RSS

Սիդհարթա/Սամանների հետ

14 Հլս
herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Նույն օրվա երեկոյան ընկերները հասան երեք ճգնավորներին, երեք հյուծված սամաններին ու խնդրեցին թույլ տալ դառնալու իրենց ուղեկիցն ու աշակերտը։ Նրանց ընդունեցին։ Մոտակա գյուղակում Սիդհարթան իր հագուստը նվիրեց մի աղքատ բրահմանի։ Հիմա միայն կոնքերն էր մի լաթով կապել, ու մի պատառ կտավ էլ նրան որպես թիկնոց էր ծառայում։ Ուտում էր օրը միայն մեկ անգամ և չէր ուտում եփած բաներ։ Նա տասնհինգ օր ծոմ պահեց։ Ծոմ պահեց քսանութ օր։ Նրա այտերը փոս էին ընկել ու ազդրերը բարակել էին։ Մեծացած աչքերում տեսիլքների ցոլքեր էին առկայծում, չորացած մատներին երկարել էին եղունգները, ծնոտին՝ կոշտ, գզգզված մորուքը։ Սառը հայացքով էր անցնում կանանց կողքով, արհամարհանքով ծամածռում էր շուրթերը, երբ անցնում էր կոկիկ հագնված մարդկանցով լեցուն քաղաքով։ Նա տեսնում էր առևտրով զբաղված վաճառականների, որսի գնացող իշխանների, սգավոր մարդկանց, որ ողբում են իրենց հանգուցյալի համար, պոռնիկների, որ առաջարկում են իրենց, հիվանդների վրա հակված բժիշկների, քրմերի, որ ցանքսի օրն են որոշում, համբուրվող սիրահարների, մայրերի, որ իրենց երեխային են օրորում, և ոչինչ նրա աչքում արժեք չուներ։ Ամեն ինչ խաբող էր, ամեն ինչից ստի հոդ էր փչում։ Ամեն ինչ իմաստի, երջանկության ու գեղեցկության պատկերն էր միայն, և ամեն տեղ պատրանք էր, խաբեություն էր, սուտ։ Այդ աշխարհը դառը համ ուներ։ Կյանքը տառապանք էր։
Միայն մի նպատակ ուներ Սիդհարթան՝ մեն միակը. ազատվել, ազատվել այն ծարավից, ազատվել ցանկություններից, ազատվել երազանքից, ազատվել ուրախությունից ու վշտից։ Մեռնել սեփական անձի մեջ, սպանել սեփական «ես»-ը, խաղաղություն գտնել. դատարկված սրտով, ազատագրված մտքով բացվել հրաշքի առաջ։ Սա էր նրա նպատակը։ Երբ սեփական «ես»-ը հաղթահարվի և մեռնի, երբ վերջին ցավի հետ լռի սրտում վերջին ցանկությունը, այդժամ պիտի որ բացվի այն խորհախորհրդավոր, ամենաբաղձալի էությունը, որն այլևս «ես»-ը չէ, բայց մեծ խորհուրդ է։
Սիդհարթան խոնահ կանգնում էր արևի թափանցիկ շողերի տակ, ցավից այրվելով, ծարավից տոչորվելով՝ նա այնքան էր կանգնում, մինչև դադարում էր ցավն ու ծարավը զգալուց։ Խոնարհ կանգնում էր Սիդհարթան հորդ անձրևի տեղատարափի տակ, ջուրը հոսում էր նրա մազերից սառչող ուսերի վրա, հոսում էր սառչող ազդրերի ու ծնկների վրա, իսկ ճգնավորը կանգնում էր այնքան, մինչև ուսերն ու ոտքերը դադարեին մրսելուց, դադարեին զգալուց, լռեին։ Նա լուռ նստում էր՝ ոտքերը ծալած փշոտ մացառների վրա. այրվող վերքերից արյունը հոսում էր, թարախը թափվում էր պալարներից, բայց Սիդհարթան անբարբառ էր, անշարժ էր մնում այնքան, մինչև արյունը դադարում էր, անցնում էր գարշահոտը, հանգստանում էին վերքերը։
Սիդհարթան սովորել էր շունչը պահել. մեջքն ուղիղ երկար նստելիս նա սովորել էր բավարարվել հատուկենտ ներշնչումով, սովորել էր կանգնեցնել շնչառությունը։ Սովորել էր շնչառության հետ կանգնեցնել նաև սրտի զարկերը, դանդաղեցնել սրտխփոցը այնքան, մինչև դառնա մեկումեջ և համարյա վերանա ամբողջությամբ։
Մի ուրիշ՝ նոր կարգով, որ ըմբռնել էր ավագ սամանի կողքին, Սիդհարթան սովորել էր անձնուրացումը, սովորել էր մտահայելը։ Եղեգնի անտառի վրայով թռչում էր ձկնկուլը, և Սիդհարթան ձկնկուլին առնում էր իր հոգու մեջ, ինքն էր թռչում անտառի ու սարերի վրայով, դառնում էր ձկնկուլ, սնվում էր ձկներով, թռչնային քաղցով քաղցում էր, ճչում էր թռչնային կանչով, զգում էր թռչնային մահվան շունչը։ Մի սատկած շնագայլ ընկած էր գետի ափին, և Սիդհարթայի հոգին սղոսկեց դիակի մեջ, տեղավորվեց մեռած շնագայլի մեջ, պառկեց ավազի վրա, ուռավ, գարշահոտեց, նեխեց, նրան շնագայլերը պատառ-պատառ արին, նրան խժռեցին գիշակերները, մնաց միայն կմախքը, որ փոշի դարձավ ու տարածվեց դաշտերի վրա։
Բայց մեռած, քայքայված, փոշի դարձած՝ միևնույն է, Սիդհարթայի հոգին վերադառնում էր՝ ենթարկվելով շրջապտույտի մռայլ արբեցումին, և, որպես որսորդ, մի նոր ծարավով շտապում էր դեպի մաքրագործումը, որը կընդհատի շրջապտույտը, կվերջանա պատճառայնության շղթան, և կսկսվի անկիրք հավերժությունը։ Նա սպանում էր իր բանականությունը, սպանում էր իր հիշողությունները, դուրս էր սողում իր «ես»-ից դեպի հազարավոր խորթ արարածներ. եղավ գազան, դիակ եղավ, քար դարձավ, փայտ դարձավ, ջուր, բայց ամեն անգամ նորից արթնանում էր արևի շողերի մեջ, թե լուսնի լույսի տակ ու գտնում էր նույն «ես»-ը, որ բախվում էր շրջապտույտում, ծարավ էր զգում, հաղթահարում էր ծարավը, նոր ծարավ էր զգում։
Շատ բան էր սովորել Սիդհարթան սամաններից և շատ ճանապարհներ գիտեր, որ մարդուն հեռացնում էին իրենից։ Անձնուրացության ճանապարհները նրան անցկացրին ցավի, սովի, ծարավի ու ուժատության միջով, կամավոր տառապանքի ու տառապանքի հաղթահարման միջով։ Նա անձնուրացման ճանապարհն ընկավ մեդիտացիայի միջոցով, մաքուր մտածության միջոցով, որ ունայնության մեջ բոլոր մտապատկերների իմաստն էր փնտրում։ Շատ ճանապարհներ ճանաչեց նա, հազար անգամ լքեց սեփական «ես»-ը, ժամեր, օրեր շարունակ դուրս մնաց «ես»-ից։ Բայց եթե անգամ այդ արահետները հեռացնում էին նրան իրենից, դրանց ծայրը միշտ հետ էր բերում նրան։ Ու թող՝ հազար անգամ դուրս էր սողացել Սիդհարթան իր «ես»-ից, փախել էր դեպի ոչինչը, դեպի գազանը կամ քարը, վերադարձն անխուսափելի էր եղել, անդառնալի էր եղել ժամը, երբ, ուշքի գալով արևի շողերի կամ լուսնի լույսի, տերևների ծածկոցի կամ փոթորկոտ անձրևի տակ, նորից գտնում էր իր լքաց «ես»-ը և նորից Սիդհարթան էր, և նորից զգում էր անվերջ շրջապտույտի տառապանքը։
Նրա կողքին ստվերի պես ապրում էր Գովինդան, անցնում էր նույն ճանապարհով, ենթարկում էր իրեն նույն փորձություններին։ Նրանք հազվադեպ էին խոսում միմյանց հետ, եթե դա անհրաժեշտ չէր ծառայության կամ վարժանքի համար։ Երբեմն երկուսով գնում էին գյուղ՝ սնունդ խնդրելու իրենց և ուսուցիչների համար։
-Ի՞նչ ես կարծում, Գովինդա,- մի անգամ Սիդհարթան ասաց գյուղի ճանապարհին,- ի՞նչ ես կարծում. մենք շա՞տ ենք հեռու գնացել։ Հասե՞լ ենք նպատակին։
Պատասխանեց Գովինդան.
-Սովորում էինք և շարունակում ենք սովորել։ Դու մեծ սաման ես դառնալու, Սիդհարթա։ Դու արագ ես սովորում ցանկացած վարժանք։ Հաճախ զարմանում են քեզ վրա ծեր սամանները։ Կգա ժամանակ, որ դու սուրբ կդառնաս, ո՛վ Սիդհարթա։
Խոսեց Սիդհարթան.
— Իմ աչքին դա այլ կերպ է երևում, բարեկա՛մս։ Այն, ինչ այսքան ժամանակ սամաններից սովորել եմ, ո՛վ Գովինդա, ավելի արագ ու պարզ եղանակով կարող էի սովորել։ Զվարճանքների թաղամասի ամեն մի պանդոկում կառապանների ու խաղամոլների մեջ էլ կարող էի դա սովորել։
Գովինդան ասաց.
— Սիդհարթան ծաղրո՞ւմ է ինձ։ Մտահայեցողություն, շնչառության պահում, անզգայացում քաղցի ու ցավի նկատմամբ ինչպե՞ս կսովորեիր այդ տառապյալների մեջ։
Եվ Սիդհարթան խոսեց ցածրաձայն, ասես ինքն իր հետ.
— Ի՞նչ է մտահայեցումը։ Ի՞նչ է մարմնից հրաժարումը։ Ի՞նչ է ծոմը։ Ի՞նչ է շունչը պահելը։ Դա փախուստ է «ես»-ից, ինքդ լինելու տանջանքից, դա կարճատև մոռացում է։ Դա ցավի ու գոյության անիմաստության՝ կարճ ժամանակով խլացում է։ Նույն փախուստն ու նույն մոռացումն է փնտրում եզնարածը, որ իջևանատանը բրնձի գինի կամ կոկոսի խմորվող կաթ է խմում։ Ու էլ իրեն չի զգում, չի զգում այս աշխարհի տառապանքները, կարճ ժամանակով մոռացում է գտնում։ Իր բրնձի գինու գավաթի վրա մրափելով՝ նա նույնն է գտնում, ինչ Սիդհարթան ու Գովինդան, երբ երկար վարժանքներով դուրս են սողում իրենց մարմնից ու ժամանում «ոչ ես»-ի մեջ։ Այդպես է, ո՛վ Գովինդա։
Խոսեց Գովինդան.
-Դու դա ասում ես, ով բարեկամ, և այնուամենայնիվ գիտես, որ Սիդհարթան հավասար չէ եզնարածի, ու սամանն էլ հավասար չէ հարբեցողի։ Այո, հարբեցողը մոռացում է գտնում, այո, մի կարճ ժամանակով նա ապաստան ու դադար է գտնում, բայց արթնանում է ու նորից գտնում այն ամենը, ինչից փախել էր։ Եվ նա չի դառնում ավելի իմաստուն, գիտելիք չի կուտակում, գոնե մեկ աստիճանով վեր չի բարձրանում։
Եվ Սիդհարթան ժպտաց.
— Չգիտեմ։ Ես հարբեցող չեմ։ Բայց այն, որ ես՝ Սիդհարթաս, իմ վարժանքներում ու մտահայեցումներում միայն մի կարճ մոռացում եմ գտնում և նույնքան հեռու եմ իմաստությունից, փրկությունից, որքան մոր արգանդում երեխան, ես գիտեմ, Գովինդա, ես դա գիտեմ։
Մի ուրիշ անգամ էլ, երբ Սիդհարթան ու Գովինդան դուրս եկան անտառից՝ գյուղում ուտելիք խնդրելու իրենց եղբայրների ու ուսուցիչների համար, խոսեց Սիդհարթան ու ասաց.
— Հիմա՝ ի՞նչ, Գովինդա, մենք ճի՞շտ ճանապարհին ենք։ Մոտենո՞ւմ ենք ճանաչողությանը։ Մոտենո՞ւմ ենք փրկությանը։ Չի՞ կարող լինել այնպես, որ մենք շրջանի մեջ ենք. մենք՝ շրջապտույտից փախչողներս։
Խոսեց Գովինդան.
— Շատ բան իմացել ենք, Սիդհարթա, շատ բան էլ դեռ պիտի իմանանք։ Մենք շրջանի մեջ չենք, մենք վեր ենք բարձրանում։ Մեր շրջանը պարույր է, ու արդեն շատ աստիճաններ ենք բարձրացել։
Պատասխան տվեց Սիդհարթան.
— Ի՞նչ ես կարծում, քանի՞ տարեկան է մեր ավագ սամանը՝ մեր հարգարժան ուսուցիչը։
Գովինդան ասաց.
— Մեր ավագը, երևի, մի վաթսուն…
Սիդհարթան թե՝
— Վաթսուն տարեկան է, բայց նիրվանայի չի հասել։ Կդառնա յոթանասուն, ութսուն, մենք էլ՝ ես ու դու, այդպես կծերանանք ու դեռ վարժանք կանենք, ծոմ կպահենք, կտրվենք մեդիտացիային, բայց նիրվանայի չենք հասնի։ Ինքը՝ չէ, մենք էլ՝ չէ։ Ո՛վ Գովինդա, բոլոր գոյություն ունեցող սամաններից, ըստ երևույթին, ոչ մեկը, ո՛չ մեկը չի հասել նիրվանայի։ Մենք մխիթարություն ենք գտնում, մոռացում ենք գտնում, ձգտում ենք արհեստական կատարելության և դրանցով խաբում ենք մեզ։ Բայց ամենակարևորը՝ ճանապարհների Ճանապարհը, մենք չենք գտնում։
— Մի՛արտասանիր այդ վախեցնող բառերը, Սիդհարթա,- ասաց Գովինդան,-մի՞թե հնարավոր է, որ այսքան իմաստուն մարդկանց, այսքան բրահմանների, այսքան շատ խիստ ու հարգարժան սամանների, այսքան փնտրողների, եռանդունների, սուրբ մարդկանց մեջ ոչ մեկը չգտնի բոլոր ճանապարհների Ճանապարհը։
Բայց Սիդհարթան մի ձայնով, որի մեջ նույնքան թախիծ կար, որքան հեգնանք, ցածր, կիսաթախծոտ-կիսահեգնական ձայնով ասաց.
— Շուտով, Գովինդա, ընկերդ կլքի սամանի արահետը, որով քեզ հետ միասին այսքան երկար քայլեց։ Ես տառապում եմ ծարավից, ո՛վ Գովինդա, և սամանի այս երկար ճանապարհին իմ ծարավը չպակասեց։ Ես միշտ ճանաչողություն եմ փնտրել, միշտ հարցերով լեցուն եմ եղել։ Ես տարիներով հարցրել եմ բրահմաններին, սուրբ վեդաներին եմ հարցրել տարիներով։ Հարցրել եմ նաև բարեպաշտ սամաններին՝ տարիներ շարունակ։ Երևում է, ո՛վ Գովինդա, նույնքան լավ կլիներ, նույնքան խելացի կլիներ և նույնքան կենարար, եթե ես հարցրած լինեի ռնգեղջյուր-թռչունին կամ շիմպանզեին։ Ես շատ ժամանակ եմ վատնել, Գովինդա, այդպես էլ չկարողանալով հասկանալ մի բան. որ ոչինչ սովորել հնարավոր չէ։ Ես կարծում եմ՝ իրականում չկա այն, ինչ մենք սովորել ենք կոչում։ Ո՛վ իմ բարեկամդ, կա միայն իմացությունը, և դա ամենուր է, հենց դա էլ ատմանն է։ Դա իմ մեջ է ու քո մեջ է, և ամեն մի արարածի մեջ է։ Եվ ես սկսում եմ մտածել՝ այդ իմացությունն ավելի անզիջում թշնամի չունի, քան իմանալու ցանկությունն է, քան սովորելն է։
Այնժամ Գովինդան կանգնեց ճանապարհին ու թևերը տարածելով՝ ասաց.
— Սիդհարթա, մի՛ վախեցրու ընկերոջդ նման ճառերով։ Իսկապես սարսափ են ծնում իմ սրտում բառերը քո։ Մտածիր, ախր։ Ի՞նչի նման կլինեին բրահմանների դասը, աղոթքի սրբությունը, սամանների բարեպաշտությունը, եթե քո ասածը ճիշտ լիներ, եթե սովորելը չլիներ։ Ինչի՞, ո՛վ Սիդհարթա, ինչի՞ կվերածվեր այն ամենը, ինչ սուրբ է, արժեք է ու արժանապատիվ է այս հողի վրա։
Ու Գովինդան հազիվ լսելի մրթմրթաց Ուպանիշադից մի երկտող.
«Ով մտքով ու ոգով մաքուր սուզվում է ատմանում,
Նրա հոգին անասելի շնորհ է վերից առնում»։
Բայց Սիդհարթան լռում էր։ Կանգնել էր գլխահակ՝ վերլուծելով Գովինդայի ասած խոսքերը։ Եվ նա ավարտեց դրանք.
Այո, ի՞նչ է մնում այն ամենից, ինչ սուրբ էր թվում։ Ի՞նչ է մնում։ Ի՞նչն է, որ դիմանում է փորձությանը։- Եվ նա տարուբերեց գլուխը։
Գրեթե երեք տարի երիտասարդները սամանների հետ էին կիսել իրենց կյանքն ու վարքը, երբ մի անգամ նրանց ականջին հասավ լուրը (թե՞ խոսակցությունները կամ լեգենդը), թե հայտնվել է մեկը՝ Գոթամա անունով՝  Վսեմագույնը, Բուդդա, որ հաղթահարել է աշխարհի անեծքը և կարողացել է կասեցնել վերածնության անիվը։ Ուսուցիչը, որ շրջապատված է աշակերտներով՝ չունենալով ո՛չ ունեցվածք, ո՛չ տուն, ո՛չ կին, ճգնավորի դեղին թիկնոցով քայլում է երկրով մեկ, սրբությունը լուսավորում է նրա պայծառ գագաթը, բրահմաններն ու իշխանները խոնարհվում են նրա առաջ ու դառնում նրա աշակերտները։ Նորից ու նորից այսետղ-այնտեղ հայտնվում, արծարծվում էր այդ առասպելը, այդ լուրը, հեքիաթը։ Քաղաքներում դա քննարկում էին բրահմանները, անտառում՝ սամանները։ Նորից ու նորից երիտասարդների հոգին ալեկոծում էր Գոթամայի՝ Բուդդայի անունը, որ արտասանվում էր մեկ հիացումով, մեկ չարությամբ, օրհնանքի ու հայհոյանքի հեղեղի մեջ։
Ինչպես լինում է, երբ ժանտախտով բռնկված երկրում հանկարծ լուր է ծագում, թե հայտնվել է ինչ-որ բժշկող, ինչ-որ իմաստուն կամ հրաշագործ, որ պիտի միայն ասի, փչի, ու բավարար կլինի, որ համաճարակի ամեն մի զոհ բուժվի, ինչպես հետո այդ լուրը տարածվում է ամբողջ տերությամբ մեկ, ու բոլորն սկսում են քննարկել, մեկը հավատում է, մյուսը՝ կասկածում, երրորդն էլ տեղնուտեղը ճամփա ընկնում՝ գտնելու այդ իմաստունին, այդ փրկչին, ահա այդպես երկրով մեկ տարածվեց և այս առասպելը, այս հեքիաթային ասքը Գոթամայի՝ Բուդդայի՝ Շակյա տոհմից այս իմաստունի մասին։ Հավատացողներն ասում էին, որ նրա համար բաց է բարձրագույն ճանաչողությունը, նա հիշում է իր նախկին կյանքերը, հասել է նիրվանայի և արդեն այլևս չի վերադառնա շրջապտույտին, վերամարմնավորման պղտոր հեղեղով էլ չի քշվի։ Նրա մասին արտառոց ու անհավանական բաներ էին պատմում. իբր հրաշքներ է գործել, հաղթել է չարքերին, խոսել է աստվածների հետ։ Իսկ նրա թշնամիներն ու չհավատացողներն ասում էին, որ այդ Գոթաման փառասեր գայթակղող է, օրերն անցկացնում է վայելքի մեջ, արհամարհում է զոհը, չի տիրապետում գիտելիքներին, չի ճաշակել վարժանքի դժվարությունները, ինքնախարազանման ցավերը։
Բայց Բուդդայի մասին լեգենդը քաղցր էր հնչում։ Հրաշք էին բուրում նրա մասին պատմությունները։ Այնքան հիվանդ էր աշխարհը, այնքան ծանր էր կյանքի բեռը, ու ահա, թվում է՝ աղբյուր է ժայթքել, կոչի մխիթարող, քնքուշ, հրաշալի խոստումներով լի ձայնն է հնչել։ Ամենուր, ուր Բուդդայի մասին լուրը հասնում էր, Հնդկաստանի հողի վրա ամեն տեղ բորբոքվում էին երիտասարդ սրտերը, դրանցում երազանքն էր բուն դնում, հույսն էր բուն դնում, և ամենուր՝ քաղաքներում թե գյուղերում, ամեն մի ճամփորդի, ամեն մի օտարականի, որ լուր էր բերում Վսեմագույնի` Շակյա-Մուինի մասին, ուրախ ընդունելություն էր սպասում բրահմանների որդիների մոտ։
Նաև անտառ՝ սամանների մոտ, նաև Սիդհարթայի ու Գովինդայի ականջին հասավ այդ լեգենդը. դանդաղ, հատուկենտ կաթիլներով, որոնք լեցուն էին հույսով ու ծանրացած կասկածներից, յուրացվում էր լուրը։ Քիչ էին խոսում այդ մասին. ամենաավագ սամանը չէր սիրում լեգենդներ։ Նա լսել էր, որ այդ այսպես կոչված Բուդդան առաջ սաման է եղել, ապրել է անտառներում, բայց հետո նորից վերադարձել է հարմարավետ կյանքին ու աշխարհիկ վայելքներին։ Նա այդ Գոթամային գրոշի արժեք էլ չէր տալիս։
— Ո՛վ Սիդհարթա, -մի անգամ ասաց Գովինդան ընկերոջը,- ես այսօր գյուղ էի գնացել։ Մի բրահման ինձ իր տուն հրավիրեց։ Նրա տանը Մագաթհայից մի բրահմանի որդի կար, որ իր աչքով տեսել էր Բուդդային ու լսել էր նրա քարոզը։ Ճշմարիտ եմ ասում՝ շունչս կտրվեց, ու ես մտածեցի՝ այ թե ինձ էլ, այ թե մեզ երկուսիս՝ ինձ ու Սիդհարթային էլ կվիճակվեր ապրել այդ ժամը, որ ընդունենք ուսմունքը Կատարելության շուրթերից։ Ասա, բարեկամ, չգնա՞նք այնտեղ ու Բուդդայի շուրթերից լսենք ուսմունքը։
Պատասխանեց Սիդհարթան.
Ես միշտ, բարեկա՛մս, մտածել եմ, որ Գովինդան կմնա սամանների հետ, միշտ համարել եմ, որ նրա նպատակը դա է՝ բոլորել իր վաթսուն ու յոթանասուն տարիները նույն վարժանքով ու ծոմով, որ այնքան զարդարում են սամանների կյանքը։ Բայց պարզվում է՝ չափազանց քիչ եմ ճանաչել Գովինդային, քիչ եմ ճանաչել նրա սիրտը։ Նշանակում է` հիմա, սիրելիդ իմ, դու ուզում ես նոր արահետ ոտք դնել և գնալ այնտեղ, ուր Բուդդան իր ուսմո՞ւնքն է քարոզում։
Գովինդան ասաց.
— Սիրում ես հեգնել։ Դու միշտ հեգնում ես, Սիդհարթա։ Իսկ դու ինքդ չե՞ս ուզում։ Քո մեջ այդ ուսմունքը լսելու ցանկություն չի՞ արթնացել։ Եվ այդ դու չէի՞ր, որ մի անգամ ասացիր, թե ձանձրացել ես արդեն սամանի ճանապարհով գնալուց։
Այդժամ քմծիծաղեց Սիդհարթան իր սովորության համաձայն, ու նրա ձայնի մեջ հեգնանքի ստվերը մնաց, բայց հայտնվեց նաև թախծի ստվերը։
— Ճիշտ ես, Գովինդա, դու ճիշտ ես ասում, չի խաբում քեզ հիշողությունդ։ Բայց հիշիր, չէ՞ որ ինձնից ուրիշ բան էլ ես լսել. որ ես էլ չեմ վստահում ուսմունքներին և ուսանելուն և հոգնել եմ դրանցից, որ քիչ եմ վստահում ուսուցչից մեզ հասնող բառերին … Դե ինչ, ես պատրաստ եմ, սիրելիս, լսելու այդ ուսմունքը, թեպեև սրտով զգում եմ, որ դրա լավագույն պտուղն արդեն ճաշակել ենք։
Գովինդան ասաց.
— Քո պատրաստականությունն ուրախացնում է իմ սիրտը։ Բայց ասա՝ ինչպե՞ս է հնարավոր, ինչպե՞ս կարող է Գոթամայի ուսմունքը, նախքան կունկնդեինք դա, մեզ նվիրել իր լավագույն պտուղը։
Սիդհարթան ասաց.
Կվայելենք այդ պտուղն ու կմնանք սպասելով, ո՛վ Գովինդա։ Գոթամայի ուսմունքի պտուղը, որի համար արդեն այսօր պիտի շնորհակալ լինենք, այն է, որ նա մեզ հեռացնում է սամաններից։ Կնվիրի արդյոք դա մեզ էլի ինչ-որ ուրիշ և ավելի լավ բան, բարեկամս, դեռ կտեսնենք։ Չէ՞ որ մենք կարողանում ենք հանգիստ սրտով սպասել։
Նույն օրը Սիդհարթան ամենատարեց սամանին ասաց, որ ինքը որոշում է կայացրել և ուզում է լքել նրան։ Նա ասաց դա բարեկրթորեն ու համեստորեն, ինչպես պահանջվում է կրտսերից ու աշակերտից։ Բայց սամանը, իմանալով, որ երկու աշակերտներն ուզում են իրեն լքել, բարկացավ, սկսեց գոռալ և շատ կոպիտ հայհոյանքներ թափել։
Գովինդան վախեցավ ու տարակուսեց, բայց Սիդհարթան, մոտեցնելուվ շուրթերը Գովինդայի ականջին, շշնջաց.
— Հիմա ես ցույց կտամ այս ծերուկին, որ իրենից ինչ-որ բան սովորել եմ։
Նա կանգնեց ծեր սամանի առաջ և կենտրոնացնելով շունչը՝ բռնեց սամանի հայացքը։ Ու հայացքով նրան խաղաղեցրեց, ստիպես պապանձվել, խլեց նրանից կամքը, ենթարկեց նրան և կարգադրեց անտրտունջ կատարել այն, ինչ իրենից պահանջվում էր։ Ծերունին լռել էր։ Նրա կամքը կաթվածահար էր, աչքերը կանգ էին առել, թևերը կախ էին ընկել մարմնի երկայնքով, նա անուժ էր, տրվել էր կախարդանքի, նա պետք է հրաման կատարեր։ Եվ ծերունին, խորը խոնարհվելով, նրանց օրհնեց ժեստով և բարի մաղթանքներ մրմնջաց ճանապարհից առաջ։ Երիտասարդները շնորհակալ եղան խոնարհումների համար, պատասխանեցին մաղթանքներին և հրաժեշտի ողջույններով հեռացան։
Ճանապարհին Գովինդան ասաց.
— Ո՛վ Սիդհարթա, դու սամաններից ավելի շատ բան ես սովորել, քան ես կարծում էի։ Ծեր սամանին կախարդելը դժվար բան է, շատ դժվար։ Ճիշտ եմ ասում, եթե դու մնայիր, շուտով ջրի վրայով քայլել կսովորեիր։
— Ջրի վրայով քայլելու անհրաժեշտություն չունեմ,- ասաց Սիդհարթան։- Թողնենք այդ արվեստը ծեր սամաններին. թող զվարճանան։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

(Թարգմանություն ռուսերենից. ռուսերենի թարգմանիչ՝ Գ.Բ.Նոտկին)

 

Պիտակներ՝ , , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: