RSS

Daily Archives: 7 Փետրվարի, 2016

Վահան Տերյան. բանաստեղծություններ

05-9-2-1Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

1912

***

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվերը
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ։

***
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…

***

Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածքիդ հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։

***

Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են այստեղ վարդեր։
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ։

Անծանոթ աղջկան
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

***

Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերի վրա- օ, անո՜ւշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կրակ են վառել։
Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր, հի՜ն, հիչում ես, բարբառ հայրենի,
Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերում իմ բաց, անո՜ւշ հեռու…

***
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

***

Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։
Ես՝ կալանավոր աշխարհում արար…
Հովիվներն՝ ազատ հեռու սարերում։
Ու երկրից երկիր-գերումից գերում
Գնում են անդուլ՝ անհայտին ավար…
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։

***

Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է։
Օ՜, երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդո՜տ։

***

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք…

 

Պիտակներ՝