RSS

Հերման Հեսսե/ Սիդհարթա

11 Հլս
herman-hesse

Հերման Հեսսե

Նվիրվում է Ռոմեն Ռոլանին՝ մեծարգո ընկերոջս

Ցանկը

  1. Բրահմանի որդին
  2. Սամանների հետ
  3. Գոթամա
  4. Զարթոնք
  5. Կամալա
  6. Մանուկ-մարդիկ
  7. Սանսարա
  8. Գետի մոտ
  9. Մակույկավարը
  10. Որդին
  11. Օմ
  12. Գովինդա

Սիդհարթա[1]

Բրահմանի որդին

Նավակների մոտ՝ գետի արևոտ ափին՝ տների, ուռենիների ու թզենիների ստվերների տակ իր ընկերոջ՝ բրահմանի[2] որդի Գովինդայի[3] հետ մեծանում էր  բրահմանի որդի Սիդհարթան՝ որպես մի գեղեցիկ երիտասարդ բազե։ Նա գնում էր գետը՝ լողալու, կատարում էր սրբազան օծումներ ու զոհաբերո[4]ւմներ, և արևը խանձելով թխացնում էր նրա գունատ մաշկը։ Նրա սև աչքերում շող էր ցոլում, երբ ուրիշ երեխաների հետ խաղում էր մանգոյի այգում, երբ նրա մայրը մեղմ երգում էր, երբ կատարվում էին սրբազան զոհաբերություններ, երբ նրա ամենագետ հայրը պարապում էր հետը, երբ խոսում էին իմաստունները։ Վաղուց արդեն Սիդհարթան մասնակցում էր իմաստունների զրույցներին, Գովինդայի հետ բանախոսային մրցման, հայեցողության արվեստի, ինքնակենտրոնացման վարժանքներ էր անում։ Նա արդեն կարողանում էր անբարբառ «Օմ»՝ բառերի բառը արտասանել։ Անձայն արտասանելով՝ ներշնչում էր իր շնչի հետ և անձայն արտասանելով՝ արտաշնչում էր այդ բառն իր շնչի հետ։ Նրա հոգին կենտրոնանում էր, և ճակատը լուսավորվում էր ոգուն հասնող մտքի պայծառ լույսով։ Նա իր էության խորությամբ արդեն կարողանում էր հասնել ատմանին՝ անխաթարելի «ես»-ին, որ Տիեզերքի հետ միսնական է։
Հոր սիրտը հրճվում էր, հրճվում էր որդու համար, որ արագ էր սովորում, անհագ էր իմացության նկատմամբ. իմաստության ծիլերը տեսնում էր նրանում. աճում էր մեծ հոգևորականը, բրահմանների ապագա առաջնորդը։
Մոր սիրտը հպարտությամբ էր լցվում, երբ որդուն էր նայում։ Նայում էր՝ ինչպես է որդին քայլում, ինչպես է նստում-վեր կենում. իր ուժեղ, գեղեցիկ Սիդհարթան. ինչպես է քայլում՝ հրվելով ուժեղ ոտքերին, ինչ ազնվաբարո արժանապատվությամբ է ողջունում իրեն։ Բրահմանների երիտասարդ դուստրերի սրտում սեր էր վառվում, երբ Սիդհարթան անցնում էր քաղաքի փողոցներով։ Նրանց հայացքները շոյում էին տղայի պայծառ ճակատը, նրա հպարտ աչքերը, նրա նեղ ազդրերը։
Եվ այնուամենայնիվ, բոլորից շատ նրան սիրում էր ընկերը՝ բրահմանի որդի Գովինդան։ Նա սիրում էր Սիդհարթայի աչքերն ու նրա քնքուշ ձայնը, սիրում էր նրա վայելչագեղ քայլվածքն ու արժանապատվությունը շարշուձևում։ Սիրում էր Սիդհարթայի արած ու ասած ամեն ինչը, բայց ամենից շատ սիրում էր նրա ոգին, նրա հրեղեն բարձր մտքերը, նրա կրակոտ կամքը, նրա բարձր առաքելությունը։
Գովինդան գիտեր՝ իր ընկերը սովորական բրահման չէր դառնալու, ոչ էլ զոհաբերությունների ծույլ սպասավոր, ոչ հաջողություն աղերսող ագահ վաճառական, ոչ դատարկ, անմիտ շաղակրատ, ոչ էլ երկմիտ հոգևորական։ Եվ չէր լինելու նա անխելք-անմեղ գառ բազմագլուխ հոտում։ Չէր լինելու։ Եվ ինքը՝ Գովինդան, նույնպես չէր ուզում այդպիսին դառնալ, չէր ուզում բրահման դառնալ, որ առանց իրեն էլ հազարավորներով կային։ Նա ուզում էր հետևել սիրված, արքայավայել Սիդհարթային։ Եվ եթե Սիդհարթայի ճակատագիրն է երբևէ աստված դառնալը, մտնելը պայցառացյալների շարքը, Գովինդան էլ կհետևի նրան՝ որպես ընկեր, որպես ուղեկից, որպես ծառա, որպես զինակիր ու նրա ստվերը։
Եվ բոլորը սիրում էին Սիդհարթային։ Բոլորի հոգիները նա խինդով էր լցնում, բոլորը ուրախ էին՝ նրան տեսնելու։
Բայց խինդ ու ուրախություն չկար Սիդհարթայի հոգում։ Նա զբոսնում էր թզենու այգում՝ սուզվելով տերևների կապտագույն ստվերում։ Նա տրվում էր մտածումներին, ամեն օր սրբազան ավազաններում լվանում էր ոտքերն ու ձեռքերը, նա զոհաբերություն էր անում մանգոյի անտառների խոր ստվերներում, նրա շարժուձևը ազնվաբարո արժանապատվության կնիք ունեին, ավելի ու ավելի շատ սեր ու երջանկություն էր շրջապատում նրան, բայց նրա սրտում ուրախություն չկար։ Տեսիլքները, անհանգիստ մտքերը հոսում էին դեպի նա գետի ջրերի հետ, փայլում էին աստղերի լույսի մեջ, շողում էին արևի ճառագայթներում։ Տեսիլքները գալիս էին ու փոթորկում հոգին. Դրանք թաքնված էին բրահմանների հին ուսմունքներում, դրանք բարձրանում էին զոհաբերումների ծխաքուլաներից, դրանցով էին շնչում «Ռիգ-վեդայի» գլուխները։
Սիդհարթայի հոգում սկսեց ծիլ տալ անբավարարությունը։ Նա սկսում էր հասկանալ, որ հոր, մոր սերը, Գովինդայի՝ ընկերոջ սերը ոչ միշտ են իր երջանկության բաղկացուցիչը լինելու, ոչ միշտ են իրեն խաղաղեցնելու, հագեցնելու ու բավարարելու։ Նա սկսում էր կռահել, որ իր հարգարժան հայրն ու մյուս իմաստուն բրահմանները, իր ուսուցիչներն արդեն իրեն տվել են իրենց իմաստության մեծ ու լավագույն մասը, որ նրանց իմաստությունը կազմող հարստությունը արդեն մինչև վերջ լցված է իր ծարավ հոգու անոթը, բայց անոթը լիքը չէ։ Միտքը բավարարված չէր, հոգին խաղաղություն չէր գտնում, սիրտը հանգիստ չէր գտնում։ Օծումները լավ են, բայց չէ՞ որ դա ընդամենը ջուր է, դա չի լվանում մեղքերը, չի հագեցնում ոգու ծարավը, չի խլացնում սրտի տագնապները։ Գեղեցիկ են զոհաբերումներն ու աստվածներին աղոթելը։ Բայց մի՞թե դա բավարար է։ Մի՞թե զոհաբերումները հանգեցնում են երջանկության։ Իսկ աստվածնե՞րը։ Հաստա՞տ այս աշխարհը Պրաջապատին է ստեղծել։ Իսկ ատմանն ի՞նչ է՝ միակը. միակ էությունը։ Մի՞թե աստվածները ինձ ու քեզ պես արարած,  ժամանակին ենթակա, անցողիկ էակներ չեն եղել։ Ուրեմն՝ լա՞վ է արդոք, ճի՞շտ բան է, իմաստալի՞ց է այդ գաղափարն ու բարձրագույն գործունեությունը՝ աստվածներին արված զոհաբերումը։ Բայց էլ ո՞ւմ համար զոհաբերես, ո՞ւմ պաշտես, եթե ոչ նրան՝ միակին՝ ատմանին։ Եվ որտե՞ղ գտնես ատմանը, որտե՞ղ է ապրում, որտե՞ղ է բաբախում նրա հավերժական սիրտը. որտե՞ղ, եթե ոչ սեփական «ես»-ում, այն սրբազան ու անխափանելի տեղում, որ ամեն մեկն ունի իր մեջ։ Բայց որտե՞ղ, որտե՞ղ է այդ «ես»-ը, այդ սրբազան ամենախորինը։ Դա արյունը չէ, ոչ էլ մարմինը, ոչ միտքն է, ոչ էլ գիտակցությունը. Այդպես են սովորեցրել ամենաիմաստունները։ Ի՞նչ է դա ուրեմն։ Ու որտե՞ղ է։ Մարդ թափանցեր այնտեղ՝ «ես»-ի մոտ՝ իր ատմանի մեջ։ Կա՞ ուրիշ մի ճանապարհ, որ արժանի լինի փնտրելու։ Եվ ոչ ոք չգիտեր այդ ճանապարհը, ոչ ոք չէր կարող ցույց տալ. ո՛չ հայրը, ո՛չ ուսուցիչները, ո՛չ իմաստունները, ո՛չ սրբազան զոհերի օրհներգերը։ Նրանք՝ բրահմաններն իրենց սրբազան գրքերով, ամեն ինչ գիտեին։ Ամեն ինչ գիտեին ու ամեն բանի մասին մտածում էին։ Եվ ամենից շատ՝ աշխարհի արարման, խոսքի ծագման, կերակրի, շունչի և արտաշունչի, տրամաբանության օրենքների, աստվածների գործերի մասին։ Անսահման շատ բան գիտեին։ Բայց արժե՞ր ամեն ինչ իմանալ, եթե չգիտես մեն-միակ այդ բանը, ամենակարևորը, միակ կարևոր բանը։
Իհարկե, սուրբ գրքերի շատ տողեր, հենց թեկուզ «Սամավեդաների» ուպանիշադաներում, խոսում են այդ սրբագույնի և նախասկիզբի մասին. հզոր տողեր են։ «Քո հոգին ամբողջ աշխարհն է»,- գրված է։ Ու նաև գրված է, որ քնի մեջ, խորը քնի մեջ մարդ ընկղմվում է իր գաղտնարանը՝ ատմանի մեջ։ Զարմանալի իմաստություն կար այդ տողերում, իմաստունների բոլոր գիտելիքները այստեղ հավաքած էր մոգական բառերի մեջ, այնքան մաքուր, որքան շրջանակներում հավաքված մեղրն է։ Չէ, չպետք է անտեսվեն ճանաչողության այդ գանձերը, որ հավաքել ու պահպանում էին իմաստուն բրահմանների անթիվ սերունդներ։ Բայց ո՞ւր են այն բրահմանները, այն հոգևորները, այն իմաստունները կամ ճգնակյացները, որ կարողացել են ոչ միայն աչք գցել գիտելիքի այդ խորությունները, այլև մտնել դրանց մեջ։ Ո՞ւր է այն զորեղը, ում հաջողվել է վերացնել հմայանքը և խորհրդավոր ատմանը երազից դուրս բերել իրականություն, կյանք, քայլի ու ժեստի մեջ, գործողության ու խոսքի մեջ։ Սիդհարթան շատ պատվարժան բրահմանների էր ճանաչում, իր հայրն էլ բրահման էր՝ ամենագետ, մտքերով մաքուր, ամենաարժանապատիվն արժանապատիվներից։ Խոնարհումի արժանի մարդ էր հայրը. նրա շարժումները հանդարտ ու ազնվաբարո էին, նրա կյանքը մաքուր էր, իմաստուն էր նրա խոսքը, բարձր, սուրբ մտքեր էին ամփոփված նրա ճակատում։ Բայց նույնիսկ նա, որ այդքան շատ բան գիտեր, արդյո՞ք ապրում էր երանության մեջ՝ ինքն իր հետ հաշտ։ Մի՞թե նաև նա փնտրող ու ծարավի չէր։ Մի՞թե նա էլ նորից ու նորից չէր հանգում սրբազան աղբյուրներին՝ զոհաբերմանը, գրքին, բրահմանների զրույցին։ Ինչո՞ւ նա, որ անարատ էր, ամեն օր պիտի մեղքերը լվար, ամեն օր հոգար մաքրվելու մասին, ամեն օր՝ նորից ու նորից։ Մի՞թե ատմանը հենց իր մեջ չէր։ Մի՞թե սրբազան աղբյուրի մաքուր շիթը չէր թափվում հենց իր սիրտը։ Հենց այդ աղբյուրն է հարկավոր գտնել։ Մնացած ամեն բան սոսկ ունայնություն է, սոսկ թափառում ու մոլորություն։
Սրանք էին Սիդհարթայի մտքերը, սա էր ծարավը, որ տոչորում էր նրան, նրա տառապանքը։ Հաճախ էր կրկնում Չհանդոգյայի մի ուպանիշադի տողերը՝ «Ճշմարիտ եմ ասում, բրահմանի անունը Սատյամ է. ճշմարիտ, ով դա գիտի, նա ամեն օր մտնում է երկնային արքայություն»։ Հաճախ այդ երկնային արքայությունը նրան մոտ էր թվում, բայց երբեք չի հասել դրան, երբեք լրիվ չի հագեցել նրա ծարավը։ Եվ բոլոր իմաստունների ու գերիմաստունների մեջ, որոնց ինքը ճանաչում էր ու որոնցից սովորում էր, նույնիսկ նրանց մեջ չկային այնպիսիք, որ միանգամայն հասած լինեին երկնային արքայությանը, որ լրիվ հագեցրած լինեին հավերժական ծարավը։
— Գովինդա՛,- կանչում էր Սիդհարթան ընկերոջը,- Գովինդա, սիրելիս, արի գնանք այն ծառերի մոտ, ներհայեցման վարժություններ անենք։ Նրանք գնում էին թզենիների հովանու տակ, նստում էին գետնին՝ մի տեղ Սիդհարթան, մի քիչ հեռու՝ նրանից քսան քայլի վրա՝ Գովինդան։ Իջնելով գետնին, արդեն պատրաստ «Օմ» արտասանելու՝ Սիդհարթան կրկնում էր հազիվ լսելի ձայնով այս տողը.
— Օմն աղեղ է, հոգին՝ նետ, բրահման[5]՝ այդ նետի նշանակետն է։ Պետք է հասնես նշանակետին։
Երբ ներհայեցման վարժություններին տրամադրած ժամանակն ավարտվեց, Գովինդան ոտքի կանգնեց։ Արդեն երեկո էր, մոտենում էր երեկոյան լվացման ժամը։ Նա ձայն տվեց Սիդհարթային, Սիդհարթան չարձագանքեց։ Սիդհարթան անշարժ նստել էր, նրա սառած հայացքը ուղղված էր ինչ-որ շատ հեռու մի նշանակետի։ Ատամների արանքից մի փոքր դուրս էր եկած լեզվի ծայրը, թվում էր՝ չի շնչում։ Այսպես նստած էր նա՝ խորասուզված ներհայեցման, Օմ-ի մտածության մեջ՝ իր հոգին որպես նետ ուղղելով դեպի բրահման։
Մի անգամ այս քաղաքով անցնում էին սամաններ[6]՝ թափառական ճգնավորներ՝ երեք նիհար, չորացած տղամարդ, ոչ երիտասարդ, ոչ ծեր, համարյա մերկ, փոշեպատ ու արյունամած, ածխացած արևից, պարուրված մենակությամբ, աշխարհին օտար ու թշնամական։ Երեք թափառական, երեք փոս ընկած շնագայլեր՝ մարդկանց աշխարհում։ Նրանց հետևից ծածանվում էր լուռ կրքերի, հիվանդոտ աշխարհաթողության, անխնա անձնուրացումի եռուն շոգին։
Երեկոյան, երբ ներհայեցումի ժամն ավարտվեց, Սիդհարթան ասաց Գովինդային.
— Ի՛մ բարեկամ, վաղը ծեգի հետ Սիդհարթան կգնա սամանների հետ։ Կդառնա նրանցից մեկը։
Ու գունատվեց Գովինդան՝ լսելով այս բառերը. իր ընկերոջ անշարժ դեմքին նա կարդաց որոշումը՝ անդարձելի, ինչպես աղեղից բաց թողած նետը։ Նույն պահին մի հայացքից հասկացավ Գովինդան. ահա և սկսվեց. ահա և ոտք է դնում Սիդհարթան իր ճանապարհի վրա, ահա և ճակատագիրը սկսում է առաջնորդել նրան. «…և նրա հետ էլ՝ ինձ»։ Եվ նա գունատվեց՝ ինչպես բանանի չորացած կեղևը։
— Ո՛վ Սիդհարթա,- բացականչեց,- հայրդ թույլ կտա՞։
Սիդհարթան նայեց նրան ասես ուշքի եկած։ Նետի արագությամբ թափանցեց նա Գովինդայի հոգու մեջ, կարդաց այնտեղ հավատարմությունը, կարդաց և վախը։
Ո՛վ Գովինդա,- ասաց նա ցածրաձայն,- արի բառերը քամուն չտանք։ Վաղն առավոտյան՝ նոր օրվա ծեգից ես կսկսեմ սամանի կյանքը։ Էլ այդ մասին մի խոսիր։
Սիդհարթան մտավ սենյակը, ուր ծղոտե հյուսածո փռոցին նստել էր հայրը, կանգ առավ նրա թիկունքում ու այնքան կանգնեց, մինչև հայրն զգաց, որ թիկունքում մարդ կա կանգնած։ Ու բրահմանն ասաց.
— Դո՞ւ ես, Սիդհարթա։ Եկել ես ինչ-որ բան ասելու՝ ասա։
Եվ ասաց Սիդհարթան.
-Դու ինձ թույլ տվեցիր, հա՛յր իմ։ Ես եկել եմ ասելու քեզ՝ վաղը ուզում եմ թողնել քո տունը ու գնալ ճգնավորների հետ։ Ուզում եմ սաման դառնալ։ Թող դա իմ հոր կամքին հակառակ չլինի։
Բրահմանը լռում էր։ Նա այնքան երկար լռեց, որ փոքր պատուհանից երևացող աստղերը տեղաշարժվեցին, համաստեղությունների ուրվագծերը փոխվեցին, բայց սենյակը լցնող լռությունը չխախտվեց։ Անբարբառ ու անշարժ, թևերը կրծքին խաչած՝ կանգնել էր որդին, փռոցին անբարբառ ու անշարժ նստել էր հայրը, իսկ երկնքով լողում էին աստղերը։ Այդժամ հայրը խոսեց.
— Բրահմանին վայել չէ խիստ ու բարկացած բառեր ասելը։ Բայց իմ սիրտը դժգոհությունն է ցնցում։ Թող այդ խնդրանքը քո շուրթերը երկրորդ անգամ չարտաբերեն։
Բրահմանը դանդաղ բարձրացավ. Սիդհարթան լուռ կանգնած էր՝ թևերը կրծքին խաչած։
-Ինչի՞ ես սպասում,- հարցրեց հայրը։
-Դու գիտես,- ասաց Սիդհարթան։ Հայրը դժգոհ դուրս եկավ սենյակից, դժգոհ փնտրեց իր մահճակալն ու պառկեց։
Անցավ մի ժամ. քունը չէր իջնում նրա աչքերին։ Բրահմանը վեր կացավ, հետուառաջ քայլեց, դուրս եկավ տնից։ Փոքրիկ պատուհանից ներս նայեց, տեսավ որդուն։ Սիդհարթան կանգնել էր անշարժ՝ ձեռքերը կրծքին խաչած, նրա կաթնագույն շապիկը կարծես փողփողում էր։ Անհանգիստ սրտով հայրը մոտեցավ իր անկողնուն։
Անցավ մի ժամ, քունը մոտ չէր գալիս նրա աչքերին։ Նորից վեր կացավ բրահմանը, հետուառաջ քայլեց, դուրս եկավ, կանգնեց տան դիմաց։ Լուսինը շողարձակում էր։ Պատուհանից նայեց սենյակի ներսը։ Սիդհարթան կանգնած էր անշարժ, ձեռքերը կրծքին խաչած։ Նրա մերկ սրունքներին խաղում էր լուսնի ցոլքը։ Մտահոգությունը սրտում՝ հայրը վերադարձավ իր անկողին։
Հետո նորից մեկ ժամից դուրս եկավ, երկու ժամից դուրս եկավ, նայում էր փոքրիկ պատուհանից, տեսնում էր Սիդհարթային՝ լուսնի շողերի տակ, տեսնում էր աստղերի լույսի ներքո, տեսնում էր մթության մեջ։ Եվ նա ամեն ժամ դուրս էր գալիս, լուռ նայում էր պատուհանից ներս, տեսնում էր անշարժ կանգնած որդուն, սրտում լսում էր բարկությունը, սրտում լսում էր տագնապը, տանջալիորեն տատանվում էր ու տանջալիորեն տառապում։
Եվ գիշերային վերջին ժամին՝ նոր օրվա ծեգից առաջ, նա նորից վերադարձավ, մտավ սենյակ ու նայեց կանգնած որդուն, ու սա իրեն մեծացած թվաց և, կարծես թե, օտար։
— Սիդհարթա՛, ասաց,- ինչի՞ ես սպասում։
— Դու գիտես։
-Այդպես էլ կանգնած սպասելու ես, մինչև լո՞ւյս, մինչև կեսօ՞ր, մինչև երեկո՞։
-Կանգնած սպասելու եմ։
-Կհոգնես, Սիդհարթա։
-Կհոգնեմ։
-Կքնես, Սիդհարթա։
-Չեմ քնի։
-Կմեռնես, Սիդհարթա։
-Կմեռնեմ։
-Եվ դու ավելի շուտ կմեռնես, քան կենթարկվես հորդ կամքի՞ն։
-Սիդհարթան միշտ ենթարկվել է իր հոր կամքին։
-Ուրեմն՝ կմոռանա՞ս քո մտադրությունը։
— Սիդհարթան կանի այն, ինչ հայրը կասի։
Առաջին շողը սենյակ թափանցեց։ Բրահմանը տեսնում էր, որ Սիդհարթայի ծնկները դողում են հազիվ նկատելի ցնցումով, բայց պատանու դեմքն անխռով է մնում, հայցքն էլ ուղղված է հեռուն։ Եվ այդժամ հայրը հասկացավ, որ Սիդհարթան արդեն հեռացել է, այլևս հայրենիքում չէ, լքել է իրեն իր որդին։
Հայրը ձեռքով դիպավ Սիդհարթայի ուսին.
— Դու կգնաս անտառ ու սաման կդառնաս։ Եթե անտառում երանություն գտնես, արի ու ինձ սովորեցրու այդ երանությունը։ Իսկ եթե հիասթափություն գտնես, վերադարձիր, և էլի միասին աստվածներին զոհ կմատուցենք։ Դե գնա, համբուրիր մորդ, ասա նրան, թե ուր ես գնում։ Իսկ ես գետն եմ գնում. առաջին լվացման ժամն է։
Ձեռքը հետ քաշեց որդու ուսից ու դուրս եկավ։ Սիդհարթան մի մի պահ երերաց, երբ փորձեց քայլել։ Նա ստիպեց իր թմրած անդամներին ենթարկվել, խոնարհվեց դուրս եկող հոր հետևից ու գնաց մոր մոտ՝ կատարելու հոր պատվիրածը։
Երբ օրվա արշալույսի հետ, դանդաղ հենվելով չծալվող ոտքերին, նա լքում էր դեռ քնած քաղաքը, վերջին խրճիթի մոտ բարձրացավ մի ստվեր, և նստած մարդը միացավ գնացողին։
-Եկա՜ր,-ասաց Սիդհարթան ու քթի տակ ժպտաց։
-Եկա, — ասաց Գովինդան։

[1] Գաուտամա Բուդդայի՝ ծնունդով ստացած անունն է

[2] Բարձրագույն քրմական կաստային պատկանող անձ Հնդկաստանում

[3] Հինդուիզմում Կրիշնայի անուններից մեկը

 [5] Արարչագործության աստվածություն հինդուիզմում

[6] (շռաման – սանսկր. श्रमण śramaṇa) թափառական ճգնավոր հոգևորականների դաս

(Թարգմանություն ռուսերենից. ռուսերենի թարգմանիչ՝ Գ.Բ.Նոտկին)

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

Պիտակներ՝ , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: