RSS

Սիդհարթա/ Մանուկ- մարդիկ

05 Օգս
herman-hesse

Հերման Հեսսե

Հերման Հեսսե

Նախորդ հատվածը

Սիդհարթան գնաց Կամասվամիի՝ վաճառականի մոտ։ Նրան մատնացույց արին մի շքեղ տուն, սպասավորները նրան թանկարժեք գորգերի վրայով ուղեկցեցին դեպի սրահը, որտեղ նա պիտի սպասեր տանտիրոջը, ու հեռացան։ Նա սպասում էր։ Կամասվամին ներս եկավ՝ մի թիկնեղ, եռանդուն տղամարդ՝ մազերը խիստ ճերմակած, շատ խելացի ու զգուշավոր հայացքով, զգայուն բերանով։ Բարեկամաբար իրար ողջունեցին տանտերն ու հյուրը։
— Ինձ քո մասին պատմել են,- սկսեց վաճառականը,- որ դու բրահման ես, ամենագետ, բայց աշխատանք ես փնտրում վաճառականի մոտ։ Դու կարիքի մե՞ջ ես, բրահման, որ ծառայություն ես փնտրում։
— Ոչ,- ասաց Սիդհարթան,- ես կարիքի մեջ չեմ և երբեք կարիքի մեջ չեմ եղել։ Պիտի ասեմ՝ ես սամանների մոտից եմ եկել, որոնց մեջ ապրել եմ երկար տարիներ։
— Եթե դու սամանների մոտից ես եկել, ինչպե՞ս կարող ես կարիքի մեջ չլինել։ Չէ՞ որ սամանները սովորաբար ընդհանրապես ոչինչ չեն ունենում, չէ՞։
-Ես էլ ոչինչ չունեմ,- ասաց Սիդհարթան,- եթե խոսքը նրա մասին է, ինչ դու ի նկատի ունես։ Իհարկե, ոչինչ չունեմ։ Բայց ես իմ կամքով եմ ընտրել դա, հետևաբար՝ կարիքի մեջ չեմ։
— Ինչո՞վ ես ապրելու, ուրեմն, եթե ոչինչ չունես։
— Երբեք դրա մասին չեմ մտածել, պարոն։ Երեք տարուց ավելի անցկացրել եմ՝ ոչինչ չունենալով, և ոչ մի անգամ չեմ մտածել, թե ինչով եմ ապրելու։
— Ուրեմն՝ դու ուրիշների հաշվի՞ն էիր ապրում։
— Ըստ երևույթին՝ այդպես է։ Վաճառականը նույնպես ապրում է ուրիշների ունեցվածքի հաշվին։
— Վատ չի ասված։ Բայց այն, ինչ վերցնում է վաճառականը, այնուամենայնիվ ձրի չի վերցնում, նա դրա դիմաց իր ապրանքներն է տալիս։
— Երևի ամեն ինչ հենց այդպես էլ լինում է։ Ամեն մեկս էլ վերցնում ենք, ամեն մեկս էլ տալիս ենք. կյանքի օրենքն է։
-Չէ, կներես, եթե դու ոչինչ չունես, ի՞նչ ես տալիս։
Ամեն մարդ տալիս է այն, ինչ ունի։ Զինվորն իր ուժն է տալիս, վաճառականը՝ ապրանքը, ուսուցիչը՝ ուսմունքը, գյուղացին՝ բրինձ, ձկնորսը՝ ձուկ։
— Հրաշալի է։ Ուրեմն՝ ի՞նչ բան կա, որ դու կարող ես տալ։ Ի՞նչ է դա։ Ի՞նչ ես սովորել, ի՞նչ ես կարողանում։
— Ես կարողանում եմ մտածել։ Կարողանում եմ սպասել։ Կարողանում եմ ծոմ պահել։
— Եվ վե՞րջ։
— Կարծում եմ՝ վերջ։
— Ինչի՞ են դրանք պետք։ Օրինակ՝ ծոմը ինչի՞ է պետք։
-Դա շատ պետքական բան է, պարոն։ Եթե մարդ ուտելու բան չունի, ամենախելամիտ բանը, որ կարող է անել, ծոմ պահելն է։ Օրինակ՝ եթե Սիդհարթան ծոմ պահել չսովորեր, ստիպված կլիներ հենց այսօր ինչ-որ մեկի ծառան դառնալ, քեզ մոտ, թե ուրիշի՝ սովը կստիպեր նրան։ Իսկ այսպես՝ Սիդհարթան կարող է հանգիստ սպասել, նա անհամբերություն չունի, անհրաժեշտություն չունի, երկար կարող է դիմադրել քաղցի պաշարումին և դեռ դրա հետ կարող է ծիծաղել։ Հենց դրա համար, պարո՛ն, հարկավոր է ծոմապահությունը։
— Դու ճիշտ ես, սաման։ Սպասիր։  —  Կամասվամին դուրս եկավ ու վերադարձավ՝ բերելով թղթագլանը, որը մեկնեց հյուրին։
— Կարո՞ղ ես սա կարդալ։
Սիդհարթան նայեց թղթագալարին (այնտեղ առևտրական պայմանագրի տեքստն էր գրված) և սկսեց բարձրաձայն կարդալ։
-Աննման է,- ասաց Կամասվամին։ — Իսկ չե՞ս գրի այս թղթի վրա ինչ-որ բան։
Նա մեկնեց թերթն ու քարեգրիչը, և Սիդհարթան գրեց ու վերադարձրեց թերթը։
Կամասվամին կարդաց. «Գրելը լավ է, մտածելն ավելի լավ է։ Իմաստությունը լավ բան է, համբերությունը՝ ավելի լավ բան»։
— Դու հրաշալի ես գրում,- գովեց վաճառականը։ — Դեռ շատ բաներից ենք խոսելու։ Իսկ առայժմ խնդրեմ՝ եղիր իմ հյուրը և հանգրվանիր իմ տանը։
Սիդհարթան շնորհակալությամբ ընունեց առաջարկը և մնաց վաճառականի տանը։ Նրան հագուստ և ոտնաման տվեցին, և ծառան ամեն օր նրա համար լոգանք էր պատրաստում։ Օրը երկու անգամ ճոխ սնունդ էին տալիս, բայց սիդհարթան ուտում էր օրը մեկ անգամ, միս չէր ուտում ու գինի չէր խմում։ Կամասվամին պատմում էր նրան իր առևտրի մասին, ցույց էր տալիս ապրանքն ու կրպակները, ցույց էր տալիս հաշիվները։ Շատ նոր բաներ սովորեց Սիդհարթան։ Նա շատ լսում էր ու քիչ խոսում։ Եվ հիշելով Կամալայի խոսքերը՝ երբեք իրեն թույլ չէր տալիս վաճառակաանից ցածր լինելու։ Ստիպում էր նրան իր հետ հավասարի պես վարվել, ավելի քան հավասարի։ Կամասվամին իր գործերը հոգատարությամբ էր վարում, հաճախ նաև որոշ եռանդով։ Այնինչ Սիդհարթան այս ամենին վերաբերվում էր որպես մի խաղի։ Նա իր առաջ խնդիր դրեց ճշգրտորեն ուսումնասիրել այս խաղի կանոնները, բայց խաղի բովանդակությունը չէր դիպչում նրա սրտին։
Կարճ ժամանակ ապրելով Կամասվամիի տանը՝ արդեն սկսել էր իր տիրոջ առևտրական գործերին մասնակցել։ Ամեն օր՝ այն ժամին, որ իր համար նշանակվում էր, նա այցելում էր Կամալային գեղեցիկ հագուստով, թանկարժեք մույկերով և շուտով նաև նվերներ էր տանում նրան։ Շատ բան սովորեցին նրա բոսոր, խելացի շուրթերը, շատ բան սովորեց նրա քնքուշ, ճկուն ձեռքը։ Սիրո մեջ նա երեխա էր՝ պատրաստ կուրորեն ու անհագ նետվելու վայելքի գիրկը՝ ինչպես անհատակ անդունդը։ Եվ կինը սովորեցնում էր նրան ամենասկզբից, նրանից, որ բավականություն հնարավոր չէ ստանալ առանց բավականություն պատճառելու, և որ ամեն մի շարժում, ամեն մի շոյանք, ամեն հպում ու հայացք և մարմնի դիրքը իրենց գաղտնիքն ունեն, որոնք բացվում են իմացողի համար ու նրան երջանկություն պարգևում։ Նա սովորեցրեց, որ սիրողները սիրո խնջույքից հետո պիտի միմյանցից բաժանվեն հիացմունքի զգացումով միմյանց նկատմամբ, նույնքան պարտված լինեն, որքան հաղթել են, այնպես, որ ոչ ոք հագեցումի ու դատարկության զգացում չունենա, որ բռնություն գործադրածի կամ բռնության ենթարկվածի չարացածության զգացում չծագի։ Զարմանալի ժամեր անցկացրեց Սիդհարթան այս խելոք գեղագիտուհու մոտ, եղավ նրա աշակերտը, նրա սիրեկանը, ընկերը։ Այստեղ՝ Կամալայի մոտ էր նա գտնում իր այժմյան կյանքի իմասն ու նպատակը, ոչ թե Կամասվամիի առևտրի մեջ։
Վաճառականը Սիդհարթային փոխանցեց գործնական նամակներ ու պայմանագրեր կազմելու գործը և աստիճանաբար վարժվեց, որ բոլոր կարևոր գործերը քննարկելու է նրա հետ։ Շուտով հասկացավ, որ բրնձից ու բրդից, ծովով տեղափոխումից ու առաքումից Սիդհարթան քիչ բան է հասկանում, բայց բախտավոր ձեռք ունի և գերազանցում է իրեն՝ վաճառականին խաղաղությամբ ու դիմացկունությամբ, համբերատար լսելու արվեստով և խորամտությամբ։
— Այս բրահմանը,- մի անգամ ասաց իր ընկերներից մեկին,- իսկական վաճառական չէ և երբեք չի դառնա։ Նա գործի նկատմամբ խանդավառություն չունի։ Բայց տիրապետում է այն մարդկանց գաղտնիքին, որոնց հաջողությունն ինքն է ընդառաջ գալիս։ Երջանիկ աստղի տակ է ծնվել, թե կախարդանք է, կամ գուցե սամաններից  է սովորել։ Միշտ կարծես թե խաղում է գործի հետ, էդ գործը երբեք սրտին չի կպչում, երբեք չի համակվում գործով ամբողջությամբ։ Չի վախենում անհաջողությունից, կորստից չի վհատվում։
Եվ ընկերը խորհուրդ տվեց.
— Տուր նրան քո  եկամուտների մեկ երրորդը, որ ինքն է վարում, բայց թող վնասն էլ նույն չափով հատուցի, երբ կորուստ է լինում։ Ավելի ջանասեր կդառնա։
Կամասվամին հետևեց խորհրդին, բայց Սիդհարթան դրանից ավելի հոգսառատ չդարձավ։ Եկամուտը վերցնում էր անտարբերությամբ, կորուստի դեպքում ծիծաղում էր ու ասում.
-Տես է, կորցրինք։
Իսկապես կարող էր թվալ, որ գործերի նկատմամբ ինքն անտարբեր է։ Մի անգամ գնացել էր մի գյուղ, որ բրնձի առատ բերքը գնի։ Բայց մինչև հասել էր, պարզվել էր՝ բրինձն արդեն վաճառել են ուրիշի։ Ու չնայած էլ անելիք այդ գյուղում չի ունեցել, Սիդհարթան դեռ երկար օրեր մնացել է այդ գյուղում, հյուրասիրել գյուղացիներին, նրանց երեխաներին պղնձե դրամներ նվիրել, գնացել  հարսանիք և վերադարձել էր ուղևորությունից արտակարգ գոհ։ Կամասվամին քիչ էր մնում պարսավեր, որ Սիդհարթան անմիջապես չի վերադարձել, այլ իզուր ժամանակ ու փող է ծախսել, բայց Սիդհարթան պատասխանել է.
— Հերիք է փնթփնթաս, սիրելի բարեկամ։ Դեռ երբեք հայհոյելով մի բանի չեն հասել։ Եթե կորուստ ունենք, վերցնում եմ ինձ վրա։ Այս ուղևորությունն ինձ շատ դուր եկավ։ Շատ մարդկանց հետ ծանոթացա, ընկերացա մի բրահմանի հետ, երեխաները խաղացին ծնկներիս, գյուղացիները ցույց տվեցին ինձ իրենց դաշտերը, և ոչ ոք ինձ չէր ընդունում որպես վաճառական։
— Այդ ամենը՝ շատ լավ,- զայրացած բղավեց Կամասվալին,- բայց չէ՞ որ իրականում դու այնուամենայնիվ վաճառական ես, ինչպես հասկանում եմ։ Թե՞ դու մենակ քո հաճույքի համար էիր գնացել։
— Իհարկե, ծիծաղեց Սիդհարթան,- իհարկե ես գնացել էի իմ հաճույքի համար, էլ ուրիշ ինչի՞։ Ես մարդկանց տեսա, տեղեր, ես վայելեցի սիրալիրությունն ու վստահությունը, բարեկամություն գտա։ Տես, սիրելիս, եթե ես Կամասվամին լինեի, անմիջապես, հենց տեսնեի, որ գնումս կորցրել եմ, զայրացած, շտապով կվերադառնայի, ու այդ դեպքում ժամանակն ու փողն իրոք կորցրած կլինեի։ Իսկ այսպես ես լավ օրեր ապրեցի, սովորեցի, ուրախացա, ոչ ինձ, ոչ ուրիշներին վնաս չպատճառեցի զայրույթով ու շտապողականությամբ։ Եթե ես ինչ-որ ժամանակ նորից գնամ այնտեղ, որպեսզի, ասենք, գնեմ հաջորդ բերքը կամ ինչ-որ ուրիշ գործով, ապա ինձ բարեկամացած մարդիկ ընկերաբար ու ջերմ կընդունեն։ Ես գոհ կլինեմ ինձնից, որ ժամանակին շտապողականություն ու չարություն չեմ արտահայտել։ Այնպես որ, էլ մի՛ փնթփնթա, բարեկամս, և մի՛ փչացրու տրամադրությունդ։ Եթե գա օրը, որ դու մտածես՝ ինձ Սիդհարթան վնաս է բերում, մի բառ ասա, և Սիդհարթան կգնա իր ճանապարհով։ Իսկ մինչ այդ եկ ամեն մեկս մյուսից գոհ լինենք։
Անօգուտ էին և Կամասվամիի փորձերը` բացատրելու Սիդհարթային, որ սա իր՝ Կամասվամիի հացն է ուտում։ Սիդհարթան իր սեփական հացն է ուտում, ավելին, նրանք երկուսն էլ ուտում են ուրիշների՝ բոլորի հացը։ Սիդհարթային ամենևին չեն հետաքրքրում Կամասվամիի հոգսերը, իսկ Կամասվամին շատ հոգսեր ուներ` սկսած գործին սպառնացող անհաջողությունից, ապրանքի կորած խմբաքանակից, վերջացրած անվճարունակ  դուրս եկած պարտապանով։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում համոզել իր օգնականին, որ արժե հոգ տանել, երբեմն էլ բարկանալ, ունքերը հավաքել, անքնությամբ տառապել։ Երբ Կամասվամին մի անգամ նրան նախատեց, թե Սիդհարթան ինչ գիտի, սովորել է իրենից, սա պատասխանեց.
— Ինձ փոխելու քո փորձերը ծիծաղելի են։ Քեզնից ես սովորել եմ որոշել՝ ինչ արժե մի կողով ձուկը և քանի տոկոս կարելի է գանձել պարտքով տված գումարի դիմաց։ Դա է քո գիտությունը։ Մտածել սովորել եմ ոչ քեզնից, թանկագին Կամասվամի, այդ դու պիտի ինձնից մտածել սովորես։
Սիդհարթան իսկապես հոգի չէր դնում առևտրական գործում։ Առևտուրը Կամալայի համար փող վաստակելու լավ միջոց էին, և նա շատ ավելին ուներ, քան իրեն պետք էր։ Մնացած բաներում Սիդհարթայի ուշադրությունն ու հետաքրքրությունը դարձված էր միայն մարդկանց, որոնց գործերը, հոգսերը, ուրախությունները, տառապանքը նրան մի ժամանակ խորթ էին, նրանից հեռու էին, ինչպես լուսինը։ Եվ ինչքան հեշտ էր նրան հաջողվում բոլորի հետ խոսել, բոլորի հետ հաշտ լինել, բոլորից սովորել, նույնքան խորը գիտակցում էր, որ իրեն նրանցից բաժանող ինչ-որ բան կա, և այդ «բանը» իր անցյալն է։ Նա տեսնում էր, որ մարդիկ ոչ այն է՝ երեխայի, ոչ այն է՝ գազանի կյանքով են ապրում, և ինքը միաժամանակ թե՛ սիրում էր, թե արհամարհում էր նման կյանքը։ Նա տեսնում էր, թե ինչպես են մարդիկ դեսուդեն ընկնում, տառապում ու ծերանում այնպիսի բաների համար, որոնք, իր տեսանկյունից, բոլորովին չարժեն դրան՝ փող, փոքրիկ բավականություններ, չնչին մեծարանք։ Տեսնում էր՝ ինչպես են հայհոյում ու վիրավորում միմյանց, ինչպես են լաց լինում ցավից, որի վրա սամանը կծիծաղեր, ինչպես են տառապում զրկանքներից, որոնք սամանը չէր նկատի։
Նա բաց էր այն ամենի առաջ, ինչ այս մարդիկ բերում էին իր կյանք։ Ընդունում էր վաճառականին, որ իրեն կտավ էր առաջարկում, ընդունում էր պարտապանին, որ գալիս էր վերադարձնելը հետաձգելու խնդրանքով, ընդունում էր աղքատին, որ ժամերով պատմում էր իր աղքատության պատմությունը, և որը սամանի չունևորության կեսի չափ անգամ աղքատ չէր։ Նա իրեն նույն կերպ էր պահում թե՛ օտարերկրյա հարուստ վաճառականի, թե ծառայի հետ, որ իրեն սափրում էր, կամ փերեզակի հետ, որին ինքը թույլ էր տալիս խաբել իրեն մանրադրամի մեջ, երբ բանան էր գնում։ Կամասվամին էր գալիս՝ բողոքելու դժվարություններից կամ նախատելու ինչ-որ բանի համար՝ նա անայլայլ և հետաքրքրությամբ լսում էր, զարմանում, փորձում էր հասկանալ, ինչ-որ բանում համաձայնում էր ճիշտ այնքան, որքան համարում էր անհրաժեշտ, և տեղնուտեղն էլ շրջվում էր ինչ-որ այցելուի կողմը, որ իր մոտ էր եկել։ Նրա մոտ շատերն էին գալիս։ Գալիս էին, որ հետը առևտուր անեն, գալիս էին, որ խաբեն, գալիս էին՝ հարցեր տալու, կարեկցանք գտնելու, խորհուրդ հարցնելու։ Եվ նա խորհուրդ էր տալիս, կարեկցում էր, նվերներ էր անում, թույլ էր տալիս, որ իրեն մի քիչ խաբեն, և այս ամբողջ խաղերը և այն եռանդը, որով մարդիկ խաղում էին այդ խաղերը, զբաղեցնում էին նրա մտածումները նույնպես համապարփակ, ինչպես մի ժամանակ աստվածներն ու բրահման։
Ժամանակ առ ժամանակ հոգու խորքից նա մի ձայն էր լսում՝ խուլ, ինչպես մեռնող շունչը։ Ձայնն ինչ-որ բանի մասին էր հիշեցնում, ցածրաձայն բողոքում էր, հազիվ ըմբռնելի էր դառնում։ Այդպիսի պահերին նրա գիտակցության մեջ մի միտք էր սողոսկում. «Բայց ախր դու դատարկ բաներով ես զբաղված։ Քո այժմյան զբողմունքը ընդամենը խաղ է, որ ժամանակ առ ժամանակ ուրախացնում է քեզ։ Բայց իրական կյանքը կողքովդ է անցնում ու քեզ չի ներառում։ Շուկայի ձեռնածուի պես խաղում ես քո գնդակներով՝ գործերով, մարդկանցով, որ քեզ շրջապատում են, հետևում ես նրանց, զվարճանում ես նրանցով, բայց քո սիրտը՝ քո գոյության աղբյուրը, այստեղ չէ։ Աղբյուրն ինչ-որ տեղ կա, կարկաչում է, կարկաչում է անտեսանելի աղբուրը, բայց ասես ինչ-որ տեղ հեռվում և առանց քո կյանքի հետ որևէ ընդհանուր բան ունենալու։
Երբեմն այսպիսի մտքերը վախեցնում էին նրան, և ցանկացավ՝ ինքն էլ կարողանա եռանդ ու հոգի դնել առօրյա մանկական հոգսերում, իսկապես ապրի, իսկապես աշխատի։ Իսկապես վայելել ու ապրել, փոխանակ ահա այսպես՝ ակնդիրի նման կողքից նայել։
Բայց նա շարունակում էր այցելել չքնաղ Կամալային, սովորում էր սիրո արվեստը, տրվում էր վայելքին, որտեղ ավելի քան ուրիշ մի տեղ տալն ու առնելը նույն բանն էր, զրուցում էր նրա հետ, խորհուրդներ էր տալիս նրան ու ստանում նրանից։ Կամալան նրան ավելի լավ էր հասկանում, քան ժամանակին հասկանում էր Գովինդան, ինքն ու Կամալան ավելի նման էին։
Մի անգամ Սիդհարթան ասաց նրան.
— Դու ինձ նման ես։ Դու տարբերվում ես մարդկանց մեծամասնությունից։ Դու Կամալան ես ու չես ջանում ուրիշ մեկը լինել, քո հոգում խաղաղ է ու ապաստան կա, ուր դու ցանկացած պահի կարող ես մտնել ու փակվել քո մեջ, այնպես, ինչպես ես եմ կարողանում։ Շատերը չեն, որ ունեն այդ ապաստանը, թեպետ կարող էին ունենալ։
— Բոլոր մարդիկ չէ, որ խելացի են,- ասաց Կամալան։
— Չէ,-ասաց Սիդհարթան,- բանն այդ չէ։ Կամասվամին նույնքան խելացի է, ինչքան ես, բայց այնուամենայնիվ, հոգում ապաստան չունի։ Բայց կան ուրիշներ, որ ունեն, թեպետ բանականությամբ նման են երեխայի։ Մարդկանց մեծամասնությունը, Կամալա, օդում ճոճվող ու պտտվող պոկված տերևի պես թռչում ու ընկնում է գետնին։ Բայց ուրիշներն էլ կան, որ նման են աստղի։ Գնում են որոշված ճանապարհով, ոչ մի քամի նրանց չի հասնի։ Նրանց օրենքը՝ ճանապարհը, հենց իրենց մեջ է։ Բոլոր գիտունների ու սամանների մեջ, որոնցից շատերին ես ճանաչում էի, միայն մեկն էր այդպիսին՝ Կատարյալ. երբեք չեմ մոռանա նրան։ Գոթաման էր՝ Վսեմացյալը՝ այն ուսմունքի քարոզիչը։ Հազարավոր աշակերտներ ամեն օր լսում են նրա ուսմունքը, հետևում են նրա ցուցումներին ամեն ժամ, բայց նրանք բոլորը ընկնող տերև են. մեջները ո՛չ ուսմունք կա, ո՛չ օրենք։
Կամալան ժպիտով հետևում էր նրան։
— Նորից նրա մասին ես խոսում։ Քո մեջ էլի սամանի մտքեր են։
Սիդհարթան լռեց, և նրանք սուզվեցին սիրաախաղի մեջ, երեսուն թե քառասուն սիրախաղերից մեկը, որ Կամալան գիտեր։ Նրա մարմինը ճկուն էր՝ ընձառյուծի մարմնի կամ որսորդի աղեղի պես։ Շատ հաճույք ու շատ գաղտնիք էր բացահայտվում նրա համար, ով Կամալայից էր սիրել սովորում։ Նա երկար խաղում էր Սիդհարթայի հետ, գրավում էր նրան, ենթարկում իրեն, հետ էր վանում, գրկում, ուրախանում էր նրա կարողությամբ։ Իսկ տղամարդը հաղթված էր լինում ու տանջահար պառկում էր կողքին։
Հետերան հակվում էր նրա վրա։ Երկար նայում էր նրա դեմքին, հոգնությունից ծանրացած նրա աչքերին։
— Դու բոլոր իմ ճանաչածների մեջ,- մտածկոտ արտասանեց նա,- լավագույն սիրեկանն ես։ Դու ուրիշներից ուժեղ ես, ավելի ճկուն ես, ավելի շատ ցանկություն ունես։ Դու լավ ես ուսումնասիրել իմ արվեստը, Սիդհարթա։ Ես կուզեի, որ ինչ-որ ժամանակ, երբ ես ավելի մեծ կլինեմ, քեզնից երեխա ունենալ։ Բայց դու, սիրելիս, մնացել ես նույն սամանը, և ինձ շարունակում ես չսիրել։ Դու ոչ ոքի չես սիրում, չէ՞։
— Գուցե և չեմ սիրում,- հոգնած ասաց Սիդհարթան։ -Ես քեզ նման եմ։ Դու էլ չես սիրում, թե չէ չէիր կարող սիրուն վերաբերվել որպես արվեստի։ Մեր տեսակի մարդիկ ըստ երևույթին ընդհանրապես չեն կարողանում սիրել։ Իսկ մանուկ-մարդիկ կարողանում են։ Դա նրանց գաղտնիքն է։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

 

Պիտակներ՝ , ,

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

 
%d bloggers like this: