպը մոգական ազդեցություն ունի։ Սրանից հետո հասկանում ես, որ ամեն մարդու մեջ մի Մհեր կա, որը նրան տանում հասցնում է ճանաչողության ու ինքնաճանաչողության դուռը։ Էդ ճանաչողությամբ ծանրացած մարդուն է, որ հողը չի կարողանում տանել։ Դրա համար էլ նրանք գնում են…. Փակվում են ագռավաքարում, որ դուրս գան, երբ աշխարհը նորոգվելու լինի։

Էդպես էլ ինքը՝ Լևոն Խեչոյանը, գնաց, որովհետև հողն իրեն էլ չէր տանում։ Գնաց փակվեց Ագռավաքարում ու սպասում է։ Դուրս է գալու հաստատ։ Երբ ժամը գա, ոգի է հագնելու ու դուրս գա։ Ու էն ժամանակ հակառակն է լինելու «…ոգին դրսից է լինելու, մարմինը՝ ներսից…»։

Նկարի աղբյուրը

 
 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: