RSS

Սիդհարթա/ Զարթոնք

23 Հլս
herman-hesse

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Հերման Հեսսե

Երբ Սիդհարթան լքում էր այգին, ուր մնաց Բուդդան՝ Կատարյալը, և ուր մնաց Գովինդան, այնպիսի զգացում ուներ, ասես այդ այգում էր մնում ու անջատվում էր իրենից իր ամբողջ անցյալ կյանքը։ Նա դանդաղ հեռանում էր՝ ընկղմվելով այդ զգացողության մեջ, լցվելով այդ զգացումով։  Խորն էր ընկղմվում, ինչպես ջրի խորության մեջ, մինչև ամենահատակը, մինչև թաքուն պատճառների ամենաներքին շերտերը, քանի որ պատճառները ճանաչելը, ինչպես կարծում էր, հենց մտածելն է։ Չէ՞ որ հենց այդ ճանապարհին են զգացողությունները վերածվում Ճանաչողության և չեն կորչում, այլ դառնում են նշանակալից, սկսում են թափանցիկ դառնալ և ի ցույց հանել այն, ինչ պարունակում են։ 
Դանդաղ հեռանում էր Սիդհարթան ու հեռանալով մտածում էր։ Նա երիտասարդության տակ գիծ քաշեց. էլ երիտասարդ չէր. արդեն տղամարդ էր։ Նա թողեց, իր վրայից գցեց ինչ-որ բան, ինչպես օձն է իր հին կաշին գցում։ Արդեն չկա այն, որ ուղեկցում էր իրեն ամբողջ երիտասարդության ընթացքում և իր մի մասն էր՝ ուսուցիչ ունենալու և որևէ ուսմունքի հետևելու ցանկությունը։ Նա խուսափել էր իրեն պատահած վերջին ուսուցչից, բարձրագույն ու իմաստագույն ուսուցչից՝ պայծառափայլ Բուդդայից, և հեռացել էր նրանից։ Հարկ էր, որ բաժանվեր նրանից. չկարողացավ ընդունել նրա ուսմունքը։
Ավելի ու ավելի դանդաղ էր քայլում մտքերի մեջ խորացած մարդն ու հարց էր տալիս իրեն. «Հիմա՝ ի՞նչ. ի՞նչ էիր ուզում գտնել ուսմունքի մեջ, ի՞նչ էիր ուզում իմանալ ուսուցիչներից։ Այդ ի՞նչն էր, որ նրանք` քեզ այդքան շատ բան սովորեցնողները, այնուամենայնիվ չեն կարողացել սովորեցնել»։  Եվ նա գտավ. «Իմ «Ես»-ը. «Դա է այն խորհրդավորը, իմաստը, էությունը, որ ես ուզում էի հասկանալ։ Իմ «ես»-ը. հենց դրանից էի ուզում ազատվել, ուզում էի հաղթահարել դա։ Բայց չկարողացա հաղթահարել, կարողացա միայն խաբել նրան, փախչել նրանից, թաքնվել։ Իրականում ոչինչ աշխարհում այդքան համապարփակ չի զբաղեցրել իմ մտքերը, որքան այդ իմ «ես»-ը, այդ առեղծվածը, որ ապրում եմ, գոյություն ունեմ ինքնուրույն և մյուս բոլորից առանձին եմ ու յուրահատուկ, որ ես Սիդհարթան եմ։ Եվ աշխարհում չկա մի բան, որի մասին ավելի քիչ իմանայի, քան իմ՝ Սիդհարթայի մասին գիտեմ»։
Դանդաղ, մտքերով տարված գնում էր նա, երբ հանկարծ կանգ առավ՝ տարված այս մտքով, որից ակնթարթորեն ծագեց մի ուրիշը, և դա նրա համր նոր միտք էր. «Մի պատճառ ունի այն, որ ես ոչինչ չգիտեմ իմ մասին, որ Սիդհարթան ինձ համար առաջվա պես օտար ու անծանոթ է, մեն մի պատճառ. ես վախենում էի ինձնից, ես փախչում էի ինձնից։ Ես Ատմանն էի փնտրում, բրահմանը։ Ես ուզում էի կործանել, ջարդել իմ «ես»-ի պատյանը, որ այնտեղ՝ անհայտ խորքերում գտնեի բոլոր պատյանների, Ատմանի, աստվածայինի, կյանքի միջուկը՝ ամենավերջինը։ Եվ դրա հետ ես կորցնում էի ինքս ինձ»։
Սիդհարթան բացեց աչքերն ու շուրջը նայեց։ Ժպիտը լուսավորեց նրա դեմքը, և երկար քնից զարթոնքի խորը զգացումը լցրեց նրան բերնեբերան։ Հենց նույն պահին նա արդեն քայլում էր առաջ, քայլում էր արագ-արագ, ինչպես մի մարդ, որ գիտի իր անելիքը։
«Օհ, հիմա,- մտածում էր նա՝ շնչելով ամբողջ կրծքով,- հիմա Սիդհարթային էլ թույլ չեմ տա ճողոպրել ինձնից։ Էլ չեմ սկսի իմ օրն ու միտքը Ատմանից ու աշխարհի տառապանքներից։ Էլ չեմ սպանի ու կործանի ինքս ինձ, որ ավերակների տակ խորհուրդ գտնեմ։ Էլ չեմ առաջնորդվելու ո՛չ Յոգա-վեդայով, ո՛չ Աթհարվա-վեդայով, ոչ ճգնակեցությամբ, ոչ էլ ուրիշ մի ցանկացած ուսմունքով։ Ես ինքս ինձնից եմ սովորելու, լինելու եմ իմ աշակերտը, սովորելու եմ ինձ՝ առեղծվածային Սիդհարթային ճանաչել»։ Նա շուրջն էր նայում այնպես, ասես առաջին անգամն էր տեսնում աշխարհը։ Իսկ աշխահը հրաշալի էր, գունեղ։ Զարմանալի ու հանելուկային էր աշխարհը։ Մի կողմում կապույտ, մյուսում՝ դեղին, երրորդում՝ կանաչ, հոսում էին ամպերն ու գետերը, Վեր էին խոյանում անտառներն ու լեռները, և ամենը չքնաղ էր, գաղտնիքներով ու հրաշքներով լի, իսկ կենտրոնում ինքն էր՝ Սիդհարթան, որ արթնացել էր դեպի իրեն տանող ճանապարհին։ Եվ այդ դեղինն ու կապույտը, այդ անտառն ու գետը, այդ ամենը առաջին անգամ լցվում էին Սիդհարթայի աչքերն ու հոգին, դրանք այլևս Մառայի[1] կախարդանքը չէին, Մայայի[2] խաբկանքը չէին, աշխարհի պատահական ու անմիտ բազմազանության՝  բրահմանի՝ բազմազանությունն ատող ու միասնականը փնտրող խորաթափանց մտքի համար  «աննշան» արտահայտություն չէին։ Կապույտը կապույտ էր, գետը՝ գետ, ու եթե անգամ կապտության, գետի, Սիդհարթայի մեջ թաքնված էր ընդհանրականը՝ աստվածայինը, ապա այդ աստվածային իմաստը, այդ բարձրագույն կամքը հենց նա էր, որ մի կողմում դեղին լինի, մյուսում՝ կապույտ, մի տեղ երկինք լինի, ուրիշ տեղ՝ գետը, իսկ այստեղ՝ Սիդհարթան։ Իմաստն ու էությունը ոչ թե ինչ-որ տեղ իրերի հետևում էին, այլ հենց նրանց մեջ, ամեն ինչի մեջ։
«Ի՛նչ բութ ու կույր էի ես,- մտածում էր արագ հեռացող մարդը։ -Երբ մարդ տեքստ է կարդում, որի իմաստի մեջ ուզում է թափանցել, չէ՞ որ չի արհամարհում տառերն ու նիշերը, չէ՞ որ դրանք չի համարում խաբկանք, պատահականություն ու դատարկ թաղանթ։ Նա զննում, ուսումնասիրում է դրանք և սիրում է։ Իսկ ես, որ ցանկանում էի կարդալ աշխարհի գիրքը, իմ սեփական հոգու գիրքը, նախօրոք ենթադրելով իմաստը՝ հանուն դրա արհամարհում էի նիշերն ու տառերը, աշխարհն անվանում էի խաբկանքի դրսևորում, իմ աչքերն ու իմ լեզուն համարում էի անհուսալի, ստախոս վկաներ։ Չէ, այս ամենին վերջ եմ տալիս, ես արթնացա, իսկապես արթանացել եմ և հենց այսօր եմ աշխարհ եկել»։
Սիթհարթան արագ էր քայլում՝ ընկղմված այս մտքերի մեջ, երբ հանկարծ նորից կանգ առավ՝ կտրուկ, ասես դիմացը օձ տեսավ։
Հանկարծ մի բան ևս պարզ դարձավ նրան. նա իրոք որ զարթոնք էր ապրում, նորից էր ծնվում։ Նա պիտի իր կյանքն էլ նորից սկսեր, այն էլ՝ ամենասկզբից։ Երբ այս առավոտ, արդեն ուշքի եկած, արդեն դեպի ինքն իրեն ճանապարհին նա լքում էր Ջետավանայի այգին՝ Վսեմագույնի հանգրվանը, նա մտադիր էր (դա բնական էր և ինքնըստինքյան հասկանալի) ճգնավորության այս բոլոր տարիներից հետո վերադառնալ հարազատ վայրերը՝ իր հոր մոտ։ Եվ միայն հիմա, հենց այս պահին, երբ նա կանգ առավ՝ ասես օձ տեսած, նա հասունացավ հասկանալու համար նաև սա. «Ես այլևս նա չեմ, որ առաջ էի. էլ ճգնակյաց չեմ, քուրմ չեմ, բրահման չեմ։ Տանը՝ հորս մոտ ի՞նչ եմ անելու։ Սովորելո՞ւ եմ, զոհե՞ր եմ մատուցելու, ներհայեցողության վարժա՞նք եմ անելու։ Սա արդեն անցել է։ Այս ամենը եղել է իմ ճանապարհին ու անցել»։
Անշարժ կանգնել էր Սիդհարթան։ Նա զգում էր, թե ինչպես է սիրտն ասես մրսում կրծքի տակ։ Սիրտը ճմլվում էր ցրտից ինչպես փոքրիկ մի գազանիկ, մի թռչուն կամ նապաստակ։ Նա տեսավ, թե որքան միայնակ է ինքը։ Տարիներով անտուն էր, ու չէր զգացել մենակությունը։ Հիմա զգաց։ Նույնիսկ սուզվելով գիտակցության խորխորատները՝ նա այնուամենայնիվ մնում էր իր հոր որդին, բաձրատոհմիկ, բրահման, մտածող։ Հիմա նա ընդամենը արթնացած Սիդհարթան էր՝ ուրիշ ոչինչ։ Նա խորը շունչ քաշեց՝ զգալով ցուրտն ու դողը։ Ոչ ոք այդքան մենակ չէր, որքան ինքը։ Մի մարդ, որ անուն չուներ և չէր առնչվում անվանիներին, չգիտեր ոչ մի արհեստ և չէր առնչվում համքարավորներին, հայտնվելով այս կամ այն խմբում, ապրում էր նրանց պես, խոսում նրանց լեզվով։ Ոչ-բրահման, որ ապրում է բրահմանների մեջ, ոչ- ասկետ՝ ընկած սամանների հասարակության մեջ, նույնիսկ անտառի ամենաողորմելի ճգնավորը, նույնիսկ նա մենակ չէր. ինչ-որ պատկանելություն ուներ, նա ինչ-որ դասի պատկանում էր, և այդ դասը նրա համար հարազատ էր։ Գովինդան վանական դարձավ, և հազարավոր վանականներ նրա եղբայրներն են, նրա պես են հագնվում, նրա հավատակիցն են, նրա լեզվով են խոսում։ Իսկ ինքը՝ Սիդհարթան, ո՞ւմ խմբին է պատկանում ինքը, ո՞ւմ կյանքով է ինքն ապրելու, ո՞ւմ լեզվով է սկսելու խոսել։
Այդ ակնթարթներից, երբ աշխարհը նրա շուրջը կործանվում էր, երբ մարում էր մենակության մեջ, ինչպես աստղը երկնքում, սառնության ու լքվածության այդ ակնթարթից Սիդհարթան դուրս ելավ՝ ավելի խորը զգալով իրեն, հոգով ավելի կարծրացած։ Նա զգում էր՝ սա զարթոնքի վերջին սարսուռն էր, ծնվելու վերջին ճիգը։ Եվ ահա նա նորից քայլում էր, քայլում էր արագ ու անհամբեր. տուն չէր գնում, հոր մոտ չէր գնում, հետ չէր գնում։

[1] Բուդդիզմում իգական սեռի չարք-գայթակղիչ, որ փորձել է գայթակղել Գաուտամա Բուդդային գեղեցիկ կանանց տեսիլքներով։

[2] Հինդուիզմում իրականության կեղծ լինելու փիլիսոփայություն։

 

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

Պիտակներ՝ , , , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: