RSS

Սիդհարթա/ Գոթամա

15 Հլս
herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Սավաթհի քաղաքից ոչ հեռու տարածվում է Ջետավանի[1] այգին, որ հարուստ վաճառական Անադհապինդիկան` վսեմափայլ Բուդդայի հավատարիմ հետևորդն է նրան ու նրա աշակերտներին նվիրել։ Սավաթհիում ամեն երեխա էլ գիտեր վսեմափայլ Բուդդայի անունը, և ամեն տուն մի բան ուներ՝ լցնելու Գոթամայի անբարբառ մուրացող աշակերների աղքատիկ թասը։
Հենց այս այգին էին ցույց տալիս բոլորը, ում երկու երիտասարդ ճգնավորները հարցնում էին։ Եվ հենց նրանք հասան Սավաթհի, առաջին իսկ տանը, որի դռան առաջ կանգնեցին՝ ուտելու բան խնդրելու, նրանց առաջարկեցին մտնել տուն ու ճաշել իրենց հետ։ Նրանք ներս մտան, ու Սիդհարթան հարցրեց իրենց կերակուր բերող կնոջը.
— Թույլ տուր, ո՛վ մեծահոգի, թույլ տուր քեզնից իմանալ՝ որտեղ փնտրենք Բուդդային՝ Ամենապատվելիին, քանի որ մենք՝ երկու սամաններս անտառից եկել ենք հենց Կատարյալին տեսնելու համար և լսելու համար քարոզը հենց նրա շուրթերից։
Պատասխանեց կինը.
-Իրոք որ դուք ճիշտ տեղում եք հայտնվել, ո՛վ անտառից եկած սամաններ։ Իմացած եղեք. Ջետավանում՝ Անատհապինդիկայի այգում է հանգրվանել Վսեմափայլը։ Այնտեղ էլ կարող եք դուք՝ օտարականներդ, գիշերել. այնտեղ բավարար տեղ կա շատ մարդկանց համար, որ գալիս են՝ նրա շուրթերից քարոզ լսելու։
Գովինդան ուրախացավ և ուրախությամբ լցված՝ բացականչեց.
— Նշանակում է՝ մենք հասանք մեր նպատակին, և մեր ճանապարհն ավարտվեց։ Ասա, ո՛վ մայր թափառականների, ճանաչո՞ւմ ես դու նրան՝ Բուդդային, քո աչքով տեսած կա՞ս նրան։
— Բազմաթիվ անգամ եմ ես նրան՝ Վսեմափայլին տեսել։ Քանի անգամ տեսել եմ՝ ինչպես է քայլում փողոցով՝ իր դեղին թիկնոցը վրան, լուռ։ Տեսել եմ՝ ինչպես է իր թասը պարզում ողորմության՝ նույնպես լուռ, ինչպես է հետո լիքը թասը հետ տանում։
Գովինդան հիացած էր և պատրաստ էր դեռ երկար հարցուփորձ անելու ու լսելու, բայց Սիդհարթան ճանապարհը շարունակելու նշան արեց, և նրանք շնորհակալություն հայտնեցին ու գնացին։ Նույնիսկ հարկ չունեցան դրանից հետո ճանապարհը հարցնելու, որովհետև Գոթամայի համայնքի ուխտավորների ու ճգնավորների շարքը ձգվում էր դեպի Ջետավան։ Ընկերները հազիվ գիշերը տեղ հասան, բայց նույնիսկ նրանցից հետո նորանոր ուխտավորներ էին գալիս, ձայներ էին լսվում, կրկին անգամ եկածներն իրար էին կանչում, ուրիշները պահանջում էին իրենց գիշերակաց տալ։ Անտառի կյանքին սովոր այս երկու սամանը արագ ու անձայն իրենց համար քնելու տեղ գտան ու քնեցին հանգիստ մինչև լույս։
Երբ լույսը բացվեց, նրանք զարմանքով տեսան՝ որքան շատ են իրենք, հավատացյալների ու հետաքրքրասերների ինչ ամբոխ է այստեղ գիշերել։ Հրաշալի այգու բոլոր ծառուղիներով զբոսնում էին դեղին շորերով վանականները, խմբերով թե մենակ նրանք նստում էին ծառերի տակ՝ խորասուզվելով ներանձնության մեջ կամ հոգևոր զրույցներ վարելով։ Մարդկանցով լեցուն ստվերաշատ պուրակը մեղվափեթակի էր նման, որ եռում էր՝ մեղուներով լեցուն։ Ճգնավորների մեծ մասը, ողորմության թասը ձեռքներին, քաղաք էր գնում՝ կեսօրվա՝ օրվա ընթացքում միակ սնունդը հայթայթելու։ Եվ ինքը՝ Բուդդան՝ Պայծառափայլը, սովորաբար առավոտները մյուսների հետ գնում էր ողորմություն հավաքելու։
Սիդհարթան նրան միանգամից ճանաչեց, ասես աստված նրան մատով ցույց տվեց։ Դա մի համեստ մարդ էր՝ ճգնակյացի դեղին փարաջայով. հանդարտ քայլում էր ծառուղով՝ ձեռքին ողորմության թասը։
— Նայի՛ր,- ցածրաձայն ասաց Սիդհարթան Գովինդային։ — Ահա նա՝ Բուդդան։
Գովինդան ուշադիր նայեց դեղին փարաջայով ճգնակյացին, որը, թվում էր, ոչնչով չի տարբերվում մյուս հարյուրավորներից։ Բայց շուտով Գովինդան էլ հասկացավ. Նա է։ Եվ երիտասարդնեը հետևեցին նրան ու նայում էին՝ աչք չկտրելով։
Անշտապ, մտքերի մեջ խորասուզված՝ քայլում էր Բուդդան իր ճանապարհով։ Նրա հանդարտ դեմքը ո՛չ ուրախ էր, ո՛չ տխուր, թվում էր՝ մի քիչ քթի տակ ժպտում է իր մտքերի վրա։ Անշտապ, հանդարտ, խորհրդավոր ժպիտով, ինչ-որ բանով հիշեցնելով մեծ երեխայի, գնում էր Բուդդան։ Նույն կերպ էր քայլում, ինչպես իր վանականները, նույն հագուստն էր հագին՝ խիստ կանոնակարգով։ Բայց նրա դեմքից ու քայլվածքից, նրա հանգիստ, խոնարհ հայացքից, հանդարտ ներքև կախված ձեռքից և այդ ձեռքի նույնիսկ ամեն մի մատից խաղաղություն էր հորդում, կատարելությունն էր թափվում. ոչինչ չէր փնտրում, ոչ մեկի չէր նմանակում, թեթև շնչում էր չմշուշվող անդորրությամբ, չմշուշվող լույսով, չաղճատվող խաղաղությամբ։
Այսպես քայլում էր Գոթաման դեպի քաղաք, որ ողորմություն հավաքեր, և երկու սամանները անսխալ ճանաչեցին նրան կատարյալ խաղաղությունից, կերպարի հանդարտությունից, ուր չկար ունայնության, ցանկությունների, նմանակումների հետք անգամ. միայն լույս էր ու խաղաղություն։
— Այսօր մենք նրա շուրթերից կընդունենք ուսմունքը,- ասաց Գովինդան։
Սիդհարթան չպատասխանեց։ Նրան քիչ էր հետաքրքրում ուսումունքը. որևէ նոր բանի ակնկալիք չուներ, քանի որ ինքը, ինչպես նաև Գովինդան, բազմաթիվ անգամ արդեն, թեպետ երկրորդ կամ երրորդ աղբյուրից, լսել էր այդ ուսմունքի բովանդակությունը։ Բայց նրան հետաքրքիր էր Վսեմափայլը։ Նա ուշադիր նայում էր Գոթամային, նրա գլխին, ուսերին, ոտքերին, նրա հանգիստ իջեցրած ձեռքին, և թվում էր, թե այդ ձեռքի ամեն մատի ամեն հատվածը Ուսմունք է, պատկերում է, արտաշնչում է, դուրս է բերում, ուսումնասիրում է ճշմարտությունը։ Այս մարդը՝ այս Բուդդան, ճշմարիտ էր մինչև իր ճկույթի ծայրը։ Նա սուրբ էր։ Երբեք ոչ մեկի նկատմամբ չէր զգացել Սիդհարթան այդպիսի հարգանք, այդպիսի սեր, ինչպիսին այս մարդու նկատմամբ ունեցավ։
Նրանք հետևեցին Բուդդային մինչև քաղաքը, հետո լուռ վերադարձան, քանի որ իրենք այդ օրը որոշել էին հրաժարվել սննդից։ Նրանք տեսան՝ ինչպես վերադարձավ Գոթաման, ինչպես է իր աշակերտների շրջապատում սնունդ ընդունում (թռչունն անգամ չէր կշտանա այնքանով, ինչքան Գոթաման կերավ), տեսան՝ ինչպես է նորից հեռանում դեպի մանգոյի ծառերի ստվերները։
Եվ երեկոյան, երբ տապը նահանջեց, և ճամբարում բոլորը կենդանացան ու մեկտեղվեցին, նրանք լսեցին Բուդդայի քարոզը։ Տղաները լսեցին Բուդդայի ձայնը, որ նույնպես կատարյալ էր, լի էր կատարյալ անդորրով, կատարյալ խաղաղությամբ։ Գոթաման խոսում էր տառապանքի մասին, տառապանքի ծագման մասին, դրանից ազատվելու ճանապարհի մասին։ Չափավոր ու պարզ հոսում էր նրա հանդարտ քարոզը։ Կյանքը տառապանք է, աշխարհը լի է տառապաանքով, բայց տառապանքից փրկության ելքը գտնված է։ Եվ կփրկվի տառապանքից նա, ով կգնա Բուդդայի ճանապարհով։ Նուրբ, բայց հաստատուն ձայնով էր խոսում Վսեմափայլը, սովորեցնում էր չորս վեհ ճշմարտությունները, պատճառից հետևանք ձգվող ութաձև ուղին, համբերատար անցնում  էր սովորեցնելու՝ դատողության, օրինակների, կրկնությունների ճանապարհով։ Հանդարտ ու պարզ հոսում էին նրա ձայնի ելևէջները ունկնդիրների վրա, ինչպես լույսը, ինդպես աստղալից երկինքը։
Երբ Բուդդան ավարտեց իր ճառը, գիշերն արդեն իջել էր։ Այդժամ շատ ուխտավորներ առաջ եկան ու ցանկություն հայտնեցին հետևելու ուսմունքին, խնդրեցին ընդունել իրենց համայնքի մեջ։ Եվ Գոթաման ընդունեց նրանց՝ ասելով.
— Դուք ունկնդրեցիք քարոզը։ Ուսմունքը բաց է ձեզ համար։ Մտեք, ուրեմն, և քայլեք սրբության մեջ և բոլոր տառապանքներին վերջ տվեք։
Հանկարծ առաջ եկավ նաև Գովինդան՝ այդ ամաչկոտը, ու ասաց.
-Ես էլ եմ ուզում միանալ Վեհագույնին ու նրա ուսմունքին։
Նա խնդրեց իրեն ընդունել համայնք և միանգամից ընդունվեց։
Հենց Բուդդան հեռացավ հանգստանալու, Գովինդան անմիջապես շրջվեց Սիդհարթայի կողմը և դառնությամբ ասաց.
— Սիդհարթա, ինձ չի սազում քեզ կշտամբել, բայց… Մենք երկուսս էլ լսեցինք Վսեմափայլին, երկուսս էլ ընկալեցինք ուսմունքը։ Գովինդան լսեց քարոզն ու միացավ ուսմունքին։ Իսկ դու՝ հարգարժանդ, մի՞թե դու էլ չես գնալու փրկության ճանապաարհով։ Դու կասկածո՞ւմ ես։ Դեռ մտածելո՞ւ ես։
Գովինդայի ձայնը լսելով՝ Սիդհարթան ասես արթնացավ քնից։ Նա երկար նայեց ընկերոջ դեմքին։ Հետո հանդարտ, մի ձայնով, ուր չկար հեգնանք, ասաց.
— Գովինդա, բարեկամս, ահա և դու արեցիր այդ քայլը, ահա և դու ընտրեցիր քո ճանապարհը։ Միշտ, ո՛վ Գովինդա, դու իմ ընկերն ես եղել, միշտ ինձնից մի քայլ հետ ես քայլել։ Հաճախ մտածել եմ՝ կանի՞ Գովինդան ինչ-որ ժամանակ այդ քայլն առանց ինձ, մենակ՝ սեփական հոգու կոչով։ Դե ինչ, ահա և դու տղամարդ եղար ու ինքդ ընտրեցիր քո ճանապարհը։ Եվ թող կարողանաս դու անցնել դա մինչև վերջ, բարեկա՛մս։ Եվ թող դու փրկություն գտնես։
Գովինդան, դեռ լրիվ չհասկանալով ասվածի իմաստը, անհանգիստ տոնով կրկնեց իր հարցը.
— Դե ասա, բարեկամս, խնդրում եմ, չէ՞ որ այլ կերպ լինել չի կարող։ Չէ՞ որ դու՝ իմ ամենագետ ընկերը, դու էլ կմիանաս վեհափայլ Բուդդային։
Սիդհարթան ձեռքը դրեց Գովինդայի ուսին.
— Դու լսեցիր իմ օրհնությունը, ո՛վ Գովինդա։ Կրկնում եմ. թո՛ղ դու կարողանաս անցնել քո ճանապարհը մինչև վերջ։ Թո՛ղ դու փրկության հասնես։
Այդժամ հասկացավ Գովինդան, որ ընկերը լքում է իրեն, ու սկսեց լաց լինել.
Սիդ-հար-թա՜…,- հեծկլտաց նա խղճալի, իսկ Սիդհարթան մեղմորեն դիմեց նրան.
-Մի՛ մոռացիր, Գովինդա, դու հիմա Բուդդայի ճգնավորների թվում ես։ Դու հրաժարվել ես հայրենիքից ու հորից, հրաժարվել ես ծագումից ու սեփականությունից, հրաժարվել ես կամքիցդ, ցանկություններիցդ, հրաժարվել ես ընկերությունից։ Այդ է պահանջում քո ընտրած ուսմունքը, այդ է կամքը Վեհապանծի։ Դու ինքդ այդպես ուզեցիր։ Վաղը, ո՛վ Գովինդա, ես լքում եմ քեզ։
Ընկերները դեռ երկար զբոսնեցին այգում, հետո երկար պառկել էին՝ քնել չկարողանալով։ Նորից ու նորից Գովինդան հարցնում էր ընկերոջը, թե ինչու նա չի ուզում միանալ Գոթամայի ուսմունքին, ի՞նչ սխալներ է տեսնում նա այդ ուսմունքում։ Բայց ամեն անգամ Սիդհարթան նրան նույնն էր պատասխանում.
-Հանգիստ եղիր, Գովինդա։ Վեհապանծի ուսմունքը գերազանց է։ Ինչպե՞ս կարող եմ ես դրանում սխալ գտնել։
Վաղ առավոտյան Բուդդայի հետևորդներից մեկը՝ նրա ամենատարեց վանականներից մեկն անցնում էր այգով՝ կոչելով բոլոր անդամագրվածներին նորաթուխների ուսուցմանը, որ նրանց հագցնեն դեղին փարաջան, առաջին դասերը տան, և տեղեկացնեն նոր դասում իրենց պարտականությունների մասին։ Եվ Գովինդան, ասես հոգու մի մասը կտրելով, գրկեց իր մանկության ընկերոջը ևս մի անգամ ու միացավ նորադարձների երկար շարքին։
Իսկ Սիդհարթան խորհրդածելով զբոսնում էր այգում։ Եվ հանդիպեց նա Վեհապանծին՝ Գոթամային։ Սիդհարթան ակնածանքով ողջունեց նրան. Բուդդայի հայացքն այնքան լի էր խաղաղությամբ ու բարությամբ, որ երիտասարդը քաջալերվեց  ու խնդրեց նրան՝ Պատվելիին, թույլ տալ խոսելու իր հետ։ Գոթաման լուռ գլխով արեց ի պատասխան։
Սիդհարթան ասաց.
— Երեկ, ո՛վ Վեհապանծ, ինձ բախտ վիճակվեց լսելու քո ապշեցուցիչ քարոզը։ Ես իմ ընկերոջ հետ հեռվից եմ եկել՝ քեզ լսելու։ Եվ ահա՝ ընկերս ցանկություն հայտնեց միանալու քեզ ու մնալու քո խմբում։ Իսկ ես շարունակելու եմ իմ թափառումները։
— Ինչպես հարմար կհամարես,- ասաց Պատվելին հարգալից։
— Իմ խոսքը չափազանց համարձակ է,- շարունակեց Սիդհարթան,- բայց ես չէի ուզի հեռանալ Վեհապանծիցդ՝ անկեղծորեն չասելով նրան իմ մտքերը։ Կհատկացնի՞ ինձ պատվելին ուշադրության ևս մի քանի ակնթարթ։
Բուդդան լուռ գլխով արեց ի պատասխան։
Եվ Սիդհարթան ասաց.
— Մի բան, ո՛վ Պատվելի, ամենից շատ ապշեցրեց ինձ քո քարոզում։ Ամեն ինչ պարզ էր թափանցիկ լինելու աստիճան, ամեն ինչ հիմնավորված էր։ Կատարյալ, ոչ մի տեղ և ոչ մի բանում չընդհատվող շղթայով դու պատկերում ես կյանքը՝ պատճառից և հետևանքից բաղկացած հավերժական շղթայով։ Երբեք դա այդքան ակնհայտ չի եղել, քանի որ երբեք այդքան անհերքելի ապացուցված չի եղել։ Որքան երջանիկ պիտի բաբախի ամեն մի բրահմանի սիրտը, երբ նա, աչք ածելով քո ուսմունքից ներս, տեսնի աշխարհն իր կապերի անթերի կատարելությամբ, պարզ՝ բյուրեղի պես, պատահականությունից անկախ, աստվածներից անկախ։ Լավն է աշխարհը, թե վատը, տառապանք է այստեղ ապրելը, թե ուրախություն, մի կողմ թողնենք. գուցե դա նույնիսկ էական էլ չէ։ Բայց աշխարհի միասնականությունը, կատարվող ամեն բանի փոխկապակցվածությունը, ամենայն հսկայականի ու աննշանի ձուլումը մեկ հոսքի, պատճառի միակ օրենքի մեջ, դառնալու ու մեռնելու հունի մեջ. ահա այն պայծառ լույսը, որ վեր է հանում քո ուսմունքը։ Բայց հետևիր քո իսկ քարոզին, և կտեսնես, որ այդ կապը, այդ բոլոր բաների հետևողականությունը այնուամենայնիվ մի տեղ ընդհատվում է։ Մի փոքրիկ ճեղքից այս աշխարհ է ձգտում ինչ-որ օտար մի բան, մի նոր բան, այնպիսի մի բան, որ առաջ չկար և որը ոչ ցույց է տրված, ոչ կարող է ապացուցված լինել։ Դա աշխարհը հաղթահարելու, փրկություն գտնելու մասին քո ճառն է։ Բայց այդ նեղլիկ ճեղքի պատճառով, այդ փոքրիկ նահանջի պատճառով ամբողջ հավերժական, միասնական աշխարհական օրենքը նորից փլուզվում է։ Ներիր, որ հակաճառում եմ այսպես։
Հանգիստ, անշարժ կանգնել էր Գոթաման՝ նրան լսելով։ Եվ ահա, նա խոսեց. Կատարյալ՝ իր բարի, իր բարեկիրթ ու պարզ ձայնով.
— Դու քարոզին ծանոթացար, ո՛վ բրահմանի որդի, և ի պատիվ քեզ, խորն ես թափանցել դրանում։ Դու դրանում բացթողում ես գտել, ինչ-որ սխալ բան։ Մի քիչ էլ մտածիր դրա մասին։ Բայց թույլ տուր քեզ զգուշացնել՝ հեռու մնալու կարծիքների բախումից ու բառերի շուրջ վեճից։ Կարծիքը հուսալի հենարան չէ։ Դա կարող է լինել թե՛ հրաշալի, թե՛ գարշելի, թե՛ խելացի, թե՛ անմիտ։ Ամեն մեկն էլ կարող է մնալ իր կարծիքին կամ փոխել դա։ Այնինչ ուսմունքը, որ դու լսեցիր ինձնից, կարծիք չէ, և դրա նպատակն այն չէ, որ ճանաչողության ծարավ մարդուն բացատրի իրերի դրությունը։ Դրա նպատակն ուրիշ է. դրա նպատակը տառապանքից ազատագրումն է։ Հենց սա է սովորեցնում Գոթաման. և ոչ այլ ինչ։
— Մի՛ զայրացիր ինձ վրա, ո՛վ Վսեմափայլ,- ասաց երիտասարդը։ — Քեզ հետ վեճ՝ բառերի շուրջ վեճ չեմ փնտրում ես։ Իսկապես դու ճիշտ ես. կարծիքը թույլ հենարան է։ Բայց թույլ տուր ևս գեթ մեկ բան ասելու. ես ոչ մի վայրկյան չեմ տարակուսել քո առիթով։ Ոչ մի ակնթարթ չեմ կասկածել, որ դու Բուդդա ես, որ հասել ես այն նշանակետին, որին ձգտում ենք հազարավոր բրահմաններ ու բրահմանի որդիներ։ Դու գտել ես մահից փրկությունը։ Դու ընթացել ես քո սեփական՝ որոնումների ճանապարհով և այդ ճանապարհին գտել ես դա մտածումի մեջ, ներհայեցության մեջ, ճանաչողության մեջ, իմացումի մեջ։ Բայց ո՛չ սերտելու։ Եվ ո՛չ ոք, այս է իմ միտքը, ո՛վ Վեհափայլ, ոչ ոք չի հասնի փրկության սերտելու միջոցով։ Ոչ ոքի, ո՛վ Պատվելի, չես կարող դու բառերով, սովորեցնելով ասել, թե ինչ տեղի ունեցավ քեզ հետ քո պայծառանալու պահին։ Պայծառացյալ Բուդդայի ուսմունքում շատ բան կա ներառած, նա շատերին է սովորեցնում բարեպաշտ ապրել, չարից հեռու մնալ։ Միայն մի բան չի պարունակում այսքան պարզ, այսքան արժեքավոր ուսմունքը. այստեղ չկա գաղտնիքը նրա, ինչ զգացել է ինքը՝ Վեհափայլը՝ հարյուր հազարավորների մեջ միակը։ Ահա՝ ինչի մասին էի մտածում, ինչ ես հասկացա, երբ լսում էի քո քարոզը։ Ահա՝ ինչու եմ շարունակելու իմ թափառումները։ Ո՛չ նրա համար, որ գտնեմ ուրիշ՝ ավելի լավ ուսմունք, քանի որ գիտեմ՝ չկա նման բան։ Թափառելու եմ, որ լքելով բոլոր ուսմունքներն ու ուսուցիչներին՝ ինքս հասնեմ իմ նշանակետին կամ մեռնեմ։ Բայց ես դեռ երկար եմ հիշելու այն օրը, այն ժամը, երբ աչքերս արժանացան սուրբիդ տեսնելուն։
Բուդդայի աչքերը հանդարտ խոնարհված մնացին, բացարձակ անտարբերությամբ  շողում էր նրա անթափանց դեմքը։
— Թող որ քո մտքերը, — հանդարտ ասաց պատվելին,- մոլորություն դուրս չգան։ Թող որ հասնես դու քո նշանակետին։ Բայց ասա խնդրեմ. դու տեսար իմ ճգնավորների ամբոխը, իմ բազմաթիվ եղբայրակիցներին, որ հայտնեցին ուսմունքիս հետևելու իրենց ցանկությունը։ Եվ դու, օտարական ճգնավոր, ենթադրում ես, որ նրանց բոլորի համար ավելի լավ կլիներ հեռանային ուսմունքից ու վերադառնային աշխարհիկ կյանքին ու հաճույքների՞ն։
— Ես հեռու եմ նման մտքից,- բացականչեց Սիդհարթան։ — Թող բոլորն էլ մնան ուսմունքի մեջ, թող հասնեն իրենց նպատակին։ Ես չեմ, որ պիտի որոշեմ ուրիշների բախտի ճանապարհը։ Միայն ինձ համար, իմ ճանապարհը ես կարող եմ որոշել, կարող եմ ընտրել կամ մերժել։ Մենք՝ սամաններս սեփական «ես»-ից ենք փրկություն փնտրում, ո՛վ Վսեմափայլ։ Եթե ես հիմա դառնայի քո աշակերտներից մեկը, ո՛վ Պատվելի, ապա, վախենամ` իմ «ես»-ը կգտներ միայն հանգստի պատրանք, միայն թվացյալ խաղաղություն ու փրկություն։ Այնինչ իրականում կշարունակեր ապրել ու աճել, որովհետև այնժամ թե՛ ուսմունքը, թե՛ իմ խոնարհությունը, թե՛ սերս քո հանդեպ, թե՛  վանականների համայնքը կդառնային իմ «ես»-ը։
Հազիվ ժպտալով, աներեր պարզությամբ ու բարեսրտորեն նայեց Գոթաման օտարականի աչքերին և հազիվ նկատելի շարժումով հրաժեշտ տվեց նրան։
— Իմաստուն ես դու, ո՛վ սաման,-ասաց պատվելին։ — Գիտես իմաստուն խոսել, բարեկամս։ Պահպանիր քեզ չափազանց շատ իմաստությունից։
Բուդդան հեռացավ, բայց նրա հայացքն ու այդ կիսաժպիտը մեկընդմիիշտ դրոշմվեցին Սիդհարթայի հիշողության մեջ։ «Ես դեռ ոչ մի մարդու չեմ տեսել,- մտածում էր նա,- որ այսպես ահա նայեր ու ժպտար, խոսեր ու վիճեր՝ այսքան ազատ, արժանապատիվ, այսքան զուսպ ու բաց, այսքան մանկան պես ու խորհրդավոր։ Հայացքի ու խոսքի այդ ճշմարտացիությունը կարող է ունենալ միայն այն մարդը, որ ներթափանցել է մինչև սեփական հոգու խորքերը»։
«Մի մարդու եմ միայն տեսել,- մտածում էր Սիդհարթան,- միայն մեկին, ում առաջ ես պիտի գլուխս խոնարհեի։ Ուրիշ ոչ մեկի առաջ ես այլևս չեմ իջեցնի հայացքս. ուրիշ ոչ մեկի։ Էլ ոչ մի ուսմունք ինձ չի գրավի, եթե այս մարդու ուսմունքը չգրավեց»։
«Թալանեց ինձ Բուդդան,- մտածում էր Սիդհարթան,- շատ բան տարավ ինձնից, բայց ավելի շատ նվիրեց։ Նա տարավ ինձնից ընկերոջս՝ նրան, ով իմ հավատավորն էր, իսկ հիմա հավատում է իրեն, ով իմ ստվերն էր, ու դարձավ Գոթամայի ստվերը։ Բայց նա նվիրեց ինձ Սիդհարթային՝ հենց ինձ»։

[1] Ըստ ավանդության՝ այս այգում իր ոտնահետքն է թողել Գաուտամա Բուդդան

 

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: