RSS

Ապրելու խորությունը

23 Ապր
mind_in_book2

Կոնստանտին Շերեմետև

Կոնստանտին Շերեմետև

Երբ մարդիկ գնահատում են իրենց կյանքը, սովորաբար քանակային չափանիշներն են հաշվի առնում.

  • Ինչքան փող ունեմ
  • Ինչքան ապրանք ունեմ
  • Քանի արտասահմանյան ուղևորություն ունեմ և այլն։

Բայց այս ցուցանիշները չեն խոսում գլխավորի՝ կյանքի խորության մասին։

Կյանքի խորությունը ապրվող զգացմունքների խորությունն է։ Պարզապես քանակի ավելացումը ոչինչ չի տալիս։ Ընդունենք՝ ձեզ տորթը դուր չի եկել։ Հո ավելի համեղ չի դառնալու, եթե երկու կտոր ուտեք։ Հետաքրքիր է, որ եթե հավանել եք տորթը, միևնույն է, երկու կտորը չի բերելու հաճույքի կրկնապատկման։
Չկա մի բան, որի պարզապես ավելացումը ինչ-որ բան նշանակի։ Ըստ ավանդության՝ Սողոմոն թագավորն ուներ 700 կին և 30 սիրուհի՝ չհաշված ստրկուհիներն ու պարուհիները։ Թվում է՝ պիտի լրիվ բավարարված լիներ։ Բայց՝ ոչ, Սողոմոնը սիրավեպ է սկսում Սաբայի թագուհու հետ։
Երևում է՝ Սաբայի թագուհու հետ նա կարողացել է զգալ մի բան, ինչ չի զգացել հազար կանանց հետ։
Կյանքի խորությունը ամբողջ էությամբ ընթացող պահն զգալու և դրա կատարելությունն ըմբոշխնելու ընդունակությունն է։ Դա ամենևին էլ հեշտ բա չէ, և տեսնենք, թե դրան ինչն է խանգարում։

Կեղծ նպատակներ

— Հիշո՞ւմ ես՝ ինչի է հավասար սինուս 45-ը։
— Հիշում եմ. քառակուսի արմատ երկուսից՝ երկուսի։
— Դա քեզ կյանքում գոնե մի անգամ պետք եկե՞լ է։
— Իհարկե։
 — Ե՞րբ։
— Հիմա։ Դու հարցրիր, ես պատասխանեցի։

Խորությամբ ապրելու առաջին թշնամին անընդհատ ու մշտական ունայնությունն է։ Մարդիկ անվերջ դեսուդեեն են ընկնում, մի նպատակից մյուսն են նետվում, անընդհատ փոստն են ստուգում, հեռախոսի հաղորդագրությունները, սոցցանցերի գրառումները։ Ըստ վիճակագրության՝ մարդկանց 79%-ը սկսում են բջջային սարքերից օգտվել արթնանալուց 15 րոպե հետո, իսկ ոմանք հեռախոսն ստուգում են անգամ, երբ գիշերն արթնացել են կամ զուգարան են գնում։
Ընդ որում, այդ հաղորդագրություններում ավելի շատ ձեզ վշտացնող բան կա, քան ուրախացնող։ Վերընթերցեք ձեր առավոտյան լուրերը. դրանցից քանի՞սը ձեզ ուրախացրին։ Ընկերների կյանքին հետևելուց զատ նույնքան կարևոր է ժամանակին իմանալ աստղերի կյանքի նորությունները, հատկապես սկանդալները, չէ՞։
Էնքան էլ հասկանալի չի՝ ինչու է ուրիշի կյանքը ավելի հետաքրքիր, քան քոնը, բայց ունայնության ու սենսացիայի հետևից վազքի մեջ կյանքի խորության զգացողությունը կորչում է։ Գլխումդ միայն տեղեկությունների փրթիկներ են այն մասին, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկն ապրում է։
Թեպետ, եթե ուշադիր նայենք «աստղերի» կյանքին, ի զարմանս կպարզվի, որ առանձնապես ոչ մի «աստղային» բան չկա։ Նույն ունայնությունն է, ինչ բոլոր մարդկանց մեջ։ Անգամ սկանդալները ճիշտ նույնն են, ինչ որ ձեր հարևաններինը։
Էս ամբողջ ունայնությունը ձգում է ճահճի պես, սեփական զգացմունքները խամրում են, և կյանքը դադարում է երջանկություն բերելուց։
Էստեղ գլուխ է բարձրացնում խորությամբ ապրելու երկրորդ թշնամին՝ քեզ «աստղերի» հետ համեմատելն ու տառապելը նրանից, որ քո մասին շքեղ ամսագրերում չեն գրում։ Չէ՞ որ, թվում է, եթե քո մասին էլ բարձրաշխարհիկ անցուդարձում գրեին, կյանքը բոլորովին ուրիշ կլիներ։ Բայց դա պատրանք է. ուրիշ չէր լինի։
Ու կյանքից մնացած ուրախությունը վերջնականապես տապալում է ամփոփիչ հարվածը՝ միտքը, որ կյանքն անցնում է, ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, իսկ հորիզոնին արդեն երևում է ծերությունը։
Հնարավոր է՝ ասեք, թե նորմալ է մշտապես փոստն ստուգելը, հերթական մրցանակի հերթական մրցանակաբաշխությանը Նիկոլ Քիդմանի շորերին հետևելը, մտածելը, որ ամեն ինչ վատ է, ու կյանքն անցնում է։
Չէ, նորմալ չէ։ Դա մտածողության խափանում է։
Որքան շատ է ավելորդ տեղեկությունը ձեր կյանքում, այնքան քիչ է դրանում կյանքը։

 

Խորության որոնումը

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում,
որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։

Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Աղբյուրը

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: